1919-ի հունիսի ամենակարեւոր ներքաղաքական իրադարձությունը Հայաստանի խորհրդարանի ընտրություններն էին։ Գործող խորհրդարանը չէր ընտրվել քաղաքացիների կողմից. 1918-ի հունիսին այն ձեւավորվել էր Հայոց ազգային խորհրդի կազմը եռապատկելով։

Հայ հեղափոխական դաշնակցությունը Խորհրդում չուներ մեծամասնություն, ուստի 1918-ի աշնանը ստիպված Հայ ժողովրդական կուսակցության հետ կոալիցիա էր կազմել։ Կառավարությունում համատեղ աշխատանքը երկու կուսակցության քաղաքական տարաձայնությունները չէր հարթել. փոխադարձ մեղադրանքներն ու քննադատությունները շարունակվում էին։

«Դեռ կոալիցիայի ժամանակաշրջանում, Հայաստանի Խորհրդի նիստերը վերածվել էին թատերական ներկայացումների, ուր հաճախող ժողովուրդը լսում էր ընդդիմադիր պատգամավորների անզուսպ քննադատությունները կառավարության, հաճախ անհիմն եւ անարդար։ Դրանք բերնե բերան տարածվում էին դուրսը եւ վրդովում ժողովրդի մտքերը»,- գրում էր Սիմոն Վրացյանը։

Քաղաքական հակասությունների վերջնակետը մայիսի 28-ի ակտն էր, որն ընդդիմադիր ուժերը որակել էին ընդհուպ մինչեւ պետական հեղաշրջում։ Խորհրդի հունիսի 4-ի նիստում Հայ ժողովրդական կուսակցությունը հայտարարեց կոալիցիայից դուրս գալու մասին։ Նիստերի դահլիճը լքեցին նաեւ սոցիալ-դեմոկրատները եւ խորհրդարանը փաստացի դադարեցրեց իր գործունեությունը։

Նոր ընտրական օրենսգիրքը

Մարտի 31-ին Հայաստանի խորհուրդն ընտրություններն անցկացնելու համար հատկացրել էր 200 հազար ռուբլի։ Նոր ընտրական օրենսգիրքն ուներ 10 գլուխ եւ 111 հոդված։

Սահմանվում էր ընտրությունների ժողովրդավարական համակարգ՝ ընդհանուր, ուղղակի, հավասար եւ գաղտնի քվեարկության միջոցով, առանց ազգի, կրոնի ու սեռի խտրության։ Պատգամավորների թիվը սահմանվում էր 80 հոգի։ Ամեն մի ընտրող քաղաքացի կարող էր ընդգրկվել միայն մեկ ընտրացուցակում։ Ընտրելու իրավունք ունեին 20 տարին լրացած երկու սեռի բոլոր քաղաքացիները։ Ընտրական իրավունք էր տրվում նաեւ հանրապետությունում գտնվող արեւմտահայ գաղթականներին առանց որեւէ սահմանափակման։ Իսկական զինվորական ծառայության մեջ գտնվողները ընտրություններին մասնակցելու իրավունք չունեին (Արարատ Հակոբյան, Հայաստանի խորհրդարանը եւ քաղաքական կուսակցությունները 1918-1920, Երեւան, 2005)։

Ընտրություններն անցկացվելու էին համամասնական սկզբունքով։

Քարոզչությունն ու խոստումները

Հունիսի առաջին օրերից քաղաքական կուսակցությունները սկսում են ներկայացնել այն հիմնական հարցերի շրջանակը, որոնք իրականացնելու էին խորհրդարանում հայտնվելուց հետո։ Նախընտրական քարոզչության ու խոստումների ցանկում մեծ ուշադրություն էր հատկացվում սոցիալական հարցերին։ Նոր ընտրությունների անցկացումը հատկապես կարեւոր էր Դաշնակցության համար, քանի որ կառավարության գործունեությունը չէր կարող լիարժեք լինել առանց խորհրդարանական մեծամասնության։

Դաշնակցությունը հանդես էր գալիս մի քանի հիմնական լոզունգով՝ «Միացյալ եւ ազատ Հայաստան», «Ամբողջ իշխանությունը աշխատավոր ժողովրդին», «Հողը՝ աշխատավորին, գործը՝ գործազուրկին», «Հաց՝ ժողովրդին»։ Դրանք ուղեկցվում էին քաղաքական հակառակորդների սուր քննադատությամբ։

Անդրադառնալով Հայաստանում տիրող սովին՝ «Հայաստանի աշխատավորը» գրում էր, որ թշնամու արշավանքներից ու աղետներից բացի, հացահատիկի բացակայության պատճառը «կառավարության որոշ անդամների հանցավոր անփութությունն ու ապիկարությունն է»։ Պարենի ապահովման հարցերով զբաղվում էր մատակարարման նախարար Քրիստափոր Վերմիշյանը, որը Հայ ժողովրդական կուսակցությունից էր։ «Մենք գիտենք, որ Հայաստանի պարենավորման կուշտ մինիստրը սովը շատ սովորական երեւույթ համարելով, ոչ միայն ոչ մի արտակարգ միջոց չէ ձեռք առել, այլ սովորական միջոցներից անգամ չէ օգտվել սովամահներին հաց հասցնելու համար։ Բոլորին էլ հայտնի է, որ պ. Վերմիշեւը ահագին թվով ինքնապարենավորվող գործակալություններ է ստեղծել Երեւանից մինչեւ Թիֆլիս ու Եկատերինոդար, բայց ոչ մի հատիկ ցորեն չէ ստացել Հայաստանի համար»,- գրում էր թերթը։

Նախընտրական «սեւ քարոզչության» մեջ առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում օտար պետությունների կամ ուժերի շահերին ծառայելու մեղադրանքը։

Դաշնակցությունը մեղադրում էր ՀԺԿ-ին, որ վերջինս Դենիկինի բանակի Անդրկովկասին մոտենալուն զուգահեռ ակտիվացրել է հակադաշնակցական գործունեությունը։ Ըստ ՀՅԴ-ի՝ «ժողովրդականները» դեմ էին Հայաստանի անկախությանը եւ անհամբեր սպասում էին ռուսական կարգերի հաստատմանը, ինչը կրկին մեծ հնարավորություններ կստեղծեր բուրժուազիայի համար։

«Հայաստանի աշխատավոր», 6 հունիսի, 1919թ., թիվ 64

«Դենիկինի մոտենալը բաց արավ հակա-«ժողովրդականների» կաշկանդված լեզուն։ Անճարացած եւ ակամա Հայաստանի օրիենտացիա ընդունած հայ կադետները վար են դրել իրենց «ազգային» ու «ժողովրդական» դիմակները։ Ի՜նչ շահ ունեն նրանք այլեւս հայկական կամ անդրկովկասյան օրիենտացիա ընդունելու, երբ գալիս է հին Ռուսաստանը եւ խոստանում է վերադարձնել նրանց իրենց կորցրածները։ Հայ ապազգայնացած, հայրենախույս եւ տնտեսական նվաճողական մեծ ախորժակ ունեցող բուժուազիան ցնծում է կոզակների ներարշավի շեփորի ձայնը լսելով»։

Բոյկոտ

ՀՅԴ-ի համամասնական ցուցակում 120 թեկնածու կար, էսէռները ներկայացրել էին 35 անուն, ՀԺԿ-ն՝ 60։ Միացյալ Հայաստանի անկախության ակտի ընդունումից հետո ՀԺԿ-ն բոյկոտում է ընտրությունները։ Նրան են միանում նաեւ սոցիալ-դեմոկրատները՝ մենշեւիկներն ու բոլշեւիկները։ Պատմագետների շրջանում ընդունված է այն տեսակետը, որ եթե նույնիսկ այս ուժերը մասնակցեին ընտրություններին, ապա շատ քիչ ձայն կստանային։ Նման եզրակացության հիմքում նախորդ տարում տեղի ունեցած քվեարկությունների արդյունքն էր եւ Հայաստանի բնակչության շրջանում սոցիալ-դեմոկրատների ու «ժողովրդականների» ցածր մասսայականությունը։

Դուրս գալով ընտրական պայքարից՝ այս կուսակցությունները շարունակում են ակտիվորեն քննադատել Դաշնակցությանը եւ նախընտրական ամբողջ շրջանում կոչ էին անում ժողովրդին չմասնակցել ընտրություններին։ Երեւանում լույս տեսնող «Ժողովուրդ» թերթի հունիսի բոլոր համարներում տպագրված է «Քաղաքացիներ, մի մասնակցեք հունիսի 23-ի պառլամենտի ընտրություններին։ Դրանով արտահայտեցեք ձեր բողոքը Դաշնակցական բռնապետության դեմ» կոչը։

Ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսը

Մամուլը գրում էր, որ խնամատարության նախարարությունը (նախարարը ՀԺԿ-ից էր) Սուրմալու գավառի (այս գավառում էր ծնվել էսէռ Արշամ Խոնդկարյանը) գյուղացիներին չէր կարողացել սերմացու ապահովել, ուստի խոստացել էր ամեն դեսյատին հողի համար 2000 ռ. փոխհատուցում տալ։ «Պ. Արշամ Խոնդկարյանը, անշուշտ, օգտվելով այն հանգամանքից, որ վերոհիշյալ նախարարության մեջ իր կուսակցական ընկերներից շատերը գրավում են կարեւոր պաշտոններ, օգնում է գյուղացիներին հատկացված փողերը ստանալու, պայմանով, որ նրանք խոստանում են իրենց քվեները տալ թիվ 3-ին։ Այսպիսի խոստումներ տալով մինչեւ այժմ փող ստացել են Հախվերիս, Բլուր, Փանիկ եւ այլ գյուղեր, իսկ դեռ խոստում չտված իգդիրցիները... չեն կարողանում ստանալ» (Հայաստանի աշխատավոր, 17 հունիսի, 1919թ., թիվ 73)։

Հայաստանի նոր խորհրդարանի ընտրությունները տեղի են ունենում հունիսի 21-23-ը։ Արդեն ամսի 25-ին ընդդիմությունը բարձրաձայնում է բազմաթիվ կեղծիքների ու ապօրինությունների մասին։ ՀԺԿ-ն հայտարարում էր, որ ընտրությունները վերածվել են «ծաղրի», մարդիկ չեն գնում քվեարկության, իսկ «վարչական ապարատը գործիք է դարձել ագիտացիայի համար»։

 

 

«Ժողովուրդ», 25 հունիսի, 1919թ., թիվ 68

«Իգդիրի կոմիսարը սպառնալիքով փակել է տալիս խանութներ, արհեստանոցներ, դուրս է բերել տալիս միլիցիոներների միջոցով տներից մարդիկ եւ քշում դեպի ընտրական հանձնաժողով եւ ընտրողների ձեռքը տալիս միայն Դաշնակցության ցանկը։ Ալեքսանդրապոլի գավառում պառլամենտի դաշնակցական անդամ Տեր-Հակոբյանը շրջում է գյուղերը՝ ուղեկցությամբ միլիցիոներների եւ մաուզերիստների՝ զինված «տղերանցով» ժողովներ է կազմում, սուտ ժողովականներին հավատացնում է, որ ժողովրդին ալյուր տվողը Դաշնակցությունն է եւ պահանջում է, որ բոլորը ձայն տան միայն Դաշնակցության թեկնածուներին, հակառակ դեպքում ալյուր չեն ստանա։ Նույն գավառում մի այլ ոմն Տեր-Աբրահամյանց՝ պետական պաշտոնյա խնամատարության մինիստրության գյուղական լիազորներից, որոնք դիմում են նրան ալյուրի համար, պահանջում է, որ նախ նրանք գրվեն անդամ Դաշնակցության եւ պարտավորվեն ձայն տալ Դաշնակցության ցանկին եւ ապա՝ միայն այդ պայմանով համաձայնում է ալյուր բաց թողնել»։

Արդյունքները

Ընտրությունների արդյունքում ամենաշատ ձայնը ստանում է Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 230 272, եւ խորհրդարանում ունենում է 72 պատգամավոր։ Էսէռները ստանում են 13 239 քվե եւ ունենում 4 պատգամավոր։ Թուրքերն ունենում են 3, իսկ անկուսակցական գյուղացիական միությունը՝ 1 պատգամավոր։

Այսպիսով, 1919թ. հունիսի վերջին ձեւավորվում է Հայաստանի Հանրապետության առաջին խորհրդարանը, որը, ինչպես նշում է Ռուբենը, ներկայացնում էր հայ իրականությունը։

«Խորհրդարանը մեղադրվում էր իբրեւ իր որակով, պատրաստությամբ՝ անհամապատասխան պետական օրենսդրության. դա անհավանական չէ եւ ճշմարտության մոտ է, բայց թե պիտի ի նկատի առնել, որ խորհրդարանը հայ իրականության բարձր եւ միջակ ուժերի արտահայտությունն էր, նրա մտավոր պատկերը, ու խորհրդարանից դուրսն էլ դժվար էր ճարել պատրաստված մարդկանց, որոնք օժտված լինեին միաժամանակ ցանկացված օրենսդրական ձիրքերով եւ բարոյական հասկացողություններով» (Ռուբեն, Հայ հեղափոխականի մը հիշատակները, հատոր 7, Երեւան, 1990)։

 

***

 

Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

 

Այս գլխում օգտագործվել են փաստաթղթեր Հայաստանի Ազգային արխիվից:

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար: