1920թ. Թուրքիան հյուծված ու պարտված պետություն էր, սակայն Հայաստանի վրա հարձակվելու մտադրությունից չէր հրաժարվում. ապրիլի վերջին 15-րդ բանակի հրամանատար Կարաբեքիր փաշան հայտնում էր, որ բանակը պատրաստ է հարձակվելու Հայաստանի վրա։

Նա նաեւ նշում էր, որ չէր կարելի զորքը երկար ժամանակ պահել բարձր պատրաստության պայմաններում եւ չհարձակվել։ Սակայն Քեմալը գտնում էր, որ դեռեւս պատեհ առիթը չի ներկայացել։ Բոլշեւիկներն արագորեն մոտենում էին Կովկասին, եւ հայտնի չէր, թե նրանք ինչ ծրագրեր ունեին։

«Քեմալը, պատասխանելով Կարաբեքիրին, նշում է, որ դեռեւս վաղ է սկսել Հայաստանի դեմ պատերազմը, քանի որ արտաքին դրությունն անբարենպաստ է, նա մասնավորապես, նշում է, որ դեռեւս պարզ չէ, ինչ կոնկրետ պայմանների հիման վրա հնարավոր կլինի դաշինք կնքել բոլշեւիկների հետ։ Նա գրում էր, որ «հայկական իրադարձությունները» ողջ քրիստոնյա աշխարհը տրամադրել են թուրքերի դեմ, եւ եթե Թուրքիան պատերազմ սկսի Հայաստանի դեմ, ապա կառաջացնի հակաթուրքական տրամադրությունների նոր ալիք» (Ռուբեն Սաֆրաստյան, Մուստաֆա Քեմալ. Պայքար Հայաստանի Հանրապետության դեմ 1919-1920թթ., Երեւան, 2019թ.)։

1920թ. հունիսի 1-ին Քեմալը եւս մեկ անգամ հետաձգում է Հայաստանի վրա հարձակումը, թեեւ հանձնարարում է Կարաբեքիրին գաղտնի պատրաստություն տեսնել։ Հունիսի 8-ին Քեմալն ընդհանուր զորահավաք է հայտարարում, որի տեքստում նշված էր, որ թուրքերի նկատմամբ ամենամեծ թշնամությունը հայերն են ցույց տվել, եւ նրանց դեմ համախմբվել են «բոլշեւիկները եւ մահմեդական բանակները»։

Դաշնակիցների կողմից Թուրքիայի խորհրդարանի լուծարումից եւ Պոլսի գրավումից հետո հիմնական ուժերը համախմբվում են Քեմալի շուրջը, որը հայտարարում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ստեղծումը։ Թուրքիայի փաստացի իշխանությունը կենտրոնանում է արեւելյան նահանգներում, եւ հասկանալի էր, որ միակ պետությունը, որը կարող էր արդյունավետ աջակցել եւ փրկել երկիրը վերջնական կործանումից, Խորհրդային Ռուսաստանն էր։ 1920թ. դեկտեմբերին Խորհուրդների 8-րդ համագումարին ներկայացված հաշվետվության մեջ Չիչերինը հայտնում էր, որ «քեմալականներն իրենց [բոլշեւիկների] հետ կապ են հաստատել Ադրբեջանի միջոցով, որտեղ նրանց համախոհները նպաստել են հեղաշրջմանը եւ ադրբեջանական կառավարության կողմից ռուսական կարմիր զորքերին հրավիրելուն»։

«Առաջինը Մոսկվա է գալիս հայտնի զորահրամանատար Խալիլ փաշան։ Նա առաջին անգամ մեզ ծանոթացրեց Նոր Թուրքիայի ձգտումներին եւ այն ծանր փորձություններին, որոնց ենթարկվում էին»,- ասել էր Չիչերինը։

1920թ. հունիսի սկզբին Մոսկվա է հասնում դեռեւս ապրիլի վերջին Ռուսաստանի կառավարությանը Քեմալի գրած նամակը, որտեղ նա հայտնում էր, թե իրենք պատրաստ են Խորհրդային Ռուսաստանի հետ համատեղ պայքարել «իմպերիալիստական կառավարությունների դեմ եւ հանուն ճնշված ժողովուրդների ազատագրության»։

ՉԻՉԵՐԻՆԻ ՆԱՄԱԿԸ ՔԵՄԱԼԻՆ

Հունիսի 3-ին, պատասխանելով Քեմալին, Չիչերինը գրում էր, որ Ռուսաստանի համար պատիվ է մշտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ երկու երկրին սպառնացող իմպերիալիզմի դեմ պայքարում։ Ուշագրավ էր Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ներկայացրած այն դրույթը, որ «Թուրքական Հայաստանին, Քրդստանին, Լազիստանին, Բաթումի մարզին, Արեւելյան Թրակիային եւ թուրք-արաբական խառը բնակչությամբ տարածքներին տրվում էր սեփական ճակատագիրը որոշելու իրավունք»։ Չիչերինն այս դրույթը մեկնաբանում էր որպես գաղթականների եւ վտարանդիների վերադարձից հետո անցկացվելիք ազատ հանրաքվեի հնարավորություն։ Թուրքիան ճանաչում էր նաեւ իր տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավունքները, բացի այդ, վերացնում էր օտարերկրյա ազդեցության ամեն տեսակի ոլորտները։ Կարեւոր էր նաեւ Խորհրդային Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանի եւ Պարսկաստանի հանդեպ. Չիչերինը նշում էր, որ խորհրդային կառավարությունը պատրաստ է միջնորդել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բանակցություններում ու սահմանագծերը որոշելուն։ Խորհրդային Ռուսաստանն իր պատրաստակամությունն էր հայտնում անմիջապես դիվանագիտական եւ հյուպատոսական հարաբերություններ հաստատելու Թուրքիայի հետ։

«Սովետական կառավարությունը չափազանց մեծ հետաքրքրությամբ է հետեւում այն հերոսական պայքարին, որ թուրք ժողովուրդը մղում է հանուն իր անկախության ու սուվերենության, եւ Թուրքիայի համար այս ծանր օրերին նա երջանիկ է, որ դնում է թուրք եւ ռուս ժողովուրդներին միավորող բարեկամության ամրակուռ հիմքը»,- այսպես էր ավարտվում Չիչերինի նամակը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահին։

ԳԱՂՏՆԻ ԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆ

Մինչ Քեմալը եւ բոլշեւիկները խոստանում էին աջակցել միմյանց «համաշխարհային իմպերիալիզմի» դեմ պայքարում, Թուրքիայի երկու կառավարությունների՝ Անգորայի եւ Պոլսի ներկայացուցիչները գաղտնի այցելում են Հայաստան։

Պատմաբան Էդիկ Զոհրաբյանը գրում է, որ այս հանդիպման միակ վկայությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության քարտուղար Հակոբ Տեր-Հակոբյանի հուշերն են։ Ըստ նրա՝ Թուրքիայի ներկայացուցիչները հայտնում են, որ Հայկական հարցի վերաբերյալ իրենց կառավարությունների դիրքորոշումը նույնն է, եւ Հայաստանի որոշումն ընդունելի է թե՛ Քեմալի, թե´ Ֆերիդ փաշայի համար։ Թուրքերն առաջարկում էին հայերին զիջումներ անել Սան Ռեմոյի խորհրդաժողովում ընդունված սահմաններից։ Ապրիլի երկրորդ կեսին Սան Ռեմոյում ընդունվում է Հայաստանի եւ Թուրքիայի սահմանների վերաբերյալ որոշումը, որը գրեթե առանց փոփոխության մի քանի ամիս անց ներկայացվում է ստորագրման Սեւրում։ Սամ Ռեմոյի խորհրդաժողովում մանրամասն քննարկվել էր ԱՄՆ-ի մանդատը Հայաստանին տալու խնդիրը, սակայն ամենակարեւոր հարցը, բնականաբար, սահմանային բաժանումն էր։ Դեռ այն ժամանակ քննարկվում էր, որ Էրզրումը պետք է թողնել Թուրքիային, քանի որ հայերը չեն կարող այն պահել։ Սան Ռեմոյի խորհրդաժողովի որոշումները ներկայացվում են Թուրքիային, որը պետք է 1920թ. հունիսին ստորագրեր փաստաթուղթը։ Կարելի է ենթադրել, որ թուրք-բոլշեւիկյան հարաբերությունների ակտիվացումը մայիս-հունիսին հենց այս հանգամանքով էր պայմանավորված։

Երեւան ժամանած թուրք ներկայացուցիչները հայերին առաջարկում են տարածքային հետեւյալ լուծումը՝ Հայաստանի Հանրապետությունն ընդարձակվում էր մինչեւ Վան, այնտեղից հյուսիս՝ մինչեւ Սեւ ծով, Ռիզեի նավահանգիստը մնում էր Հայաստանի տարածքում, սակայն Էրզրումը պետք է անցներ Թուրքիային։ Ըստ Հակոբ Տեր-Հակոբյանի՝ թուրք պատվիրակները զգուշացնում են, որ համառելու դեպքում հայերը կարող են բաց թողնել հարմար պահը, ինչի համար հետագայում կփոշմանեն, քանի որ դաշնակիցներն իրական օգնություն չեն կարող տրամադրել։

«[Դաշնակիցները] քանիցս հայտարարեցին, թե չեն կրնար զոհողություն ընել ուրիշներու համար, թե հայերը Խորհրդային Ռուսաստանն ալ իրենց թշնամի դարձած են բոլշեւիկներու դեմ հալածանքով, եւ թե՝ Ռուսիա եւ Թուրքիա իբր երկու դաշնագիր կողմեր, երբ սեղմեն Հայաստանը երկու կողմեն, այն ատեն փչացումը վերջնական պիտի ըլլա։ ...Թուրք պատվիրակները մեկնեցան Երեւանեն իրենց հետ տանելով բացարձակ մերժում»,- գրում է Հակոբ Տեր-Հակոբյանը։

Թուրքերը Չիչերինի նամակն ընդունում են մեծ ոգեւորությամբ: Ազգային մեծ ժողովի արտաքին գործերի գործադիր կոմիտեի անդամ Բեքիր Սամին հայտնում է, որ իրենք փորձել են պատվիրակներ ուղարկել Մոսկվա, սակայն Էրզրումից առաջ գնալ հնարավոր չի եղել, քանի որ հայերը փակել են ճանապարհը։ Ուստի նա խնդրում էր Մոսկվային համապատասխան քայլեր ձեռնարկել, որպեսզի հայկական կառավարությունը թույլ տա անցնել Հայաստանի տարածքով։

«Թուրքիայի Ազգային մեծ ժողովը համոզված է, որ իր ձեռնարկած անհավասար պայքարում ինքը ամեն տեսակ պաշտպանություն կգտնի Ռուսական Սովետական մեծ Հանրապետության կողմից»,- ասված էր պատասխան նամակում։

Խորհրդային Ռուսաստանի միջնորդական նախաձեռնությունը հաջողությամբ է պսակվում, եւ շուտով Մոսկվայում ընթացող ռուս-թուրքական եւ ռուս-հայկական բանակցությունների առանցքային հարցը դառնում է հայ-թուրքական հարաբերությունը։

ՉԻՉԵՐԻՆԻ ԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐԸ

Լեւոն Շանթի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում Արտաքին գործերի ժողկոմի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ անակնկալի է գալիս, քանի որ ռուսները սկսում են նախեւառաջ քննարկել հայ-թուրքական հարաբերությունները։ Չիչերինն ասում է, որ թուրքերն իրենց պետք են, եւ իրենք համաձայնել են ռազմական ու տնտեսական օգնություն ցուցաբերել նրանց։ Նա բաց տեքստով նաեւ հայտնում է, որ Հայաստանի ներկայացուցիչներին հրավիրել են թուրքերի հետ հաշտեցնելու համար։ «Չիչերինի այս ամփոփ զեկուցումից հասկացվեց, որ Խորհրդային կառավարությունը պարզապես ուզում է միջնորդի դեր կատարել մեր եւ տաճիկների միջեւ՝ բարի դրացիական հարաբերություններ ստեղծելու համար, պայմանով, որ մենք ձեռք քաշենք Դաշնակիցներից եւ ամբողջապես Մոսկվայի իրավարարության հանձնենք մեր դատի լուծումը»,- գրում է Համբարձում Տերտերյանը։ Ռուսները նաեւ ակնկալում էին, որ հայերն ամբողջությամբ կհրաժարվեն Սամ Ռեմոյի պայմանագրից, որը նախատեսվում էր ստորագրել 1920թ. օգոստոսի 10-ին։

Հայկական պատվիրակները փորձում են բացատրել Չիչերինին, որ թուրքերը պարզապես օգտագործելու են բոլշեւիկների հնարավորությունները եւ նրանցից ստացած զենքով առաջին հերթին խփելու են հայերին։ Բացի այդ, հայկական կողմը հարցնում է, թե ինչպե՞ս են պատկերացնում քեմալականների հետ հարաբերությունների կարգավորումը, երբ նրանք նույնիսկ Կարսը եւ Արդահանն են համարում թուրքական։ Այնինչ, ի տարբերություն Թուրքիայի, եվրոպական պետությունների որոշումով եւ Սեւրում ստորագրվելիք պայմանագրով Հայաստանին անցնելու էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի շրջանները՝ ելքով դեպի ծովը։ Չիչերինը կրկին կոչ է անում հայկական պատվիրակներին հրաժարվել Արեւմուտքից եւ ապավինել Խորհրդային Ռուսաստանի միջնորդությանը։

«Դուք՝ հայերդ, խոշոր թյուրիմացության մեջ եք, երբ ձեր բոլոր հույսերը դրել եք եվրոպական դրամատիրական պետությունների վրա։ Հիշեցեք ձեր Դատի անցյալը։ Քանի՜-քանի անգամներ ձեզ խաբել են, այսպես կոչված, մեծ պետությունները։ Վստահ ենք, որ այս անգամ եւս ձեր Դատը պիտի զոհեն իրենց ազգային նեղ շահերին»,- զգուշացնում էր Չիչերինը։ Ավելին՝ ռուսական կողմը գտնում էր, որ անգամ վեց վիլայեթի պահանջը Հայաստանին շատ է։

Հայկական պատվիրակությանը ոչինչ չէր մնում, քան առերես համաձայնել ռուսական միջնորդությանը, ինչի մասին մի քանի օր անց հայտարարում է անձամբ Չիչերինը։ Համառուսական կենտրոնական գործադիր կոմիտեի հունիսի 17-ի նիստում Արտաքին գործերի ժողկոմն ասում է, որ միայն Խորհրդային Ռուսաստանը կարող է պաշտպանել եւ հովանավորել բոլոր փոքր ազգերին հարձակումներից։ «Եվ մենք այդ նույն դերը կխաղանք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, ճիշտ այնտեղ, որտեղ սերունդների կյանքի ընթացքում տեղի է ունեցել մշտական կոտորած, ճիշտ այնտեղ, որտեղ լոկ Սովետական Ռուսաստանն է ի վիճակի, իր հեղինակության շնորհիվ, կողմերին հետ պահել կոտորածից։ ...Եվ Թուրքիան, նաեւ Հայաստանը, արդեն համաձայնում են, որպեսզի մենք լինենք միջնորդներ»,- ասում է Չիչերինը։

Ռուսներին համոզելու համար, որ վեց վիլայեթում բավարար թվով հայեր կան, որոնք կարող են կազմակերպել պետությունը, հայկական պատվիրակները մեկ շաբաթ ժամանակ են խնդրում անհրաժեշտ տեղեկանքները պատրաստելու եւ ներկայացնելու համար։

Համբարձում Տերտերյանը գրում է, որ հունիսին Մոսկվա է ժամանում Բեքիր Սամիի պատվիրակությունը, եւ ինքն ու Զարաֆյանը Շանթին առաջարկում են հանդիպել նրանց հետ։ Չէր բացառվում, որ այդ հանդիպման ժամանակ ինչ-որ պայմանավորվածություն հնարավոր լիներ ձեռք բերել թուրքերի հետ, իսկ եթե հանդիպումն անօգուտ լիներ, ապա գոնե կկարողանային շոշափել թուրքերի տրամադրությունները։ «Չնայած որ մեր առաջարկը որեւէ վնաս չէր կարող բերել մեր Դատին, բայց եւ այնպես ընկեր Շանթը բուռն կերպով ընդդիմացավ թուրքերի հետ տեսակցության գաղափարին։ Առարկեց, որ նախ՝ լիազորված չենք տաճիկների հետ բանակցելու, եւ երկրորդ՝ որ ինքը կողք-կողքի չի՛ նստի մեր ազգի ջարդարարների հետ»,- գրում է Տերտերյանը։

Հունիսի երկրորդ կեսին վերաբերմունքը հայկական պատվիրակության նկատմամբ փոխվում է, որի պատճառները նախ՝ ռուս-թուրքական սերտացող դաշինքն էր, եւ երկրորդ՝ հայ բոլշեւիկների տեղեկատվական գործունեությունը Մոսկվայում։ Տեղեկագիրը ներկայացնելուց հետո Տերտերյանին առանձին հրավիրում են Արտաքին գործերի ժողկոմատ՝ հանդիպելու Լեւոն Կարախանի հետ։ Նրանք երկար քննարկում են Հայաստանի ներքին կացությունը, տարբեր գաղափարական ու քաղաքական հարցեր, որից հետո Կարախանը դուրս է գալիս՝ սենյակում մենակ թողնելով Տերտերյանին։ Որոշ ժամանակ անց Տերտերյանը սենյակի անկյունում դրված սեղանին նկատում է Անդրկովկասի քարտեզը։ Նա գրում է, որ Հայաստանի սահմաններն ամենամեծն էին եւ ներառում էին Ղարաբաղը, Բորչալուն, Ախալքալաքը, Ախալցխայի մի մասը, Բաթումի ամբողջ շրջանը։

Այդ պահին անսպասելի մոտենում է Կարախանը եւ հարցնում, թե՝ հավանո՞ւմ է այդ քարտեզը։ Դատելով Տերտերյանի գրածից՝ Կարախանն իբրեւ թե առաջարկում էր հրաժարվել Սեւրի պայմանագրից՝ փոխարենը մեծացնելով Հայաստանի տարածքն Անդրկովկասում։ Տերտերյանն ի վերջո ասում է, որ «ներկա Հայաստանում են գտնվում մոտ կես միլիոն տաճկահայեր, որոնք սպասում են իրենց պապենական ու հայրենական երկրները՝ Բասեն, Վան, Մուշ, Սասուն վերադառնալու։ Ինչպե՞ս կարող ենք այս բազմության արդար պահանջներին դեմ գնալ, երբ նրանց հարազատների անթաղ եւ թաղված մեռելների աճյունները հանգչում են այն հողամասում, որ դարերից ի վեր կոչվում է Հայաստան»։

* * *

Այս պատմությունն իհարկե չի նշանակում, թե Խորհրդային Ռուսաստանը մտադիր էր կամ կարող էր այդպիսի մեծ տարածք հատկացնել Հայաստանին։ Սակայն այս դրվագը ակնառու ցույց է տալիս, թե ինչպիսի տրամադրություններ կային հայ ժողովրդի շրջանում։ Շանթի պատվիրակությունը եւս երկու ամիս մնում է Մոսկվայում, սակայն էական բարելավում հայ-ռուսական հարաբերություններում տեղի չի ունենում։ Խորհրդային Ռուսաստանը Հայաստանի հետ որեւէ փաստաթուղթ չի ստորագրում, փոխարենը որոշում է Երեւան ուղարկել Լեգրանին բանակցությունները տեղում շարունակելու համար։

 

***

 

Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար: