1917թ. փետրվարյան հեղափոխությունից հետո Ռուսաստանում քաղաքական, տնտեսական, ազգային եւ այլ խնդիրների լուծումը վերապահված էր Սահմանադիր ժողովին։ Նախանշված էր հետեւյալ ուղեգիծը՝ ստեղծվում էր Ժամանակավոր կառավարություն՝ երկիրը անիշխանության չմատնելու համար, որի հիմնական առաքելությունն էր լինելու Սահմանադիր ժողովի ընտրությունները կազմակերպելն ու անցկացնելը։ 

Սահմանադիր ժողովը լինելու էր այն բարձրագույն եւ իրավազոր մարմինը, որը ձեւավորելու էր կառավարությունը եւ սահմանելու էր Ռուսաստանի կառավարման հետագա ընթացքը։ Սակայն առաջին հայացքից պարզ թվացող քայլերը դժվարությամբ էին իրականանում. Սահմանադիր ժողովի ընտրությունները մի քանի անգամ հետաձգվում են եւ վերջիվերջո նշանակվում 1917թ. նոյեմբերի 12-ին (հին տոմարով), սակայն հոկտեմբերի 25-ին տեղի է ունենում բոլշեւիկյան հեղաշրջումը։ Հեղաշրջման օրերին անգամ, երբ արյունալի բախումներ էին տեղի ունենում Պետրոգրադում, Ժամանակավոր կառավարությունը խուսափում էր կտրուկ գործողությունների դիմել, փորձում էր բանակցություններով ու զիջումներով «լեզու գտնել» բոլշեւիկների հետ՝ տեսադաշտում ունենալով Սահմանադիր ժողովի ընտրությունները եւ ակնկալելով, որ դրանք կկարգավորեն նաեւ բոլշեւիկյան ապստամբության հետեւանքները։

Իշխանությունը զավթելուց հետո բոլշեւիկները շատ լավ հասկանում էին, որ Սահմանադիր ժողովի ընտրությունները չեղյալ հայտարարելը մեծապես կթուլացնի իրենց դիրքերը եւ այդ պատճառով 1917թ. հոկտեմբերի 27-ին ժողովրդական կոմիսարների խորհուրդը հայտարարում է, որ նոյեմբերի 12-ին ընտրություններն անպատճառ տեղի են ունենալու։

Անդրկովկասը՝ ամենամեծ ընտրական շրջան

Անդրկովկասում նույնպես բոլոր քաղաքական ուժերը պատրաստվում էին ընտրություններին: Հայ հանրությունն ակնկալում էր ոչ միայն քաղաքական, հողային, տնտեսական խնդիրների, այլեւ Հայկական հարցի արդարացի լուծումը։

Սահմանադիր ժողովի ընտրություններն անցկացվելու էին նոր ընտրական սկզբունքներով, որոնք պարունակում էին բավականին լայն ժողովրդավարական նորարարություններ։ Մասնավորապես, ձայնի իրավունք էին ստանալու կանայք եւ զինվորականները, վերջիններիս համար ռազմաճակատներում բացվելու էին ընտրական տեղամասեր։ Բացի այդ, նվազեցվել էր տարիքային շեմը՝ քվեարկությանը կարող էին մասնակցել 20 տարին լրացած բոլոր քաղաքացիներն ու գյուղացիները։ Վերացվել էին նաեւ կրոնական, գույքային, կրթական բոլոր սահմանափակումները։

«Մշակ» թերթը, նկարագրելով Սահմանադիր ժողովի կարեւորությունը հայ ժողովրդի կյանքում, նշում էր.

Մշակ, 4 նոյեմբերի, 1917թ., թիվ 235.

«Ռուսաստանի բոլոր ժողովուրդների եւ բոլոր ազգերի հույսը Սահմանադիր ժողովի վրա է: Ծագումով ոչ ռուս ազգերը մանավանդ հետաքրքրված են Սահմանադիր Ժողովով, որովհետեւ նրանից սպասում են լուծում ոչ միայն ընդհանուր պետական հարցերի, որոնց մեջ շահագրգռված են ռուսներին հավասար, իբրեւ պետության քաղաքացիներ, այլեւ իրանց առանձին ազգային ցանկություններին»:

Սահմանադիր ժողովի համար ամբողջ Ռուսաստանը բաժանվել էր 73 ընտրական շրջանի՝ չհաշված ռազմաճակատները, որոնցից մեկը Անդրկովկասն էր։

Անդրկովկասյան ընտրական շրջանի մեջ էին մտնում Բաքվի, Գանձակի, Քութաիսիի, Թիֆլիսի, Երեւանի նահանգները, Բաթումի եւ Կարսի շրջանները, Սուխումի ու Զաքաթալայի շրջանները: Այս ընդարձակ ընտրական շրջանը ընտրելու էր 36 պատգամավոր: Երկրորդ տեղում Կիեւի ընտրական շրջանն էր, որ տալու էր 22 պատգամավոր:

 

 

«Մշակը» հետաքրքրիր տեղեկություններ է հաղորդում ընտրությունների ընթացակարգի մասին.

Մշակ, 4 նոյեմբերի, 1917թ., թիվ 235.

«Ընտրության համար նշանակված օրերից մեկում ընտրողը, վերցնելով հետը անվանական վկայականը եւ այն ընտրական ցուցակը, որին ինքը որոշել է ձայն տալ, գնում է ընտրության համար նշանակված շենքը: Այնտեղ կոմիսիայի անդամին ներկայացնում է իր անվանական վկայականը, բայց ոչ ցուցակը։ Անդամը հարկ եղած ստուգությունը կատարելուց հետո՝ նրան կտա մի ծրար (կոնվերտ), ընտրական կոմիսիայի կնիքը վրան։ Այս ծրարը ստանալով՝ ընտրողը մտնում է մի առանձին սենյակ, այնտեղ ծրարի մեջ է դնում իր հավանած ցուցակը, այնպես որ ոչ ոք չիմանա, թե նա ինչ ցուցակ է դնում ծրարի մեջ, եւ ծրարը փակելով՝ դարձյալ գալիս է մյուս սենյակը, որտեղ գտնվում է կոմիսիան, եւ փակած ծրարը հանձնում է նախագահին։ Նախագահը, ընտրողի աչքի առաջ, նրա տված ծրարը ձգում է ընտրական արկղի մեջ։ Ոչ ծրարի վրա, ոչ ցուցակի վրա ընտրողը ոչ մի բան չպիտի գրե, ոչ մի բան չպիտի փոխե կամ ջնջե, հակառակ դեպքում նրա ձայնը կկորչե։ Եթե սխալմամբ մի ծրարի մեջ միեւնույն ցուցակից երկու հատ գրված լինի՝ մեկը հաշվի կառնվի, իսկ մյուսը՝ ոչ, իսկ եթե մի ծրարի մեջ երկու կամ ավելի տարբեր ցուցակներ լինեն դրված՝ ոչ մեկը հաշվի չի առնվի, եւ ընտրողի ձայնը կկորչի»։

 

Հավելյալ տեղեկություններ կարող ենք գտնել Բաքվում լույս տեսնող «Արեւում».

«Ամեն մի կուսակցություն տպագրում եւ ցրում է իր՝ որոշ N-ի տակ՝ ընտրաթերթիկները, որ ունեն միատեսակ ծավալ (քառորդ թերթի մեծության), որոնց վրա հիշատակված են թեկնածուների անունները։ Այսպես, Հ.Յ. Դաշնակցության ընտրաթերթիկները կրում են հայերեն եւ ռուսերեն «Ձայն եմ տալիս Հ.Յ.Դաշնակցության N4 ցուցակին» մակագրությունը, որին եւ հետեւում են կուսակցության կողմից առաջադրված թեկնածուները։ ...Բոլոր ընտրաթերթիկները համարվում են յուրաքանչյուրն իր շրջանում եւ ապա գյուղական, քաղաքային, գավառական, նահանգական ընտրական հանձնաժողովներից անցնում են Անդրկովկասյան կենտրոնական հանձնախմբին։ Վերջինս բոլոր վայրերից ստանալով ընտրությունների արդյունքները որոշում է, թե այս կամ այն կուսակցությունը կամ խմբակցությունը իր թեկնածուների ցանկից քանի պատգամավոր պիտի ուղարկի Սահմանադիր ժողով»։

 

Արեւմտահայերի սպասելիքները

Արեւմտահայերը, թեեւ ձայնի իրավունք չունեին, սակայն սպասելիքներ ունեին Սահմանադիր Ժողովի արդյունքներից։ Եթե Ժողովը որոշեր հետեւել առանձին հաշտության բոլշեւիկների նախաձեռնությանը, ապա խորապես կարող էր վտանգվել Արեւմտյան Հայաստանի ճակատագիրը։ Իսկ եթե որոշվեր շարունակել պատերազմը եւ դաշնակից պետությունների հետ միասին հասնել արժանապատիվ հաղթանակի, ապա հույս կար, որ Հայկական հարցը եւս կստանար իր արդարացի լուծումը։ 

 

Հայաստան, 27 հոկտեմբերի, 1917թ., թիվ 142. 

«Շատ բան է կախված Ռուսաստանեն Հայաստանի ապագայի վերաբերմամբ։ Եթե Սահմանադիր ժողովը ձայներու ջախջախիչ մեծամասնությամբ որոշեց անջատ հաշտությունը, որ եւ կը նշանակե ամենաանպատվաբեր խաղաղությունը, ի՞նչ պիտի ըլլան այն թերմինները որոնցմով պետք է միջին ճանապարհ մը գտնել Թուրքիո հետ։

«Ի՞նչ պիտի ըլլան այն թերմինները որոնցմով պետք է միջին ճանապարհ մը գտնել Թուրքիո հետ»

Եթե Թուրքահայաստանի հարցը Ռուսաստանի անջատ հաշտության պարագային թողվի վերջնական Խաղաղության Ժողովին (եւ ուրիշ կերպ չկրնար ըլլալ) ի՞նչ պիտի ըլլա արդեն գրաված վայրերու դրությունը մինչեւ համաշխարհային պատերազմի վախճանը։ Ռուսական պատերազմի վախճանով չլուծվիր հայկական դատը։

Ահա թե ինչու Սահմանադիր ժողովը կը հանդիսանա Հայաստանի հայուն համար իբրեւ մեկը այս ամենակարեւոր պատմական իրողություններեն որ պիտի կատարվի, ի շարս այլոց, այս պատերազմին ընթացքին։ Ճշմարիտ հեղափոխությունը Ռուսաստանի համար կսկսի Սահմանադիր ժողովով։ 

 

Մենք շատ կվախնանք որ Սահմանադիր Ժողով գացող հարգելի հայ ձայնավորները անհատական նախաձեռնության հովերով տարվին եւ իրենք իրենց սիրեն «լավ մտածել» ապագա Հայաստանի մասին։ Մենք չենք ըսեր, թե վատ կը մտածեն, խորապես կը հավատանք այդ անհատական նախաձեռնությանց բարյացակամ ոգիին, բայց այնպես ընենք, որ այդ ոգին համապատասխանե Հայաստան հողամասին տերն ու տնօրենը կոչվող թուրքահայ ժողովրդի քաղաքական բաղձանքին եւ իրավունքին»:

«Կվախնանք որ Սահմանադիր Ժողով գացող հայ ձայնավորները անհատական նախաձեռնության հովերով տարվին»

 

Ընտրությունների արդյունքները

1917թ. նոյեմբերի 12-ին տեղի է ունենում Սահմանադիր ժողովի ընտրությունների առաջին փուլը։ Տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ որոշ շրջաններում դրանք ավելի ուշ են անցկացվում։

Սահմանադիր Ժողովում ամենաշատ ձայներ ստանում է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը։

Սիմոն Վրացյանը իր «Հայաստանի Հանրապետություն» աշխատության մեջ գրում էր.

«Սահմանադիր ժողովի ընտրություններին, Անդրկովկասում իրար հետ մրցող ու պայքարող կողմերն էին սոցիալ-դեմոկրատները (N1), որոնք դեռ գործում էին համառուսական կուսակցության անունով եւ բացի Վրաստանի քվեներից ստացան նաեւ հայ, ռուս, թուրք եւ այլ քվեներ, ինչպես նաեւ զորամասերի սոցիալ-դեմոկրատ զինվորների ու սպաների ձայները, մուսավաթն ու թուրք անկուսակցական խմբակը (N 10), որ ներկայացնում էր մահմեդական ազգայնական խավերը եւ Հ.Յ. Դաշնակցությունը (N 4)։

Ընտրության հետեւանքը եղավ հետեւյալը. սոցիալ-դեմոկրատները ստացան 661934 քվե եւ տվին 12 պատգամավոր, մուսավաթականները՝ 615934 քվե՝ 10 պատգամավոր եւ Հ.Յ. Դաշնակցությունը՝ 558400 քվե՝ 9 պատգամավոր։»



Սահմանադիր Ժողովի պատգամավորներ ընտրվեցին հետեւյալ հայազգի գործիչները.

Հ.Յ. Դաշնակցություն

Միքայել Վարանդյան
Համազասպ Օհանջանյան
Հովհաննես Քաջազնունի
Սարգիս Արարատյան
Ստեփան Զորյան (Ռոստոմ)
Կոնստանտին Համբարձումյան (Կոստի Համբարձում)
Ավետիս Տիգրանի Շահխաթունյան
Կորյուն Ալեքսանդրի Գազազյան
Սիրական Տիգրանյան
Հակոբ Քրիստափորի Զավրիեւ


Սոցիալ-հեղափոխականներ (էսէռ)

Լեւոն Նիկոլայի Աթաբեկյան

Մենշեւիկ

Արշակ Զուրաբյան


ՌՍԴ(բ)Կ

Սարգիս Մնացականի Սարգսյան
Ստեփան Շահումյան
Հովսեփ Արտեմի Բեկզադյան

 

***

Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար:

Նախագծի մասին

«Հանրապետությունը» Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920) հարյուրամյակին:
«Հանրապետությունը» ներկայացնում է պատմական իրադարձությունների ժամանակագրությունը, ժամանակակիցների հուշերը, մամուլի հրապարակումները:
Նախագիծը քաղաքական կամ քարոզչական նպատակներ չի հետապնդում: Գլխավոր նպատակը պատմական իրադարձություններն ավելի գրավիչ եւ ընկալելի դարձնելն է հասարակության, հատկապես, երիտասարդության համար:
Նախագծի առաջին մասը վերաբերում է 1917 թվականի նոյեմբերից 1918 թվականի հունիս ընկած ժամանակահատվածին: