1917թ. հեղափոխությունների հետեւանքով առաջացած լիակատար ամենաթողությունը, կենտրոնական կառավարության բացակայությունը, ռազմաճակատի քայքայումը եւ զորքերի ընդհանուր բարոյալքումը չէին կարող բացասական ազդեցություն չունենալ հայկական իրականության վրա։ Գրեթե չորս ամսվա անընդմեջ նահանջը, թուրքական բանակի առաջխաղացումն ու թաթարների հետ բախումներն ամբողջ Անդրկովկասում ստեղծել էին տագնապի եւ խուճապի մթնոլորտ։

1918թ. փետրվարի վերջին անառիկ թվացող Էրզրումի անկումը, Բրեստ-Լիտովսկի ու Տրապիզոնի բանակցությունները եւ թուրքական վերջնագիրը այն վերջին սահմանն էին, որից հետո հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը լուծվելու էր Հայաստանի սրտում՝ Երեւանում։

1918թ. փետրվարի կեսերից Անդրկովկասի թաթարները թուրքական գործակալների ու սպաների աջակցությամբ հակահայկական լայնածավալ բախումներ են սկսում Անդրկովկասի գրեթե բոլոր շրջաններում։ Երեւանի եւ հարակից շրջանների թաթարական բնակչությունը ոչ միայն չէր ցանկանում պատերազմել թուրքական բանակի դեմ, այլեւ ամեն կերպ խոչընդոտում էր հայկական ստորաբաժանումների տեղաշարժը, դարանակալում, սպանում ու թալանում հայերին։

Փետրվարի վերջին հայկական ստորաբաժանումները հարկադրված էին զորքով կարգուկանոն հաստատել մի շարք շրջաններում. Դրոյի հրամանատարությամբ իրականացված այս գործողությունների արդյունքում ոչնչացվում են թաթարական մի շարք ավազակախմբեր եւ բնակավայրեր, որտեղ ամրանում էին հրոսակները։

 

«Կովկասը մեծ ճգնաժամ է ապրում. հայ-թուրքական ոչ թե ընդհարում, այլ պատերազմ է սկսվել։ Նահանգ նահանգի հետ կապ չունի. մի ամիս է Թիֆլիսից լրագիր կամ փոստա չենք ստանում» (Հատված Արամ Մանուկյանի նամակից, 6 մարտի, 1918թ., Երեւան։ Աղբյուր՝ Արամ Մանուկյան, Հուշեր, Երեւան, 1990թ.):

«Մութ պրովոկացիա»

1918թ. փետրվարին Երեւանի նահանգում տեղի ունեցած ռազմական գործողությունների արձագանքը հասնում է Թիֆլիս, եւ մահմեդականների պահանջով Անդրկովկասյան սեյմը քննության է առնում տեղի ունեցածը։

 

«Հորիզոն», 4 մարտի, 1918թ., թիվ 46

«Վերին աստիճանի մտահոգիչ տեղեկություններ է բերել Սեյմի արտակարգ պատվիրակությունը Երեւանի նահանգից, ուր ցավալի դեպքեր են տեղի ունեցել եւ շարունակում են տակավին տեղի ունենալ։ Թուրք ազգաբնակությունը փաստորեն կանգնեցրել է շարժումը երկաթուղու գծի վրա եւ անանցանելի դարձրել խճուղիները, որի հետեւանքով զինվորական գնդերը, հակառակ բարձր իշխանության կարգադրության, չեն կարողանում մեկնել դեպի ռազմաճակատ։ Այս հողի վրա ընդհարումներ են տեղի ունեցել թուրք զինված խմբերի եւ զորամասերի միջեւ. արդյունքը ստացվել է այն, որ քսանի չափ թրքական գյուղեր քար ու քանդ են եղած եւ հազարավոր մարդիկ մնացել են անօթեւան՝ փախստական վիճակի մեջ։

...Երեւանի հայ եւ թուրք մտավորականությունն անկեղծ ու գերագույն ջանքեր էին գործ դնում հնարավոր բախումների առաջն առնելու համար եւ հեղափոխության 12 անիշխանական ամիսների ընթացքում նրանց այդ հաջողվում էր։ Բայց հիմա, պատմական այս գերազանցապես տագնապալից օրերին, երբ խաղաղությունն ու տարրերի համերաշխությունն անհրաժեշտ է ավելի քան երբեք, նրանց չի հաջողվել մութ պրովոկացիան սանձել, եւ փաստորեն ահա ձեր առջեւ են.- հուզված, իրենց պարտականությունը կատարելու անզոր գնդեր եւ ավերված գյուղեր...

...Այս տեսակետից առաջին եւ անհետաձգելի պահանջն է Երեւան ուղարկել արտակարգ լիազորություններով օժտված չեզոք մի իշխանություն, որ հավասարապես ներգործե բոլորի վրա՝ առանց ազգային ու կրոնական խտրականության։ Այդ իշխանությունը պետք է ունենա իր հետ զինվորական ուժ՝ խառն զորամասերից կազմված, որով ի վիճակի լինի կյանքի մեջ գործադրել իր կամքն ու որոշումները։ Առանց այդ ուժի ոչ մի իշխանություն եւ ոչ մի դեր չի կարող կատարել այնտեղ։

Այս բանը չեն կարող չհասկանալ թե կառավարությունը, թե, մանավանդ, թուրք ժողովրդի ղեկավարները. նրանք պետք է գիտակցեն, որ ֆրոնտի պաշտպանությունը Անդրկովկասի համար օրվա ամենակենսական հարցն է, եւ հայ դեմոկրատիան թույլ չի տա, որ որեւէ ուժ, ով էլ լինի նա, փակե ճանապարհները եւ զորքերին արգելք հանդիասանա թշնամու դեմ դուրս գալու»։

«Զենքի ուժով բանալ»

1918թ. մարտի 2-ին Թիֆլիս է վերադառնում Սեյմի հատուկ պատվիրակությունը, որը մեկնել էր Երեւանի նահանգ՝ պարզելու փետրվար ամսին տեղի ունեցած բախումների պատճառները եւ դրանց հետեւանքները վերացնելու հնարավորությունները։ Սեյմի պատվիրակությունը Երեւան հասնելուց հետո մի քանի խումբ է ուղարկում թաթարական գյուղեր, սակայն նրանք հեռու չեն հասնում. ճանապարհին թուրքերը նրանց զինաթափում են, ծաղրում եւ հետ ուղարկում։

Ղամարլուում (Արտաշատ) հայերն ասում էին, որ թուրքերի հետ միշտ համերաշխ են եղել, եւ վերջին բախումների պատճառն այն էր, որ նրանք փակում էին երկաթուղին եւ թույլ չէին տալիս հայկական զորամասերին մեկնել ռազմաճակատ։ Սեյմի պատվիրակությունը հասնում է մինչեւ Արարատ կայարան եւ չի կարողանում առաջ՝ դեպի Ջուլֆա գնալ։

«Երեւանում հայերի ու թաթարների համատեղ խորհրդակցության ժամանակ Դրոն հայտնում է, որ բոլոր ճանապարհները՝ երկաթուղին եւ խճուղիները փակ են, եւ ինքը չի կարողանում իր զորագնդերը ռազմաճակատ առաջնորդել։ Դրոն ասում է, որ եթե ճանապարհները չբացվեն, «ինքը ստիպված կլինի զենքի ուժով բանալ»։

Թուրքերը խոստանում են վերականգնել երկաթուղային երթեւեկությունը, սակայն պատվիրակության հեռանալուց անմիջապես հետո Սուրմալուում կրկին հարձակվում են հայ զինվորների վրա։ «Տեղում ոչ մի իշխանություն չկա, չկան գյուղական ու շրջանային կոմիսարներ։ Գավառական ու նահանգական կոմիսարներն անզոր են... Ամեն կողմ վխտում են ավազակներն ու ոճրագործները, գողություն, թալան, սպանությունը սովորական երեւույթներ են։ Ոչ դատ կա, ոչ դատաստան։ Եվ զարմանալի է, որ մինչեւ այժմ նահանգը չի խեղդվել այդ անարխիայի մեջ» (Հորիզոն, 4 մարտի, 1918թ., թիվ 46)։

Դավալուում (Արարատ) բամբակի մշակման ռուս-ֆրանսիական ձեռնարկություն կար՝ հագեցած վերջին տեխնիկական հնարավորություններով։ «Այդ գործարանում ամեն ինչ կատարվում էր էլեկտրականությամբ, այնպես, որ գիշերը «գործարանի շրջակայքը ցերեկվա նման լույս էր տալիս»։ Գործարանն այդ խավար աշխարհում մի լուսո փարոս էր, ուր աշխատում էին գլխավորապես թուրք գյուղացիները։ Զարմանալին այն էր, որ իրենք՝ թուրքերը, հիմնովին ոչնչացրել էին իրենց կերակրող այս հիմնարկությունը» (Հովակիմ Մելիքյան, Արյան ճանապարհով, Հայրենիք, թիվ 3, 1925թ., Բոստոն)։

Մեղավորը «չար սատանան է»

1918թ. մարտի սկզբին Լեռնային Ղարաբաղի եւ Զանգեզուրի պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի որոշումով ստեղծվում է ղարաբաղցիների եւ զանգեզուրցիների գունդը, որը գնդապետ Մելիք-Շահնազարյանի հրամանատարությամբ պետք է մեկներ Ղարաբաղ։ Քանի որ Գանձակ-Եվլախ երկաթուղային ճանապարհը փակ էր, որոշվում է գունդն ուղարկել Նոր Բայազետ (Գավառ)-Դարալագյազ ճանապարհով։ Գունդը հասնում է Ելենովկա (Սեւան քաղաք), որտեղից մինչեւ Նոր Բայազետ շուրջ 30 կիլոմետր է։

Ճանապարհն անցնում էր թուրքական 6 գյուղերի միջով։ Առաջին իսկ խումբը դառնում է թաթարական հարձակման զոհը. սպանվում է շուրջ 70 զինվոր, շատերը վիրավորվում են, թաթարները քանդում են հեռագրասյուները եւ Նոր Բայազետի ու Երեւանի կապն ամբողջովին կտրվում է։ Այդ միջոցին Ելենովկայի մոտ տեղի ունեցած հարձակումից լիովին անտեղյակ էին Նոր Բայազետում։

Տեղեկությունը հասնում է Երեւան, եւ Ազգային խորհուրդը նոր ուժեր է ուղարկում. նախ՝ բանակցելու, իսկ անհաջողության դեպքում՝ ուժով ճանապարհը բացելու համար։ «Որոշված ժամին պատգամավորությունը գնում է դեպի լիճը։ Թուրքերն արցունքն աչքերին ընկնում են պատգամավորության ոտքերը, հանցանքը գցում են «չար սատանայի» վրա եւ թողություն խնդրում։ Շուտով Ելենովկա է հասնում Երեւանի պարտիզանական գունդը՝ երկու թնդանոթով եւ շարժվում է դեպի Նոր-Բայազետ։ Հենց առաջին՝ Բղլու թուրքական գյուղի բնական ամրություններից թուրքերը կրակ են բաց անում։

Գունդը ստիպված է լինում անցնել պատերազմական գործողությունների։ Կարճ դիմադրությունից հետո թուրքերը փախչում են» (Հովակիմ Մելիքյան, Արյան ճանապարհով, Հայրենիք, թիվ 4, 1925թ., Բոստոն)։ Ճանապարհը դեպի Նոր Բայազետ ամբողջովին վերականգնվում է։

 

***

 

Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար:

Նախագծի մասին

«Հանրապետությունը» Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920) հարյուրամյակին:
«Հանրապետությունը» ներկայացնում է պատմական իրադարձությունների ժամանակագրությունը, ժամանակակիցների հուշերը, մամուլի հրապարակումները:
Նախագիծը քաղաքական կամ քարոզչական նպատակներ չի հետապնդում: Գլխավոր նպատակը պատմական իրադարձություններն ավելի գրավիչ եւ ընկալելի դարձնելն է հասարակության, հատկապես, երիտասարդության համար:
Նախագծի առաջին մասը վերաբերում է 1917 թվականի նոյեմբերից 1918 թվականի հունիս ընկած ժամանակահատվածին:

Subscribe