1918թ. ապրիլի 10-ին` Անդրկովկասի անկախությունը հռչակելուց հետո, կազմվում է նոր կառավարություն Չխենկելիի գլխավորությամբ։ Սեյմը հանձնարարել էր նրան անհապաղ վերսկսել բանակցությունները թուրքերի հետ։

Ի տարբերություն թաթարների ու վրացիների՝ հայերը դեմ էին ցանկացած գնով հաշտություն կնքելուն, քանի որ թուրքական արշավանքն առաջին հերթին սպառնալիք էր հայերի համար։ Թեեւ Չխենկելիի կառավարությունը ստանձնել էր պարտավորությունները ապրիլի 13-ին, սակայն ապրիլի 9-ից արդեն նա իր ձեռքն էր վերցրել իշխանությունը եւ մի շարք կամայական որոշումներ ընդունել։

Մասնավորապես, ապրիլի 10-ին նա հեռագրել էր թուրքական բանակի հրամանատար Վեհիբին՝ ասելով, թե Անդրկովկասն ընդունել է Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանները։ Ավելին՝ Չխենկելին Վեհիբից ժամանակ էր խնդրում Կարսի բերդը դատարկելու համար։ Իսկ զինվորական նախարարի պաշտոնակատար Օդիշելիձեն հեռագրել էր հայկական եւ վրացական կորպուսների հրամանատարներին՝ պահանջելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները թուրքերի դեմ։

Սիմոն Վրացյանն իր հուշերում գրում է, որ Թիֆլիսում բոլորովին անտեղյակ էին Չխենկելու գործողություններից։ «Այս բոլոր հրամաններն ու կարգադրությունները կատարվեցին կովկասյան բանակի ընդհանուր հրամանատար Լեբեդինսկիից անկախ, Սեյմից ու հրավիրված նոր նախարարներից գաղտնի, միայն Չխենկելիի անձնական պատասխանատվությամբ։ Ոչ ոք տեղեկություն չուներ Չխենկելիի արած քայլերի մասին։ Եվ, ինչ որ պակաս տարօրինակ չէ, հեռագրական սովորական կապն էլ հայկական կորպուսի եւ Հայոց Ազգային խորհրդի միջեւ կտրված էր, եւ Թիֆլիսում ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում հայկական ռազմաճակատում» (Սիմոն Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, Երեւան 1993թ.)։

Դաշնակցականների հրաժարականն ու վերադարձը

Ըստ Ալեքսանդր Խատիսյանի՝ վրացիները միակարծիք չէին պատերազմի հարցում. Ժորդանիան եւ Գեգեչկորին կողմ էին պատերազմը շարունակելուն, իսկ Չխենկելին եւ Ռամիշվիլին հաշտության կողմնակից էին, եւ հաղթում են, քանի որ վրացիները հիմնականում չէին ուզում կռվել։

Երբ ապրիլի 12-ի երեկոյան, նոր կառավարության առջեւ Չխենկելին «զեկուցում է» զինադադարի եւ թուրքերի հետ բանակցությունները վերսկսելու համար ձեռնարկված գործողությունները, կառավարության անդամները նոր միայն հասկանում են, թե ինչ է տեղի ունեցել։ Որպես բողոքի նշան՝ դաշնակցական նախարարները հրաժարական են ներկայացնում։

Կառավարության հայ անդամները վրացի մենշեւիկներին ներկայացնում են իրենց դժգոհությունը, եւ վերջիններս ընդունում են, որ Չխենկելին չի կարող վարչապետ լինել։ Վրացիներն առաջարկում են Անդրկովկասի Հանրապետության վարչապետ նշանակել Հովհաննես Քաջազնունուն, որը սակայն կտրականապես մերժում է։

«Եթե մենք ընդունինք վրացիներու առաջարկը, այդ պիտի նշանակե որ մենք մարտահրավեր կընենք մահմեդականներուն եւ մենք պատերազմի գլուխ կանցնինք թուրքերու դեմ։ Մեր ներկա ուժերով մենք իրավունք չունինք այդպիսի քայլ ընելու»,- պատճառաբանել էր Քաջազնունին։

Խատիսյանը գրում է, որ թեեւ լավ հասկանում էին, որ հասարակական կարծիքը դատապարտելու է իրենց Չխենկելիի կառավարության կազմում ընդգրկվելու համար, սակայն Անդրկովկասի ժողովուրդների համերաշխությունը «ամեն բանե վեր կդասեինք»։ Առաջնորդվելով այս սկզբունքով՝ դաշնակցական նախարարները համաձայնում են վերադառնալ Անդրկովկասի կառավարություն՝ պայմանով, որ Չխենկելին այլեւս միանձնյա որոշումներ չպետք է ընդուներ։

Սարիղամիշի նահանջը

1918թ. մարտի վերջին հայկական բանակի ստորաբաժանումները նահանջել էին Սարիղամիշից։ Գեներալ Նազարբեկյանն իր հուշերում նշում է, որ Սարիղամիշի ուղղությամբ հարձակվող թուրքական ուժերը շատ քիչ էին, եւ նահանջը ոչ մի կերպ արդարացված չէր։ Ուշագրավ է նաեւ Հայկական կորպուսի հրամանատարի այն դիտարկումը, թե դեռեւս մարտի կեսին ինքը ստացել էր հեռագիր Օդիշելիձեից, որով պետք է Կարսում թողներ ընդամենը երեք օրվա պարեն, իսկ մնացածն անհապաղ ուղարկեր Թիֆլիս։

Մարտի 30-ին Նազարբեկյանը ստանում է նամակ Անդրկովկասյան կառավարության ֆինանսների նախարար Կարճիկյանից, որով նրան տեղեկացնում էին, թե Տրապիզոնում Անդրկովկասի ներկայացուցիչներն ընդունել են Բրեստ-Լիտովսկի հաշտությունը։ «Պարզ է, որ կառավարությունն ու Սեյմը ստիպված կլինեն վավերացնելու դաշնագիրը, եթե մեր ճակատի կացության մեջ խոշոր փոփոխության հույս ու վստահություն չներշնչի»,- գրում էր Կարճիկյանը: Նա խնդրում էր Նազարբեկյանին հնարավորության դեպքում, նույնիսկ ռիսկի դիմելով, գրոհել եւ հետ վերցնել Սարիղամիշը։ Սակայն, ըստ Նազարբեկյանի, դա հնարավոր չէր, քանի որ զորքի մարտական ոգին ընկած էր։ Նազարբեկյանը նաեւ գրում է, որ եթե Ազգային խորհրդի անդամները շփվեին զինվորների հետ, ապա տեղյակ կլինեին, որ այդ «տրամադրություններով դժվար է որեւէ, նույնիսկ փոքր, նույնիսկ թեկուզ եւ մասնակի հաջողության հույս ունենալ»։ Այդ պատճառով նա իր հիմնական ուշադրությունը բեւեռել էր Կարսին եւ փորձում էր առավելագույնս ապահովել բերդի պաշտպանությունը։

Դրությունը Կարսում

Ըստ Նազարբեկյանի՝ 1918թ. ապրիլի 1-ի հրամանի՝ Կարսում ստեղծված էր պաշտպանության հինգ ուղղություն, որոնք, ի թիվս եղած ուժերի, համալրված էին նաեւ Երեւանից շտապ տեղափոխված 2-րդ հայկական հեծյալ գնդով եւ երեք գումարտակով։ Բացի այդ, մեկ գնդի կազմով ուժեղացվել էր բերդի կայազորը։

«Իհարկե, եթե հակառակորդը մեծ ուժեր կենտրոնացներ, տեղաշարժերի օգնությամբ կարող էր հեշտությամբ տիրել այդպիսի փոքրաթիվ կայազոր ունեցող բերդին։ Բայց եթե նկատի առնվի թուրքական զորքերի փոքրաթիվությունը եւ մեր դաշտային զորքերի ամբողջական լինելը, այդ խնդիրը նրանց համար այնքան էլ հեշտ չէր լինի»,- գրում է Նազարբեկյանը։

Կարսի պաշտպանության մասին ուշագրավ տեղեկություններ է հաղորդում կապիտան Ալեքսանդր Շնեուրը, որը 1918թ. մարտի 15-ից գործուղվել էր այնտեղ՝ հետախուզական աշխատանքներ կատարելու.

«Այո, նշանակալից ամրություններ էին, քարերի մեջ փորված խրամատներ, որոնք միանգամայն անտեսանելի էին թշնամուն, իսկ մյուս կողմից առջեւի տարածությունը կտրված էր, որ դյուրացներ մոտեցումը թշնամու։ ...Ամեն ինչ բերդի համար հիանալիորեն մտածված էր, ծածկված թշնամու աչքերից եւ պաշտպանված... Բայց պետք էր պաշտպանողների հսկա թիվ, ինչ որ՝ չկար։ Բերդի միայն հարավային հատվածը, որ 18 վերստ է արտաքին ամրոցների գծի վրա, պետք ուներ 15 000 պաշտպանողների, մինչդեռ ունեինք միայն 6-7 հազար։ Թշնամին, իհարկե, թեւերը շրջանցելով, կանցներ բերդի հյուսիսային կողմից եւ կդիմեր Ալեքսանդրապոլ։ Բերդն ուներ 800 թնդանոթ, մինչդեռ թնդանոթաձիգներ համարյա չկային։ Ես մեկնեցի Ալեքսանդրապոլ, բանակի սպայակույտը։ Ամեն ինչի մասին զեկուցեցի զորավար Նազարբեկյանին եւ ընդհանուր սպայակույտի դեր-զորավար Զինկեւիչին, եւ նոր պաշտոն ստացա՝ որպես երկրորդ գումարտակի սպայակույտի վարիչ» (Սարդարապատի հերոսամարտը, գրեց Գլխավոր սպայակոյտի գնդապետ՝ Ալեքսանդր Կ. Շնէուր։ Մասնակցողի յուշեր, Ֆրէզնօ, 1967թ.)։

Գերմանական ազգանունով կապիտանը

Կարսի մոտ Շնեուրի գումարտակը՝ թվով 250 մարդ, զբաղեցնում է Բերնա գյուղի հարավ-արեւմտյան պաշտպանական գիծը՝ Կաղզվանի խճուղու վրա։ «Ընդամենը մոտ 250 մարդ, հոգնած, հյուծված, ջարդերից բարոյալքված եւ դեպի ապագան՝ անհույս։ Մարդիկ միայն մի բան էին ցանկանում՝ որքան հնարավոր է շուտ տուն երթալ եւ ոչ մի դեպքում չկռվել։ Որոշ չափով մարտունակ էին ենթասպա Ամիրխանյանի երկու հեծյալ հարյուրյակները։ Նրանք տիպիկ հերոսներ էին, կոփված ջարդերի մեջ։ Պարտիզաններ էին՝ հիանալի նշանաձիգներ եւ մենամարտիկներ, բայց կանոնավոր զինվորական գործողությունների համար պիտանի չէին»,- գրում է Շնեուրը։

 

Բերնայի դիրքերից առաջ անցնելով՝ Շնեուրի գումարտակի հետախույզները բախվում են թուրքական առաջապահներին, ջարդում նրանց եւ շարժվում առաջ։ Սակայն կիրճում հայտնվում են հակառակորդի ուժգին կրակի տակ եւ, երկու վիրավոր տալով, դժվարությամբ նահանջում դեպի գյուղ։ Շուտով թուրքերն առաջանում են եւ գրավում Կաղզվանի կիրճը։ Շնեուրի կոչով բնակչությունից եւ Խնուսի գնդի մարտիկներից համալրում է ստացվում, որոնց սկսում են տենդագին մարզել եւ վերակազմավորել։

Ապրիլի 7-ին Կարսի շտաբից հայտնում են, որ թուրքական 36-րդ հետեւակային ստորաբաժանումը հարձակվել է գնդապետ Բեյ Մամիկոնյանի դիրքերի վրա, որոնք տեղակայված էին Բերնայից արեւմուտք լեռնաշղթայում եւ գրավել երկու գնդացիր։ Շնեուրին հանձնարարվում է հետ վերցնել դիրքերն ու գնդացիրները։

Դիրքը վերցնելուց հետո Շնեուրի ստորաբաժանումը հայտնվում է հրետանային կրակի տակ. հայկական լեռնային մարտկոցն էր, որը, նրանց թուրքերի տեղը դնելով, սխալմամբ հրետակոծում էր յուրայիններին։ Բարեբախտաբար «մի 20 ռումբ արձակելուց» հետո հրետանավորները հասկանում են իրենց սխալը եւ դադարեցնում կրակը։ Այս դեպքերից հետո Շնեուրը հիվանդանում է մալարիայով եւ տեղափոխվում Ալեքսանդրապոլ, եւ հետագայում արդեն մասնակցում է Սարդարապատի ճակատամարտին։

Չխենկելիի հեռագիրը եւ Կարսի հանձնումը

Ապրիլի 6-ից թուրքական բանակը տարբեր ուղղություններով գրոհում է հարթավայրում դիրքավորված հայկական ստորաբաժանումների վրա։ Ապրիլի 10-ին Նազարբեկյանին կանչում են կապի հանգույց՝ ասելով, որ շտապ հաղորդագրություն է ստացվել Թիֆլիսից՝ Օդիշելիձեից.

 

«Առաջարկում եմ, համապատասխան Անդրկովկասյան կառավարության կողմից Թուրքիայի հետ կնքված զինադադարի, հանձնել Կարսի բերդը, ամբողջ ռազմաճակատում դադարեցնել ռազմական գործողությունները եւ բանագնաց ուղարկել Կարսի բերդի դատարկման ժամկետն ու պայմանները մշակելու համար։ Ձեր զորքերը պետք է հետ քաշվեն բերդի ամրոցներից, իսկ թուրքական զորքերը՝ կանգ առնեն երկու կիլոմետրի վրա, չհասած բերդի ամրոցներին։ Կարսի մարզի շրջանը մինչեւ Ալեքսանդրապոլ պետք է մաքրվի 3-օրյա ժամկետում։

 

Անդրկովկասյան կառավարության նախագահ Ա. Չխենկելի
ռազմական նախարարի փոխարեն Օդիշելիձե »։

Նազարբեկյանը փորձում է կապվել Թիֆլիսի Ազգային խորհրդի ներկայացուցիչների հետ, սակայն չի կարողանում։ Նա խորհրդակցում է զինվորականների հետ, որոնք բոլորն էլ առաջարկում են ենթարկվել հրամանին։ Թուրքերի հետ բանակցում են գնդապետ Մորելը եւ Կարսի կայազորի պետ Դեեւը. ապրիլի 11-ին Նազարբեկյանին հանձնարարում են ամբողջ զորքը տեղափոխել Ալեքսանդրապոլ, որին հետեւում են շուրջ 20 000 բնակիչներ։ Ապրիլի 12-ին՝ երեկոյան ժամը 9-ին, Կարս է մտնում թուրքական 11-րդ դիվիզիայի առաջապահ մասը։

  

***

 

Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար:

Նախագծի մասին

«Հանրապետությունը» Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920) հարյուրամյակին:
«Հանրապետությունը» ներկայացնում է պատմական իրադարձությունների ժամանակագրությունը, ժամանակակիցների հուշերը, մամուլի հրապարակումները:
Նախագիծը քաղաքական կամ քարոզչական նպատակներ չի հետապնդում: Գլխավոր նպատակը պատմական իրադարձություններն ավելի գրավիչ եւ ընկալելի դարձնելն է հասարակության, հատկապես, երիտասարդության համար:
Նախագծի առաջին մասը վերաբերում է 1917 թվականի նոյեմբերից 1918 թվականի հունիս ընկած ժամանակահատվածին:

Subscribe