Թեեւ 1919թ. հունվարին որոշվել էր, որ Կարսի մարզը միանում է Հայաստանի Հանրապետությանը, եւ Ստեփան Ղորղանյանը նշանակվել էր նահանգապետ, բրիտանացիները կասեցրել էին հայկական զինված ուժերի մուտքը շրջան։

Պատճառը Կարսում գործող մահմեդական Շուրայի անհանդուրժող դիրքորոշումն էր Հայաստանի իշխանությունների նկատմամբ, եւ անգլիացիները զգուշանում էին հնարավոր բախումներից ու ռազմական գործողությունների վերսկսումից։

1919թ. ապրիլի սկզբին բրիտանական քաղաքականությունը փոխվում է. եթե նախկինում անգլիացիները փորձում էին տեղի թաթարներին ու թուրքերին սիրաշահել, ապա մարտի վերջին սկսում են հասկանալ, որ Կարսի եւ Նախիջեւանի շրջանների անհնազանդությունը կազմակերպվում է թուրքական աջակցությամբ, ինչը չէր բխում բրիտանական քաղաքականության շահերից։ Միաժամանակ Կարսի մահմեդականներն անթաքույց զենք էին բարձրացնում բրիտանացիների դեմ՝ սպառնալով խռովությամբ ու ռազմական դիմակայությամբ։

«Կարսի, Երեւանի, Ախալքալաքի, Նախիջեւանի բրիտանական զինվորական ներկայացուցիչների ու կառավարիչների եւ մյուս պահակակետերի զեկույցների բնույթը արդեն արմատապես փոխվել էր, իսկ հետախուզական վարչությունը եկել էր այն համոզման, որ օսմանյան մի նուրբ թել այս շրջանները ներքնապես կապում էր միմյանց եւ մահմեդական բնակիչներին մղում առավել խիստ ընդդիմության՝ հաղթական Դաշնակիցների դեմ։ Երեւանում զինվորական ներկայացուցիչ Թեմփերլեյի ջանքերը՝ հանդարտեցնելու Սադարակում ոտքի ելած ցեղապետներին ու խաներին, ոչ մի հաջողություն չունեցան։ Խռովությունը, ինչպես եզրակացրեց նա, սոսկ առանձին միջադեպ չէր, քանի որ զորակոչը Սադարակի շրջանում կապված էր Արալըխի, Կաղզվանի եւ Կարսի նույնանման երեւույթների հետ» (Ռիչարդ Հովհաննիսյան, Հայաստանի Հանրապետություն, Երեւան, 2005)։

Սիմոն Վրացյանը նույնպես նշում է, որ 1919թ. ապրիլից անգլիացիների քաղաքականությունն Անդրկովկասում փոխվում է։ «Հայկական կառավարության եւ անգլիական բարձր հրամանատարության համաձայնությամբ որոշվեց հայ-անգլիական ուժերով գրավել Կարսը։ Կարսի զինվորական նահանգապետ կարգվեց գնդապետ Թեմփերլեյը»,- գրում է Վրացյանը։

Ապրիլի սկզբին Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում քննարկվում է գեներալ Թոմսոնի հրավերը եւ որոշվում Ալեքսանդր Խատիսյանին գործուղել Թիֆլիս։ Այնտեղ վերջինս պետք է փորձեր ստանալ «Շորագյալի (Շիրակ) եւ Նախիջեւանի շրջանները գրավելու իրավունքը»։

1919թ. ապրիլի 12-ին Հայաստանի կառավարությունը կրկին քննարկում եւ ընդունում է Թոմսոնի առաջարկները, այն է՝ զորքով ու գաղթականներով մտնել Կարսի, Շարուրի եւ Նախիջեւանի շրջանները։ Կառավարության որոշմանն առարկություններ է ներկայացնում պարենավորման նախարար Քրիստափոր Վերմիշյանը։ Նա առաջարկում էր համոզել անգլիացիներին ավելի երկար ժամանակ զորքը պահել շրջաններում, իսկ գաղթականների մուտքը հետաձգել մինչեւ հայկական ռազմական ներկայության վերջնական ամրապնդումը։

Հայաստանի կառավարությունը Ներքին գործերի նախարարությանը հանձնարարում է Կարսի շրջանում հիմնել քաղաքացիական վարչություն, ինչպես նաեւ կազմել հատուկ հանձնաժողով, որը պետք է ցուցակագրեր եւ պահպաներ Կարսում մնացած գույքը։ Նահանգապետ Ստեփան Ղորղանյանը, որը հունվարի վերջին ստիպված վերադարձել էր Երեւան, ապրիլին կրկին պատրաստվում է մեկնել Կարս։

«1919 թվի ապրիլի 15-ին ես նորից Ալեքսանդրապոլ էի, ուղեւորվելով նորից Կարս։ Ալեքսանդր Խատիսյան, մինիստր-նախագահը, նորից եկել էր Ալեքսանդրապոլ Կառավարության հրահանգները ինձ տալու համար։ Նորա հետ միասին եկել էր եւ անգլիական գեներալ Դեւին, անգլիական զորքերի հրամանատարը Կովկասում։

Մինիստր-նախագահի սալոն-վագոնում կայացավ մեր խորհրդակցությունը իմ միսիայի առիթով։ Որոշվեց, որ ես, ինձ ուղեկցող պաշտոնյաների հետ, արտակարգ գնացքով անցնեմ Արփաչայը, Կարս, ստանձնեմ պաշտոնս եւ երբ հեռագրեմ, Ալեքսանդրապոլից շարժվի Կարսի նահանգի համար պատրաստված հայկական երկրորդ հետեւակ բրիգադան եւ ապա մեր բազմաթիվ գաղթականությունը»,- գրում է Ստեփան Ղորղանյանը (Կարսի մարզը Հայաստանի առաջին Հանրապետության կազմում (ապրիլ 1919 – հոկտեմբեր 1920), Երեւան, 2016թ.)։

Կարսի Շուրայի ձերբակալությունը

1919թ. ապրիլի սկզբին Բաթումում տեղի է ունենում անգլիական զինվորական հրամանատարության խորհրդակցությունը, որտեղ էլ վճռվում է Կարսի ու Նախիջեւանի ճակատագիրը։ «Նախիջեւանի զինվորական վարչությունը պետք է վերացվի եւ շրջանը հանձնվի հայկական կառավարությանը, այնպես, որ թույլատրվի բրիտանական զորքերի դուրսբերումը մինչեւ ապրիլի 30-ը։ Դա պետք է կատարվի՝ խորհրդակցելով հայկական կառավարության հետ եւ Կարսի Շուրայի ձերբակալությունից հետո» (Ռ. Հովհաննիսյան, Հայաստանի Հանրապետություն)։

1919թ. ապրիլի 17-ին Թիֆլիսում լույս տեսնող «Աշխատավոր» թերթը «Ավազակապետների Հանրապետության վախճանը» հոդվածում գրում էր, որ անգլիական զինվորական հրամանատարության կարգադրությամբ ձերբակալված է Կարսի, Կաղզվանի եւ Արդահանի շրջանների «Հարավ-արեւելյան հանրապետության կառավարությունը»։ Ուշագրավ են նաեւ բրիտանական քաղաքականության փոփոխության վերաբերյալ թերթի դիտարկումները։

 

«Աշխատավոր», 17 ապրիլի, 1919թ., թիվ 76

«Ձերբակալությունը տեղի է ունեցել առանց որեւէ միջադեպի։ ...Երկարատեւ վարանումներից հետո անգլիական հրամանատարությունը վերջապես խախտեց իր օլիմպիական հանգիստը եւ ձեռնամուխ եղավ ակտիվ քայլերի, որոնց անհրաժեշտությունը ակներեւ եղավ նաեւ նրա համար։ ...Սկզբնական շրջանում անգլիական հրամանատարությունը հարկ չէր համարում վերջ տալու Պոլսից ստացված ցուցումներով գետնից բուսնող «հանրապետությունների» ոտնձգություններին, կարծելով, թե դրանով միջամտած կլինի մեր ներքին գործերին՝ մի բան, որից գոնե արտաքուստ նա միշտ խուսափել է։ Բայց այս վերջին երկու ամիսների անցքերը, տաճկական էմիսարների անպատկառությունը, խուժանի սանձարձակությունը եւ հիվանդ մարդու՝ Թուրքիայի նոր ջղաձգությունները եկան ասելու, որ նրա գործակալները դեռ աշխատում են»։

Սիմոն Վրացյանը գրում է, որ Շուրայի անդամները ձերբակալվելուց հետո ուղարկվում են Մալթա։

Զատկի օրը

1919թ. ապրիլի 21-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը լսում է Խատիսյանի զեկույցը՝ անգլիացիների հետ Թիֆլիսում տեղի ունեցած հանդիպումների ու քննարկումների արդյունքների մասին։ Որոշվում է անհապաղ անցնել Կարսի գրավմանը, ինչպես նաեւ գաղթականության վերադարձին։ Շուտով Կարսի նահանգապետը քաղաքացիական ու զինվորական իշխանության ներկայացուցիչների հետ Ալեքսանդրապոլից ուղղություն է վերցնում դեպի Կարս։

Երկար սպասված իրադարձությունն այսպես է նկարագրում Ստեփան Ղորղանյանը.

«Ապրիլի 19, Մեծ Զատկի թաթախման օրը, հազարավոր ամբոխի բարեմաղթությունների ուղեկցությամբ, իմ հատուկ գնացքը շարժվեց Ալեքսանդրապոլից դեպի հռչակավոր Արփաչայ։ ...Այս անգամ պատկերը արդեն այլ էր։ Նույն թուրքերի ավելի մեծ բազմություն, նույն ծանոթ բայց այս անգամ արդեն աղերսող դեմքեր...

Ալեքսանդրապոլից մինչեւ Կարս ճանապարհը նման էր մի մեծ հուշարձանի, որ վկա էր մեծ ավերմունքի ու թալանի։ Ճանապարհի աջ ու ձախ կողմերում ընկած էին բազմաթիվ լոկոմոտիվներ, հարյուրավոր ջարդված վագոններ, ավտոմոբիլներ, ցեմենտով լի տակառներ, բամբակի վիթխարի հակեր «Торговый дом бр. Африкянъ» դրոշմով, փամփուշտով լի հազարավոր արկղեր եւ այլ ռազմամթերք, իսկ կայարաններում մեծ պահեստներ, ուր թե՛ թուրք զորամասերը եւ թե՛ տեղական թուրքերը կուտակել էին ռուս իշխանության մեր հարստությունը՝ մեքենաներ, գործիքներ, երկաթ, հացահատիկ, մամլած խոտի լեռներ եւ այլն»։

Ընդհուպ մինչեւ գնդակահարություն

Հայկական զորքերի մուտքից մի քանի օր անց արդեն Կարսից դուրս է բերվում 19 վագոն հրետանի եւ ռազմամթերք, որոնցից երկուսը հանձնվում է հայկական բանակին։ Ապրիլի 20-ից սկսվում է գնացքների երթեւեկությունը դեպի Ալեքսանդրապոլ եւ Թիֆլիս։

Քաղաքացիական իշխանության հետ Կարս է ժամանում հայկական զինվորական ղեկավարությունը գեներալ Հովսեփյանի հրամանատարությամբ։ Ժամանելուց անմիջապես հետո գեներալը Կարսի զինվորականների ու բնակչության համար հայերեն, ռուսերեն, թուրքերեն կոչ է հրապարակում։ Դիմելով զինվորներին ու սպաներին՝ Հովսեփյանն ասում էր, որ նրանք Հայաստանի կառավարության ներկայացուցիչներն են եւ պետք է «ազնվորեն ու անձնուրաց պաշտպանեն Հանրապետության բոլոր քաղաքացիների կյանքն ու գույքը՝ առանց ազգի խտրականության»։ Միաժամանակ գեներալը զգուշացնում էր, որ ցանկացած օրինախախտություն, իշխանության չարաշահում պատժվելու է զինվորական ողջ խստությամբ՝ ընդհուպ մինչեւ գնդակահարություն։ Դիմելով խաղաղ բնակչությանը՝ հրամանում ասվում էր, որ բոլորը, անկախ ազգային պատկանելությունից, պետք է ենթարկվեն հայկական իշխանությանը.

«Դարավոր հարեւանները նորեն պիտի վերադառնան բարեկամական կենակցության։ Բոլոր հողերը, ում կողմից ուզում է զավթված լինի մեր Հանրապետության ամբողջ տերիտորիայի վրա, պետք է վերադարձվեն իրենց նախկին տերերին։ Ամեն մի քաղաքացու դեմ, լինի նա հայ, թե թուրք, որ կհամարձակվի հակառակել ամբողջ աշխատավոր ժողովրդի այս ամենաօրինական պահանջի անհապաղ կատարմանը, իմ կողմից ձեռք կառնվեն ամենավճռական միջոցներ՝ մինչեւ մահապատիժ»։

1919թ. ապրիլի 29-ին Կարսի նահանգի վերամիավորման առիթով հրապարակվում է վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի ուղերձը, որտեղ նա երաշխավորում էր թուրքերի լիակատար անվտանգությունը, ինչպես նաեւ մեջբերում էր Կարսի մահմեդական Ազգային խորհրդի նախագահ բժիշկ Ասաբեկ Հաջիեւի խոսքերը.

«Կարսի շրջանի մուսուլմանական ազգաբնակության լիազորությամբ, ողջունում եմ Հայաստանի Հանրապետության իշխանությունը եւ վկայում եմ մեր պատրաստակամությունը վերադառնալու նախկին բարի հարեւանությանը։ Մենք նույնպես հոգնած ենք եւ սիրով ենք մտաբերում նախկին կարգն ու խաղաղությունը։ ...Սրտաբաց մենք ընդառաջ ենք գալիս ձեզ եւ ձեզ հետ միասին խանդավառ կերպով կպահպանենք ձեր հիմնած քաղաքացիությունը եւ իրավունքը» («Աշխատանք», 10 մայիսի, 1919թ., թիվ 18)։

Ապրիլի 28-ին անգլիացիները հայկական կողմին են հանձնում նաեւ Կարսի բերդը, որի հրամանատար է նշանակվում գնդապետ Փիրումյանը։

 

Այսպիսով, Կարսի հայկական իշխանությունը կազմված էր քաղաքացիական նահանգապետից, զինվորական ընդհանուր եւ Կարսի բերդի հրամանատարներից։ Ալեքսանդր Խատիսյանը իր հուշերում գրում է, որ այս երեք ղեկավարի հարաբերությունները հարթ չէին, եւ նրանք իշխանության բաշխման ու նահանգի կառավարման շուրջ մեծ տարաձայնություններ ունեին։

«Ղորղանյանը կողմնակից էր խաղաղ եղանակներու, կուզեր կառավարել երկիրը վստահելով ազգաբնակության բոլոր տարրերին, ջանալով քաղաքակրթական միջոցներով, տնտեսական շնորհներով եւ մեղմ վերաբերմունքով գրավել ամենքի սիրտը դեպի հայկական նոր իշխանությունը։ Իսկ մեր երկու զորավարները սրի ծայրը կտեսնեին միակ փրկությունը եւ միակ միջոցը երկիրը խաղաղեցնելու։

...Զորավար Փիրումյանը կպահանջեր, որ իրեն զինվորական նահանգապետի իրավունքներ տրվին, որպեսզի քաղաքացիական իշխանությունն ալ, հանձին նահանգապետ Ղորղանյանի, իրեն ենթարկվի։ Ղորղանյանը, ընդհակառակն, բացարձակապես դեմ էր իշխանության այդ ձեւի կազմակերպման։ Ավելորդ է ըսել, որ այս խուլ պայքարը կփոխանցվեր եւ համապատասխան ստորադաս մարմիններուն ու պաշտոնյաներուն։

Կարձանագրեմ ասիկա, որովհետեւ այդ պայքարը ծանրագույն, եւ կարելի է ըսել, ճակատագրական հետեւանքներ ունեցավ ապագային»։

 

***

 

Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Քսավյե Ալարդի, Յաշար Յագջըի, Յոնջա Էվրենի լուսանկարները:

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար: