1919թ. մայիսին լրանում է անկախության հռչակման եւ Հայաստանի Հանրապետության հիմնադրման մեկ տարին, որը ներքին հակասություններով, պատերազմով ու կորուստներով հագեցած տարի էր։

Հայ ժողովուրդը սակայն կարողացել էր դիմակայել դժվարություններին, եւ հույսի որոշ նշույլներ էին ի հայտ եկել։ Փարիզից հուսադրող լուրեր էին ստացվում, որ դաշնակից պետություններն արդարացի լուծում են տալու հայկական հարցին։

Փորձ էր արվել նաեւ լուծումներ գտնել ներհայկական տարաձայնությունները հարթելու հարցում. փետրվարին արեւմտահայերի երկրորդ համագումարը Երեւանում ողջունել էր Հայաստանի անկախությունը եւ խոստացել մասնակցել Միացյալ Ազատ Հայաստանի կերտմանը։ Միացյալ Հայաստանի գաղափարը միջազգային ասպարեզում ներկայացնելը նույնպես կարեւոր էր, քանի որ թույլ էր տալիս առավել հստակ եւ միասնական ներկայացնել հայ ժողովրդի տարածքային պահանջները։

Հաշվի առնելով ներքին եւ արտաքին այս խնդիրները՝ Հայաստանի կառավարությունը 1919թ. որոշում է մայիսի 28-ին մեծ շուքով տոնել Հայաստանի անկախության տարեդարձը։ Այդ նպատակով կառավարության մայիսի 7-ի նիստում որոշվում է վարչապետի գլխավորությամբ հատուկ հանձնաժողով ստեղծել։

Դիմելով Հայաստանի քաղաքացիներին՝ կառավարությունը կոչ էր անում բարձր մակարդակով նշել անկախության տոնը, զարդարել բնակելի տներն ու կառավարական շենքերը։ Թեեւ կարգ ու կանոնին հետեւելու էին պետական մարմինները պարետ Շահխաթունու գլխավորությամբ, սակայն հանրային կրթության նախարար Գեւորգ Մելիք-Ղարագյոզյանը հույս էր հայտնել, որ կարգապահությամբ աչքի կընկնեն հատկապես դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները։

Անկախության տոնին ընդառաջ որոշվում է Երեւանում կառուցել ազատության համար պայքարում զոհված հերոսների հուշարձան, ինչպես նաեւ հրատարակել «Հայ ազատագրության վերջին էջը» վերնագրով գիրքը։ Այս առաջարկները քննարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում։

26 մայիսի, 1919թ

....Որոշեցին.

ա) հայ ազատության հերոսների հիշատակին, Հայաստանի մայրաքաղաքում հուշարձան կանգնեցնելու համար ֆոնդ հիմնել եւ հատկացնել այդ ֆոնդին 125 000 ռ.,

բ) բանալ հանրային կրթության մինիստրությանը 285 000 ռ. հայ ազատագրության վերջին էջը հրատարակելու համար,

գ) հայրենիքին արած ծառայության համար մակագրությամբ շքանշաններ հրատարակելու համար բանալ զինվորական մինիստրությանը 20 000 ռ.։

Կառավարության հաջորդ նիստում համաներում է հայտարարվում վարչական պատասխանատվության ենթարկված անձանց, իսկ քրեական պատիժները կիսով չափ կրճատվում են։ Մայիսի 28-ին կառավարությունը վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի առաջարկով գեներալ-մայոր Սիլիկյանին շնորհում է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։

Տոնը

Անկախության տոնակատարության հանձնաժողովը Երեւանում միջոցառումների անցկացման համար նախապատրաստական մեծ աշխատանք էր տարել. հասարակական կազմակերպություններին ու բնակչությանն իրազեկելու նպատակով տպագրվել էին թռուցիկներ ու պաստառներ, իսկ քաղաքը զարդարվել էր գորգերով ու դրոշներով։ Մայիսի 28-ին՝ առավոտյան ժամը 10։30-ին, գեներալ Նազարբեկյանի եւ ներքին գործերի նախարար Մանասյանի ուղեկցությամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ V-ը ժամանում է քաղաքային տուն։ Միջոցառմանը ներկա էին նաեւ գեներալ Դեւին, Պարսկաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ներկայացուցիչներ, կառավարության ու խորհրդարանի անդամներ, այլ պաշտոնատար անձինք։

 

Զորահանդեսից առաջ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը դիմում է զինվորներին ու սպաներին.

«Հայաստանի փառապանծ ու արի զինվորներ, ձեր կամքի, ձեր հայրենասիրության ու արյան գնով է, որ հնարավորություն ունինք այսօր տոնելու Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստանի տարեդարձը։ Այսօրվա տոնը պատրաստել են եւ այն բոլոր հեղափոխական բանվորությունն ու արհեստավորությունը, հեղափոխական մտավորականությունն ու Հայաստանի աշխատավոր գյուղացիությունը ձեռք-ձեռքի տված քաղաքացիների հետ։

Այսօր ձեր բոլորի հաղթանակի տոնն է։ Կառավարության անունից շնորհավորում եմ ձեր հաղթանակը, շնորհավորում եմ ձեր հայրենիքի՝ Հայաստանի անկախությունը, ազատությունն ու միացումը»։

Զորահանդեսից հետո շարքերով անցնում են Երեւանի տարբեր դպրոցների աշակերտները եւ որբանոցների սաները։ Ամերիկյան որբանոցի սաներն անցնում են միանման համազգեստով եւ փայտե հրացաններով, որն արժանանում է բուռն ծափահարությունների։

«Հայաստանի աշխատավոր», 1 հունիսի, 1919թ., թիվ 60

«Ապա բեռնակիր օթոմոբիլը՝ կորած ծաղիկների եւ դրոշների մեջ գնդացիրներով ու թնդանոթներով անցավ վեհորեն, ապա մի ուրիշ բեռնակիր օթոմոբիլ ծաղիկների ու կանաչների մեջ սեւազգեստ ու սեւաքող կանգնած մի կին՝ որպես սիմվոլը Հայաստանի անցյալի, եւ որի գլխին ծածանվում էին բազմաթիվ դրոշակներ, որոնց վրա մակագրված էին մեր բոլոր պատմական վայրերի անունները՝ Մուշ, Սասուն, Տիգրանակերտ, Սիս եւ այլն։ Այդ օթոմոբիլին հետեւում էր մեկ ուրիշը, որը նույնպես զարդարված էր դրոշակներով եւ որի մեջ կանգնած էր մի սպիտակազգեստ ու սպիտակաքող կին, նրա առաջ մի տղամարդ տաճկահայ զգեստով, մյուսը՝ ռուսահայ, ձեռք-ձեռքի տված։ Սիմվոլն էր ազատագրված ու միացյալ Հայաստանի։ Ապա եզալուծ ծաղկեզարդ գութան, ապա կառքեր ու օթոմոբիլներ, որոնց հետեւից խառն հասարակությունը եւ թափորը շարժվեց դեպի պառլամենտի շենքը»։

 

Խորհրդարանում

Խորհրդարանում ելույթ են ունենում տարբեր երկրների ներկայացուցիչները, պատգամավորները, հայրենակցական միությունների ղեկավարները։ Խորհրդարանի նախագահ Ավետիք Սահակյանը նշում է, որ սա ամենամեծ տոնն է հայության համար, որը ձեռք է բերվել մեծագույն զոհողությունների գնով։ Սահակյանը նաեւ ընդգծում է, որ հայ ժողովրդի երազանքն իրականություն է դարձել եւ «այժմ մնում է վերաշինել, վերաստեղծել պետական հաստատուն իրավակարգ, հենված Հայաստանի բոլոր ժողովուրդների վրա, պաշտպանել արյամբ գնած մեր հայրենիքը»։

Հանդիսավոր արարողության բոլոր մասնակիցները հոտնկայս հարգում են Արամի հիշատակը, մեծարանքի խոսքեր ձոնում հայ զինվորականությանը՝ Դրոյին, Նազարբեկյանին, Փիրումյանին։ Հայաստանի հիմնի՝ «Մեր հայրենիքի» հնչյուններով փակվում է հանդիսավոր նիստը։ Վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը դուրս է գալիս խորհրդարանի պատշգամբ եւ հազարավոր մարդկանց համար  ընթերցում Միացյալ Հայաստանի անկախության հայտարարությունը, որին հաջորդում է թնդանոթների 30 համազարկը։

Մայիսի 28-ի հանդիսավոր արարողության ժամանակ արեւմտահայերի ու արեւելահայերի միասնությունը խորհրդանշող երթը պատահական չէր։ Բացի տոնական ելույթներից ու շնորհավորանքներից, խորհրդարանում ընթերցվում է Միացյալ Հայաստանի անկախության հայտարարման ակտը, որն ամրագրում էր հայ ժողովրդի տարբեր հատվածների միավորումը մեկ անկախ պետության կազմում եւ սահմանում Հայաստանի Հանրապետության կառավարման հիմնական ուղենիշը։

«Ուղիղ մի տարի առաջ ռուսահայերի համագումարից ընտրված Հայոց Ազգային խորհուրդը հայտարարեց իրեն Անդրկովկասյան հայկական գավառների բարձրագույն իշխանություն։ Ազգային խորհրդի կազմած կառավարությունն այդ քաղաքական ակտի մասին պաշտոնապես Պետությանց ներկայացուցիչներին հայտնելուց հետո՝ այս մի տարվա մեջ փաստորեն հաստատել է իր իշխանությունն Անդրկովկասի հայկական գավառներում։

1919թ. փետրվար ամսին Երեւան քաղաքում կայացած Արեւմտահայ երկրորդ համագումարը հանդիսավոր կերպով հայտարարեց, որ նա Հայաստանը միացյալ եւ անկախ է ճանաչում։

Այժմ, Անդրկովկասում եւ Օսմանյան կայսրության սահմաններում գտնված պապենական հայկական երկրների միացման եւ անկախության այս ակտը կատարելով՝ Հայաստանի կառավարությունը հայտարարում է, որ միացյալ Հայաստանի պետական ձեւն է Ռամկավար Հանրապետություն եւ որ ինքը հանդիսանում է միացյալ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը։

Այսպիսով՝ ներկայումս Հայաստանի ժողովուրդն է իր ամբողջացած հայրենիքի գերագույն տերն ու տնօրենը, եւ Հայաստանի Պառլամենտն ու Կառավարությունը հանդիսանում են միացյալ Հայաստանի ազատ ժողովուրդը շաղկապող բարձրագույն օրենսդիր եւ գործադիր իշխանությունը»։

Հայ ժողովրդի երկու մասի՝ արեւմտահայության եւ արեւելահայության միավորման դրսեւորումն էր նաեւ արեւմտահայ 12 պատգամավորի՝ Հայաստանի խորհրդարանի կազմում ընդգրկելու նախաձեռնությունը։

Տոնակատարությունից հետո

Անկախության տոնի հենց հաջորդ օրվանից ներքաղաքական լարվածությունը կրկին զգացնել է տալիս. որոշ կուսակցությունների ու հոսանքների ներկայացուցիչներ իրենց դժգոհությունն են հայտնում մայիսի 28-ի ակտի վերաբերյալ։ Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը, որը մինչ այդ կոալիցիոն կառավարություն էր կազմել Հայ հեղափոխական դաշնակցության հետ, հայտարարում է, որ Միացյալ Հայաստանի հռչակումը չի արտահայտում ողջ հայ ժողովրդի դիրքորոշումը, եւ այն որակում է որպես «պետական հեղաշրջում»։ Գրեթե նույն կարծիքն են բարձրաձայնում սոցիալ-դեմոկրատները։

1919թ. հունիսի 4-ի խորհրդարանի նիստում սոցիալ-դեմոկրատների խմբակցությունը հայտարարում է, որ Հայաստանի կառավարությունն իրավունք չուներ հռչակելու Միացյալ Հայաստանի անկախությունը։ Նրանց հիմնավորումն այն էր, որ ապրիլի 27-ին Հայաստանի խորհրդարանը մեկ ամսով դադարեցրել էր իր աշխատանքը եւ լիազորությունները հանձնել կառավարությանը։ Հետեւաբար, մայիսի 28-ին այդ լիազորության ժամկետն ավարտված էր։ Բացի այդ, սոցիալ-դեմոկրատները հակաօրինական էին համարում արեւմտահայ 12 պատգամավորի ընդգրկումը խորհրդարանի կազմում։ Արդյունքում սոցիալ-դեմոկրատները հայտարարում են, որ «կառավարությունը, հենված դաշնակցության վրա, բռնակալ է, օրենքներից չի ակնածում, գործում է սահմանադրական ոգու դեմ։ Ուստի սոցիալ-դեմոկրատական ֆրակցիան հրաժարվում է խորհրդարանի աշխատանքներին մասնակցելուց»։ «Բարի ճանապարհ» հեգնական բացականչությունների ներքո սոցիալ-դեմոկրատները հեռանում են խորհրդարանի դահլիճից։

Սակայն միայն նրանք չէին դժգոհ մայիսի 28-ի որոշումներից. շուտով ամբիոնին է մոտենում ՀԺԿ ներկայացուցիչը եւ նույնպես հայտարարում, որ մայիսի 28-ի ակտը եւ 12 արեւմտահայ պատգամավորի մուտքը խորհրդարան «պետական հեղաշրջում է եւ մեծ հարված սահմանադրությանը»։ ՀԺԿ-ն ասում էր, որ միայն Փարիզի համաժողովի եւ Հայաստանի խորհրդարանի համատեղ նիստը կարող էր հրապարակել Միացյալ Հայաստանի անկախության ակտը։ «Այդ ապօրինության հետեւանքով կուսակցությունը չի ճանաչում Հայաստանի Խորհուրդն ու կառավարությանն՝ իբրեւ օրինավոր մարմիններ։ Հետ է կանչում ժողովրդական նախարարներին»,- հայտարարում է ՀԺԿ խմբակցությունը, եւ նրանք նույնպես լքում են խորհրդարանի դահլիճը։

Սիմոն Վրացյանն իր հուշերում գրում է, որ ՀԺԿ-ի այս որոշումը թելադրված էր Փարիզից՝ նկատի ունենալով այնտեղ գործող Ազգային պատվիրակության եւ Հայաստանի իշխանությունների միջեւ առկա անհամաձայնությունները։ 

 

***

 

Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

 

Այս գլխում օգտագործվել են լուսանկարներ եւ փաստաթղթեր Հայաստանի Ազգային արխիվից:

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար: