1918թ. մայիսին անկախություն հռչակելուց հետո երեք հանրապետությունն էլ կանգնած էր սահմանային վեճերի առջեւ, ինչը դառնում էր արյունալի բախումների ու պատերազմների պատճառ։ Երեքն էլ ունեին փոխադարձ տարածքային պահանջներ։

Բացի այդ, կային մի շարք ընդհանուր հիմնախնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ էին երեք հանրապետության միասնական ջանքերը, սակայն բոլորն էլ ձախողվում էին, քանի որ ցանկացած բանակցություն սկսվում եւ ավարտվում էր սահմանային չհստակեցված հավակնություններով։

«Այդ հանրապետությանց դեռ ո՛չ սահմաններն էին հայտնի եւ ոչ էլ իրենց ներքին ու արտաքին քաղաքականության սահմանները իրար վերաբերմամբ։ Անդրկովկասի երեք հանրապետությանց գլխավոր երեք ժողովուրդները՝ հայ, վրացի եւ թաթար, ունեին չլուծված թե՛ ազգային-մշակութային, թե՛ մանավանդ սահմանային եւ տնտեսական վեճեր, որոնք անդրադառնում էին ոչ միայն իրենց փոխհարաբերությունների վրա, այլ նաեւ իրենց արտաքին օրիենտացիայի եւ հանրապետությանց ներքին կյանքի վրա։ Այդ դրությունը ստեղծելու էր հակամարտություն եւ արյունահեղ կռիվներ, որոնց առաջքն առնելու համար բարյացակամությունները պիտի մնային դատարկ ու սին խոսքեր»,- գրում էր Ռուբեն Տեր-Մինասյանը (Ռուբեն, Հայ հեղափոխականի մը հիշատակները, Երեւան, 1990)։

Նորանկախ հանրապետությունները մի քանի անգամ փորձել էին խորհրդակցություններ հրավիրել ու ընդհանուր եզրեր գտնել, որոնք, սակայն, միշտ անհաջողության էին մատնվել։ 1918թ. վերջին այդպիսի խորհրդակցության ձախողումից հետո հնարավոր չեղավ կանխել հայ-վրացական պատերազմը։

1919թ. հունվար-մարտ ամիսներին հայ-վրացական պատերազմի հետեւանքների ու սահմանային խնդիրների քննարկումից հետո ապրիլին կրկին փորձ է արվում համատեղ ուժերով կարգավորել Անդրկովկասի հանրապետությունների ներքին հակասությունները։

Համաժողովի սպասումով

Ապրիլի սկզբին մամուլում հրապարակվում են տեղեկություններ կայանալիք Անդրկովկասյան համաժողովի մասին, որի շուրջ մեծ սպասումներ էին ձեւավորվել։

Հայաստանի դրությունը բարենպաստ չէր. Ղարաբաղի, Զանգեզուրի, Նախիջեւանի եւ այլ շրջանների համար Ադրբեջանի հետ մշտական պատերազմը եւ հաղորդակցության սահմանափակ միջոցները խիստ թուլացնում էին երկիրը։

Հակասություններ կային նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ. վերջինս հավակնություններ ուներ ոչ միայն Զաքաթալայի շրջանի, այլեւ Բորչալուի գավառի որոշ մասերի նկատմամբ։ Ռուբեն Տեր-Մինասյանը գրում է, որ ադրբեջանցիները հասկանում էին, որ Վրաստանի հանդեպ իրենց տարածքային հավակնությունները կարող են միավորել հայերին ու վրացիներին։ Նա նաեւ նշում է, որ Ղազախի շրջանի համար պայքարում էին ե՛ւ ադրբեջանցիները, ե՛ւ վրացիները, սակայն երկուսին էլ ձեռնտու էր, որ այդ շրջանը միանա Հայաստանին։

 

«Թաթարները կգիտակցեին, որ ուզենան-չուզենան, հայն ու վրացին պիտի միանային իրենց ծրագրի դեմ, ուստի... անոնք բավականացան Զաքաթալայով ու լռեցին Բորչալուի մասին։ ...1919-ին եւ 1920-ին լեռնային Ղազախի խնդիրը չհուզվեց եւ ոչ մի կողմից, քանի որ Վրաստանի համար ավելի ապահով էր, որ հոն նստեին հայերը՝ քան թաթարները, իսկ Ադրբեջանի համար ավելի ձեռնտու էր, որ Ղազախը հայուն լիներ, քան վրացուն»,- գրում է Ռուբեն Տեր-Մինասյանը։

Դենիկինը մոտեցել է Կովկասին

1919թ. ապրիլի 26-ին Թիֆլիսում բացվում է Անդրկովկասյան համաժողովը, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի հանրապետությունների եւ Կովկասի լեռնականների ու Դաղստանի հանրապետության պաշտոնական պատվիրակությունները։ Մայիսի 3-ին խորհրդաժողովը քննարկում եւ ընդունում է օրակարգը, որտեղ ներառված էին երկաթուղային, փոստ-հեռագրային, մաքսային, ապրանքափոխանակության, տարածքային ու սահմանային, Անդրկովկասի հանրապետությունների փոխադարձ ճանաչման, Կովկասի հանրապետությունների անկախությունը միասնաբար պաշտպանելու եւ այլ խնդիրներ։

Ամենախնդրահարույցը սահմանային ու տարածքային խնդիրներն էին, թեեւ պակաս ուշագրավ չէր հանրապետությունների անկախությունը միասնաբար պաշտպանելու հարցը։

 

1919թ. գարնանը Անդրկովկասի սահմանին էր մոտեցել Ռուսաստանի քաղաքացիական պատերազմը. գեներալ Դենիկինի զորամասերը, որոնք միավորվել էին տարբեր ուժերի հետ եւ ստեղծել Ռուսաստանի Հարավի զինված ուժերը, ռազմական գործողություններ էին ծավալում Հյուսիսային Կովկասի լեռնականների դեմ։ Ծանր մարտեր էին ընթացել նաեւ վրացիների հետ՝ Սոչիի շրջանում։ Դենիկինը կռվում էր ոչ միայն բոլշեւիկների դեմ, այլեւ ցանկանում էր վերականգնել ողջ Ռուսական կայսրությունը, ինչը նշանակում էր, որ թե՛ Կովկասի լեռնականները, թե՛ Անդրկովկասի հանրապետությունները դիտարկվում էին որպես հակառակորդներ։ Սա էր այն հիմնախնդիրը, որին դիմակայելու համար վրացիները, ադրբեջանցիներն ու Կովկասի լեռնականները փորձում էին միավորել հանրապետությունները։ Բոլորը դեմ էին Լեռնականների համադաշնության դեմ Դենիկինի ռազմական գործողություններին։

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ։

Համաժողովը չի կարգավորում տարաձայնությունները

Չնայած բարի ցանկությունների մասին բազմաթիվ հայտարարություններին՝ ակնհայտ էր, որ Անդրկովկասի համաժողովը չի կարողանալու կարգավորել երեք հանրապետության մեջ առկա խոր տարաձայնությունները, ինչն ակնհայտ դարձավ համաժողովի առաջին մի քանի նիստից հետո։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Տիգրանյանը Ավետիս Ահարոնյանին գրած նամակում նշում էր, որ հայկական կողմն ընդառաջում էր բոլոր տնտեսական ու ենթակառուցվածքային հարցերին, քանի որ «ներկայումս Հայաստանը խիստ մեծ կարիք ունի կանոնավոր հաղորդակցության եւ փոխանակության իր արեւմտյան եւ արեւելյան դրկիցների հետ»։ Ադրբեջանը տնտեսական խնդիրներին առանձնապես ուշադրություն չէր դարձնում եւ պահանջում էր, որպեսզի հանրապետությունները փոխադարձաբար ճանաչեն միմյանց անկախությունը, «միջոցներ ձեռնարկեն դիմադրելու եւ կասեցնելու ամեն մի ոտնձգություն այդ անկախության դեմ, ինչ կողմից էլ լինի այդ ոտնձգությունը»։ Հայկական կողմը գտնում էր, որ երեք հանրապետության սահմանային ու տարածքային հարցերը պետք է լուծվեն երկկողմ համաձայնությամբ, այլ ոչ թե համաժողովում։ Ադրբեջանցիները երկար ժամանակ պնդում են իրենց պահանջը, սակայն հայկական պատվիրակությունը չի զիջում։ Արդյունքում սահմանային ու տարածքային հարցերը մնում են չլուծված։

Նույն նամակում Տիգրանյանը գրում էր. «Մենք հույս ունինք (չգիտեմ որչա՞փ հիմնավոր է մեր այդ հույսը), թե Փարիզի կոնֆերանսում սահմանների որոշման խնդիրը մեզ համար ավելի նպաստավոր կերպով կկարգադրվի, քան ինչ որ պիտի կարողանանք գլուխ բերել այստեղ» («Հայրենիք», թիվ 2, 1968, Բոստոն)։

«Անհամբույր ու տխուր վիճակ»

Մայիսին կոնֆերանսի կողմից ստեղծված տարատեսակ հանձնաժողովները նիստեր են գումարում, սակայն էական խնդիրներ լուծել չեն կարողանում։ 1919թ. մայիսի 23-ին «Աշխատավորը» գրում էր, որ համաժողովը ոչ մի արմատական հարց չի լուծել։ «Այն բազմաթիվ կոմիսիաները, որոնց բաժանել է կոնֆերանսը, մի խոսելացավով վարակված ժողովատեղեր են, ուր կրկնվում են հազար ու մի անգամ ասված, լսված ու կրկնված ընդհանուր ֆրազներ ու տեսակետներ։ Մինչ հանրապետությունների ներկայացուցիչները տնաբույս դիպլոմատներին հատուկ ռեւերանսներով ու «պետականությամբ» լի ճառեր են արտասանում, անդրկովկասյան իրականությունը մնում է նույն անհամբույր ու տխուր վիճակի մեջ»,- գրում էր թերթը։

Վտանգ հյուսիսից, վտանգ հարավից

Մայիսի վերջին Գեգեչկորին առաջարկում է Անդրկովկասի հանրապետությունների միասնական զինվորական ուժեր ստեղծել Դենիկինի զորաբանակից ստացվող վտանգին դիմակայելու համար։ Համաժողովը որոշում է միավորել Անդրկովկասի ռազմադիվանագիտական եւ քաղաքական ուժերն ընդդեմ սպառնացող վտանգի եւ ի պաշտպանություն անկախության ու ազատության, որը պաշտպանում են բոլորը, բացի հայկական պատվիրակությունից (Վանիկ Վիրաբյան, Հայ-վրացական ռազմաքաղաքական հարաբերությունները 1918-1921թթ, Երեւան, 2016):

Հունիսի 9-ին՝ Դենիկինի կողմից Դաղստանի ու Թերեքի գրավումից հետո, Գեգեչկորիի ու Խան-Խոյսկու առաջարկով կրկին քննարկվում է միասնական զինված ուժեր ունենալու առաջարկը։

Արտգործնախարար Տիգրանյանը, պատասխանելով Գեգեչկորիին, ասում է, որ իր կարծիքով հյուսիսից իրենց վտանգ չի սպառնում։ Փոխարենը նա համաժողովի ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ վտանգ կա նաեւ հարավից, քանի որ թուրքերը ուժեր են կենտրոնացնում Էրզրումում։ «Ես հարցնում եմ, թե պե՞տք է արդյոք միջոցներ ձեռնարկել ընդհանրապես բոլոր վտանգների համար, թե՞ որոշակի միայն Դենիկինյան Կամավորական բանակի դեմ»,- ասել էր Տիգրանյանը՝ հավելելով, որ ռազմական ընդհանուր ուժեր ստեղծելու համար հանրապետությունների միջեւ պետք է ռազմական դաշինք կնքվեր։

Անդրկովկասի համաժողովը շուրջ 1,5 ամիս աշխատելուց հետո ընդունում է միայն մեկ հայտարարություն, որտեղ ասված էր, որ Անդրկովկասի ներքին սահմանները պետք է գծվեին ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա, իսկ սահմանային հողերը պետք է բաժանվեին հանրապետությունների փոխհամաձայնությամբ։

1919թ. հունիսի 4-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը Հայոց խորհրդարանին ներկայացնում է համաժողովի ընթացքը, որտեղ ասում է, որ այն որեւէ արդյունք չի տալիս։ «Ադրբեջանը եւ Վրաստանը հարուստ են ֆինանսապես, տրանզիտի հարմարություն ունեն։ Հայաստանը հարուստ է հողով։ Նրանք համաձայն են մեզ տնտեսական տրանզիտային զիջումներ անել, մեզանից սպասում են հողային զիջումներ։ Կառավարությունն առանց այդ զիջումների դժվարանում է պարենավորման եւ տնտեսական կետից, որոշել է ամեն բան անել, բացի հողային զիջումներից եւ հայրենիքը չվաճառել»։

Հունիսի 12-ին Տիգրանյանը կառավարությանը զեկուցում է համաժողովի արդյունքները, որտեղ ներկայացնում է, թե ինչ պահանջներ ունեին հարեւան հանրապետությունները։

«Պարզ է, թե ինչ աստիճանի թույլ էր մեր դրությունը՝ Վրաստանի եւ Ազրբեյջանի հետ համեմատած, եւ նույնիսկ կախված դրանցից։ Եվ այսպիսի պայմաններում մենք դեռ հանդես էինք գալիս, որպես պահանջներ դնող կողմ»։

Այսպիսով, երեք հանրապետության՝ ընդհանուր օրակարգով հանդես գալու եւ ներքին սահմանային խնդիրները կարգավորելու հերթական փորձն ավարտվում է անհաջողությամբ։

 

***

 

Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար: