1919թ. մարտին հայ-վրացական հարաբերությունները վերջնականապես կարգավորված չէին եւ երկու երկրների ներկայացուցիչները, անգլիացիների միջնորդությամբ, ջանքեր էին գործադրում պատերազմի հետեւանքները վերացնելու համար։

1918թ. դեկտեմբերի հայ-վրացական պատերազմի հետեւանքով հանրապետություններն ունեին վիճելի տարածքներ, որտեղ տեղակայված էին բրիտանական զինվորական ստորաբաժանումները։ Բացի այդ, կային ավելի վաղ շրջանի անլուծելի հիմնախնդիրներ՝ փոստ-հեռագրական կապը, երկաթուղին, Ռուսական կայսրության կործանումից հետո Անդրկովկասում մնացած գույքի բաժանման եւ բազմաթիվ այլ հարցեր։

Անարդար պայմաններ

Հայ-վրացական հարաբերությունները կարգավորելու նպատակով դեռեւս 1918թ. դեկտեմբերին ստեղծվում է հատուկ հանձնաժողով, որի աշխատանքները պատերազմի եւ այլ պատճառներով ձգձգվում են, եւ նրանց գործունեության վերջնական արդյունքները ամփոփվում են գրեթե երեք ամիս անց։

Պատվիրակությունն իր հիմնական գործունեությունն ավարտում է 1919թ. մարտին եւ ապրիլի 7-ին ծավալուն զեկույց ներկայացնում վարչապետ Ալեքսանդր Խատիսյանին, որն էլ հետագայում մակագրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը։

Դեկտեմբերի վերջին ռազմական գործողությունների ավարտից հետո անգլիացիներից ու ֆրանսիացիներից կազմված խառը հանձնաժողովը ներկայացնում է զինադադարի պայմանները։ Հայկական պատվիրակությունը նշում էր, որ պայմաններն այնքան անարդար էին ու միակողմանի, որ իրենք հատուկ հանդիպում են խնդրում եվրոպական ներկայացուցիչների հետ։

«Այդ տեսակցությունը, որ տեղի ունեցավ դեկտեմբերի 29-ին, առավոտյան ժամը 11-ին Ղարաքիլիսայի երկաթուղային կայարանում` պատվիրակության վագոնի մեջ, տեւեց չորս ժամ: Ներկա էին կապիտան Դուգլասը, կապիտան Գասֆիլդը, անգլիացի թարգման սպան, մեր պատվիրակության բոլոր անդամները, գեներալ Կորգանովը, գեներալ Սիլիկովը եւ Պուադեբարը: Չորս ժամվա խոսակցության մեջ մենք պարզեցինք մեր տեսակետը, բացատրեցինք որոշումների անարդարությունը։ Խնդրեցինք պայմանները փոխել այնպես, որ հավասար դրություն ստեղծվի վրացիների եւ մեզ համար ինչպես Լոռիում, այնպես էլ Ախալքալաքի գավառում. կա՛մ մեր զորքերը չհեռացնել Բորչալուից, կա՛մ հեռացնել նաեւ վրացիներին Ախալքալաքից: Բայց մեր բոլոր պատճառաբանություններն ու ջանքերն ապարդյուն անցան. Դուգլասը, որ իսկապես մենակ էր վճռում խնդիրները, չհամաձայնեց որեւէ փոփոխություն մտցնել պայմանների մեջ» (Համո Սուքիասյան, Հայ-վրացական խաղաղարար կոնֆերանսի հայկական պատվիրակության հաշվետվությունը (1918 թ. դեկտեմբեր – 1919 թ. մարտ). Պատմաբանասիրական հանդես, № 1, 2009թ.)։

 

Հայաստանի կառավարությունը Երեւանից հեռագրում է պատվիրակությանը՝ կոչ անելով ստորագրել զինադադարի համաձայնագիրը, քանի որ բանակն ուներ մատակարարման, զենքի ու պարենի դժվարություն. պատերազմի հետագա շարունակումը կարող էր ծանր հետեւանքներ ունենալ Հայաստանի համար։ Անգլիացիների միակ զիջումն այն էր, որ համաձայնում են հետագայում քննարկել համաձայնագրի որոշ կետեր։

Հայերի հալածանքները Վրաստանում

Ռազմական գործողությունների ընթացքում եւ ավարտից անմիջապես հետո Վրաստանում կտրուկ վատանում է հայերի դրությունը։ Վրաստանի իշխանությունները լայնածավալ հակահայկական քարոզչություն են սկսում, ինչի արդյունքում հայերին ընդունում էին գրեթե որպես պետական դավաճանների։ Թիֆլիսում սկսվում են համատարած ձերբակալություններ, որոնք շուտով տարածվում են նաեւ այլ քաղաքներում ու գյուղական բնակավայրերում. փակվում են Դաշնակցության թերթերը՝ «Աշխատավորը» եւ «Նոր հորիզոնը»։

 

Վրաստանի իշխանությունները մի քանի որոշումով ու օրենքով օրինականացրել էին հայերի հանդեպ բռնություններն ու ունեցվածքի զավթումը։ Դրանցից էր «Վրաստանի թշնամիների» գույքը բռնագրավելու օրենքը, որտեղ գրված էր.

 

«Բոլոր հայերի դեմ ուղղված ճնշումների ազդանշանը տրվեց ներքին գործերի մինիստր Ռամիշվիլիի գաղտնի շրջաբերականով։ ...Հայաստանի հպատակներին ցուցակագրելու պատրվակով, միլիցիոներները եւ «Հատուկ Զորաբաժնի» պաշտոնյաները կատարում էին գիշերային արշավներ հայերի տների վրա, խուզարկություններ էին անում առանց որեւէ հրամանագրի, իբր թե զենք գտնելու համար, բայց փաստորեն ամենաանամոթ կերպով կողոպտում էին բոլոր թանկարժեք իրերը սարսափահար տանտիրոջ աչքի առաջ» (Արշակ Ջամալյան, Հայ-վրացական կնճիռը, Հայրենիք, 1929թ., թիվ 5, Բոստոն)։

Այս օրերին խուզարկություններ են կատարվում նաեւ մեծահարուստ Արամյանցի տանը, որտեղ տեղակայված էր Վիրահայոց ազգային խորհուրդը։ Խորհրդի անդամներից շատերը ձերբակալվում են, եւ փաստորեն, Վրաստանի հայերը զրկվում են իրենց շահերը պաշտպանող որեւէ կառույցից։ Շուտով Վրաստանի ոստիկանությունը ներխուժում է նաեւ Ռուսաց ազգային խորհրդի շենքը, որտեղ բազմաթիվ հայեր փորձում էին ռուսահպատակության վկայագրեր ստանալ։ Նրանց մի մասին աքսորում են Քութայիս։ Դեկտեմբերյան պատերազմի օրերին հայերի նկատմամբ վերաբերմունքը Վրաստանի պաշտոնյաները բացատրում էին ռազմական դրությամբ, սակայն զինադադարից հետո բռնություններն ու հալածանքը շարունակվում էին նույն ուժգնությամբ։

 

«Հայերին հարյուրներով հավաքում էին. խմբերի բաժանում եւ տեղն ու տեղը, հենց փողոցում հարցուփորձ անում, թե ձերբակալվածներից ով՝ ինչքան կարող է վճարել։ Ունեւորներից խլում էին վրայի ամբողջ դրամը եւ արձակում, իսկ մնացածներին ծաղրանքով ու փողոցային հայհոյանքներով ուղարկում Մետեխի բանտը։ Այդ օրը ձերբակալվեցին մոտ 6000 հայ...» (Արշակ Ջամալյան, Հայ-վրացական կնճիռը, Հայրենիք, 1929թ., թիվ 6, Բոստոն)։

Այս ծանրագույն պայմաններում Թիֆլիսում սկսում է աշխատել հայկական պատվիրակությունը, որը գրություններ ու դիմումներ է հղում տարբեր պաշտոնյաների եւ կարողանում է գոնե մասամբ թեթեւացնել տեղի հայերի վիճակը։ Խորհրդաժողովի առաջին նիստում հայկական կողմն առաջարկում է իր օրակարգը՝ երկաթուղային ու հեռագրական ազատ հաղորդակցություն, ապրանքների ազատ ներմուծում ու արտահանում, մաքսերի, անցաթղթերի վերացում, Հայկական կորպուսին պատկանող գույքի տեղափոխում Հայաստան, ռազմագերիների փոխանակություն, աքսորվածների ու ձերբակալվածների անհապաղ ազատում եւ այլ հարցեր։ Բրիտանական ներկայացուցիչներն ասում են, որ խորհրդաժողովը չի քննարկելու տնտեսական խնդիրները, այլ անդրադառնալու է միայն տարածքային հարցերին։ Պատվիրակության զեկուցագրում նաեւ նշվում էր, որ անգլիացիների շրջանում ձեւավորվել էր տպավորություն, թե հայերն են նախահարձակ եղել, հետեւաբար մեղավոր են։ Ըստ այդմ՝ նրանք խորհուրդ էին տալիս ընդունել բոլոր պայմանները եւ չհակառակվել դաշնակիցներին, եւ զգուշացնում էին, որ Փարիզի խորհրդաժողովում հայերի կոշտ դիրքորոշումը լավ չի ընդունվի։

Վրացիները մասամբ մեղմացնում են դիրքորոշումը

Վրացիները նախապես թշնամական վերաբերմունք ունեին, սակայն հունվարի վերջին այն սկսում է փոխվել։ Հունվարին Կարսի շրջանում ստեղծվում է, այսպես կոչված, «Հարավարեւմտյան Կովկասյան Հանրապետությունը»՝ Կարսի Շուրան, որը սպառնալիք էր նաեւ Վրաստանի համար։

Նույն օրերին ապստամբական շարժումներ են սկսվում Ախալցխայում, եւ վրացական զորքերի մուտքն այդ շրջան առաջացնում է Ադրբեջանի պաշտոնական կոշտ արձագանքին։ Անհանգիստ էր նաեւ Սոչիում, որտեղ վրացիները փորձում էին իրենց տիրապետությունը հաստատել, Զաքաթալայում, Բորչալուի թաթարաբնակ շրջաններում։ Միաժամանակ, Փարիզում Միացյալ եւ անկախ Հայաստանի հռչակումը նույնպես զգաստացնող դերակատարություն է ունենում։ Ստեղծված պայմաններում վրացիները մասամբ մեղմացնում են իրենց դիրքորոշումը։

Խորհրդաժողովը նախ անդրադառնում է ռազմագերիների խնդրին՝ որոշելով «Ղարաքիլիսա» կայարանում անցկացնել փոխանակում, որը տեղի է ունենում հունվարի 23-ին, իսկ մի քանի օր անց ազատ են արձակվում երկու երկրների ձերբակալված պետական պաշտոնյաները։

Անգլիացիների միջնորդությամբ որոշվում է, որ Ախալքալաքի գավառում պետք է տեղակայվեր վրացական շուրջ 200-հոգանոց զորաջոկատը։ Ի պատասխան հայկական կողմի առարկության՝ գնդապետ Ստյուարտն ասում է, որ վրացիներից բացի, այնտեղ կլինի անգլիական մեկ վաշտ, սակայն շուտով պարզվում է, որ այդ որոշումը հնարավոր չէ իրականացնել։ «Հայկական կողմի բոլոր առարկություններին, հատկապես այն հարցում, որ անհասկանալի է, թե ինչպես կարելի է Հայաստանին զրկել գերազանցապես հայերով բնակեցված այդ գավառի վարչաքաղաքական կյանքին մասնակցելու իրավունքից, գնդապետ Ստյուարտը պատասխանեց, որ այդ ֆունկցիան կկատարեն դաշնակիցների զորքերն ու նրանց դիտորդները» (Աշոտ Մելքոնյան, Ջավախքը 19-րդ դարում եւ 20-րդ դարի առաջին քառորդում, Երեւան, 2003թ.)։

Արտաշես Բաբալյանը գրում էր, որ նախապես բրիտանացիները անվստահություն ունեին վրացիների հանդեպ, ուստի փորձում էին ամեն գնով սիրաշահել եւ իրենց կողմը թեքել նրանց։ «Անգլիական իշխանության գործը եղավ գրավելու վրաց ժողովրդի եւ կառավարության վստահությունը, եւ նա դա արավ Լոռիի եւ Ախալքալաքի խնդիրներում։ Իրոք՝ անգլիական շահերի տեսակետից «դաշնակից» Հայաստանը մի արժեք չէր ներկայացնում»,- գրում էր Բաբալյանը։ Նա նաեւ նշում էր, որ Հայաստանին Փարիզի վեհաժողովում տրված խոստումները նույնպես օգտագործվում էին Հայաստանի դեմ. «Ձեզ՝ հաշտության կոնֆերանսը այնքան հողեր պիտի տա, այնքան պիտի մեծանա Հայաստանը, որ ինչերիդ է պետք Ղարաբաղը կամ Լոռին եւ Ախալքալաքը»,- անգլիացիների մոտեցումն այսպես էր ներկայացնում Բաբալյանը։

«Խաղաղված տրամադրությամբ»

Հայ-վրացական խորհրդաժողովն իր աշխատանքները շարունակում է հետագա ամիսներին. 1919թ. փետրվարի 28-ի եւ մարտի 3-ի նիստերում արդեն քննարկվում էր երկու երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունները վերաբացելու հարցը։ Մինչ այդ, քիչ թե շատ հարթվել էին երկաթուղու խնդիրները, եւ մարտի 4-ին վերականգնվել էր գնացքների կանոնավոր երթեւեկությունը։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Գեգեչկորին հայկական կողմին ակնարկել էր, որ հարաբերությունները վերսկսելուց առաջ ցանկալի կլիներ փոխել դիվանագիտական ներկայացուցիչների ողջ կազմը. վրացական կողմը չէր ուզում, որ թեկնածուները լինեն իշխող կուսակցությունից։ Հայկական կողմն ընդառաջում է եւ Վրաստանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ է նշանակում Վրաստանի Հայոց ազգային խորհրդի նախկին անդամ, անկուսակցական Լեւոն Եվանգուլյանին։

Մի քանի օր անց՝ 1919թ. մարտի 8-ին, Վրաստանի կառավարությունը հեռագրում է Հայաստանի կառավարությանը, որ Վրաստանը ճանաչում է Հայաստանի անկախությունը։ 15 օր անց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սիրական Տիգրանյանը պատասխան հեռագրով հայտնում է, որ «Հայաստանը ճանաչել եւ ճանաչում է Վրաստանի Հանրապետության անկախությունը»։

«Այսպիսով՝ բոլորովին թշնամական մթնոլորտում սկսված հայ-վրացական կոնֆերանսը վերջացավ խաղաղված տրամադրությամբ, որը հիմք է տալիս կարծելու, որ այսուհետեւ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ծագած վեճերն այլեւս կլուծվեն ոչ թե զենքի ուժով, այլ բանակցություններով»,- եզրափակում էին իրենց զեկուցագիրը հայկական պատվիրակության անդամները։

 

***

 

Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար: