Բոլշեւիկների Զանգեզուր մտնելուց հետո իրավիճակը դառնում է ավելի վտանգավոր. Կարմիր բանակը համառորեն ձգտում էր Նախիջեւան, միաժամանակ ուժեղացնում էր ճնշումը Կապարգողթի պաշտպանների վրա։ Թեեւ մարզի բնակիչների շրջանում շատ էին բոլշեւիկյան գաղափարներով ոգեւորվածներն ու ռուսական բանակին աջակցողները, այնուամենայնիվ, դիմադրությունը մեծ էր։ Զանգեզուրը սպասում էր Երեւանի օգնությանը, որն անընդհատ ուշանում էր։

1920 թվականի հուլիսի 10-15-ը բոլշեւիկները Գորիսում ձերբակալում են հայկական զորամասի մեկ տասնյակից ավելի սպաների ու գնդակահարում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարն այս առիթով բողոքի հեռագիր է ուղարկում Ադրբեջանի հեղկոմին։ Մի քանի օր անց Թիֆլիսում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Տիգրան Բեկզադյանը հանդիպում է Վրաստանում Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ Կիրովին եւ խոր վրդովմունք հայտնում Գորիսի դեպքերի առնչությամբ։ Բոլշեւիկները սակայն շարունակում են նույն գործելակերպը։

Շուտով Կարմիր բանակի երկու ներկայացուցիչ գնում են Կապան՝ Նժդեհի հետ հանդիպելու։ Նրանք Նժդեհին առաջարկում են հանձնվել՝ խոստանալով ապահովել նրա լիակատար անվտանգությունը։ Նժդեհն ասում է, որ չի ճանաչում բանագնացներին, որեւէ հարց քննարկելու մտադրություն չունի, եւ եթե 15 րոպեից նրանք չհեռանան Կապանից, ապա կգնդակահարվեն։

Արձագանքելով Զանգեզուրում տեղի ունեցող բռնություններին՝ Համո Օհանջանյանը դիմում է Չիչերինին.

«Ռուսաստանի սովետական զորքերի ներկայությունը Հայաստանի վիճելի [տարածքներում] , իսկ ներկա դեպքում նաեւ անվիճելի, ինչպես, օրինակ, Զանգեզուրի շրջանում, ոչ միայն չի նպաստում առաջն առնելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արյունալի կոնֆլիկտներին, այլ ավելի եւս նպաստում է նրա զարգացմանը։ Ներկայումս, երբ իմ կառավարության նախաձեռնությամբ Ադրբեջանի հետ ունեցած բոլոր վիճելի հարցերը պիտի դառնան առաջիկայում կայանալիք հայ-ադրբեջանական հաշտության քննության առարկա, այլեւս ձեր զորքերի ներկայությունը վերը մատնանշված վայրերում կարող է միայն բացասական ազդեցություն ունենալ»։

 

Անդրադառնալով Զանգեզուրը վերցնելու բոլշեւիկների եւ ադրբեջանցիների համառ ցանկությանը՝ Համո Օհանջանյանը բրիտանական եւ ֆրանսիական ներկայացուցիչներին բացատրում էր, որ նրանց նպատակը քեմալականներին միանալն է։ Նրանք Թուրքիա կարող էին հասնել երկու ճանապարհով. առաջին՝ Ղազախ-Իջեւան-Ղարաքիլիսա-Ալեքսանդրապոլ, ապա՝ Կարս գծով։ Այս ուղին երեւի թե ամենահարմարն էր, քանի որ գործում էր Ալեքսանդրապոլ-Կարս երկաթուղին։ 1920թ. ապրիլ-հուլիսի կռիվները Իջեւանում եւ Դիլիջանում հենց այս ծրագրի իրականացման համար էին, որը ձախողվել էր հայկական զորքերի համառ դիմադրության ու հաղթանակների պատճառով։

Երկրորդ ուղղությունը Ղարաբաղ-Զանգեզուրն էր, ապա՝ Նախիջեւանը։ Թուրքերը դեռ հուլիսին խնդրել էին Գորիսում տեղակայված խորհրդային բանակից առաջանալ դեպի Նախիջեւան՝ հսկողության տակ վերցնելով Օրդուբադի ճանապարհը։ Այս ծրագիրը Զանգեզուրում հաջողվել էր, սակայն հուլիսի վերջին հայկական բանակի հաջողությունները Շարուրում, ապա՝ Շախթախտում, լրջորեն վտանգում էին ռուս-թուրքական գործակցության հեռանկարը։

Ավելին՝ եթե հայկական ուժերը վերցնեին Նախիջեւանը, ապա քեմալականների հետ միավորումը կդառնար ավելի դժվար, քանի որ հայերի հսկողության տակ կանցներ նաեւ Գորիսը Հայաստանի կենտրոնական շրջաններին կապող ռազմավարական ճանապարհը։ Սա է պատճառը, որ բոլշեւիկյան ճնշումը Զանգեզուրի վրա գնալով ավելանում էր։

Հուլիսին՝ Գորիսը թողնելուց հետո, Դրոն ամրացել էր Դարալագյազում։ Այդ օրերին քննարկվում էր Նախիջեւանի վրա հարձակվելու ծրագիրը։ Նախիջեւանը, ապա՝ Օրդուբադը վերցնելուց հետո Զանգեզուրի թիկունքն առավել ամուր կլիներ։ Այստեղ Հայաստանի ռազմական ղեկավարության եւ Դրոյի մոտեցումները տարբերվում էին։ Նախ՝ եղած ուժերը թեեւ բավարար էին գործողությունն իրականացնելու համար, սակայն հետագա պաշտպանությունը չէին կարող կազմակերպել։ Դրոն օգնություն էր ակնկալում Երեւանից։ Եղիշե Իշխանյանը գրում է, որ «շտաբը խոստացել էր 1500 հոգուց բաղկացած մի գունդ ուղարկել»։

Հուլիսի 30-ին Դրոն եւս մեկ անգամ օգնություն է խնդրում՝ առաջարկելով ռազմական գործողությունը հետաձգել, որը սակայն կրկին մերժվում է։

«Կենտրոնն այն կարծիքի է, որ եթե գրավեինք Նախիջեւանն ու Օրդուբադը, չպիտի կարողանայինք պահել մեր ձեռքում, ասում է Դրոն, թեեւ ամբողջ թրքությունը փախել էր Պարսկաստան եւ ամսոյս 21-ից մինչեւ 26-ը լքված է եղել Նախիջեւանի ամբողջ շրջանը։ Ռուբենը ամսոյս 25-ին զրահապատով գնացել է Նախիջեւան, որը լքված, ամայի էր գտել։ Կենտրոնի կարծիքով, եթե Նախիջեւանն ու Օրդուբադը գրավեինք, սահմանագիծը շատ կերկարեր եւ չէինք կարողանա պահել»,- գրում է Եղիշե Իշխանյանը:

Օգոստոսի 1-ին Դրոն Վայոց ձորից հարձակման է անցնում Բազարչայի ուղղությամբ։ Այնտեղից խորհրդային բանակի մի ոչ մեծ խումբ պատրաստվում էր շարժվել Օրդուբադ։

Բոլշեւիկները չեն կարողանում դիմադրել Դրոյի սրընթաց գրոհին եւ նահանջում են Անգեղակոթ։ Հայերը առգրավում են ամբողջ զինամթերքը եւ մոտ 200 կգ ոսկու ձուլակտոր։ Անգեղակոթում բոլշեւիկներին օգնության են հասնում Գորիսում տեղակայված 32-րդ դիվիզիայի հեծյալ եւ հետեւակային գնդերը, որոնց դիմադրությունը Դրոն չի կարողանում ճնշել. բոլշեւիկներին են միանում նաեւ Անգեղակոթ եւ Շաղաթ գյուղերի հայերը։ Նույն օրը Գորիսում տեղակայված 11-րդ Կարմիր բանակի 28-րդ եւ 32-րդ դիվիզիաների կոմիսարները հեռագրում են Դրոյին՝ պահանջելով անհապաղ թուրքերին փոխանցել Բազարչայում առգրավված ամբողջ գույքը, ինչպես նաեւ 48 ժամում թողնել Զանգեզուրի տարածքը։

ՍՊԱՆԴԸ

Շուտով Դրոն տեղեկություն է ստանում, որ Շինուհայր գյուղում հայ բոլշեւիկները ձերբակալել են Հայաստանի Հանրապետության պատգամավորներ Վահան Խորենուն եւ Արշակ Շիրինյանին։ Դրոն օգնության է շտապում եւ օգոստոսի 2-ին անցնելով Սիսիանով՝ մոտենում է Գորիսին։

Օգոստոսի 2-ի գիշերը բոլշեւիկները Գորիսի բանտը շրջապատում են լրացուցիչ ուժերով։ Հասկանալով, որ իրենց տանում են սպանելու, Շիրինյանը սկսում է գոռալ, որ «հանրապետության զորքերը մոտենում են եւ ձեզանից մեկ-մեկ հաշիվ կպահանջեն»։ Բանտապահները նրան դաժանորեն ծեծում են, դուրս բերում բակ, որտեղից շուտով կրակոցի ձայներ են լսվում։ 15 րոպեից դահիճները մոտենում են Վահան Խորենու խցին։ «Դուռը բացվելուն պես նա ձայն տվեց՝ դուք իրավունք չունիք գիշերը մտնել մեր խուցը... մի ռուս զինվոր հրացանը ուղղելով ճակատին՝ կրակեց։ Վահանը անմռունչ վայր ընկավ...» (Հառաջ, 19 օգոստոսի, 1920թ., թիվ 177)։

Սակայն բանտի սպանություններով բոլշեւիկները չեն սահմանափակվում։ Մինչ այդ ձերբակալված բազմաթիվ մարդկանց մի մասին՝ մոտ 18 հոգու, տանում են Ղարաբաղ։ Ճանապարհին՝ Ղարաղշլաղ գյուղի մոտ, նրանց գնդակահարում են։

Օգոստոսի 3-ին Դրոյի ստորաբաժանումները մտնում են Գորիս։ Բոլշեւիկները, այդ թվում՝ հեղկոմի ու արտակարգ կոմիտեի անդամները շտապ հեռանում են Ղարաբաղ։ Նույն օրը 11-րդ բանակի հրամանատար Վասիլենկոն վերջնագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը՝ պահանջելով ճանապարհ տալ Նախիջեւան անցնելու համար։ Վերջնագրի պահանջները չկատարելու դեպքում Վասիլենկոն սպառնում էր ռազմական ճանապարհով լուծել խնդիրը։

Հայաստանի վարչապետ Համո Օհանջանյանը օգոստոսի 3-ին հեռագրում է Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ Լեգրանին, որտեղ հայտնում է, որ հայերին օգնելու վերջինիս խոստումները Զանգեզուրում բոլորովին հակառակ ընթացք են ստանում։ «Իրականության մեջ Հայաստանի տերիտորիան սովետական զորքերի զանազան գործողությունների շնորհիվ անընդհատ պակասում է, եւ անջատվում են Հայաստանից նորանոր հողամասեր, նորանոր վայրեր. սկզբում Ղարաբաղը, ապա Զանգեզուրը եւ Նախիջեւանը։ ...Սովետական զորքերը զենքի ուժով ստիպում են Հայաստանին ընդունել իրենց որոշումը՝ հօգուտ իրենց դաշնակից Ադրբեջանի»,- գրում էր Օհանջանյանը։

ԴՐՈՅԻ ԵՎ ՆԺԴԵՀԻ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Դրոյի հաջողությունները Գորիսում երկար չեն տեւում։ Շուտով խորհրդային դիվիզիաներն օգնություն են ստանում Բաքվից եւ օգոստոսի 7-ին անցնում հարձակման։ Տեղ գյուղի մոտ կարճատեւ մարտերից հետո հայկական զորքերը նահանջում են եւ թողնում Գորիսը։ Նահանջը կազմակերպելու համար Կապանից օգնության է գալիս նաեւ Նժդեհը, որն այդ մարտերում վիրավորվում է։ Հեռանալիս Դրոն Նժդեհին առաջարկում է դուրս գալ Զանգեզուրից եւ անցնել Երեւան։ Նժդեհը կտրականապես մերժում է։

«Ղափանից օգնության հասած իմ զորամասին այս անգամ էլ վիճակվում է ապահովել Երեւանյան ուժերի նահանջը։ Դեպի Դարալագյազ քաշվող ուժերի անկարգ նահանջի շնորհիվ իմ ուժերից մի տասնյակ դժվարանում է ժամանակին դուրս գալ Գորիսի ձորից եւ ընկնում է թշնամու կրակի տակ։ Զինվորներից փրկելու փորձի ժամանակ՝ վիրավորված՝ շարժվում են դեպի Ուչթափալար, ուր Դրոն ինձ առաջարկում է անցնել Երեւան բժշկվելու համար։ Պարզելով Զանգեզուրն անտեր թողնելու անպատեհությունները, բաժանվում եմ նրանից եւ անցնում Ղափան»,- գրում է Նժդեհը։

Գորիսի վրա Դրոյի հարձակումը, ապա նահանջն արժանանում է Նժդեհի խիստ քննադատությանը։ 1920թ. օգոստոսի 21-ին Կապանի Հանքերից նա հեռագրում է Հայաստանի զինվորական նախարարին, որ արդեն երկրորդ անգամ է «Երեւանյան զորամասերի անմիտ խաղերի շնորհիվ Ղափանը, Գենվազը, Բաղաբերդը եւ Գողթանը մնում են մենակ»։

Նժդեհը Գորիսի վրա հարձակումը համարում էր անիմաստ եւ առավել եւս չէր ընդունում քաղաքից հապշտապ նահանջը, ինչը որոշակի հուսալքություն է առաջացրել բնակչության շրջանում։ Մինչ այդ՝ օգոստոսի 15-ին, Նժդեհը ստացել էր զինվորական նախարարի համհարզի հեռագիրը, որտեղ նախարարի անունից պահանջում էին անհապաղ հավաքել զորքն ու սպառազինությունը եւ դուրս գալ Զանգեզուրից. «Զինվորական նախարարը հրամայում է ձեզ, կապ պահելով Նժդեհի հետ, տեղեկացնել նրան, որպեսզի նա, համաձայն կնքված զինադադարի, հավաքե իր զորամասերը եւ նախազգուշական միջոցներ ձեռք առնելով անցնի մեր տերիտորիան՝ բերելով իր հետ ամբողջ զենքերը» (Նժդեհ, Հայ-բոլշեւիկյան կռիվները, Հայրենիք, 1923թ., թիվ 12)։

Խոսքը 1920թ. օգոստոսի 10-ին Թիֆլիսում կնքված զինադադարի չարաբաստիկ պայմանագրի մասին էր, որով Զանգեզուրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վիճելի տարածք էր հայտարարվում:

 

***

 

Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Ջոշուա Կուչերայի՝ Նախիջեւանում արված լուսանկարները:

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար: