1918թ. հուլիսի 19-ին՝ անկախության հռչակումից գրեթե երկու ամիս անց, բազմաթիվ դժվարություններ հաղթահարելուց հետո Երեւան են հասնում Հայոց ազգային խորհրդի եւ կառավարության անդամները։

Այժմ հարկավոր էր ձեւավորել Հայաստանի օրենսդիր մարմինը, որի կառուցվածքի եւ կուսակցությունների ընդգրկվածության վերաբերյալ քննարկումները սկսվել էին դեռեւս Թիֆլիսում։ Հուլիսի 20-ին Երեւանում տեղի է ունենում կառավարության եւ Հայոց ազգային խորհրդի համատեղ նիստը, որտեղ որոշվում է, որ ապագա խորհրդարանը պետք է կոչվի Հայաստանի խորհուրդ։

Առաջարկվում է Խորհրդի կազմում ընդգրկել Հայոց ազգային խորհրդում ներկայացված երեք կուսակցությունները՝ նրանց թիվը եռապատկելով։ Հայոց ազգային խորհուրդն ուներ 12 անդամ՝ 6-ը Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչներն էին, իսկ էսէռները, սոցիալ-դեմոկրատները եւ Հայ ժողովրդական կուսակցությունն ունեին 2-ական ներկայացուցիչ։

ՀԺԿ-ի անդամներ Արշալույս Մխիթարյանը եւ Ստեփան Մալխասյանն առաջարկում են Ազգային խորհրդի անդամների թիվը կրկնապատկել «երիտասարդ պետությանը չծանրաբեռնելու համար», սակայն նրանց առաջարկը չի ընդունվում։ Հուլիսի 22-ին համատեղ երկրորդ նիստում ՀԺԿ-ն առաջարկում է խորհրդակցական ձայնի իրավունքով Հայաստանի խորհրդարանում ընդգրկել նաեւ Բաքվի, Վրաստանի եւ այլ վայրերի ազգային խորհրդի մեկական անդամի, որպեսզի «կապ հաստատված լինի գոնե ամբողջ ռուսահայության մեջ»։ Դաշնակցականները առարկում են, եւ ՀԺԿ-ի առաջարկը չի ընդունվում։

Քաջազնունին զարմանք է հայտնում Հայ ժողովրդական կուսակցության առաջարկի առթիվ.

«Այդ առաջարկը դուրս է օրենքի հասկացողությունից, դուրս է իրավունքի հասկացողությունից, դուրս է, վերջապես, պետականության հասկացողությունից։ Ինչպե՞ս կարող է մի բոլորովին օտար եւ անկախ պետության հայությունը Հայաստանի պառլամենտում ներկայացուցչություն ունենալ՝ թեկուզ եւ խորհրդակցական ձայնով։ Ճանաչել այդպիսի ներկայացուցչությունը՝ նշանակում է քանդել հայկական պետությունը։ Տարօրինակ է նաեւ առաջարկի երկրորդ մասը, այն, որով առաջարկվում է Հայաստանի պառլամենտին մյուս պետությունների սահմաններում գտնվող Հայոց ազգային խորհուրդներում ներկայացուցիչներ ունենալ։ Ո՞վ կճանաչի այդ ներկայացուցչի իրավունքները, կամ՝ որ պետությունը թույլ կտա մի օտարահպատակի նրա պետական գործերի մեջ խառնվելու» (Հայաստանի անկախության հռչակումը եւ իշխանության կենտրոնական մարմինների ձեւավորումը, 1918թ. մայիս-հունիս, Երեւան, 2009):

Հայաստանի Հանրապետության խորհրդարանը

1918թ. օգոստոսի 1-ին Երեւանի քաղաքային ակումբի թատերասրահում տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության խորհրդարանի առաջին հանդիսավոր նիստը։ Մամուլը եւ ականատեսները գրում էին, որ քաղաքը տոնական տեսք ուներ, հազարավոր մարդիկ հավաքվել էին շենքի մոտ, զինվորները պատվո շարք էին կանգնել։ Ակումբի շենքը զարդարված էր եռագույն դրոշներով։ Խորհրդարանի անդրանիկ նիստին մասնակցում էր կառավարությունը մինիստր-նախագահ (վարչապետ) Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ։

«Մշակ», 10 օգոստոսի, 1918թ., թիվ 157

 

«Ձախ կողմի օթյակներում նստած էին գերման, ավստրիական եւ թուրք կառավարությանց ներկայացուցիչները, պարսից հյուպատոսը, թուրքաց եւ ռուսաց ազգային խորհուրդների ներկայացուցիչները, աջ կողմում նստած էին հայկական կորպուսի հրամանատար գեն. Նազարբեկյանը, գեն. Սիլիկյանը եւ այլ զինվորականներ: Մեկ օթյակ հատկացված էր մամուլի ներկայացուցիչներին, իսկ դահլիճի մեկ մասը ամֆիթատրոնի եւ պատշգամբի հետ միասին բռնել էին հյուրերը: Հայաստանի խորհրդի անդամները նստած էին հետեւյալ կարգով՝ աջ կողմը Հայ Ժողովրդական կուսակցության ֆրակցիան, թուրք, եզիդի եւ ռուս պատգամավորները, կենտրոնը եւ ձախի մեկ մասը բռնել էր Դաշնակցության ֆրակցիան, ձախ կողմը սոց.-դեմոկրատները եւ սոց.-հեղափոխականները»:

Խորհրդարանի կազմը

Հայաստանի Հանրապետության առաջին խորհրդարանն ուներ 36 կուսակցական պատգամավոր՝ ՀՅԴ-ից, սոցիալ-դեմոկրատներից, էսէռներից եւ Հայ ժողովրդական կուսակցությունից։ Եւս երկու պատգամավոր անկուսակցական էին։

Մահմեդականներն ունեին 6, ռուսները՝ 1, եզդիները՝ 1 պատգամավոր։

Ընդհանուր առմամբ խորհրդարանն ուներ 46 պատգամավոր։ Ահա նրանց անունները՝

Հայ հեղափոխական դաշնակցություն. Ավետիս Ահարոնյան, Սիրական Տիգրանյան, Սմբատ Խաչատրյան, Ավետիք Սահակյան, Արտաշես Բաբալյան, Սահակ Թորոսյան, Հայկ Սարգսյան, Ռուբեն Տեր-Մինասյան, Բժիշկ Հովհաննես Տեր-Միքայելյան, Բժիշկ Արշակ Ղազարյան, Դրո, Հովակիմ Բուդաղյան, Եփրեմ Սարգսյան, Տիգրան Ռաշմաճյան, Թադեւոս Տոշյան, Արշալույս Աստվածատրյան, Հակոբ Տեր-Հակոբյան, Արտաշես Վանցյան։

Սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն՝ Արշավիր Մելիքյան, Հայկ Ազատյան, Միքայել Ղարաբեկյան, Թադեոս Ավդալբեկյան, Ալեքսանդր Մելիք-Աղաջանյան, Հովհաննես Զաքարյան։

Սոցիալիստ-հեղափոխականների կուսակցություն՝ Արմենակ Ավետիքյան, Դավիթ Զուբյան, Արշամ Խոնդկարյան, Բժիշկ Գրիգոր Տեր-Հակոբյան, Գաբրիել Տեր-Օհանյան, Գրիգոր Տեր-Օհանյան։

Հայ ժողովրդական կուսակցություն. Հովհաննես Մելիքյան, Ստեփան Մալխասյան, Արշալույս Մխիթարյան, Գարեգին Ենգիբարյան, Սիրական Տեր-Մարտիրոսյան, Գրիգոր Տեր-Խաչատրյան։

Անկուսակցականներ. Ստեփան Մամիկոնյան, Պետրոս Զաքարյան։

Մուսուլմանների պատգամավորներ. Սեյիդ-Ռիզա Միր-Բաբաեւ, Միրզա Ջաբար Մամեդով, Ախպեր աղա Իսմայիլով, Միր-Բաղիր Միր-Բաբաեւ, Մամեդ բեկ Մամեդբեկով, Ասադ բեկ Աղաբաբեկով։

Ռուսաց պատգամավոր. Իվան Իվանովիչ Զորին

Եզիդի պատգամավոր. Յուսուֆ բեկ Թեյմուրով

Միակ լիազոր մարմինը

Ամբիոն է բարձրանում Ազգային խորհրդի նախագահի տեղակալ Ավետիք Սահակյանը եւ ողջունում ներկաներին։ Նա հայտարարում է, որ այսուհետեւ Խորհուրդն է լինելու միակ լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետությունում:

«Այո, մեր հանրապետությունը փոքր է ու նեղ իր սահմաններով, նա զրկվել է իր ամենագնահատելի երկրամասերից ու չի կարող իր մեջ տեղավորել ամբողջ ազգաբնակությունը եւ կարծես թե պայմաններ չունի անկախ գոյության համար: Բայց ես կարծում եմ, որ երկրի սահմանները կընդարձակվեն կյանքի երկաթե օրենքի ուժով, մեր արդար եւ անվիճելի իրավունքների պաշտպանությամբ գրաված հողամասերի վերաբերմամբ եւ նոր բարեկամական դաշինքով Թուրքիայի ու նրա դաշնակից պետությունների հետ, որոնց ներկայացուցիչները ներկա են այստեղ: Մենք ընտրել ենք համաձայնության եւ խաղաղության ուղին եւ ուզում ենք հուսալ, որ չենք սխալված»,- ասում էր նա։

Դիմելով կառավարությանը՝ Ավետիք Սահակյանը հույս էր հայտնում, որ այն լծվելու է հայրենիքի շենացման ու կայացման գործին, ամրապնդելու է քաղաքական ազատությունները եւ մարդկանց սոցիալական պահանջները։

Սահակյանն առաջարկում է խորհրդարանի նախագահ ընտրել։ ՀՅԴ ներկայացուցիչ Սմբատ Խաչատրյանը խմբակցության անունից առաջարկում է Ավետիք Սահակյանի թեկնածությունը, որին կողմ են քվեարկում բոլոր պատգամավորները, բացի սոցիալ-դեմոկրատներից։

Այնուհետեւ ընտրվում են Խորհրդի փոխնախագահները՝ Հայ ժողովրդական կուսակցությունից՝ Գ. Տեր-Խաչատրյանը, եւ էսէռներից՝ Դավիթ Զուբյանը:

Զորահանդեսը

Խորհրդարանի նիստից հետո փոքրիկ զորահանդես է տեղի ունենում։ Ակումբի դիմաց երկշարք կանգնած էր զորքը, եւ գեն. Նազարբեկյանը Խորհրդի նախագահ Քաջազնունու, Գերմանիայի, Թուրքիայի եւ Ավստրիայի զինվորական ներկայացուցիչների հետ ընդունում է զորահանդեսը: Այնուհետեւ զինվորական երաժշտախմբերի նվագով ու զինվորական երթով զորքն անցնում է Աստաֆյան փողոցով (Աբովյան) դեպի Տեր-Ղուկասյան փողոցը (Նալբանդյան) եւ ուղեւորվում դեպի զորանոցները:

Կատաստրոֆային իրավիճակ

Հայաստանի խորհրդի երկրորդ նիստում 1918թ. օգոստոսի 3-ին վարչապետ Հովհաննես Քաջազնունին ներկայացնում է կառավարության ծրագիրը։

Այն բաղկացած էր հինգ հիմնական մասից՝ ներքին գործեր, ֆինանսներ, արդարադատություն, զինվորական եւ արտաքին գործեր։ Ծրագրի նախաբանում Քաջազնունին նշում էր, որ կառավարությունը ամեն ինչ պետք է սկսի սկզբից՝ «Անձեւ քաոսից եւ ավերակների կույտից, նա պետք է ստեղծի կենսունակ եւ աշխատունակ մի մարմին», ինչի պատճառով էլ կառավարությունը չի կարող ունենալ բազմակողմանի եւ լայն ծրագիր, ուստի սահմանափակվելու է անհետաձգելի խնդիրների լուծումով։

«Կառավարությունը գտնում է երկիրը այնպիսի վիճակի մեջ, որի բնորոշման համար մի բառ կա միայն՝ կատաստրոֆային: Կասեցնել քայքայման պրոցեսը, հանել երկիրը անիշխանական վիճակից ու ստեղծել պետական շինարարության համար անհրաժեշտ պայմաններ,- ահա թե ինչպես է ըմբռնում իր կոչումը ներկա կառավարությունը։ ...Պարզ է, որ նա չի ընդգրկում երկրի բազմազան կարիքները իրենց ամբողջությամբ, որ նրա սահմաններից դուրս մնում են մի շարք կարեւոր եւ արդեն հասունացած խնդիրներ: Բայց կառավարությունը չի դնում հերթի այդ խնդիրները, որովհետեւ նրանց լուծումը այսօրվա պայմանների մեջ համարում է անկարելի: Կառավարությունը չի ուզում սխրանքների մեջ գցել երկիրը լայն հեռանկարներով եւ անիրագործելի խոստումներով, չի ուզում վերցնել իր վրա պարտավորություններ, որոնց կատարումը վեր է իր ուժերից: Կառավարությունը համոզված է, որ իր առաջադրած ծրագիրը maximum է այսօրվա հնարավորության»,- հայտարարել էր վարչապետը։

 

Կառավարության առջեւ ծառացած ամենահրատապ խնդիրների թվում երկրում նվազագույն անվտանգության ու ապահովության կազմակերպումն էր, ճանապարհների, երկաթուղու եւ փոստ-հեռագրային հաղորդակցության հաստատումը։ Պետք էր պարենով ապահովել բնակչությանը, տեղավորել գաղթականներին։ Ֆինանսական ոլորտում կառավարությունը պետք է հիմքեր ստեղծեր սեփական դրամը ներդնելու եւ կայունությունն ապահովելու համար։

Բանակաշինության գործում առաջնային նպատակը ոչ մեծաթիվ, սակայն կարգապահ եւ ուժեղ զինված ուժեր ունենալն էր։

Հայաստանի խորհրդարանի բացումն ու կառավարության ներկայացումը տեղի էր ունենում ծանրագույն պայմաններում՝ սով, ավերածություն, հարյուրհազարավոր գաղթականներ, ֆինանսների լիակատար բացակայություն, ամենաթողություն եւ չավարտված պատերազմ գրեթե բոլոր ուղղություններով։ Երեւանում հրատարակվող «Զանգ» թերթը օգոստոսի 4-ին գրում էր, որ եթե Հայաստանն ուրիշ պայմաններում լիներ, ապա օգոստոսի մեկը՝ խորհրդարանի բացման օրը, ուրախության ու ցնծության օր կլիներ։

 

«Զանգ», 4 օգոստոսի, 1918թ., թիվ 42

 

«Երեւան քաղաքն այդ օրը ուխտատեղի կլիներ ողջ հայության, ուր տարագիր ու տանջված հայը ամենահեռավոր անկյուններից՝ Ամերիկայից սկսած վերջացրած Հնդկաստանով՝ օր առաջ կուղարկեր իր ներկայացուցչությունը մասնակից լինելու իր ժողովրդի մեծ ուրախությանը:

Բայց կսկիծով ենք նկատելու, որ Հայաստանի Հանրապետության բացումը՝ պատմական այդ մեծ ակտը, կատարվեց շատ համեստ, խորհրդավոր ու զուսպ պայմաններում»։

 

***

 

Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար:

Նախագծի մասին

«Հանրապետությունը» Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920) հարյուրամյակին:
«Հանրապետությունը» ներկայացնում է պատմական իրադարձությունների ժամանակագրությունը, ժամանակակիցների հուշերը, մամուլի հրապարակումները:
Նախագիծը քաղաքական կամ քարոզչական նպատակներ չի հետապնդում: Գլխավոր նպատակը պատմական իրադարձություններն ավելի գրավիչ եւ ընկալելի դարձնելն է հասարակության, հատկապես, երիտասարդության համար:
Նախագծի առաջին մասը վերաբերում է 1917 թվականի նոյեմբերից 1918 թվականի հունիս ընկած ժամանակահատվածին:

Subscribe