1920թ. ապրիլին Ադրբեջանի դեմ կռիվների ուղղություններից մեկը Կապանի հարավարեւելյան հատվածն էր, որտեղ էլ շտապում էր Նժդեհն իր մարտիկներով։ Մինչ Նժդեհը ջախջախում էր թշնամուն Գողթանի ուղղությամբ եւ ընդհուպ մոտեցել էր Օրդուբադին, ադրբեջանական ստորաբաժանումները հարձակվում էին արեւելքից։ Կապարգողթի ուժերը հարկադրված էին ընդհատել ռազմական գործողությունը եւ վերադառնալ։

Մարտի վերջին ոչնչացվում են Զեյվա եւ Ագարակ գյուղերի ադրբեջանական հենակետերը, իսկ մի քանի օրից հայկական վերահսկողության տակ են անցնում Հարթիզի եւ Սուսանի բարձունքները։

Քաջածանոթ լինելով Ադրբեջանի մարտավարությանը՝ Նժդեհը հասկանում էր, որ միայն հայկական բնակավայրերի ազատագրումը եւ հակառակորդի ջախջախումը բավարար չի լինելու Զանգեզուրի երկարատեւ անվտանգությունն ապահովելու համար։ Նա գտնում էր, որ հայկական ուժերը պետք է առաջ շարժվեն եւ հնարավորինս հեռացնեն թաթարական վտանգը հայկական սահմաններից։ Եթե փորձենք զուգահեռներ անցկացնել 20-րդ դարավերջի ազգային-ազատագրական պայքարի հետ, ապա կտեսնենք, որ 1991-94թթ. Արցախյան պատերազմի օրերին հայկական բանակը լուծում էր անվտանգության նույն խնդիրը, գրեթե նույն տարածքում։ Ժամանակն ու պատմությունը ցույց են տալիս, որ Ղարաբաղ-Զանգեզուրի անվտանգության գերխնդիրը մնացել է անփոփոխ։ Դրանով էր պայմանավորված Նժդեհի հաջորդ ռազմական արշավանքը Որոտան գետի ձախ ափին՝ Բարգուշատի շրջանում տեղակայված թաթարական բնակավայրերի դեմ։

1920թ. ապրիլի 2-ին հայկական զորքերը սկսում են շեշտակի գրոհը եւ կարճ ժամանակ անց ադրբեջանական զինվորները եւ նրանց օգնության եկած պարսկական խաների զինյալները խուճապահար նահանջում են։

«Կէս օրուայ մօտ, իրենց թիկունքը սարերուն տուած` հայ վաշտերը հեղեղի նման կը թափին Որոտանի թուրք գիւղերուն վրայ: Նուրի փաշայի եւ Պրենս-Ղաջարի զօրքերը կորսնցուցած իրենց բարոյական կորովը` կը նահանջեն դէպի Դոնդուրլու եւ Խոջահան: Յաղթական հայ հրամանատարութիւնը կը վճռէ մեջտեղէն վերցնել Զանգեզուրի եւ Ղարաբաղի միջեւ գտնուող թաթարական սեպը - մօտ հարիւր գիւղ, եւ այսպէսով կենդանի կապ ստեղծել երկու հայկական երկրամասերու միջեւ: Ապրիլ 2-ի լուսաբացին հայ վաշտերը կը շարունակեն իրենց յանդուգն գրոհը: Թշնամին խոշոր կորուստներով տեղի կու տայ, ձգելով գերիներ, ձիեր, մեծ քանակութեամբ հացահատիկ եւ սպայակոյտի արխիւը: Ձեռք անցուած վաւերաթուղթերէն կ’իմացուի, որ Ատրբէջանի զօրամասերուն մէջ կը գտնուին թուրք սպաներ» (Վարդան Գէորգեան, Լեռնահայաստանի հերոսամարտը (1919-1921), Երեւան, 2010)։

Նժդեհի նոր «նշանաբանը»

Նժդեհը գրում է, որ Որոտանի գործողությունն իրականացվել էր նոր ռազմավարական մոտեցմամբ, որն ինքն անվանում էր «նշանաբան»։ Այսինքն՝ նախկին ռազմական նպատակներին ավելանում էր եւս մեկը՝ ցամաքային վստահելի ու կայուն կապով Զանգեզուրի եւ Ղարաբաղի միացումը։

«Ապրիլի 2-ի լուսաբացին մեր վաշտերը, Զանգեզուրը Ղարաբաղին միացնելու մի նոր նշանաբանով, շարունակում են իրենց գրոհները։ Այդ օրը ռազմագիտական մի լուրջ խաղով հաջողվում է թեւանցի ենթարկել հռչակավոր Դոնդարլուն, որի բարձունքներում, գերեզմանատանը եւ այգիներում ամրացած թշնամու ուժերը տեղի են տալիս, մեծ կորուստով։ Կռվի երրորդ օրը հաղթություններով արբեցած մեր վաշտերը մի վերջին խոլական գրոհով թշնամուց մաքրում են Որոտանի ձախ ափին գտնվող բոլոր գյուղերը՝ ամրացնելով իրենց դրոշակը գետափին բարձրացող լեռան կատարին»,- գրում է Նժդեհը։

Այս գործողությունից հետո կռվի ծանրությունը տեղափոխվում է Շիկահողի շրջան, որտեղ Ասկյուլումի թաթարները, օգնություն ստանալով Զանգելանի շրջանից (Կովսական), կտրում էին Ղարաբաղն ու Զանգեզուրը։ Որոտանի ազատագրված հատվածում Նժդեհը թողնում է պահակային փոքր խմբեր եւ հիմնական ուժերը տեղափոխում այստեղ։

«Այս սեպաձեւ բարձունքը, որպես բնական անառիկ ամրություն, բարձրանում է Օխչի գետի աջ ափին, դեմ հանդիման Սուսան սարին, անցափակելով Զանգեզուրի նախադուռը։ Ղափանը վաղուց էր ատամ կրճտացնում այդ հսկայի դեմ։ Զանգելանի շրջանի թրքությունը, իր ձեռքին պահելով այդ կարեւոր բարձունքը, անպատիժ կերպով հազար չարիքներ էր նյութել արեւելյան Ղափանի դեմ եւ միշտ էլ, շնորհիվ լեռան անառիկության, մնացել էր հաղթական ու անպատիժ։ Արեւելյան, ինչպես եւ հյուսիսային կողմից այդ ամրությանը մերձենալ անկարելի է, որովհետեւ այդ կողմից նա բարձրանում է ուղղահայաց ձեւով, պատի պես։ Ճակատային գրոհը մեզնից շատ զոհեր կխլեր։ Չէր օգնի նաեւ պայթուցիկ տակառը, որովհետեւ այդ գծի բոլոր տիրապետող դիրքերը գտնվում էին թշնամու ձեռքին, մնում էր վտանգավոր, բայց օրհնված թեւանցը»,- գրում է Նժդեհը։

Եռագույնը՝ լեռան վրա

1920թ. ապրիլի 6-ին սկսվում է Ասկյուլումի գործողությունը. հայկական ուժերը բաժանվում են երկու մասի։ Առաջինը շարժվում է դեպի լեռան աջ կողմում գտնվող թաթարական բնակավայրերը Զանգելանից եկող ուժերին կանգնեցնելու համար։ Այդ ընթացքում մյուս խումբը պետք է արագորեն թեւանցեր եւ անցներ Ասկյուլումում ամրացած հակառակորդի թիկունքը։ Շփոթեցնող զորախումբը համարձակ գործողություն է սկսում, որին հակառակորդը պատասխանում է հուժկու կրակով, շուտով հայերը հրդեհում են որոշ գյուղերի խոտի դեզերը, որը նաեւ լուսային ազդանշան էր մյուս խմբի համար։ Այդ ակտիվ փոխհրաձգության ամբողջ ընթացքում շրջանցող խումբը լիակատար լռությամբ շարժվում էր առաջ եւ շուտով մոտենում է թաթարների դիրքերի թիկունքին։ Զինվորներից մեկը դինամիտով պայթեցնում է հսկայական ժայռաբեկորը, որի փլուզման հետ միաժամանակ հայերն անցնում են գրոհի։ Դիմադրությունը շատ կարճ է տեւում, ադրբեջանցիները, կորուստներ տալով, փախչում են, եւ «Բացվող լույսն Ասկյուլումի վրա ողջունում է հայկական եռագույնին»։ Լեռը վերցնելուց հետո համապատասխան ազդանշան է տրվում Որոտանի ափի մոտ սպասող ստորաբաժանումներին, որոնք սկսում են առաջխաղացումը։

Բարթազի ձնծաղիկները

Զանգեզուրի հարավ-արեւելքն ամրացնելու նպատակով Նժդեհը ձեռնամուխ է լինում Չավնդուրի գործողությանը։ Չավնդուրը Զանգեզուրի լեռնաշղթայի հարավային հատվածն է, որը կոչվում է նաեւ Արեւիքի կամ Մեղրու լեռնաշղթա։ Ապրիլի 11-ին նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտված էին, եւ Կապանի զորամասերին միացել էին նաեւ Արեւիքի ջոկատները։ Հաջորդ օրը սկսվում է առաջխաղացումը, որի նպատակն էր «մեր գրաված հողամասի ամբողջացումը մինչեւ Արաքսի հովիտ»։ Ադրբեջանական առաջին հենակետը Սոբուն գյուղն էր, որի դիմադրությունը կարճ է տեւում։ Օգտագործելով պայթուցիկ տակառները՝ զանգեզուրցիները շուտով վերցնում են մոտակա բոլոր գյուղերը եւ մոտենում թշնամու վերջին հենակետին՝ Բարթազին։ Բարթազի գրոհի նախորդ գիշերը հակառակորդը փորձում է առաջանալ, սակայն հայերը լույսերով տեղեկացնում են ստորաբաժանումներին, որոնք էլ համազարկով հետ են մղում թշնամուն։ Հայերն օգտագործում էին լուսային-նշանային համակարգ. եթե պատկերվում էր լիալուսին, ուրեմն հակառակորդը մոտ է, եթե պատկերվում էր խաչ, ուրեմն ամեն ինչ հանգիստ էր։

Բարթազի կռիվը սկսվում է ապրիլի 14-ի լուսադեմին։ Բարձունքից գլորվում են պայթուցիկ մահացու տակառները, որոնք ճեղքում են հակառակորդի պաշտպանության շղթան, եւ Նժդեհի մարտիկները նետվում են գրոհի։ Կարճ ժամանակ անց հայերն արդեն Բարթազ գյուղաքաղաքի արեւելյան հատվածում էին։ Նժդեհը գրում է, որ փոքրիկ մի ջոկատի հետ շարժվում էր դեպի բնակավայր, երբ տեսնում է, որ զինվորները պարբերաբար կռանում եւ գետնից ինչ-որ բան են վերցնում։

«Ձնծաղիկներ ենք հավաքում, պատասխանում են իմ հարցին։
Բնազդորեն կռանում եմ եւ ես ձյան տակից գլուխը դեռ նոր դուրս հանած մի ձնծաղկի վրա... Արաքսի ափին բարձրացող մի բլուրից ջոկատիս դեմ սկսվում է մի ուժեղ հրացանաձգություն։ Բաց դաշտի վրա թշնամու կրակի տակ ընկած փոքրիկ ջոկատս անտեղի զոհերից ազատելու միայն մի միջոց կար՝ դինամիտային գրոհը։ Մարտական կարգ ընդունելով, ջոկատս պայթուցիկներով նետվում է առաջ։ Երկվայրկյան անց գոռում են մեր ռումբերը։ Թշնամին լքում է իր դիրքերը եւ անհայտանում գետափի մացառների մեջ։ Իմ ուժերը մտնում են Բարթազ»։

Նժդեհը անցնում է Ղարաբաղ

Զանգեզուրում հաղթանակներ տանելուց եւ երկու ուղղությամբ Ղարաբաղի հետ ցամաքային կապն ապահովելուց հետո Զանգեզուրում արտակարգ դրություն է հայտարարվում, իսկ գեներալ Սիլիկյանը նշանակվում է Զանգեզուր-Դարալագյազի գեներալ-նահանգապետ։ Հիմնվում են զինվորական դատարաններ, որոնք քննելու էին բոլոր, այդ թվում՝ դասալքության գործերը։ Զինվորական իշխանությանն էր ենթարկվում փոստը, հեռագրատունը, հեռախոսային կապը եւ այլն։ Նշվում էր նաեւ, որ հատուկ պայքար է ծավալվելու «Ադրբեջանից բխող հանցավոր քարոզչության դեմ, եւ մեղավորները հանձնվելու են զինվորական դատարանին»։ Միաժամանակ հայտարարվում էր 20-50 տարեկան բոլոր տղամարդկանց զորակոչ։

1920թ. ապրիլին՝ Կապանի եւ Մեղրիի արեւելյան ուղղություններում հաղթական գործողություններից հետո, Նժդեհը իր «ամենաընտիր վաշտերով անցնում է Ղարաբաղ եւ ստանձնում Դիզակի պաշտպանությունը»։

Թիֆլիսի համաժողովը

1920թ. մարտի վերջին Ղարաբաղում ծավալված ակտիվ ռազմական գործողություններին զուգահեռ եւս մեկ փորձ է արվում հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորել խաղաղ ճանապարհով։ Այդ նպատակով վրացական կողմի նախաձեռնությամբ ապրիլի 9-ին Թիֆլիսում հրավիրում է նոր համաժողով, որին հայկական կողմից մասնակցում էին արտգործնախարար Համո Օհանջանյանը, Ստեփան Մամիկոնյանը, Սմբատ Խաչատրյանը եւ Ադրբեջանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Տիգրան Բեկզադյանը (ապրիլի 3-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կազմում փոփոխություններ էին տեղի ունեցել. Համո Օհանջանյանը նշանակվել էր արտաքին գործերի, Ռուբեն Տեր-Մինասյանը՝ պաշտպանության, Սիմոն Վրացյանը՝ երկրագործության նախարար)։

Ադրբեջանի Հանրապետությունը ներկայացնում էին խորհրդարանի փոխխոսնակ Ա. Աղաեւը, արտգործնախարար Ֆաթալի Խան-Խոյսկին, Վրաստանում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցիչ Մամեդ Ռիզա բեկ Վեքիլովը եւ արդարադատության նախարարի տեղակալ Օլգեր-բեյ Կրիչինսկին։

Վրացական կողմից հանդես էին գալիս արտգործնախարար Եվգենի Գեգեչկորին, ռազմական նախարար Գրիգորի Լորդկիպանիձեն եւ Հայաստանում վրացական դիվանագիտական ներկայացուցիչ Մախարաձեն։

Հենց առաջին նիստին Գեգեչկորին հայտարարում է, որ անհապաղ պետք է դադարեցնել բոլոր տեսակի բախումները Ղարաբաղում։ Ադրբեջանական պատվիրակությունն իր հերթին ասում է, որ նույնը պետք է անել նաեւ Ղազախում, Օրդուբադում, Նախիջեւանում, Վեդիում եւ այլուր։ Սակայն նրանք նաեւ նշում են, որ այդպիսի հարցեր բարձրացնելու եւ որոշում կայացնելու համապատասխան լիազորություն իրենք չունեն։ Երկար քննարկումից հետո որոշվում է, որ մինչեւ ապրիլի 10-ը ադրբեջանական պատվիրակները պետք է կապվեն կառավարության հետ եւ համապատասխան լիազորություն ստանան։ Երկրորդ նիստին Աղաեւը հայտնում է, որ իրենք փորձել են հեռախոսով կապ հաստատել Բաքվի հետ, սակայն չի հաջողվել, եւ ստիպված հեռագրել են։ Ի պատասխան ստացել են տեղեկություն, որ նրանց պատասխանը տրվելու է օրվա վերջին կամ հաջորդ օրը։ Աղաեւն առաջարկում էր քննարկել մյուս հարցերը, մինչեւ կլինի Ադրբեջանի պաշտոնական պատասխանը, սակայն հայկական կողմն առարկում է՝ նշելով, որ իրենք հավաքվել են առաջին հերթին ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Ուշագրավ դիտարկում է անում Վրաստանի արտգործնախարար Գեգեչկորին՝ ասելով, որ համաժողովն ունի երեք խնդիր.

1. տարածքային,
2. արտաքին քաղաքականության մեջ երեք հանրապետության քայլերի համաձայնեցում,
3. կոնֆեդերացիա:

Վրաստանի ԱԳ նախարարը հայտնում էր, որ համաժողովը չի կարող լուծել սահմանային հարցերը եւ պետք է բավարարվի ընդհանուր սկզբունքները համաձայնեցնելով։ Նա գտնում էր, որ որպես չավարտվող ազգամիջյան բախումների լուծում՝ կարելի է դիտարկել բնակչության տեղափոխության տարբերակը։

«Այդ վեճերի պատճառն է երկրի ազգագրական քարտեզը, ուստի այդ հարցի հիմքում պետք է դնել ազգաբնակության գաղթումը մի հանրապետությունից մյուսը, եւ այդ կերպով ազգաբնակության միատեսակ մասսա ստեղծումը՝ միեւնույն հանրապետության սահմաններում, ինչը որ կարող է խաղաղեցնել երկիրն ու վերջ դնել երկպառակություններին»,- ասել էր նա (Հառաջ, 27 ապրիլի, 1920թ., թիվ 85)։

Ապրիլի 11-ին վերջապես ստացվում է Խան-Խոյսկու հեռագիրը, որով նա լիազորում էր Ադրբեջանի պատվիրակությանը համաժողովի ընթացքում քննարկել ամբողջ Անդրկովկասում տեղի ունեցող բախումների կարգավորման հարցերը։ Երկար բանակցություններից հետո՝ օրվա վերջին, կողմերը համատեղ բանաձեւ են ընդունում.

1. Անմիջապես դադարեցնել Ղազախում, Նախիջեւանում, Օրդուբադում եւ Ղարաբաղում այժմ տեղի ունեցող արյունալի բոլոր ընդհարումները:
2. Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարություններին հանձնարարել անհապաղ ձեռնարկել ամենավճռական միջոցներ, որպեսզի համապատասխան հանրապետության սահմաններում բացառվեն հայ եւ մուսուլման բնակչության ընդհարումները:
3. Այս որոշման մասին շտապ տեղեկացնել ադրբեջանական եւ հայկական կառավարություններին՝ համապատասխան գործողությունների դիմելու համար: (Հառաջ, 27 ապրիլի, 1920թ., թիվ 85)։

Ապրիլի 13-ին համաժողովն ընդունում է երկրորդ բանաձեւը, համաձայն որի՝ պետք է ստեղծվեր վեց հոգուց բաղկացած հանձնախումբ բախումների վայրերն այցելելու, դրանց պատճառները հետաքննելու եւ համաժողովի որոշումների կատարումը վերահսկելու համար։

Հայ-ադրբեջանական բախումները դադարեցնելու վերաբերյալ որեւէ այլ որոշում համաժողովը չի ընդունում։ Ուշադրության արժանի է նաեւ երեք հանրապետության խորհուրդ ստեղծելու գաղափարը, որը թեեւ վերջնական տեսք չի ստանում, սակայն քննարկվում է համաժողովի 6-րդ նիստում։ Նախագծի հեղինակն ադրբեջանական պատվիրակության անդամ Կիչինսկին էր։ Ըստ առաջարկվող տարբերակի՝ Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը պետք է ստեղծեին միջպետական խորհուրդ, որը, ի թիվս այլ հարցերի, պետք է «հոգ տաներ հանրապետությունների արտաքին անվտանգության եւ նրանց անկախությունն ու չեզոքությունը պահպանելուն»։ Այս առաջարկը Անդրկովկասյան համադաշնություն՝ կոնֆեդերացիա ստեղծելու փորձ էր, որի հիմնական նպատակն էր արտաքին միջամտության դեպքում երեք հանրապետության համատեղ հանդես գալը։ Նախկինում նման նախաձեռնությամբ հանդես էր եկել նաեւ Վրաստանը՝ փորձելով բոլշեւիկյան ներխուժման դեպքում ստանալ մյուս երկու հանրապետության աջակցությունը։

 

* * *

Մինչ Թիֆլիսում փորձում էին լուծել երեք երկրի կնճռոտ հարցերը, իսկ Ղարաբաղում հայկական ուժերը պատրաստվում էին ազատագրել Շուշին, Ադրբեջանում ապրիլի վերջին խորհրդային կարգեր են հաստատվում, որի հետեւանքով ամբողջովին փոխվում է Անդրկովկասի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգը։

 

***

 

Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են լուսանկարներ Armgeo.am կայքից:

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար: