Արամ Մանուկյանի եւ Երեւանի Ազգային խորհրդի նախազգուշական նամակից հետո էլ Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը չէր կարողանում ձեւավորել Հայաստանի կառավարությունը։ Հիմնական պատճառը կուսակցությունների, մասնավորապես՝ Հայ ժողովրդական եւ Էսէռների կուսակցությունների տարաձայնություններն էին Դաշնակցության հետ։

1918թ. հուլիսի 6-ին հայտնի է դառնում կառավարության կազմը: Հովհաննես Քաջազնունին վարչապետն էր, Ալեքսանդր Խատիսյանը՝ արտաքին գործերի նախարարը, Արամ Մանուկյանը՝ ներքին գործերի նախարարը, գեներալ Հովհաննես Հախվերդյանը՝ զինվորական նախարարը, Խաչատուր Կարճիկյանը՝ ֆինանսների նախարարը։ Մնացած նշանակումներն արվելու էին Երեւանում։ Կառավարության կազմի հետ քննարկվում էր Հայոց ազգային խորհրդի Երեւան տեղափոխվելու հարցը. այն պետք է դառնար Հայաստանի Հանրապետության խորհրդարանը։ Հուլիսի 6-ի քննարկման ժամանակ Ազգային խորհրդի որոշ ներկայացուցիչներ առաջարկում են միացնել Երեւանի եւ Թիֆլիսի ազգային խորհուրդները եւ ստեղծել խորհրդարանը, իսկ Թիֆլիսի Ազգային խորհուրդը կմնար որպես «համայն հայության ներկայացուցչություն» եւ կզբաղվեր «կուլտուր-լուսավորչական հարցերով»։ Քաջազնունին ասում է, որ «չի կարելի անվերջ խոսել եւ ոչ մի իրական քայլ չանել այնպիսի խնդիրների նկատմամբ, որոնք կյանքի ու մահվան նշանակություն ունեն ժողովրդի համար»։

Ե՞րբ եւ ինչպե՞ս հասնել Երեւան

Քաջազնունին առաջարկում էր երեք օրվա ընթացքում պատրաստվել եւ ճանապարհ ընկնել։ Թիֆլիսից Երեւան հասնելը վտանգավոր ու դժվարին գործ էր. ճանապարհները փակ էին, եւ ամենուր վխտում էին թուրք-թաթարական ավազակախմբերը։ Քաջազնունին ասում էր, որ ամենաանվտանգը Աղստաֆայի ճանապարհն է, եւ Ադրբեջանի կառավարությունը խոստացել է աջակցել։ Ազգային խորհրդի ներկայացուցիչ Արշավիր Մխիթարյանը հակադարձում էր, որ փակ ճանապարհների պայմաններում Երեւան գնալը որեւէ կերպ չի լուծի ո՛չ փախստականների, ոչ էլ դրամական խնդիրները։ Ավելին՝ Երեւանում կտրվելով արտաքին աշխարհից եւ հեռու լինելով Կ.Պոլսից՝ «կարող ենք այնպիսի որոշումներ ընդունել, որոնք բնավ չեն համապատասխանում մեր շահերին»։ Սոցիալ-դեմոկրատները նույնպես չէին ցանկանում տեղափոխվել Երեւան՝ պատճառաբանելով կապի բացակայությունը։

Ազգային խորհրդի անդամ Ստեփան Մամիկոնյանն առաջարկում էր, որ Ազգային խորհուրդը մեկնի Երեւան, կազմակերպի խորհրդարանի ու կառավարության ձեւավորումը, ապա կրկին վերադառնա Թիֆլիս։ Քննարկելով բոլոր տարբերակները՝ Ազգային խորհուրդը քվեարկում է երկշաբաթյա ժամկետում Երեւան տեղափոխվելու օգտին։

Համբարձում Առաքելյանի սպանությունը

1918թ. հուլիսի 6-ին անհայտ չարագործները գնդակահարում են «Մշակ» թերթի խմբագիր Համբարձում Առաքելյանին։ Հայ հեղափոխական դաշնակցության եւ Հայ ժողովրդական կուսակցությունների հակասությունների պայմաններում այս սպանությունն էլ ավելի է սրում ներքին անվստահությունը։ Հայ ժողովրդական կուսակցությունը հուլիսի 8-ին Կենտրոնական կոմիտեի նիստ է հրավիրում, որտեղ հայտարարում է, թե «Մշակ»-ի խմբագրի սպանությունը քաղաքական-կուսակցական հիմք ունի եւ ահաբեկչական գործողություն է քաղաքական հակառակորդի դեմ: Միաժամանակ Կենտրոնական կոմիտեն դիմում է Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդին՝ պահանջելով «դատապարտել այդպիսի ստոր ոճրագործությունը եւ իր հեղինակավոր խոսքն ասել քաղաքական տեռորների նկատմամբ»:

Մարդասպանները երեքն էին եւ ականատեսների վկայությամբ ողջ օրվա ընթացքում եղել էին Առաքելյանի տան մոտակայքում՝ Ժուկովսկայա եւ Կոսոյ փողոցների անկյունում։ Նրանցից երկուսը զինվորական համազգեստով էր, երրորդը՝ «ֆուրաժկայով եւ մոխրագույն պիջակով»: Երեկոյան, երբ Համբարձում Առաքելյանն իր աշխատասենյակում է լինում, ոճրագործները մտնում են տուն եւ հանդիպում խնդրում գլխավոր խմբագրի հետ՝ ասելով, թե կարեւոր տեղեկություններ ունեն հայտնելու։

«Մշակ», 9 հուլիսի, 1918թ., թիվ 131.

 

«Տասը րոպե չանցած լսվել է ատրճանակի երեք հարված: Բակի կողմի պատշգամբում նստած տիկնոջ համար թվացել է, որ գնդակները արձակվել են փողոցում, ու նա առանձնապես չէ կասկածել, մինչեւ որ չարագործները դուրս են գալիս հետին մուտքից: Չարագործները կաբինետից դուրս գալուց հետո տիկինը վերադառնում է կաբինետ իմանալու, թե ինչ նորություններ են պատմել այդ մարդիկ: Եվ ահա այնտեղ տիկնոջ աչքերի առաջ պատկերանում է սոսկալի տեսարան: Հ. Առաքելյանը իր նստած տեղից ընկել էր անշնչացած, արյունաշաղախ:

 

 

Գնդակներից երկուսը կպել էին գլխին: Մահը տեղի էր ունեցել վայրկենապես: Տիկինը սարսափահար աղաղակ է բարձրացնում: Այդ միջոցին աղախինը, տիկնոջ աղաղակներից կռահելով ինչ-որ վատ բան, հեռացող չարագործներից մեկի առաջը կտրելով, բռնում է նրա օձիքից, արգելք հանդիսանալու նրա փախուստին, բայց ոճրագործը՝ ատրճանակը ուղղելով աղախին վրա՝ կտրուկ կերպով սպառնում է նրան եւս սպանել, եթե նա արգելք հանդիսանա իր փախուստին: Կաբինետում գտնված են մաուզերի չորս դատարկված փամփուշտներ: Չարագործները եղել են հայեր, աղախնի հետ խոսել են ռուսերեն, իսկ տանը խոսելիս են եղել հայերեն»:

Առաքելյանի վերջին հոդվածը

Հուլիսի 10-ին «Մշակ»-ը տպագրում է Համբարձում Առաքելյանի վերջին հոդվածը Հայաստանի կառավարության կազմի եւ Երեւան տեղափոխվելու վերաբերյալ։ Նա գրում էր, որ Հայ ժողովրդական կուսակցությունը որոշել է չմասնակցել դաշնակցական Քաջազնունու գլխավորությամբ կազմվող կառավարությանը։ «Հայ ժողովրդական կուսակցությունն այն համոզումն ունի, որ հայ ազգի եւ ապագա Հայաստանի բախտը եւ բարօրությունը պահանջում են, որ կառավարության ղեկը չլինի հեղափոխականների եւ սոցիալիստների ձեռքում, այլ ղեկը հանձնվի ավելի չափավոր՝ ոչ հեղափոխական եւ ոչ սոցիալիստների ձեռքում, որպեսզի թե Թուրքիան, թե մեր հարեւան թուրքերը, որոնց հետ հարկադրված ենք այսուհետեւ ապրել, բարիդրացիական հարաբերություններ ստեղծել, լիակատար վստահություն ունենան»։

Բացի այդ, գրում է Առաքելյանը, Հայաստանը կարող է բարգավաճել, «եթե զարգանա առեւտրաարդյունաբերական, գործարանական կյանքը, ինդուստրիան, գյուղատնտեսությունը, ճարտարարվեստը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ կապիտալը գնա Հայաստան, բայց հայտնի է, որ կապիտալը կգնա միայն այն դեպքում, երբ նա սահմանափակումներ եւ նեղումներ չկրի, իսկ այդ կլինի, եթե երկրի կառավարությունը լինի հեղափոխականների եւ սոցիալիստների ձեռքում»։

Հայը շատ ամուր էր նստել Թիֆլիսում ու դժվարությամբ էր պոկ գալիս

1918թ. հուլիսի 2-ին Վրաստանի կառավարության հետ կնքվում է 200 միլիոն անդրկովկասյան նոր թղթադրամ բաց թողնելու համաձայնագիր, որից 120 միլիոնը պիտի տրվեր Հայաստանին, իսկ ութսունը՝ վրացիներին։

1918թ. հուլիսի 13-ին Թիֆլիսում տեղի է ունենում Հայաստանի կառավարության եւ Հայոց ազգային խորհրդի համատեղ նիստը, որտեղ կրկին քննարկվում է Երեւան մեկնելու հարցը։ Հայ ժողովրդական կուսակցության ներկայացուցիչներն առաջարկում են Երեւան ուղարկել մի պատվիրակություն, որը կկազմեր տեղական իշխանությունը, իսկ Հայոց ազգային խորհուրդը կմնար Թիֆլիսում։ Էսէռներն էլ առաջարկում էին, որ Ազգային խորհուրդը գնար Երեւան, կազմեր կառավարություն, ապա վերադառնար Թիֆլիս։ «Հայ բուրժուազիայի համար Թիֆլիսն էլ, ինչպես ամբողջ աշխարհը, «մեր տունն» էր»,- գրում էր Սիմոն Վրացյանը։

Հովհաննես Քաջազնունին կրկին պնդում է անհապաղ մեկնելու պահանջը՝ ասելով, որ «ինչ էլ որ լինի, թեկուզ կառավարությունը գերի ընկնի, սպանվի, պետք է գնալ»։

Երկար եւ անօգուտ բանավեճից հետո նա հայտարարում է, որ եթե անհապաղ Երեւան մեկնելու որոշումը չիրականացվի, ինքը հրաժարական կտա։ Ազգային խորհուրդը որոշում է ընտրել երեք լիազորի, ովքեր կգնան Երեւան կառավարության հարցը տեղում կարգավորելու համար։ Սակայն հաջորդ օրը՝ հուլիսի 13-ին, Ազգային խորհուրդը հրաժարվում է այդ որոշումից, իսկ Քաջազնունին չեղյալ է հայտարարում իր հրաժարականը։ Նիստում որոշվում է հուլիսի 17-ին շարժվել Երեւան։

Վրացիները բռնագրավում են հայկական ավտոմեքենաները

Թվում էր, թե վերջապես կայացել է պատմական որոշումը, եւ այլեւս առանց խոչընդոտների Հայաստանի կառավարությունն ու Ազգային խորհուրդը կկարողանան ճամփա ընկնել։ Սակայն հուլիսի 16-ի գիշերը, երբ Երեւան մեկնող խումբը ավտոմեքենաներով պետք է շարժվեր Աղստաֆա, վրացական կառավարության ներկայացուցիչները թույլ չեն տալիս տանել մեքենաները՝ պատճառաբանելով, թե դրանք Վրաստանի սեփականությունն են։ Չնայած մեքենաներն ունեին անհրաժեշտ փաստաթղթերը՝ վրացիներն արգելում են նրանց տեղաշարժը, ձերբակալում են գնացքի պարետ Սարկոզովին եւ պորուչիկ Ներսիսյանին, անգամ սպառնում գնդակահարել նրանց։ Շուտով կայարանում են հավաքվում Ազգային խորհրդի բոլոր անդամները, սակայն կայարանապետն ասում է, թե «Հայոց Ազգային խորհուրդն այսօր չի գնա»։ Սկսվում են երկար ու ձիգ բանակցություններ, եւ միայն լուսադեմին գնացքի պարետն ու պորուչիկն ազատվում են։

 

«Հորիզոն», 18 հուլիսի, 1918 թ., թիվ 141.

 

«Թիֆլիսում այս րոպեին Վրաստանի կառավարությունն ունի 300-ից ավելի զանազան տիպի եւ տեսակի ավտոմոբիլներ։ Չնայած Հայոց ազգային խորհուրդը դիմել էր վրացական կառավարությանը՝ խնդրելով մի քանի ավտոմոբիլներ (ավելացնենք՝ ընդհանուր պետական այդ հարուստ ժառանգությունից), սակայն մինչեւ օրս վրացական կառավարությունն իր կողմից պատասխանի էլ չի արժանացրել նրան, իսկ այսօր ճանապարհորդի առաջ անվայել խոչընդոտներ է հարուցում՝ աչք դնելով նրա ՈՒԹ ավտոմոբիլների վրա, որը նույնիսկ իրեն՝ Հայոց ազգային խորհրդի պահանջներին էլ բավարարություն չեն տալիս։ Վիրավորել, խոչընդոտ հանդիսանալ ներկայացուցչության մի ամբողջ ազգի, որը մի ամիս առաջ իր դաշնակիցն էր, իսկ այսօր՝ իր բարեկամը։ Ի՞նչ է սա՝ հյուրասիրության, տարրական քաղաքավարության նշան, թե մի այլ բան...»:

 

«Վերջապես, հեռախոսային եւ անձնական բանակցություններից հետո գնացքը մեկնեց Թիֆլիսից։ Սահմանագլխին մի նոր անակնկալ էր սպասում մեկնողներին։ Վրացական մաքսատան պաշտոնյաները չէին ուզում առանց խուզարկության բաց թողնել գնացքը։ Եվ, անկասկած, Հայաստանի կառավարությունը վրացական պաշտոնյաների կողմից խուզարկվելու անարգանքին եւս կենթարկվեր, եթե նրան ուղեկցող գերմանացի սպաները դրա առաջը չառնեին»,- գրում է Արշակ Ջամալյանը։

Ի տարբերություն վրացիների՝ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն որեւէ խոչընդոտ չեն ստեղծում Ազգային խորհրդի ու կառավարության համար, այլեւ Ղազախ կայարանում պատշաճ ընդունելություն են կազմակերպում՝ նվագախմբով եւ պաշտոնական ներկայացուցիչներով։

«Ընդհակառակը, ինչքան տարբեր էր վերաբերումը Ադրբեջանում։ Սահմանի վրա հայկական կառավարությունն ընդունվեց զինվորական պատիվներով, ընդառաջ էին եկել նահանգապետը եւ Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները։ Աղստաֆայում եւ Ղազախում տրվեց պաշտոնական ընդունելություն. ճաշ էր պատրաստված ի պատիվ հյուրերի։ Թուրք գյուղացիները համակրանքով էին դիմավորում հայ ներկայացուցիչներին, որոնք մինչեւ Հայաստանի սահմանն անցան բարեկամական ցույցերի միջից»,- այսպես է նկարագրում ադրբեջանցիների վերաբերմունքը Սիմոն Վրացյանը։

Դիլիջանից մինչեւ Երեւան Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանությանը դիմավորում էին զինվորական պատվով, աղ ու հացով։ Արամ Մանուկյանը կառավարության անդամներին դիմավորում է Հրազդանում։ «Փողոցի գլխին կանգնած էին զորքն ու զինվորական նվագախումբը։ Ավետիք Սահակյանն ընդունեց հրամանատարի զեկուցումը, ապա զորամասերը, կանոնավոր շարքերով, դրոշակները պարզած ու երաժշտությամբ, անցան Ազգային խորհրդի ու կառավարության անդամների առջեւից։ Տեսարանը հուզիչ էր։ Ուշ երեկոյան հասան Երեւան։ Քաղաքը զարդարված էր դրոշակներով, գորգերով ու կանաչով։

Աստաֆյան փողոցը լցված էր բազմությամբ։ Փողոցի երկու կողմը շարքերով կանգնած էին զորքերը՝ Սարդարապատի ու Բաշ-Ապարանի հերոսները։ Հրամանատարի զեկուցումից հետո հնչեց երաժշտությունը եւ խանդավառ «կեցցե»-ն հազարավոր բերաններից»,- գրում է Վրացյանը։

 

***

 

Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար: