1917թ. դեկտեմբերի կեսերին, երբ ռազմաճակատն արագորեն քայքայվում էր, Թիֆլիսում գեներալ Նազարբեկյանի գլխավորությամբ կազմավորվում էր Հայկական կորպուսը։
Կորպուսի շտաբը նախապես տեղակայվում է Թիֆլիսի Աբասաբադյան հրապարակում գտնվող հայկական բարեգործական ընկերության շենքում, իսկ որոշ ժամանակ անց տեղափոխվում է Բեյբության փողոցի 3-րդ իգական գիմնազիայի շենքը։
Շուտով ձեւավորվում են հայկական գնդերը. 1-ինը՝ Քանաքեռում, 2-րդը՝ Խնուսում, 3-րդը՝ Դիլիջանում, 4-րդը՝ Էջմիածնում, 5-րդը՝ Վանում, մեկական գունդ կազմավորվում է Սարիղամիշում եւ Ալեքսանդրապոլում։ Զորամասերի հրամանատարներ են նշանակվում գնդապետներ Ղարաքեշիշյանը, Հովսեփյանը, Պավել Փիրումյանը, Մելիք-Մուրադյանը, Բեյ Մամիկոնյանը, Արղությանը, Ղորղանյանը եւ ուրիշներ։ Կորպուսի կոմիսար է նշանակվում Դրոն։
Գեներալ Նազարբեկյանն իր հուշերում գրում է, որ կորպուսի ղեկավարությունը հանդիպում է դաշնակից պետությունների ներկայացուցիչներին։
«Հարկ եղավ փոխայցելություններ անել դաշնակից տերությունների ներկայացուցիչների՝ անգլիական զորավար Շորի, ֆրանսիական գնդապետ Շարդինիի եւ ամերիկյան հյուպատոս Ֆ. Սմիթի հետ։ Գնդապետ Շարդինիի հետ ես ծանոթացել էի դեռեւս 1915թ. սկզբին։ Նա ինձ մոտ եկավ, երբ ես Վանա լճի արեւմտյան ափին էի՝ Կարմուջ գյուղում։ Տերությունների այդ բոլոր ներկայացուցիչները շատ էին հետաքրքրվում կորպուսների եւ հատկապես՝ հայկական կորպուսի կազմավորման ընթացքով։
Ամենից շատ հետաքրքրվում էին ֆրանսիացիները։ Գնդապետ Շարդինին նույնիսկ հայկական կորպուսի սպայակույտ գործուղեց ֆրանսիական հրետանային մի գնդապետի»։
Անդրանիկի մերժումը
Շուտով Թիֆլիս է ժամանում Անդրանիկը եւ հանդիպում Նազարբեկյանի հետ։ Վերջինս առաջարկում է Անդրանիկին ընդգրկվել կորպուսի կազմում, ինչն Անդրանիկը մերժում է։ «Նա հպարտորեն մերժեց իմ առաջարկը եւ նույնիսկ դա, ըստ երեւույթին, զարմացրեց ու վիրավորեց նրան։ Պարզվեց, որ նրան առաջարկել էին թուրքահայերից կազմավորել համահավաք հայկական ջոկատ։ Ես այդպես էլ չէի կարողանում հասկանալ՝ նա ինձ ենթարկվում է, թե ոչ»,- գրում է Նազարբեկյանը։
1917թ. դեկտեմբերի 18-ին կազմավորվում է եւս մեկ ստորաբաժանում Թուրքեստանյան բանակային կորպուսի հայերից, որոնք, բաշխվելով վեց վաշտերում, դեկտեմբերի 22-ին հասնում են Երզնկա, որտեղ իրադրությունը ծայրահեղ ծանր էր. զորամասերի հեռանալուց հետո չէր գործում Տրապիզոն–Երզնկա ճանապարհը, զորքերը զանգվածաբար լքում էին առաջնագիծը։ Արդեն դեկտեմբերի 26-ին Երզնկայի ռազմաճակատից հեռանում է Թուրքեստանյան վաշտերի մեծագույն մասը. մնում է հայկական մեկ վաշտ՝ 4 սպա եւ մոտ 200 զինվոր։
«Գեներալ Լյախովի հեռանալուց հետո Երզնկայի ջոկատի պետ է նշանակվում գնդապետ Մորելը։ Դեկտեմբերի վերջին Երզնկայում մնացել էր մոտ 1400 զինվոր, 500 թուրքահայ կամավոր, 2 դաշտային եւ 2 լեռնային հրանոթ։ Թուրքեստանյան վաշտերի հրամանատարը կապիտան Հասանփաշայանն էր, իսկ կամավորականների հրամանատարը՝ Սեբաստացի Մուրադը»,- գրում է Նազարբեկյանը։
Hannibal ad portas!
Ակնհայտ էր, որ Երզնկայում կնքված զինադադարը թուրքերի համար ժամանակ շահելու միջոց էր։ Երկարատեւ պատերազմից թուրքական բանակը քայքայվել էր, մատակարարումը գործում էր մեծ խափանումներով, զինվորները հաճախ քաղցած էին մնում։ Սակայն զինադադարից ռուսական բանակի նահանջը մեծ հնարավորություններ էր ստեղծում թուրքերի համար: Նրանք շատ լավ տեղյակ էին, թե ինչ է կատարվում ռազմաճակատի հակառակ կողմում, եւ փորձում էին վերականգնել իրենց ուժերը հետագա հնարավոր հարձակման համար։
Հայկական զորամասերը համալրելու նպատակով բնակչությանը կոչով դիմում են Անդրկովկասյան հայկական տարբեր կազմակերպությունները։ 1917թ. դեկտեմբերի 15-ին Հայ զինվորականների միությունը հայտարարում է, որ 1900-1905թթ. ծնված եւ ծառայության մեջ գտնվող զինվորները չեն զորացրվելու։ Միաժամանակ կոչ էր անում բնակչությանն ակտիվորեն պայքարել դասալիքների դեմ եւ համալրել նոր կազմավորվող հայկական զորամասերը։
Մշակ, 15 դեկտեմբերի, 1917թ., թիվ 262
«Ընկեր ռազմիկներ, դուք ինչպես հայեր, որպես Կովկասի զավակներ, պարտավոր եք գիտակցել, որ եթե ճակատը մինչեւ խաղաղ բանակցությունների վերջանալը չմնա անմերձենալի, թշնամին որեւէ կերպ օգտվելով ներս կխուժի մեր սահմաններից եւ գեղեցիկ Կովկասը դժոխքի կվերածե, ինչպես պատահեց Թուրքահայաստանի հետ, որի ականատեսները դուք եք եղել:
Դուք պիտի իմանաք, որ մենք ոչ մի քայլ ետ չպիտի դառնանք ճակատի բնակչության վայր գծից, որ ձեռք է բերված հարյուր հազարավոր զոհերի կարմիր արյունով, ուր քարշ են տալիս իրենց գոյությունը մեր չարատանջ ժողովրդի մնացորդները, եւ ուր մենք պետք է վերաստեղծենք ազատությունն ու արդարությունը:
Վերջապես միմիայն այնտեղ՝ առաջավոր դիրքերում ամուր կանգնած մենք կարող ենք ապահով լինել մեր ընտանիքների վիճակի վերաբերմամբ, որովհետեւ որքան հեռու է թշնամին, այնքան դժվար կլինի նրա համար ներս խուժել Կովկաս եւ նրան մատնել իր սրին ու հրին»:
Դեկտեմբերի 16-ին Թիֆլիսի հայկական գրեթե բոլոր թերթերը տպագրում են Ավետիս Ահարոնյանի ուղերձը հայ ժողովրդին։ Այն շատ ավելի տագնապալից էր, հուզական եւ սկսվում էր «Hannibal ad portas!» (բառացի՝ թշնամին դռների մոտ է - խմբ.) նախադասությամբ։ Նա ահազանգում էր, որ թիկունքի խաղաղությունը ապահովելու համար պետք է զենք վերցնել, համալրել շարքերը եւ պաշտպանել երկիրը։
«Հայ ժողովուրդ, ես քեզ եմ ասում:
Պատրանք է, պատրանք է այս փխրուն անդորրությունը, թշվառական կյանքի այս ճղճիմ թոհ ու բոհը, այս գռեհիկ եռ ու զեռը, անձնական հող ու վայելքի, պճնության ու պչրանքի, զեխության ու զազիր տարփանքի այս ախտավոր ծովը, որի մեջ օրորվում են բիրտ ու գոսացած հոգիները»,- գրում էր Ահարոնյանը։
Ավետիս Ահարոնյանը նաեւ մտահոգվում էր, որ երկրի պաշտպանության գործում քիչ մասնակցություն ունեն քաղաքաբնակները, որոնք գլխավորապես զբաղված են առեւտրով եւ հարստություն կուտակելով։
«Նայեցեք մեր այս գնդերին, որոնցով հպարտ ենք, որոնց վրա է մեր բովանդակ հույսը, որոնք մեր հավատի աղբյուրն են, մեր միակ ապավենը. նայեցեք մեկիկ-մեկիկ այս թխադեմ, մի փոքր մռայլ, միշտ խոհուն, զգաստ, բրդ-բրդոտ տղաներին. ողջ գյուղերից են, քրտինքի եւ ակոսի զավակներ, մաճն ու բահը, մուրճն ու սալը թողած հրացան են բռնել հայրենիքի եւ ազատության համար: Ղարաբաղի սեգ լեռների կուրծքերը չանգռող կորովի ու համառ, երկաթակամ տղաներ, Արարատյան դաշտի հուռթի կուրծքը պատռող երազուն ու խաղ ասող շինականներ, ե´ւ մռայլ Զանգեզուրը, ե՛ւ պարզամիտ Ապարանը, ե´ւ միշտ կարոտ Նոր Բայազետը, ե՛ւ խղճուկ ու հողազուրկ Շիրակը, ե՛ւ հեռավոր Վարանդան ու Դիզակը, ե՛ւ հայկական Տարասկոնը - Լոռին, ամենքը, ամենքը ղրկել են իրենց զավակները, որոնք թողած հարկ, տուն, բնակություն, սիրելիներ ու մերձավորներ, լքած համատարած քաղցին, ավազակների կատաղությանը, եւ հրացանն ուսերին կուռ շարքերով դիմել են դեպի հայրենի երկրի վտանգված սահմանները:
Ո՞ւր են հայ քաղաքները, մեր շեն ու ճոխ բազմահազարյան ոստանները, ուր հայ միտքն ու գանձն է ապաստանել եւ ուր ամենից բարձր են հնչում միշտ «հայրենիքի պաշտպանության» մարտակոչերը:
Ահարոնյանի գրիչը
ՀՅԴ պատմության թանգարանում պահվում է այս գրիչը, որով Ավետիս Ահարոնյանը 1920թ. օգոստոսի 10-ին ստորագրել է Սեւրի պայմանագիրը:
«Չկա՜ն, չկա՜ն, դասալիք են հայ քաղաքները. վատորեն, խայտառակաբար լուծվել են, չքացել, հայ հայրենիքի այս ահավոր ժամին: Զավակները դասալիք, եւ հայրերը պատերազմի բացած ավարի շուկաներում կուտել են հարյուր հազարներ ու միլիոններ, թողնելով, որ վաստակավոր ձեռքերից որբացած գյուղը թպրտա հողի, թշվառության, անտերության ճիրաններում:
Դժվար է երեւակայել ավելի զզվելի անիրավություն, ավելի աղաղակող անարդարություն. հանցանք է այս՝ որ համբուրվում է ոճիրի հետ:
Ետ քաշենք այս վատ քողը, որովհետեւ ահազանգն է հնչում հեռուներից, եւ Հաննիբալը մեր դռներն է խորտակում շառաչյունով:
Հատուցման ժամն է հասել:
Դեպի ճակատ, դեպի ճակատ դրամի ու ռազմի, մտքի ու զգացմունքի բոլոր դասալիքներ»,- գրում էր Ավետիս Ահարոնյանը:
Անդունդի եզրին
Դեկտեմբերի 17-ին Թիֆլիսի Արտիստական ընկերության դահլիճում տեղի է ունենում հանդիպում Արշակ Ջամալյանի հետ, ով նոր էր վերադարձել Երզնկայից եւ թարմ տեղեկություններ էր հաղորդում ռազմաճակատում տիրող իրադրության մասին։
Նկարագրելով տագնապալի իրադրությունը՝ Ջամալյանն ասում էր, որ հայ ժողովուրդը կանգնած է անդունդի եզրին՝ կամ պետք է փրկվի մեկընդմիշտ, կամ կործանվի ընդմիշտ։ «Եվ չի կործանվի, եթե ի հայտ բերի իր բոլոր կարողությունները՝ մտավոր, գիտական, դրամական եւ այլն, սկսած բանվորից մինչեւ կապիտալիստը, ռամիկից մինչեւ ինտիլիգենտը»։
Հորիզոն, 19 դեկտեմբերի, 1917թ., թիվ 266
«Վերջում ներկաներից շատ ինտելիգենտ մարդիկ իրենց դրին Ազգային խորհրդի տրամադրության տակ։ Մի տիկին - Հռիփսիմե Մարգարյան - իր ճակատից մի մեծ ոսկի պոկելով՝ նվեր տվեց, մի ինտիլիգենտ կին թեւից ապարանջանը հանեց ու դրեց նախագահի սեղանի վրա։ Հասարակական գործիչ Հովհաննես Մալխասյանը հայտարարեց, որ այդ օրվանից իրեն դնում է Ազգային խորհրդի տրամադրության տակ։ Մի 63 տարեկան մարդ ցուցակագրվեց կամավոր, հայտնելով, որ ինքը թեեւ զենք չի կարող վերցնել, բայց կարող է «ֆուրգոնչի» լինել»։
Հայ կանանց կոչը
Հայկական ստորաբաժանումների կազմավորման համար Թիֆլիսում հանգանակություն է սկսվում, որին ակտիվորեն մասնակցում էին հասարակ մարդիկ։ Նրանք իրենց հնարավորության չափով դրամ էին ուղարկում հայկական տարբեր զորամիավորումների կազմավորման համար, որոնց վերաբերյալ հաղորդագրությունները տպագրվում էին թերթերում։
«Իմ պաշտելի կնոջ՝ անզուգական Վարդանուշիս՝ ծաղիկ հասակում վաղաժամ մահվան առիթով իմ սուղ ռոճիկիցս ուղարկում եմ խմբագրությանդ 20 ռուբլի՝ հանձնելու 10 ռուբլին ազգային գնդեր կազմակերպող մարմնին, 5ռ. աղքատներին առաջիկա տոներին բաժանելու, 5ռ. հայ որբուկներին։ Ա. Եսայան»։
«Ստացանք Հովհաննես ք. Ամիրխանյանի միջոցով Ալ. Անդրիեւի դուստր Մարգարիտի կնունքին հավաքված 500ռ., որ պիտի հանձնել Հ. Ազգային խորհրդին՝ գործադրելու I հայկական հեծելազորի կարիքներին»։
«Գնդապետ Սրապիոն Ադամյան Դավթյանցը իր կին Եղիսաբեթի եւ որդիք Միքայել, Ալեքսանդր եւ Մագթաղ Դավթյանների հետ միասին նվիրում են 150 ռուբլի հայ կամավորական զորքի օգտին, իրենց վաղամեռիկ եւ պատերազմում ընկած որդու եւ եղբոր՝ շտաբս-կապիտան Սարգիս Դավթյանի հիշատակին։ Խնդրեմ հանձնել Հայոց Ազգային խորհրդին»։
Հայրենիքը պաշտպանելու, զինվորագրվելու եւ ռազմաճակատում գտնվող տղամարդկանց աջակցելու կոչով հանդես էին գալիս նաեւ հայ կանայք։ Այդպիսի կոչերից մեկում նշվում էր, որ թիկունքում մնացած կանայք շատ անելիքներ ունեն՝ պետք է անդամագրվեն գթության քույրերի խմբերին, օգնեն ռազմաճակատում գտնվող մարդկանց ընտանիքներին, ոգեւորեն եւ հուսադրեն թույլերին։
«Կինը մեծ ուժ է, իսկ սիրող, գաղափարական կինը մի անխորտակելի ուժ։ Մենք հանդես կբերենք այդ բարոյական ուժը եւ կստեղծենք մի այնպիսի տրամադրություն, որ ոչ մի հայ անմասն չի մնա այս մեծ շարժմանը։ Եթե մենք չկարողանանք ստեղծել այդ ոգեւորությունը, եթե հայրենիքի պաշտպանության գործին չզոհաբերենք ամեն բան, ինչ որ հնարավոր է, եթե անձնվիրության սքանչելի օրինակներ չտանք, մենք արժանի չենք կին կոչվելու, այդ բառի ամենաբարձր իմաստով։
Կատարենք մեր պարտքը մայր երկրի առաջ, մեր եղբայրները գնում են արյան գնով հայրենիքը պաշտպանելու, որբացած երկիրը, նրանց տունն ու տեղը մնում են մեր խնամքին։ Դեպի գործ, հայ քույրեր»։
***