Կարսի անկումը հայ ժողովրդի վերջին 100 տարվա թերեւս ամենացավալի կորուստներից է։ Անցել են տասնամյակներ, սակայն մենք առ այսօր քննարկում ու փորձում ենք հասկանալ, թե ինչպե՞ս եւ ինչո՞ւ հզոր բերդաքաղաքը հանձնվեց թշնամուն։

Կարսի անկումը ոչ միայն ռազմական պարտություն էր, այլեւ պարտություն էր պատերազմում, որին հետեւեց Հայաստանի Հանրապետության քաղաքական կործանումը։ Առաջին հանրապետության պատմության ուսումնասիրողները՝ բոլորն էլ այս կամ այն չափով անդրադարձել են խնդրին, դեպքերի ժամանակակիցներն ու ականատեսներն իրենց հուշերում ու վկայություններում գրել են Կարսի կործանման պատճառների մասին։ Դիտարկելով դրանց մի մասը՝ քաղաքի անկման պատճառները կարելի է բաժանել երկու հիմնական խմբի՝ ռազմական եւ բարոյահոգեբանական։

ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԹՈՒՅԼ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հիմնական ռազմական բացթողումը Կարսի կարեւորագույն ուղղություններից մեկի՝ արեւելյան հատվածի թույլ պաշտպանությունն էր։ Հայկական զինվորական ղեկավարությունը ամենայն հավանականությամբ չէր սպասում, որ թուրքական ուժերը կկարողանան մոտենալ եւ գրոհել այդ հատվածից։ Կարո Սասունու նշած երկու օր շարունակ հակառակորդի «փնտրտուքը» հենց սրա վկայությունն էր։ Պատմաբան Էդվարդ Զոհրաբյանը գրում է, որ Կարաբեքիրը լավ գիտեր քաղաքի խոցելի ուղղությունները, քանի որ 1918թ. ղեկավարել էր Կարսը գրոհող զորամասերից մեկը, եւ երբ թուրքական զինվորները վերցնում են Վեզիքոյի բարձունքը, հայկական զինվորական հրամանատարությունը չի կարողանում բավարար ուժեր ուղարկել ճեղքումը կասեցնելու համար։ Հայկական հրամանատարությունը շարունակում էր մտածել, որ թուրքերը բերդաքաղաքը գրոհելու են Հարամ-Վարդանի եւ Վլադի-Կարսի ուղղություններում։ Թեեւ գնդապետ Մազմանյանի զորախումբն ուղարկում են արեւելյան ճակատ, սակայն թշնամու գերակշռող ուժերի ճնշման տակ գունդը կորուստներ է կրում եւ չի կարողանում կատարել մարտական առաջադրանքը։ Բացի այդ, նկատվում է արդեն բացասական երկրորդ գործոնը՝ զորամասի մարտիկներից շատերը հրաժարվում են կռվել։

«Պարտվածի հոգեբանությունը, մեկ անգամեն այդ թեւի կորովը կոտրած էր։ Պատասխանատու սպաները ջանք կթափեին կայնեցնելու զորքը, որպեսզի գոնե մինչեւ երեկոյան մութը կրնան իրենց գրաված դիրքերը պահպանել։ Անկարելի կըլլա համոզել զինվորները, որոնց մեկ մասը սկսած էր զենքերն ալ վար նետել։ Ի տես այս թուլության եւ վատության, գնդապետ Մազմանյանը, նահանջող զորքի դեմ կկենա եւ անձնասպան կըլլա, հայտարարելով, թե իր զինվորականի պատվին չէր կերցներ ապրիլ այսպիսի վատութենե մը հետո»,- գրում է Կարո Սասունին (Կարո Սասունի, Հայ-թրքական պատերազմը, Հայրենիք, 1926թ., թիվ 7)։

Վեզիքոյի գրավման պատճառների մասին ուշագրավ տեղեկություններ է հայտնում նաեւ Արտաշես Բաբալյանը։ Նա գրում է, որ արեւելյան ուղղությամբ թուրքական զորաշարժի մասին տեղեկությունը ստացվում է հոկտեմբերի 24-25-ին, եւ գեներալ Հովսեփյանի հանձնարարությամբ հետախուզական խումբ է ուղարկվում։ Շուտով Հովսեփյանը հայտնում է գեներալ Փիրումյանին, որ ձախ թեւում հանգիստ է։

«Երեկոյան դեմ զորավար Հովսեփյան հաղորդեց, որ հետախուզական խումբը խմբապետ Կնյազի ղեկավարությամբ տեղեկացրեց իրեն, որ ձախ թեւի վրա թշնամի չկա եւ հանգիստ է։ Հետագայում պարզվեց, որ Կնյազը իր ձիավորներով նեղություն չէր կրել մինչեւ նշանակած տեղը հասնելու, այլ կես ճանապարհից վերադարձել էր հանգստացուցիչ հաղորդագրությամբ» (Արտաշես Բաբալյան, Կարսի անկումը, Հայրենիք, 1923թ., թիվ 12)։

Վեզիքոյի գրավումը փակում է նաեւ երկաթուղային հաղորդակցությունը Ալեքսանդրապոլի հետ. Կարսի շրջանում գտնվող հայկական միակ զրահագնացքը մարտերով ճեղքում է շրջափակումը եւ հասնում Ալեքսանդրապոլ։ Կարսը երեք կողմից օղակվում է։

ԳՐՈՀ ԵՐԵՔ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Հոկտեմբերի 30-ին թուրքական բանակը երեք ուղղությամբ՝ Հարամ-Վարդանի, Բեգլի-Ահմեդի եւ Վեզիքոյի, ընդհանուր գրոհ է սկսում։ Հայկական զորամասերը համառ դիմադրություն են ցուցաբերում եւ ծանր կորուստներ պատճառում թշնամուն։ Նույն պահին Փիրումյանը հեռագրում է Երեւան. «Կարսը պաշարված է երեք կողմե, մեր զորքերը կդիմադրեն, բերդը ամուր է, կարող եք վստահ ըլլալ, որ մինչեւ վերջին շունչը պիտի պաշտպանենք քաղաքը» (Էդվարդ Զոհրաբյան, 1920թ. թուրք-հայկական պատերազմը եւ տերությունները, Երեւան, 1997թ.. էջ 256)։

Սակայն, ընդամենը երկու ժամ անց Փիրումյանը վերջին հեռագիրն է ուղարկում գլխավոր շտաբ, որով հայտնում էր Կարսի անկման բոթը։

Այս ճակատագրական ժամերի մասին մեկ այլ ուշագրավ անդրադարձ է հրապարակվել Կ. Պոլսի «Վերջին լուր» թերթում։

«Վերջին լուր», 3 փետրվարի, 1921թ., թիվ 2092

«Սպարապետ Նազարբեկ եւ պատերազմական նախարար Ռուբեն Տեր-Մինասյան Կարսի անկումեն ճիշտ երկու ժամ առաջ հեռագիր կստանան Զոր. Փիրումյանեն, որ կավետեր, թե զորքին բարոյականը եւ մարտական ոգին բարձր է, եւ այս հեռագիրը գալեն երկու ժամ ետքը հորիզոնին վրա օդանավ մը կերեւար։ Սպարապետ Նազարբեկ պատուհան ելլալով, կնշմարե օդանավը, այո՛ հայկական օդանավ է, կցնցվի, բնազդ կըլլա իրեն թե Կարսին աղետ մը պատահած է ու ներկաներուն դառնալով կըսե.
- Կարսը ինկա՜ծ է...»:

ՆԱՀԱՆՋԻ ՏԱՐԲԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Թուրքերը կարողացել էին գրավել Կարսի Ռադիեւսկու ամրությունը, որտեղից հրետանային եւ գնդացրային կրակով խփում էին քաղաքից նահանջող հայկական զորամասերին, ինչի պատճառով ե՛ւ կորուստներն էին շատ, ե՛ւ նահանջը՝ անկազմակերպ։ Արեւելյան՝ Լազարեւյան ամրությունը շուտով նույնպես ընկնում է։
Ամրությունը հայազգի զորավար Լազարեւի պատվին էր անվանակոչվել, որը 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ հենց Վեզիքոյի արեւելյան ուղղությամբ կարողացել էր կոտրել թուրքերի դիմադրությունը եւ վերցնել քաղաքը։

Այստեղ արդեն հանդիպում ենք դեպքերի անմիջական մասնակիցների տարբեր մեկնաբանություններին, թե ինչու հայկական զորքերը նահանջեցին։ Կարո Սասունին գրում է, որ զինվորները կռվելու ցանկություն չունեին։ Սպաներն անգամ խնդրում էին նրանց գոնե քաղաքի պարիսպների մոտ հրազենային կրակով պաշտպանվել, մինչեւ իրենք վերադասներից կարողանան ճշտել հետագա գործողությունները։

Ի տարբերություն Սասունու՝ Արտաշես Բաբալյանը գրում է, որ պաշտպանության համար թե՛ ժողովուրդը, թե՛ զինվորները չէին խնայում իրենց կյանքը։ «Հայ զինվորը ուզում էր կռվել, պաշտպանել հայրենիքը, եւ նա առատ արյուն թափեց, բայց նրա ղեկավարները եղան ապիկար, անբարեխիղճ»,- գրում է նա։ Խոսելով Կարսի շրջանում դասալքության մասին՝ Բաբալյանը, թեեւ ընդունում է ցավալի փաստը, սակայն հավելում է, որ «այդ ախտը երբեք վտանգավորության չափերի չհասավ». «Կարսի քաղաքացիները բռնած էին բոլոր ճանապարհները եւ դասալիքներին որսում էին։ Անհրաժեշտ եմ համարում այստեղ հիշատակել, որ Կարսի բնակիչները սրտառուչ ոգեւորությամբ ընդառաջ գնացին զինվորական իշխանության բոլոր կարգադրություններին եւ ամենքը զենքի տակ էին»։

Ըստ Բաբալյանի՝ արդեն հոկտեմբերի 27-ին հասկանալի էր, որ քաղաքը չի կարող դիմադրել։ Գլխավոր շտաբը խոստանում է անհապաղ օգնություն ուղարկել, որը, սակայն, այդպես էլ տեղ չի հասնում։

Կարսի ռազմաճակատի ընդհանուր հրամանատար Սիլիկյանը պատերազմի ամբողջ ընթացքում մնում էր Ալեքսանդրապոլում, որն առաջնագծից հեռու էր գրեթե 70 կմ։ Բաբալյանը գրում է, որ ի տարբերություն հայկականի՝ թուրքական բանակի շտաբը տեղակայված էր ռազմական գործողությունների հենց թատերաբեմում, իսկ բարձրագույն հրամանատարությունը զինվորների կողքին հետեւում էր մարտերի ընթացքին։ Այս հանգամանքը, որը մեծապես ազդում էր հայկական զորքերի կառավարման վրա, ընդգծել է նաեւ Կարո Սասունին։

Կարսից նահանջելու առաջին տագնապալի նախանշանները նկատվում են դեռեւս սեպտեմբերի վերջին, ինչը թեեւ կանխվում է, սակայն բազմաթիվ սպաներ իրենց ընտանիքները տեղափոխում են թիկունք՝ հաճախ մնալով նրանց հետ։ «Ո՞վ կարող էր երեւակայել, որ մեկ ժամվա ընթացքում ամեն ինչ պիտի վերջանա։ Այդ էր պատճառը, որ քաղաքի ազգաբնակությունը մինչեւ վերջն էլ հանգիստ մնաց եւ խուճապ չստեղծեց։ Ընդհակառակը, զորքի մասերն էին, որ հավար ձգեցին եւ իրենց հետ քաշեցին ազգաբնակությունը»,- գրում է Արտաշես Բաբալյանը։

ԹՈՒՐՔԱԿԱՆ «ԵՐԱՇԽԻՔՆԵՐՆ» ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կարսում թուրքական բանակին անգամ պատշաճ դիմադրություն ցույց չի տրվում։ Ըստ տարբեր աղբյուրների՝ թուրքերն աննշան կորուստներ են ունենում, ինչը վկայում է, որ հայկական ուժերը չեն փորձում ճեղքել պաշարումը եւ դուրս գալ։ Ավելին՝ բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ գերի են հանձնվում։ Միայն Կարսի նահանգապետ Ղորղանյանը հեռանում է ժողովրդի հետ։ Գերիների թվում էր նաեւ Արտաշես Բաբալյանը։

«Հրամանատարությունը ճերմակ դրոշակով երկու գնդապետներ եւ երկու զինվոր ղրկած էր անձնատվության պայմանները գիտնալու։ Անոնք գնդակներու տարափին տակ ետ փախած էին, բայց քիչ հետո, երկու սպաներ եւ քաղաքացիական իշխանության ներկայացուցիչները կրցած էին ներկայանալ թշնամու հրամանատարության»,- գրում է Կարո Սասունին։

Թուրքերը պահանջում են անմիջապես հանձնել զենքը, խոստանում են ոչ մեկին չվնասել, ինչպես ընդունված է միջազգային օրենքներով, երաշխավորում են քաղաքացիական բնակչության անվտանգությունը։ Մոտ 2 000 զինվորական եւ հազարավոր քաղաքացիականներ հայտնվում են թուրքական գերության մեջ։ Նրանք սարսափելի ճակատագրի են արժանանում. 48 ժամը չլրացած՝ թուրքական հրոսակները հենց քաղաքում սկսում են կոտորել հայերին։ Ըստ տարբեր աղբյուրների՝ մոտ 8 000 մարդ զոհ է գնում թուրքական «երաշխիքներին»։ Հարյուրավոր զինվորներ ձմռան ցրտին՝ կիսամերկ ու բոկոտն, տեղափոխվում են Էրզրում, որոնց մեծ մասը ծանր աշխատանքներից ու զրկանքներից մահանում է։

Կարսի անկման պատճառների թվում հաճախ նշվում է նաեւ բոլշեւիկյան քարոզչության բացասական ազդեցությունը հայ հանրության եւ բանակի վրա։ 1921թ. հունվարին անդրադառնալով բերդաքաղաքի անկման պատճառներին՝ խմբապետ Սեպուհը նշել էր զորքերի անկազմակերպվածությունն ու բոլշեւիկյան քարոզչությունը։

«Վերջին լուր», 8 փետրվարի, 1921թ., թիվ 2096

«Վերջին անգամ, երբ թուրքերը հարձակեցան, ամեն կողմե անվարժ կամավորներ եկան լցվեցան բանակի մեջ։ Շատ պարզ է, որ երբ մեկը զենք գործածել չգիտե, ռազմապես մարզված չէ, առաջին հրացանի ձայն լսելուն պես պիտի թողու եւ փախչի եւ կամ եթե ան չափազանց վառված է հայրենիքի սիրով եւ մնա ճակատի վրա, ոչ միայն դեր մը չկրնար կատարել, այլ զուր տեղ կրնա զոհ երթալ իր անձնվիրության։ ...Ձախորդության երկրորդ պատճառը մեծամասնական պրոպագանդն էր, որ մեծապես խանգարեց մեր բանակի կարգապահական ոգին եւ կազմալուծեց շարքերը։ Այս մասին բանակի հրամանատարները մեղավոր են»։

Սեպուհի մեկնաբանություններից կարելի է եզրակացնել, որ ժողովուրդը, թեկուզեւ ռազմական սակավ հմտություններով, զինվորագրվել էր հայրենիքի պաշտպանությանը։ Սակայն նրա անպատրաստության մեղքն ամբողջովին ռազմական հրամանատարության ուսերին է։ Սեպուհն ինքը եղել է Կարսի պաշտպանության խոշոր զորամասի եւ մի ամբողջ ուղղության հրամանատար, հետեւաբար ունի պատասխանատվության իր չափաբաժինը։ Ավելին՝ նրա եւ կադրային զինվորականների՝ գեներալներ Սիլիկյանի, Փիրումյանի, Հովսեփյանի անբացատրելի հավակնություններն ու տարաձայնությունները զգալիորեն վնասում էին քաղաքի պաշտպանությանը։

Հետազոտողները բանակի բարոյահոգեբանական ձախողումների թվում նշում էին սպաների մի մասի՝ հայկական պետության հետ կապվածության բացակայությունը, լեզվի չիմացությունը եւ օտարին ապավինելու ձգտումը։

Կարսի անկումից հետո տպավորություն կար, թե հայկական զորամասերն ամբողջությամբ գերեվարվել կամ ջախջախվել էին, ինչը, սակայն, իրականությանը չէր համապատասխանում։ Հայկական զորամասերի մի մասը կարողացել էր նահանջել եւ հասնել Շիրակի սահմաններին։ Թուրքական բանակը հայացքն ուղղել էր Ալեքսանդրապոլին...

 

***

 

Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար: