Բոյուք-Վեդին թաթարական այն շրջաններից էր, որտեղ բռնկվեց Հայաստանի իշխանությունների դեմ առաջին ապստամբությունը։

Նախքան 1919թ. հուլիսը թաթարները Վեդիում կազմավորել էին մարտական մեծ խմբեր, որոնք ահ ու սարսափի մեջ էին պահում հարեւան հայկական ու ասորական գյուղերը, թալանում, սպանում եւ բացարձակ չէին ենթարկվում Հայաստանի կենտրոնական իշխանությանը։ Ավելին՝ նրանք փակում էին կարեւոր ճանապարհներից մեկը, ինչի պատճառով Հայաստանի հարավային շրջանների հետ կապը գրեթե լիովի կտրվում էր։

Դեռեւս տարեսկզբին Բոյուք-Վեդիի հարձակումների մասին տեղեկությունները Հայաստանի իշխանությունները ներկայացնում էին բրիտանական զինվորական առաքելության ներկայացուցիչներին, որոնք թեեւ ստանում էին որոշակի արձագանք, սակայն իրավիճակն էականորեն չէր փոխվում։

Մայիսից թաթարները հարձակվում էին նաեւ հայկական կանոնավոր բանակի զինվորների եւ միլիցիայի ներկայացուցիչների վրա։

«Հայաստանի աշխատավոր», 5 օգոստոսի, 1919թ.,

«Հունիսի 16-ին Մուշի դիվիզիոնի զինվորները, թվով 9 հոգի, Ղարախաչ գյուղը գնալու ժամանակ Սադարակի դաշտերում զինաթափ են արված, նրանցից ութը սպանված են, իսկ մեկը վիրավորված:

...Թաթարական Նեհրան գյուղից անցնող 8 հայեր գերվել էին թաթարների կողմից: Անգլիական միսիայի պահանջին, ազատել այդ ութ գերվածներին՝ նեհրանցիները պատասխանեցին ութ գերիների սպանությամբ: Նույն գյուղում սպանված են նաեւ մի քանի հայ գյուղացիներ, որոնք գնացել էին հաց գնելու»:

Բոյուք-Վեդիի գործողության ձախողումը

1919 թվականի հուլիսի 1-ին Բոյուք-Վեդիի թաթարները սպանել են 9 հայ զինվորի ու 12 գյուղացու: Հայաստանի կառավարությունը որոշում է զորք ուղարկել մեղավորներին պատժելու եւ գյուղը Հայաստանի իշխանություններին ենթարկելու նպատակով։ Հուլիսի 4-ին հայկական 2-րդ գնդի ստորաբաժանումները երկու շարասյունով շարժվում են գյուղ։ Զորամիավորման հրամանատարը գնդապետ Ապրեսյանն էր։

 

Մոտենալով գյուղին՝ հրամանատարը պահանջում է անհապաղ հանձնել սպանությունն իրագործած ոճրագործներին, զոհված զինվորների զենքն ու զինամթերքը եւ սպանվածների ընտանիքներին նյութական փոխհատուցում տալու պարտավորություն ստանձնել։ Սկսվում են բանակցությունները, որին մասնակցում էր նաեւ Բոյուք-Վեդիի կոմիսարը։ Հայկական ստորաբաժանման հրամանատարը չէր ձեռնարկել անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ, հետախուզությունը չէր դիտարկել գյուղի տրամադրությունները, գնդացիրներն ու թնդանոթները անթույլատրելիորեն մոտիկ էին գյուղին։ Բանակցության պատրվակով բթացնելով հայկական ստորաբաժանումների զգոնությունը՝ թաթարներն անսպասելիորեն հուժկու կրակ են բացում հայերի վրա։ Գնդակոծվում են նաեւ թնդանոթները, որոնք պետք է բավականին հեռու լինեին։ Հայկական ստորաբաժանումը մեծ կորուստներ է կրում եւ դժվարությամբ նահանջում։ Սպանվածների ու զոհերի մասին տարբեր տեղեկություններ են հաղորդվում։ Էդուարդ Զոհրաբյանն իր գրքում նշում է 30 սպանվածի եւ 100 վիրավորի մասին։ (Է. Ա. Զոհրաբյան, Նախիջեւանյան հարցը եւ Հայաստանի «դաշնակիցները», Երեւան, 2002)։ Հայաստանի կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կորուստների թիվը հասնում էր 160-ի։ Հայկական ստորաբաժանումը մարտի դաշտում թողնում է 5 գնդացիր, իսկ թնդանոթները մեծ դժվարությամբ կարողանում են դուրս բերել։

Բոյուք-Վեդիի գործողության ձախողման համար պատասխանատվության է կանչվում զորամասի հրամանատար գնդապետ Ապրեսյանը։ Դեպքի մանրամասները քննելու համար ստեղծվում է հատուկ ռազմական հանձնաժողով՝ փոխգնդապետ Շնեուրի գլխավորությամբ։

Խրամատներ, պատնեշաթմբեր

Հաջորդ մի քանի օրերին իրադրությունը համեմատաբար հանգիստ էր եւ տպավորություն էր ստեղծվում, թե ռազմական գործողությունները չեն շարունակվի, սակայն թաթարները վճռական էին տրամադրված եւ հուլիսի 8-ին վերսկսում են գնդակոծությունը։ Երեւանի զորախումբը Դրաստամատ Կանայանի հրամանատարությամբ գրոհում է գյուղի վրա, սակայն հաջողության չի հասնում։ Այդ ընթացքում թաթարներն անցնում են Սադարակ լրացուցիչ ուժեր բերելու համար։ Փաստերը ցույց են տալիս, որ ապստամբությանը նրանք վաղուց էին պատրաստվում. Բոյուք-Վեդիում, ըստ տարբեր աղբյուրների, կար մինչեւ 5 000 զինված մարդ։

 

«Հետախուզության միջոցով հայկական կողմին հաջողվել էր պարզել, որ Բոյուք-Վեդիում կար 5 000 կռվող, որոնց շարքում 15 թուրք ասկյար, 2 թուրք ինստրուկտոր, 30 ադրբեջանցի սպաներ։ Բոլորը լավ զինված էին ռուսական եւ թուրքական արտադրության հրացաններով, կար նաեւ 2 թնդանոթ, գնդացիր եւ այլն» (Նախիջեւանյան հարցը եւ Հայաստանի «դաշնակիցները»)։ Բացի այդ, թաթարները գյուղի շուրջբոլորը փորել էին խրամատներ, պատնեշաթմբեր, ամրացել մոտակա բարձունքներում։

Հուլիսի կեսերին հայկական ստորաբաժանումները, այնուամենայնիվ, կարողանում են որոշ հաջողություններ արձանագրել. վերցնում են մի քանի բարձունք, մոտենում գյուղին, ինչն առաջացնում է թուրքերի ու ադրբեջանցիների մտահոգությունը։ Հուլիսի 16-ին թաթարական ապստամբություն է սկսվում Նախիջեւանում։ Հայաստանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչ Թեքինսկին ահազանգում էր Բաքու, որ Հայաստանը Վեդիի դեմ կենտրոնացնում է իր բոլոր ուժերը.

 

«Շտապ

14 հուլիսի, 1919թ.

Բաքու, արտաքին գործերի նախարարին

 

Բոյուք-Վեդիի դրությունը լուրջ է, Հայաստանը կենտրոնացնում է իր բոլոր ուժերը։ Հայտարարված է զորահավաք։ Մուսուլմաններին կարող է ազատել Ադրբեջանի զինված միջամտությունը։ ...Մահմեդականների համառ դիմադրությունը անգլիացիներին կատաղեցրել է։ Կռիվը շարունակվում է։ Մահմեդականների դիմումին՝ օգնության համար, հայտարարեցի, որ առայժմ Ադրբեջանը չի կարող օգնել զորքով, բայց մահմեդականների բոլոր ծախքերն ու վնասներն անմիջապես կվերադարձվեն Ադրբեջանի կողմից։

 

Սպասվում են մեծ դեպքեր ամբողջ Շարուր-Նախիջեւան-Օրդուբադում եւ Կարսի շրջանում։ Առանց մի օր կորցնելու ուղարկեցեք խոշոր գումար՝ զինվորական կազմակերպությունների համար։

 

Թեքինսկի»:

Հուլիսի 12-ին Ադրբեջանի իշխանությունները բողոքի նոտա են ներկայացնում Բաքվում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Տիգրան Բեկզադյանին։ Նրանք ասում էին, որ հայերը բռնություններ են գործում մահմեդական բնակչության հանդեպ։ Հայկական կողմը, հերքելով տեղեկությունները, պատասխանում է, որ «դա Հայաստանի ներքին գործն է»։

Բոյուք-Վեդիի դեպքերին զուգահեռ մեծանում է լարվածությունը նաեւ Թուրքիային սահմանակից շրջաններում։ Օպերատիվ տեղեկությունները հաղորդում էին, որ թուրքերն ու թաթարները ուժեր էին կենտրոնացնում սահմանի գրեթե ողջ երկայնքով։ «Հայաստանի աշխատավորը» հուլիսի կեսերին գրում էր, որ «Օլթիի գծով մեծ թվով տաճիկ սպաներ ու ասկյարներ են անցնում դեպի մեր կողմը, որոնք կազմակերպելով տեղական քուրդ ու տաճիկ ժողովրդին, պատրաստվում են հարձակում գործելու Հայկական իշխանության դեմ: Խրախուսվելով այդ բոլորից՝ տեղական ամբոխը շատ տեղերում իրեն սանձարձակ պահելով հանդերձ, տարածում է, որ շուտով Տաճկաստանը մտնելու է նորից Կովկաս, որի ժամանակ առաջ պետք է իրենց պատիժը ստանան հույները եւ ապա հայերը»:

Խալիլ բեյի մասնակցությամբ

Արտաքին ուժերի միջամտության մասին վկայում էր նաեւ հայկական պաշտոնական հաղորդագրությունը՝ նշելով, որ Հայաստանի դեմ թաթարական ապստամբական շարժումների ընդհանուր հրամանատարը Խալիլ բեյն է, որը դեռ 1918-ից պարբերաբար լինում էր Նախիջեւանում։

«Հայաստանի աշխատավոր», 5 օգոստոսի, 1919թ.,

«Անժխտելի փաստ է, որ Նախիջեւանում, Շահթախտում եւ Բոյուք-Վեդիում ապստամբական գործողություններին մասնակցում են տաճիկ սպաներ եւ ասկյարներ։ Ապստամբների բոլոր ուժերի գլուխն է կանգնած Խալիլ բեյը։ Ապստամբների գործողություններին նպաստելու համար մահմեդական հրոսակախմբերը եւ կանոնավոր զորամասերը անցել են մեր երկրի սահմանները Մակուի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի կողմից»։

 

Ռազմական գործողությունների երրորդ շաբաթում միջամտում են բրիտանացիները, եւ հուլիսի 21-ին նրանց առաջարկությամբ զինադադար է հաստատվում։ Հայկական ստորաբաժանումները դադարեցնում են ռազմական գործողությունները։ Նույն օրը սակայն թաթարները գրոհով վերցնում են 262-րդ բարձունքը եւ մի շարք այլ գործողություններ իրականացնում Վեդիում ու Շարուրում։ Հայկական ուժերը, կրկին անցնելով հակահարձակման, կարողանում են հետ գրավել կորցրած դիրքերը։

 

Մեղադրանքներ կառավարությանը

Բոյուք-Վեդիի դեպքերը հանրային խոր վրդովմունք են առաջացնում։ Ոմանք մեղադրում են իշխանությանը ոչ արդյունավետ քաղաքականության եւ անվճռականության, ոմանք էլ պահանջում են զինվորական հրամանատարության հրաժարականը եւ մեղադրում բանակին ու պաշտպանությանը պատշաճ ուշադրություն չդարձնելու համար։

«Վերջապես մեր կառավարությունը պետք է օր առաջ զգա վտանգի ամբողջ մեծությունը, զգաստանա եւ վճռական ու աներեր կամք երեւան բերի իր ժողովրդի ազատությունն ու հայրենիքը պաշտպանելու: Նա ամենակտրուկ միջոցներով պետք է խեղդի հակահեղափոխական ու հակապետական ապստամբությունը ամենուրեք: Նա ամեն կերպ պետք է կռվի առհասարակ երկրի արտաքին եւ ներքին ամեն տեսակ թշնամիների դեմ եւ մի անգամ ընդմիշտ ապահովի այս բազմատանջ ժողովրդի կյանքն ու ազատությունը»,- գրում էր «Հայաստանի աշխատավորը»։

Աշխատանք, 10 հուլիսի, 1919թ.,

«Զինվորական իշխանությունը, որ ցայսօր լրջորեն եւ իր բովանդակ ուժով հետամուտ չեղավ իր բնին մեջ խեղդելու այդ ապստամբական շարժման կենտրոնը եւ կարծես թե, դուրս գալով իր դերեն, քաղաքականություն խաղալ կամեցավ, հուլիս 4-ին կատարել տված իր գործողություններովը եկավ ոչ թե քավելու իր հանցանքը, այլ ապացուցեց անհերքելիորեն այն կարճատես, անմիտ, անփույթ եւ հայրենիքի կենսական շահերուն անհամապատասխան գործելակերպը, որ ընդհանրապես ունեցեր է մեր հանրապետությունը սպառազեն թշնամիներուն եւ զանազան տեսակի հրոսակախումբերուն հանդեպ։ ...Կամ զինվորական նախարարությունը եռանդուն միջոցներով կվերականգնե իր վարկը՝ անհապաղ պատժելով բոլոր ոճրապահ բույները մեր երկրի, եւ կամ անոր այժմյա ղեկավարները պետք է քաշվին եւ հեռանան՝ տեղի տալով նորերու։ Հայ ժողովրդի կենսական շահերը լիովին ըմբռնող եւ ըստ այնմ խելահասորեն ու աչալրջորեն գործող մարդիկ հազվագյուտ չեն եւ կգտնվին»։

 

Հուլիսի վերջին կառավարության որոշումով տարհանվում է Դավալուի ողջ բնակչությունը, որը պայմանավորված էր թաթարների նորանոր հարձակումներով. Բոյուք-Վեդիի եւ թաթարաբնակ այլ շրջանների ապստամբությունները շարունակվում է հետագա ամիսներին, եւ քաղաքական շրջանակներում կրկին սկսում են խոսել հայ-ադրբեջանական համաժողով հրավիրելու մասին՝ հույսեր տածելով, որ հնարավոր կլինի բանակցություններով կարգավորել հակասությունները։

 

***

 

Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար: