Տրապիզոնի բանակցությունների տապալումից եւ պատվիրակության վերադարձից հետո Անդրկովկասի կառավարության առջեւ մի հրատապ խնդիր էր ծառացած՝ անկախության հռչակումը: Թուրքերն Անդրկովկասը չէին համարում Ռուսաստանից անջատված ինքնուրույն պետություն եւ պահանջում էին կատարել Բրեստ-Լիտովսկի պայմանագրի դրույթները, ինչը եւ արել էին պատվիրակները:

1918թ. ապրիլի 9-ին Անդրկովկասյան սեյմը արտակարգ նիստ է հրավիրում Անդրկովկասի անկախությունը քննարկելու համար: Նիստն ուշագրավ էր նրանով, որ այն ուժերը, որոնք նախկինում ոչինչ չէին անում Անդրկովկասի պաշտպանությունն ու զորակոչը կազմակերպելու գործում, այժմ հայտարարություններ էին անում ինքնապաշտպանության անհրաժեշտության եւ ազգային հպարտության մասին:

Սոցիալ-դեմոկրատական խմբակցության ներկայացուցիչ Օնիաշվիլին, որը Անդրկովկասի անկախության հռչակման հանձնախմբի հիմնական զեկուցողն էր, ասում էր, որ ռուսական «օրիենտացիա» ընդունելու իմաստն այն էր, որ Անդրկովկասի ժողովուրդները հավատացած էին, թե Ռուսաստանը կարող է իրենց պաշտպանել արտաքին թշնամիներից ու ներքին անկարգություններից:

«Իդեալները այլանդակ կերպարանք ընդունեցին»

«Այժմ ռուսական օրիենտացիան իսկապես հետադիմական է, եւ հեղափոխական պարտքի գիտակցությունը պահանջում է մեզնից վանել այդ ուղղությունը եւ նորը որոնել: Ռուսաստանի անբաժան ամբողջությունը, որի մի մասն էլ Անդրկովկասն է, այսօր գոյություն ունի լոկ խոսքով, իսկ փաստորեն չկա այդ ամբողջությունը, եւ մեզ համար միակ ելքն է հայտարարել Անդրկովկասի ֆեդերատիվ-դեմոկրատական հանրապետության անկախությունը»,- ասել էր Օնիաշվիլին: Նա նշում էր, որ ստորագրելով Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, Ռուսաստանը Անդրկովկասը Թուրքիային էր զիջել եւ մեծ «վիրավորանք հասցրել Անդրկովկասի ժողովուրդներին»:

 

Ռասուլզադեն դժգոհում էր Բրեստի պայմանագրից՝ իր վրդովմունքը հայտնելով Կարսի, Արդահանի եւ Բաթումի կորստյան առիթով: Իհարկե, Սեյմում նա չէր ասում, որ Անդրկովկասի թաթարական բնակչությունը ամեն կերպ խոչընդոտում էր այդ նույն շրջանների պաշտպանությանը, խափանում գնացքների երթեւեկությունը, որոնք զենք եւ սպառազինություն էին տեղափոխում սահմաններում մարտնչող հայ զինվորներին:

Սեյմում Անդրկովկասի անկախությանը դեմ է արտահայտվում սահմանադիր-դեմոկրատական (կադետ) կուսակցության ներկայացուցիչ Սեմյոնովը: Նա ասում էր, որ անկախություն հռչակելը նշանակում է անմիջապես հայտնվել թուրք-գերմանական ազդեցության տակ: «Կարծում եք, որ նա (Գերմանիան) ժողովուրդների ինքնորոշման իրավո՞ւնքն է պաշտպանում, թե՞ Անդրկովկասի շահերի մասին է մտածում: Ո՛չ: Գերմանիային հարկավոր է, որ Անդրկովկասն էլ մտնի կենտրոնական դաշնակցության մեջ եւ թույլ տա, որ գերմանական զորքերը անցնեն այդ երկրով՝ հարվածելու անգլիացիներին»:

 

«Հորիզոնի» թղթակիցը, որը հետեւում էր Սեյմի՝ ապրիլի 9-ի նիստին, հետո գրում էր, որ հնչող իրարամերժ կարծիքներն ու մտքերը ընդհատվում էին պատգամավորների աղմուկով, ծիծաղով, ծափահարություններով... «Հուղարկավորություն, թաղում է…», «Ծննդաբերության երկունք…», «Именины…», «Դեմոկրատիան փորում է իր գերեզմանը...», «Եթե մեզ ուժով անջատեն Ռուսաստանից, մեր վերքից դուրս կծորա մեր ամբողջ արյունը...»:

«Հորիզոն», 24 (11) ապրիլի, 1918թ., թիվ 76

«Հանկարծ նկատեցի, թե ինչպես առաջի շարքից կամացուկ վեր բարձրացավ մի սպիտակահեր գլուխ. Քաջազնունին էր: Կորագլուխ, համրաքայլ, խոր լռության մեջ ամբիոն բարձրացավ: Ինձ այնպես թվաց, թե նա իր հետ տանում էր դեպի ամբիոն մի ծանր բեռ: - Ինչո՞ւ էր նա գլխակոր ու կորաքամակ...

«Սեյմի Դաշնակցական ֆրակցիան խորապես գիտակցելով այն մեծ պատասխանատվությունը, որ նա վերցնում է իր վրա այս պատմական րոպեին, հայտարարում է, որ ընդունում է Անդրկովկասի անկախությունը»:

Եվ ուրիշ ոչինչ: Լռեց ու ցած իջավ...»:

Անդրկովկասի անկախությունը

Սեյմը ձայների մեծամասնությամբ ընդունում է Անդրկովկասի անկախությունը, անջատումը Ռուսաստանից եւ հայտարարում ֆեդերատիվ-դեմոկրատական հանրապետություն: Ապրիլի 10-ի նիստում հաստատվում է նաեւ Անդրկովկասյան Հանրապետության նոր կառավարության կազմը: Մինիստր նախագահ եւ արտաքին գործերի նախարար է նշանակվում Չխենկելին, ներքին գործերի նախարար՝ Ռամիշվիլին, արդարադատության՝ Խան-Խոյսկին, երկրագործության՝ Խոմերիկին, զինվորական՝ Գեորգաձեն, ֆինանսների՝ Ա. Խատիսյանը, առեւտրի եւ արդյունաբերության՝ Հաջինսկին, լուսավորության՝ Ուսուբեկովը, պետական վերահսկիչ՝ Հեյդարովը, հաղորդակցության՝ Մելիք-Ասլանովը, խնամատարության՝ Քաջազնունին, պարենավորման՝ Ա. Սահակյանը, աշխատանքի՝ Ա. Երզնկյանը:

Սեյմը հանձնարարում է նոր կառավարությանը հաշտության բանակցություններ վերսկսել Թուրքիայի հետ: Անդրկովկասի անկախության հռչակումից անմիջապես հետո հրաժարական են տալիս Կովկասյան ռազմաճակատի ընդհանուր հրամանատար գեներալ Լեբեդինսկին եւ շտաբի պետ գեներալ Լեւանդովսկին:

Փրկությո՞ւն, թե՞ նորանոր աղետներ

Անդրկովկասի անկախությունը միանշանակ չի ընդունվում հայ հանրության շրջանում: «Մշակի» խմբագիր Համբարձում Առաքելյանը գրում էր, որ ստեղծված ծանր եւ անելանելի պայմաններում Անդրկովկասյան սեյմը հարկադրված էր կատարել Թուրքիայի եւ Գերմանիայի պահանջները եւ Անդրկովկասի անկախությունը հռչակել, որպեսզի կարողանա բանակցել Թուրքիայի հետ: «Արդյոք այդ ծանր եւ պատասխանատու ակտը կբերի՞ Անդրկովկասի համար փրկություն, խաղաղություն, թե՞ կլինի սկզբնապատճառ նորանոր աղետների - դա դժվար է այժմ գուշակել»:

Իսկ «Հորիզոնի» խմբագրականն արձանագրում էր, որ հասարակությունը բավականաչափ պատրաստված չէր այս քաղաքական քայլին: «Անդրկովկասյան ազգերի դեմոկրատիան երկար տարիներ պայքարելով ռուս միապետության դեմ, այնուամենայնիվ, իր դրոշակի վրա երբեք չի գրել պետական անկախության նշանաբանը: Նա ձգտել է մերթ տեղական լայն ինքնավարության, մերթ քաղաքական ավտոնոմիայի, եւ վերջապես ժողովրդականացրել է ռամկավար ֆեդերացիայի գաղափարը Ռուսաստանի պետական պայմաններում»,- գրում էր թերթը:

Իսկ Երեւանում լույս տեսնող «Աշխատանք» թերթը 1918թ. ապրիլի 14-ին գրում էր, որ Անդրկովկասի քաղաքական ուժերը նահանջել են իրենց դիրքերից, եւ եթե նախկինում խիստ քննադատում էին բոլշեւիկներին եւ Բրեստի հաշտության պայմանագիրը, ապա այժմ մեկը մյուսի հետեւից թուրքերին են զիջում հայկական բնակավայրերը՝ հույս ունենալով, թե դա կկանգնեցնի թշնամուն:

«Աշխատանք», 14 ապրիլի, 1918թ., թիվ 95.

«Առանց կռվի Կարսը հանձնելով, հաշտության խափուսիկ, բայց աղետալի հեռանկարով, մեր զորքի հազիվ վերականգնված ոգին թուլացնենք, եւ ապա, հանկարծակիի եկած՝ առանց դիմադրության սրախողխո՞ղ ըլլանք, թե լավ կշռադատելով մեր գլխին գալիքը, կռվով տեղի տանք, արյունով զիջենք մեր ամեն մեկ թիզ հողը: Մեր փրկությունը ոչ թե Կարս տալու, այլ մեր թափելիք յուրաքանչյուր կաթիլ արյան մեջն է միայն»:

 

***

 

Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար:

Նախագծի մասին

«Հանրապետությունը» Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920) հարյուրամյակին:
«Հանրապետությունը» ներկայացնում է պատմական իրադարձությունների ժամանակագրությունը, ժամանակակիցների հուշերը, մամուլի հրապարակումները:
Նախագիծը քաղաքական կամ քարոզչական նպատակներ չի հետապնդում: Գլխավոր նպատակը պատմական իրադարձություններն ավելի գրավիչ եւ ընկալելի դարձնելն է հասարակության, հատկապես, երիտասարդության համար:
Նախագծի առաջին մասը վերաբերում է 1917 թվականի նոյեմբերից 1918 թվականի հունիս ընկած ժամանակահատվածին:

Subscribe