Փարիզի վեհաժողովի կողմից Հայաստանի բարձրագույն կոմիսար նշանակված ամերիկացի գնդապետ Հասքելը 1919 թվականի օգոստոսի վերջին մեկնում է Բաքու, հանդիպում Ադրբեջանի վարչապետ Նասիբ Բեկ Ուսուբբեկովի հետ, որից հետո ներկայացնում է հայ-ադրբեջանական հակասությունների կարգավորման իր ծրագիրը։

Նա այնքան վստահ էր, որ կարգավորման ամերիկյան տարբերակը հայկական կողմն անվերապահորեն ընդունելու է, որ ուղարկել էր փաստաթղթի երկու օրինակ.

 

«Ձեզ եմ ուղարկում վերը նշված պայմանների երկու օրինակ, որպեսզի Դուք ստորագրեք մեկը եւ անհապաղ հետ ուղարկեք՝ Ձեր ստորագրությամբ հաստատելով Հայաստանի կառավարության հավանությունը։ Մյուս օրինակը կմնա Ձեր մոտ՝ ի գիտություն։ Հարգանքով՝ Հասքել։ 1 սեպտեմբերի, 1919թ. Թիֆլիս»։

Կարգավորման ամերիկյան տարբերակը նախատեսում էր Շարուր-Դարալագյազում եւ Նախիջեւանում չեզոք գոտի ստեղծել։ Հասքելը նշում էր, որ այդ որոշումը ձեռք է բերվել «Ադրբեջանի վարչապետի հետ քննարկման արդյունքում»։ Հերթական չեզոք գոտու ղեկավարությունը ենթարկվելու էր ամերիկյան նահանգապետին, որին նշանակելու էր Հասքելը։ Տեղական իշխանությունը լինելու էր թաթարական՝ բացառությամբ այն շրջանների, որտեղ հայկական բնակչությունը մեծամասնություն էր։ Ուշագրավ է, որ շրջանների ընտրությունը վերապահված էր նահանգապետին։ Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները չեզոք գոտուց անհապաղ պետք է հեռացնեին զորքերը եւ առանց ամերիկյան նահանգապետի համաձայնության իրավունք չունեին զորք տեղակայել չեզոք գոտում։ Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները չեզոք գոտուց պետք է հետ կանչեին իրենց գործակալներին եւ «այլ անձանց», որոնք «գրգռում էին տեղական բնակչությանը»։ Պետք է հեռացվեին նաեւ «ուրիշ կառավարությունների գործակալները, որոնք համակրում են կողմերից մեկին»։ Կարելի է ենթադրել, որ այդ կետով նկատի էր առնվում թուրքական գործակալներին ու սպաներին, որոնք ակտիվորեն մասնակցում էին հայ-ադրբեջանական բախումներին։ Չեզոք գոտու պաշտոնյաներին նշանակելու էր ամերիկացի նահանգապետը եւ ցանկացած պահի նրանց ազատելու իրավունք էր ունենալու։

Որպես հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման փոխադարձ երաշխիք՝ Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարությունները պետք է օգտագործեին իրենց ազդեցությունը այլ շրջաններում բախումները դադարեցնելու համար։ Մասնավորապես, Ադրբեջանը պետք է նպաստեր Երեւանի նահանգում թաթարական ապստամբության դադարեցմանը, իսկ Հայաստանը՝ Զանգեզուրում։

Համաձայնագրի 11-րդ եւ 15-րդ կետերը վերաբերում էին երկաթուղային հաղորդակցությանը։

Շարուր-Դարալագյազով եւ Նախիջեւանով դեպի պարսկական սահման անցնող երկաթուղին պետք է վերականգնվեր եւ անհապաղ բացվեր։ Այն միացվելու էր հայկական երկաթուղային ցանցին, որի վերահսկողությունն իրականացնելու էր ամերիկյան կողմը։ Նոր կառուցվող Բաքու-Ջուլֆա երկաթուղին անցնելու էր Ադրբեջանի կառավարության բացարձակ տնօրինությանը, եւ ոչ ոք իրավունք չէր ունենալու միջամտելու կառուցմանը։

Թեեւ համաձայնագիրը վերաբերում էր Նախիջեւանի սահմանին չեզոք գոտի ստեղծելուն, անդրադարձ կար նաեւ հայ-ադրբեջանական խառը բնակչությանը։ Այսպես՝ Ադրբեջանի կառավարությունը համաձայնում էր բոլոր անհրաժեշտ միջոցները հատկացնել Ադրբեջանի տարածքում հայ փախստականների վերադարձի համար։ Միաժամանակ, ամերիկյան նահանգապետի որոշմամբ Բոյուք-Վեդիի թաթարական բնակչությունը պետք է տեղափոխվեր չեզոք գոտու այլ շրջան։ Հայաստանի եւ չեզոք գոտու սահմանային գիծը Գայլի Դրունքն էր։

Մեծ դժգոհություն

Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ամերիկյան տարբերակը մեծ դժգոհություն է առաջացնում հայկական հասարակական-քաղաքական շրջանակում։ Սեպտեմբերի 5-ին Հայաստանի խորհրդարանը քննում է Հասքելի ներկայացրած համաձայնագիրը։ Նախքան քննարկումը, վարչապետ Խատիսյանը ներկայացնում է իրադրությունը բախումների շրջաններում եւ ասում, որ Շարուր-Նախիջեւանի եւ Բոյուք-Վեդիի հատվածներում զինադադարը պայմանավորված է Հասքելի Ադրբեջան այցելությամբ։ Ավելին՝ նա նշում է, որ ամերիկացիները ստացել են ռազմական գործողություններն ու ապստամբությունները դադարեցնելու Ադրբեջանի համաձայնությունը, ինչը նշանակում էր, որ Ադրբեջանն արդեն անթաքույց ընդունում էր, որ թաթարական ապստամբության իրական կազմակերպիչն է։

«Հայաստանի կառավարությունը պատասխանել է, որ Հայաստանը Ադրբեջանին պատերազմ չի հայտարարել եւ նրանից պատերազմի հայտարարություն չի ստացել։ Բայց որովհետեւ Ադրբեջանը ընդունում է, որ Նախիջեւանում եւ Շարուրում Հայաստանի դեմ առաջացած զինվորական գործողություններն ու ապստամբությունն ինքը կարող է դադարեցնել, որի մասին արել է համապատասխան կարգադրություններ, ուստի Հայաստանը, որպես պաշտպանվող կողմ, կարող է դադարեցնել հարձակողական գործողությունները դեպի Հայաստանի այն մասերը, որ ապստամբել են ու ենթարկվել թուրք-ադրբեջանական ուժերի ներխուժմանը, որի համար կառավարությունը արել է կարգադրություններ եւ ընդունում է զինադադարը»,- խորհրդարանում հայտարարել էր Խատիսյանը։

Ինչ վերաբերում էր ճեզոք գոտուն, ապա, ըստ Հայաստանի վարչապետի, գնդապետ Հասքելի բարձրացրած բոլոր հարցերը «մնում են առկախ (բաց) եւ ենթակա են գնդապետ Հասքելի եւ Հայաստանի կառավարության միասնական քննության եւ որոշման»։

Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, որ Հասքելի առաջարկը կառավարության ձախողման հետեւանք է։ Սոցիալ-հեղափոխական Խոնդկարյանն ասում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի արտաքին ուժերի վրա հենվելու ռազմավարությունից։ Ըստ նրա՝ անկախության հռչակումից հետո դաշնակիցները որեւէ դրական քայլ չէին արել՝ ի նպաստ հայ ժողովրդի։

«Մի շաբաթ առաջ գնդապետ Հասքելը խանդավառ ցույցերի առարկա էր դառել այս շենքում պառլամենտի եւ հայ ժողովրդի կողմից։ Մի շաբաթ առաջ այս ամբիոնից հայտարարեց՝ իրեն համար կասկածից դուրս է, որ Ադրբեջանի կառավարությունը խախտել է Հայաստանի սահմանների վերաբերմամբ Անգլիայից ստացած հրահանգները, որ վերջին բոլոր դեպքերի հեղինակը Ադրբեջանն է, եւ խոստացավ անձնական պատասխանատվության կանչել այն բանի համար վերջինիս կառավարությանը։ Իսկ այժմ՝ մի շաբաթ հետո, այցելելով Բաքու եւ առանց նույնիսկ Երեւան վերադառնալու եւ մեր կառավարության կարծիքը լսելու, նստած Թիֆլիսում ուղարկում է Հայաստանի կառավարությանն ի գործադրություն այնպիսի հրահանգներ, որոնցից պարզ հետեւում է, որ այդ պատասխանատվությունը այժմ նա ձգում է Հայաստանի կառավարության վրա»,- ասում էր Խոնդկարյանը։

«Ինչ տվին մեզ այս տարվա ընթացքում իրար հետեւից Հայաստան եկող դաշնակիցները, չեզոք զոնաների այս սիրահարները։ Եկան անգլիացիք եւ հազիվ երկու շաբաթ անց՝ ստեղծեցին չեզոք հողաշերտը մեր եւ Վրաստանի միջեւ, եկավ ամերիկացին, որ նշանակված է Հայաստանի գերագույն կոմիսար եւ նրա առաջին խոսքը եղավ նոր չեզոք հողաշերտի մասին։ Ինչ է առաջարկում այժմ մեզ գնդապետ Հասքելը - ստեղծել մի շարք հողաշերտեր մեր եւ մեր հարեւանների միջեւ, որ այդպիսով չորս կողմից օղակված Հայաստանի պաշարումը լրիվ դառնա»,- եզրափակել էր ելույթը Արշամ Խոնդկարյանը։

Դաշնակիցների եւ, մասնավորապես, Հասքելի առաջարկից խորապես դժգոհ էին նաեւ քաղաքական մյուս ուժերը, այդ թվում՝ Դաշնակցությունը։ Իր հուշերում Սիմոն Վրացյանը գրում է, որ Հասքելը «յուրացրել էր ադրբեջանական տեսակետը» եւ Շարուր-Դարալագյազը, Նախիջեւանը, ինչպես նաեւ Զանգեզուրը համարում էր վիճելի տարածքներ։

«Հայաստանի գերագույն կոմիսարը» Ղարաբաղ-Զանգեզուրն էլ տալիս էր Ադրբեջանին։ Ու հասկանալի է այն զարմանքն ու ցասումը, որ պատեց ամենքին Երեւանում, երբ ստացվեց Հասքելի կարգադրությունը՝ «առանց դանդաղելու ստորագրել եւ հետ ուղարկել» պայմանագիրը։ Չկամություն ու թշնամանք փնտրելը Հասքելի քայլի մեջ անտեղի էր, իհարկե, այնքան բաց էր կատարված խաղը»,- գրում է Վրացյանը։

«Եկվորը գնացող է նաեւ»

Հասքելի ներկայացրած պայմանագիրը հայ հանրության շրջանում դաշնակից պետություններից հուսախաբություն առաջացրեց, որն աստիճանաբար արտահայտվեց ոչ մեկի վրա հույս չդնելու սկզբունքով։ Իշխանական մամուլը գրում էր, որ հայ ժողովուրդը պետք է հրաժարվի արտաքին ուժերին ապավինելու քաղաքականությունից։

 

«Հայաստանի աշխատավոր», 9 սեպտեմբերի, 1919թ., թիվ 138

«Մի անգամ ընդմիշտ պետք է ընդունենք ու գործենք այնպես եւ այն համոզումով, թե ոչ մի արտաքին ուժ չկա, որ մենք այսուհետեւ մեր հայրենիքի եւ մեր բախտի տերն ու կռողն ենք։ Եկվորների կրունկները ... շուտ են դառնում մեզ եւ այդու լքում մեր կորովը, անվստահության թույնը ներսրսկում մեր գործոն կամքի մեջ։ Եկվորը գնացող է նաեւ, մանավանդ ոչ միջազգայնորեն եւ ոչ ռեալ տեսակետից նոքա նույնքան եւ էլ ավելի թույլ են, քան մենք, եթե լինենք հաստատակամ, մեր ուժերի պարզ ու անվերապահ գնահատությամբ առաջնորդվենք։ Ոչ ոք կարող է հասկանալ մեզ, մեր տրագիկ ներկա կացությամբ»։

Ըստ Վրացյանի՝ Հասքելի որոշման համար էական նշանակություն էր ունեցել ինչպես Ադրբեջանի կառավարության, այնպես էլ Հայաստանի տարբեր շրջանների մահմեդական բնակչության միությունների ու խորհուրդների ներկայացրած բողոքները։ Մասնավորապես, «Հարավ-արեւմտյան Ադրբեջանի» ներկայացուցիչները Հասքելին էին հանձնել մի հուշագիր, որտեղ հղում անելով սեփական ճակատագիրը տնօրինելու ժողովուրդների իրավունքների դրույթի վրա՝ հայտարարում էին, որ Վեդի-Բասարի, Միլիստանի, Շարուրի, Նախիջեւանի եւ Օրդուբադի շրջանները իրենց համարում են Ադրբեջանի անբաժանելի մասը եւ պահանջում «Ադրբեջանի կառավարությունից եւ Անդրկովկասի գերագույն կոմիսարից, որ այլեւս չենթարկվեն Հայաստանին»։ Հակառակ դեպքում խոստանում էին զենքը ձեռքին մեռնել։

Շուտով Հասքելին համանման դիմում են ներկայացնում նաեւ «Երեւանի նահանգի վաղեմի թուրք բնակիչները»՝ ասելով, որ Երեւանի նահանգում հայերը իբրեւ թե ոչնչացրել են 88 մահմեդական գյուղ, այրել 1920 տուն, սպանել 131 970 մարդ։

Բանակցություններ Հասքելի հետ

Չնայած հիասթափությանը՝ Հայաստանի կառավարությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում Հասքելի որոշումը փոխելու համար։ 1919թ. սեպտեմբերի 6-14-ը Թիֆլիսում Հասքելի հետ բանակցություններ են վարում վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը եւ Ռուբեն Տեր-Մինասյանը։ Խատիսյանը վեց հանդիպում է ունենում Հասքելի հետ։ Նույն օրերին Թիֆլիս է ժամանում նաեւ Ադրբեջանի վարչապետ Ուսուբբեկովը։

Նա համաձայնում է որոշ փոփոխություններ անել համաձայնագրում եւ նոր տարբերակ է ներկայացնում։ Նախիջեւանը եւ Դարալագյազը դառնալու էին նահանգապետություն, որի ղեկավարին նշանակելու էր Հասքելը։ Ամբողջ իշխանությունը կենտրոնացած էր լինելու տեղական խորհուրդների ձեռքին, իսկ նահանգապետն ունենալու էր միայն վերահսկելու լիազորություն։

Նահանգապետության տարածքում կիրառվելու էր ադրբեջանական թղթադրամը, ինչը նշանակում էր, որ այդ շրջաններում իշխանությունը գրեթե ամբողջովին լինելու էր ադրբեջանցիների ձեռքին։ Հատուկ հողաշերտ էր հատկացվելու Բաքու-Ջուլֆա երկաթուղու կառուցման համար։ Բնակչությունը չէր զինաթափվելու։ Ուսուբբեկովի առաջարկը չի ընդունվում ինչպես հայերի, այնպես էլ Հասքելի կողմից։

Ուսուբբեկովը շուտով եւս մեկ տարբերակ է ներկայացնում, որի համաձայն Դարալագյազը անցնում էր Հայաստանին, որի դիմաց Ադրբեջանը ստանալու էր Ագուլիս-Օրդուբադ հատվածը։ Սա նույնպես մերժվում է։

Երկարատեւ քննարկումներից հետո Հասքելը կազմում է նոր համաձայնագիր, որի հիմնական դրույթներն էին. Զանգեզուրի կարգավիճակը չէր փոփոխվում, Դարալագյազը անցնում էր հայերին, Շարուր-Նախիջեւանում ստեղծվում էր չեզոք գոտի եւ ամերիկյան նահանգապետություն, Հայաստանի սահմանները հասնում են մինչեւ Գայլի Դրունք, Բոյուք-Վեդին պետք է զինաթափվեր։

1919թ. հոկտեմբերի վերջին Նախիջեւանի նահանգապետ է նշանակվում ամերիկյան բանակի գնդապետ Դեյլին։

Հայաստանի հանդեպ դաշնակից պետությունների գործելակերպի վերաբերյալ ուշագրավ դիտարկում է արել Ալեքսանդր Խատիսյանը.

«Պատմական վերլուծությունեն պարզ կերեւա, որ Դաշնակիցները եկան Կովկաս ոչ թե կովկասյան ժողովուրդներու սիրուն համար եւ հեռացան այնտեղեն ոչ թե թշնամութենե դրդված։ Հաշիվը բերավ զանոնք մեզ մոտ. այդ հաշիվը չարդարացավ, եւ անոնք հեռացան՝ թողնելով մեզ ամենադժվարին րոպեին, միանգամայն անօգնական եւ մենակ։ Այդ եղավ անոնց դերը»։

 

***

 

Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար: