1918թ. սեպտեմբերի 15-ին՝ կեսօրից հետո, առաջին թուրք զինվորները մուտք են գործում Բաքու։

Եղիշե քահանա Գեղամյանը գրում է, որ կեսօրից հետո ինքը Ստանիսլավսկի փողոցում տեսնում է թուրք սպայի, որը մի քանի զինվորի ուղեկցությամբ շրջում էր սպիտակ դրոշով։ Սպան խնդրում է Գեղամյանին ուղեկցել իրեն եւ կոչ անել քաղաքի բնակիչներին ու զինվորներին չկրակել թուրք զինվորների վրա, որոնք պատրաստվում էին քաղաք մտնել։ Կառքում կար նաեւ մեկ ռուս, որը բարձրաձայն հայտարարում էր, որ 5 ժամ հետո թուրքական զորքը քաղաք է մտնելու, եւ նրանց վրա կրակողները խստորեն կպատժվեն։ «Մտանք Տելեֆոնյան փողոցը։ Կատարյալ մեռելություն էր տիրում։ Ժողովուրդը կիսաբաց պատուհաններից մեզ էր նայում։ Ես երբեմն նշանով կամ խոսքով միամտացնում էի, որ չվախենան։ Մի քանի տեղերում հանդիպեցինք քաղաքում մնացած զինվորների, որոնք կրակելով փախչում էին» (Եղիշե քահանա Գեղամյան, «Տաճիկները Կովկասում եւ Բաքվի անկումը»

Մի քանի ժամ անց Բաքվում հայտնվում են առաջին հեծյալ եւ հետիոտն զինվորները, որոնք անմիջապես պարետային ժամ են հաստատում։ Նրանք հրամայում են բնակիչներին տնային կոմիտեների միջոցով հավաքել եւ հանձնել զենքն ու զինամթերքը, ինչպես նաեւ խոստանում են, որ եթե հարձակումներ չլինեն զինվորների վրա, ապա բնակչությանը ոչինչ չի սպառնա։ Հետագա օրերին տեղի ունեցած ջարդերը ցույց տվեցին, որ բնակչության անվտանգության մասին խոստումներն ընդամենը դատարկ հայտարարություններ էին։

Դաժան տանջանքներ

Սեպտեմբերի 18-ին Բաքվում չեզոք երկրների հյուպատոսները բողոք են հղում Նուրի փաշային քաղաքում տեղի ունեցած գազանությունների վերաբերյալ։ Հյուպատոսները նշում էին, որ թուրքական բանակի հրամանատարությունը խոստացել էր եւ բոլոր հնարավորություններն ուներ բնակչության անվտանգությունն ապահովելու համար։

Կոտորածից առաջ ձերբակալվում եւ դաժանաբար սպանվում են Բաքվի շուրջ չորս տասնյակ հայտնի հայեր, Հայոց ազգային խորհրդի անդամներ։ Չեն փրկվում անգամ նրանք, ովքեր թուրքերի հետ լավ հարաբերություններ ունեին ժամանակին, խնամիական կապեր, նրանք, ովքեր 1918թ. մարտի վերջի բախումների ու ջարդերի օրերին օգնել եւ ապաստան էին տվել թաթարներին։

 «Հայտնի հայ մտավորականներ անգամ ենթարկել էին ամենադաժան տանջանքների։ Դահիճները այրել կամ ծակոտել էին նրանց մարմինները... Այս ձեւով սպանվեցան Ազգային խորհրդի անդամ եւ Կուլտուրական միության նախագահ հայտնի բժշկապետ Թադեւոս Զաքարյանը, բժշկապետ Աղամիրզյանը, քաղաքագլխի տեղապահ եւ հայտնի թրքասեր, որի աղջիկը ամուսնացել էր թուրք Հաջինսկու հետ, Ջումշուդ Հարությունյանը, ինժեներներ Ս. Ամիրյանը, Հ. Քալանթարյանը, Սերոբ Բաբայանը, որը ամենաազդեցիկ թուրք Միրզա Ասագուլաեւի նավթահանքերի գլխավոր կառավարիչն էր եւ այդ օրերին եղել է նրա տանը» (Սերգեյ Մելիք-Յոլչյան, Բաքվի հերոսամարտը, Հայրենիք, թիվ 11, 1925թ. Բոստոն

Թուրքական բանակում գերմանական շտաբի սպա, փոխգնդապետ Պարակենը գրում է, որ սեպտեմբերի 16-17-ին Բաքվի խանութներն ու տները գրեթե առանց բացառության բոլորը թալանված էին:

«...Երեւացին ծանր հանցագործությունների ակնհայտ հետքեր: Ճանապարհին ընկած էին երկու սպանված երեխա, անմիջապես մեր կողքին, մի նրբանցքում կրակոց հնչեց, մի պատուհանից կանայք ծայրահեղ հուսահատությամբ օգնություն էին կանչում: Մեր մեքենաները կանգնեցնելով, շտապ մտանք շենքը, բայց չարագործները փախել էին հետնամուտքից: Այն ժամանակ արդեն իշխում էր այն համընդհանուր համոզմունքը, որ քաղաքում չկա կարգ ու կանոն եւ որ քրիստոնյա բնակչությունը թալանվել, բռնաբարվել ու սպանվել է»,- գրում էր փոխգնդապետը։

Միայն սեպտեմբերի 17-ին թուրքական հրամանատարությունը սկսում է պայքարել թալանի ու կողոպուտի դեմ, որոշ տեղերում անգամ մի քանի կողոպտիչ կախաղան է բարձրացվում, սակայն դրանք լիովին ուշացած քայլեր էին։

Պարակենը գրում էր, որ սպանությունները հիմնականում արվում էին տների ներսում եւ բակերում, ինչի պատճառով քաղաքում դիակներ քիչ էին հանդիպում։

«...Գերազանցապես անկյուններում էին դարսված, այնպես որ հաճախ միայն հոտից կարելի էր իմանալ: Մի տեղում ես իրար վրա դարսած 7 դիակ տեսա՝ այդ թվում մի քանի երեխա... Գրեթե բոլոր դիակները ծածկված էին կապտուկներով, որոնք առաջացել էին հրացանների խզակոթերի հարվածներից եւ խողխողումներից: Նկուղներից դիահոտ էր փչում: ...Մի գերմանացի պատմեց ինձ, որ Նուրի փաշայի համհարզի հետ մի տուն է մտել, որտեղ սպանված էին տասներեք վրացի: Երբ նա ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ վրացիներ են, այսինքն՝ գերմանացիների հովանավորության տակ գտնվող անձինք, Նուրիի համհարզը ուսերը թոթվելով ասել է. «Նրանց պարզապես հայերի տեղ են դրել»»:

Սպանությունների օրինաչափությունը

Ջարդերի օրերին Բաքու է գալիս նաեւ Ադրբեջանի կառավարությունը վարչապետ Խան-Խոյսկու գլխավորությամբ։ Նորաստեղծ կառավարության ներքին գործերի նախարարը Բեհբութ աղա Ջեւանշիրն էր, որը Բաքվում գործած հանցանքների համար 1921թ. հուլիսի 18-ին սպանվում է վրիժառու Միսաք Թոռլաքյանի գնդակից։ Վերջինիս դատավարության ընթացքում վկաները բազմաթիվ մանրամասներ են հաղորդում Բաքվի սարսափների մասին։

Բաքվի անկմանն ու ջարդերին արձագանքում է նաեւ Խորհրդային Ռուսաստանը. սեպտեմբերի 20-ին արտաքին գործերի ժողկոմ Չիչերինը բողոքի նոտա է հղում Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, որտեղ նշվում էր, որ Թուրքիան պարբերաբար խախտում է Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը եւ նորանոր տարածքներ գրավում Կովկասում։

Բաքվի գրավման նախօրեին քաղաքի հայերի թիվը մոտավորապես 100-110 հազար էր: Տարհանման ժամանակ քաղաքից կարողանում է հեռանալ մոտ 31 000 հայ: Ավելի քան 57 000 հայ հեռանալու հնարավորություն չի ունենում եւ մնում է քաղաքում:

Սեպտեմբերի 15-17-ի ժամանակահատվածում, ըստ Բախշի Իշխանյանի տվյալների, սպանվում է 5 248 հայ: Սակայն նրանք այն մարդիկ էին, որոնց մասին հնարավոր է եղել ձեռք բերել ամբողջական տեղեկություններ, իսկ սպանված հայերի ընդհանուր թիվը հասնում է շուրջ 9 հազարի:

Մեկնաբանելով սպանությունների օրինաչափությունը՝ Իշխանյանը գրում է.

«Կոտորածների համար, իբրեւ երեւույթի, մի ընդհանուր կշռաչափ, մի բնորոշ գիծ կամ տենդենց գտնել դժվար է, որովհետեւ երեւույթը եղել է տարերային, բանդաների միջոցով կազմակերպված: Չի կարելի ասել, որ հատկապես հայաշատ փողոցները ամենից շատ են տուժել... Նայած թե ինչ բանդաներ են պտտել այս կամ այն փողոցը եւ ինչ մտադրություններ ու տրամադրություններ են ունեցել նրանք, ըստ այնմ էլ արտահայտվել է կոտորածների այս կամ այն չափը: Եղել են բակեր, ուր սրի են անցվել խմբված ահագին բազմություններ (օր.՝ Չադրովայա փողոց 245, ուր սպանվել են 70-ից ավելի մարդիկ) եւ այնպիսի բակեր (Ստանիսլավսկի, Տելեֆոննի, Բոնդարնի եւ այլ փողոցներ), ուր մի քանի հարյուրի հասնող եւ նույնիսկ դրսից ապաստան գտած մեծաթիվ հայ բնակիչների հետ չի պատահել սպանության ոչ մի դեպք:

...Մեր աշխատակիցների տված հարցերի բազմաթիվ պատասխաններից երեւում է, որ այնտեղ, ուր առատ թալան է եղել կամ դրամական խոշոր տուգանք, մարդկային զոհեր կամ չեն եղել, կամ սակավ են պատահել: Մանավանդ այն բանդաները, որոնք ուղեկցել են տաճիկ ասկյարներին կամ բաղկացած են եղել առավելապես ասկյարներից, այնտեղ մեծագույն մասով եղել են թալան, կողոպուտ, դրամական փրկանք: Եղել են ընտանիքներ, որոնց միայն տղամարդն է սպանվել, իսկ կին ու երեխաներ փրկվել են: Եղել են ընտանիքներ, որոնց արական սեռը՝ հասակավոր, թե փոքրահասակ, սրի են անցրած ամբողջապես, իսկ կանայք թե օրիորդներ բռնաբարվել են անգթաբար: Բայց պակաս չեն եղել նաեւ այնպիսի ընտանիքներ, որոնք կամ ամբողջապես սրի են անցվել եւ կամ ընտանիքի անդամներից միայն մեկը կամ երկուսն են փրկվել հրաշքով (Բախշի Իշխանյան, Բաքվի մեծ սարսափները: Անկետային ուսումնասիրություն սեպտեմբերյան անցքերի, 1918թ.: Հրատարակություն Բաքվի Հայոց Ազգային խորհրդի անկետային հանձնաժողովի: Թիֆլիս, 1920թ.)

Հայ գերիների ճակատագիրը

«Էվակուացիան շտապ եւ անկազմակերպ լինելու պատճառով, Բաքվի ճակատում մի քանի հազար զորք էր մնացել եւ գերի ընկել տաճիկների ձեռքը. դրանց մեջ եղել են հայեր, ռուսներ եւ շատ սակավաթիվ անգլիացիներ: Առաջին իսկ շաբաթներում տաճիկ հրամանատարությունը բանակցելով Բիչերախովի եւ Ցենտրոկասպիի ներկայացուցիչների հետ, ազատում է ռուս եւ անգլիացի գերիներին, փոխանակելով նրանց Նարգին կղզում գտնվող թուրք գերիների հետ: Հայ գերիները պահվում են մինչեւ վերջ»,- գրում է Բախշի Իշխանյանը:

«Ալիաթից սկսած մինչեւ Փոյլի կայարանը (Վրաստանի սահմանը), Ազերբեյջանի ողջ երկաթուղային գծի վրա հազարների հասնող անմեղ զոհերի բանակներ էին տեղավորված, որոնց կացության եւ աշխատեցնելու պայմանների զարհուրելիության պատկերացումը վեր է երեւակայության բոլոր թռիչքներից: Շաբաթների ընթացքում ողջ-առողջ, առնական մարդիկ, հետզհետե տառապելով, սովի ճիրաններում գալարվելով եւ հյուծվելով, մեկը մյուսի հետեւից գերեզման էին իջնում:

Թեեւ տաճկական տիրապետությունը Բաքվում տեւել է միայն երկու ամիս՝ սեպտեմբերի 15-ից մինչեւ նոյեմբերի 17-ը, բայց հայ գերիները, հատկապես կայարաններում, մնացել են նույն ստրկական զարհուրելի վիճակի մեջ շատ երկար՝ մոտ երեք ամիս եւս»,- փաստում է Իշխանյանը։ 

***

 

Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար: