Թիֆլիսի «Աշխատավոր» թերթի այս կարճ հաղորդագրությունն ազդարարում էր Ղարաբաղի ողբերգական ու հերոսական պայքարի հերթական շրջափուլը.
«Ամսոյս 21-ին Խանքենդում ասկյարները հանկարծակի թափվել են հայերի վրա եւ կոտորած սարքել։ Ավերված ու թալանված են հայերի տներն ու խանութները։ Սպանված հայերի թիվը հասնում է 60-65 հոգու։ Ճանապարհները հայերի համար միանգամայն անապահով են ու անանցանելի»։
1920թ. փետրվարին երկրամասը շրջափակելու եւ հնազանդեցնելու Ադրբեջանի նախապատրաստական աշխատանքը մոտեցել էր ավարտին, ինչին հաջորդելու էին արյունալի բախումներն ու Ղարաբաղի խաղաղ հայ բնակչության զանգվածային ջարդերը։
Սուլթանովի պահանջը
Ղարաբաղը գրեթե ամբողջովին շրջապատելուց եւ շուրջ 10 000 զինվոր ու սպա կենտրոնացնելուց հետո գեներալ-նահանգապետ Սուլթանովը փետրվարի 14-ին Շուշիում խորհրդակցություն է հրավիրում, որին մասնակցում էին Ազգային խորհրդի մի շարք անդամներ, նահանգապետին կից Խորհրդի հայ ներկայացուցիչներ, մտավորականներ։ Սուլթանովը պահանջում է անհապաղ ու վերջնականապես ընդունել Ադրբեջանի իշխանությունը։ Խորհրդակցության մասնակիցներն ասում են, որ նման պատասխանատու որոշում ընդունելու լիազորություն չունեն, եւ անհրաժեշտ է հրավիրել նոր համագումար վերջնական որոշման համար։ Սուլթանովը համաձայնվում է, սակայն պահանջում է, որ համագումարը հրավիրվի Շուշիում, որպեսզի ինքն ու իր ներկայացուցիչները կարողանան մասնակցել։
Ադրբեջանցիները լավ գիտեին, որ Զանգեզուրի հարցը ուժով լուծելու համար անհրաժեշտ էր հպատակեցնել ամբողջ Ղարաբաղը։ Բացի այդ, Հայաստանի կառավարությունը եւ ընդհանրապես Ղարաբաղի հայությունը սկսում էր աստիճանաբար վերակազմավորել ինքնապաշտպանական ուժերը, ինչը կարող էր հետագայում դժվարություններ ստեղծել ինչպես Ղարաբաղը, այնպես էլ Զանգեզուրը գրավելու գործում։ 1920թ. հունվարին Ղարաբաղում ստեղծված ինքնապաշտպանության կոմիտեն փորձում էր համախմբել ու կազմակերպել հայկական պառակտված ուժերը, եւ որոշ հաջողություններ արդեն արձանագրում էր։
«Փետրվարին համարյա ադրբեջանյան ամբողջ բանակը - մոտ 10 000 հոգի - հավաքված էր Ղարաբաղի ճակատում։ Ղարաբաղցիք տեսնում էին այդ եւ նույնպես պատրաստվում վիժեցնելու Սուլթանովի ծրագրերը։ Գավառում գործում էր Ինքնապաշտպանության մարմինը՝ սպա Զ. Մեսյանի, Ա. Միքայելյանի եւ ուրիշների մասնակցությամբ։ Ղարաբաղի եւ Զանգեզուրի միջեւ հաստատված էր համագործակցություն, եւ Ղարաբաղը դրսից ստանում էր ռազմամթերք ու նյութական օգնություն։ Երկու կողմերը՝ Սուլթանովն ու ղարաբաղցիք պատրաստվում էին տենդագին ու առանց ծածկելու»,- գրում է Սիմոն Վրացյանը։
7-րդ համագումարի որոշումները
Ադրբեջանի իշխանությունն ընդունելու պահանջը Սուլթանովը հիմնավորում էր 1919թ. օգոստոսի 23-ի Ղարաբաղի հայության 7-րդ համագումարի որոշումով, ըստ որի՝ Ազգային խորհուրդը ժամանակավորապես ընդունել էր Ադրբեջանի իշխանությունը։ Համաձայն այդ որոշման՝ Ղարաբաղի խնդիրը վերջնականապես պետք է լուծվեր Փարիզի հաշտության համաժողովում։ Ադրբեջանը շեշտում էր միմիայն իր իշխանությունն ընդունելու կետը, այնինչ 7-րդ համագումարի վերջնական փաստաթուղթը բաղկացած էր 26 կետից։ Ըստ Ադրբեջանի եւ Ղարաբաղի ստորագրած համաձայնության՝ Շուշիի, Ջեբրայիլի, Ջիվանշիրի շրջանները, որոնք ժամանակավորապես համարվում էին Ադրբեջանի կազմում, ձեւավորում էին առանձին, հատուկ վարչական միավոր՝ գեներալ-նահանգապետության կազմում, որի հայկական շրջաններում իշխանությունը ձեւավորվում էր միայն հայերից։ 15-րդ հոդվածով զորքերը տեղակայվում էին Խանքենդում եւ Շուշիում՝ խաղաղ ժամանակի անձնակազմով (в составе мирного времени)։
16-րդ հոդվածով հայերով բնակեցված Ղարաբաղի լեռնային շրջաններում զորքերի տեղաշարժ կարող էր իրականացվել խորհրդի անդամների 2/3-ի համաձայնության դեպքում։ 19-րդ հոդվածով մինչեւ Ղարաբաղի խնդրի վերջնական լուծումը Խաղաղության համաժողովում Ղարաբաղում դադարեցվում էր հայ եւ մուսուլման բնակչության զինաթափման գործընթացը։ Այս դրույթները Ադրբեջանը հետեւողականորեն խախտում էր։
«Այսօրվա ժամանակավորը»
1919-ին ձեռք բերված համաձայնությամբ՝ Ադրբեջանը պետք է ապահովեր նաեւ Ղարաբաղի ներքին անվտանգությունը, սակայն ժամանակը ցույց տվեց, որ համագումարին հաջորդած վեց ամսում Սուլթանովը ոչինչ չէր անում ավազակներին ու օրինախախտներին պատժելու եւ կայունություն հաստատելու համար։ Ղարաբաղի ինքնապաշտպանության կոմիտեի անդամ Արսեն Միքայելյանը գրում է, որ Սուլթանովն ամեն ինչ անում էր, որպեսզի Ղարաբաղում տարածվի ավազակությունը, թալանը եւ գողությունը. որքան թույլ լիներ օրինապահությունը, այնքան մեծ կլիներ «ուժեղ ձեռքի», այսինքն՝ Ադրբեջանի իշխանությունը հաստատելու ցանկությունը։
1919-ի օգոստոսի համաձայնագիրն Ադրբեջանի համար միայն ժամանակ շահելու միջոց էր, եւ ինչպես նշել է դեպքերի մասնակից Աբրահամ Կիսիբեկյանը. «Ադրբեջանի կառավարությունը ստիպված էր նման պայմանագիրն ընդունելու, որովհետեւ նա դեռ իրեն ապահով չէր զգում եւ միեւնույն ժամանակ մտածում էր, «այսօրվա ժամանակավորը» վաղը կդարձնենք մշտական, այլ կերպ արտահայտած` «Դու իմ ոտքին տեղ արա, ես իմ հետույքին տեղ կանեմ», ինչպես ասում է ժողովրդական առածը» (Աբրահամ Կիսիբեկյանի հուշերը Լեռնային Ղարաբաղի 1919-1920թթ. իրադարձությունների մասին, Բանբեր Հայաստանի արխիվների, թիվ 2, 2009թ.)։
1920-ի փետրվարին Սուլթանովն ավելի ինքնավստահ էր եւ այլեւս չէր ցանկանում հաշվի նստել հեռավոր Փարիզի որոշումների հետ։ Հայտնի խորհրդակցության ժամանակ նա ասել էր. «Ազգային խորհուրդը ինչպե՞ս է նայում Ղարաբաղի ապագայի վրա։ Խաղաղության համաժողովն այլեւս գոյություն չունի։ Ֆրանսիան, Իտալիան չեն կարող եփել իրենց ապուրը, ո՜ւր մնաց մեր կաշան եւ մենք ինքներս պետք է ելնենք այս աննորմալ վիճակեն» (Արսեն Միքայելյան, Ղարաբաղի վերջին դեպքերը, Հայրենիք, 1923թ., թիվ 9, Բոստոն)։
Խանքենդի ջարդերի նույն օրերին Շուշի-Եվլախ ճանապարհին, որն անցնում էր Ասկերանի միջով, թաթարները հարձակվում են ջրաղացներում ցորենն աղալու բերած հայ գյուղացիների վրա եւ սպանում մոտ 10 հոգու։ Նույն օրերին Աղդամում սպանվում է խաչենցի 15 հայ։
8-րդ համագումարը եւ հայերի տարաձայնությունները
Փետրվարի 28-ին հրավիրվում է Ղարաբաղի հայերի 8-րդ համագումարը, որը պետք է քննարկեր Սուլթանովի պահանջները եւ վերջնական որոշում կայացներ։ Հայաստանի կառավարությունը նույնպես հետեւում էր Ղարաբաղի իրադարձություններին։ Փետրվարի 26-ին արտաքին գործերի նախարար Խատիսյանը հեռագրում է Թիֆլիսում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Եվանգուլյանին, որ 7-րդ համագումարի որոշումներն ընդունելուց բացի, որեւէ այլ զիջում ադրբեջանցիներին անել չի կարելի։ Մի քանի օր անց ղարաբաղցիներին Երեւանի հայրենակցական միության նախագահ Բալայանը հայտնում է Հայաստանի վարչապետին, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 7-րդ համագումարի որոշումները, մասնավորապես՝ ցանկանում է զորք տեղակայել Վարանդայում եւ Ջրաբերդում (Нагорный Карабах 1918-1923гг. Сборник документов и материалов, Ереван 1992):
Համագումարն աշխատանքը սկսում է փետրվարի 28-ին Շուշիի Մարիամ Ղուկասյան օրիորդաց դպրոցի դահլիճում, սակայն առաջին իսկ օրը պարզվում է, որ ներկա են մոտ 10 պատգամավոր 100-150-ի փոխարեն։ Մի քանի ժամ անց Շոշ գյուղից տեղեկություն է ստացվում, որ այնտեղ իր աշխատանքն է սկսել 8-րդ համագումարը, որին ներկա է 100-ից ավելի պատգամավոր, ովքեր կոչ են անում Շուշիում հավաքվածներին գնալ եւ միանալ մեծամասնությանը։ Արշավիր Քամալյանին ուղարկում են Շոշ, սակայն շուտով նա վերադառնում է եւ ասում, որ պատգամավորները հրաժարվում են Շուշի գալ։
Այստեղ հարկ է նշել, որ Ղարաբաղում զգալի տարաձայնություններ կային Շուշիի քաղաքային եւ գավառների բնակչության միջեւ։ Քաղաքում բավականին ուժեղ դիրքեր ունեին բոլշեւիկները, էսէռները եւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնք մշտապես դեմ էին ՀՅԴ-ի գործունեությանը եւ հիմնականում հանդես էին գալիս Ադրբեջանի իշխանությունն ընդունելու օգտին։ Արսեն Միքայելյանը գրում է, որ Գյուլիստանի, Ջիվանշիրի, Խաչենի պատգամավորները գիշերը զինված անցնում են ադրբեջանցիների հսկողության տակ գտնվող Շուշի-Եվլախ ճանապարհը, եւ հասնում Շոշ՝ կտրականապես հրաժարվելով գնալ Շուշի։
«Երկու օր շարունակ տեղի են ունենում բանակցություններ գավառի եւ քաղաքի միջեւ եւ գրավոր առաջարկ-պատասխաններ։ «Քաղաքը» կամենում է համոզել «գավառին», որ գա քաղաք, որ հոն ապահով է եւ ազատ կերպով կրնան իրենց կարծիքները հայտնել։ Գավառը չի վստահում քաղաք երթալ եւ Սուլթանովի սպառնալիքի տակ գործել ու պահանջում է, որ քաղաքի փոքրամասնությունը ենթարկվի գավառի մեծամասնության կամքին։ Այդ բանակցությունները ոչ մի արդյուք չեն տալիս եւ համաձայնություն տեղի չի ունենում» (Արսեն Միքայելյան, Ղարաբաղի վերջին դեպքերը, Հայրենիք, 1923թ., թիվ 9, Բոստոն)։
Արսեն Միքայելյանը նաեւ գրում է, որ գավառների բնակիչներն ավելի ռազմական էին, լի վրեժով ու ադրբեջանցիներին մինչեւ վերջ դիմադրելու ու Ղարաբաղից դուրս քշելու վճռականությամբ՝ «քաղաքի մեղկ եւ թույլ տրամադրությանց դիմաց կար գավառի տրամադրությունը»։
Ներքին տարաձայնությունները բացասական ազդեցություն են ունենում համագումարի որոշումների վրա։ Աբրահամ Կիսիբեկյանը գրում է, որ Շուշիում քննարկվում էր երկու տեսակետ. «Ադրբեջանի կողմնակիցներ, որը գլխավորում էր բոլշեւիկյան կուսակցությունը՝ բժ. Ս. Համբարձումյանի եւ Ալ. Ծատուրյանի ղեկավարությամբ եւ Հայաստանի կողմնակիցներ՝ գլխավորում էր դաշնակցական կուսակցությունը՝ Հովակ Ստեփանյանի ղեկավարությամբ» (Աբրահամ Կիսիբեկյանի հուշերը Լեռնային Ղարաբաղի 1919-1920թթ. իրադարձությունների մասին, Բանբեր Հայաստանի արխիվների, թիվ 2, 2009թ.):
«Ազգային խորհուրդն այլեւս գոյություն չուներ»
8-րդ համագումարից հետո Ղարաբաղում ստեղծված իրավիճակը այսպես է նկարագրում Աբրահամ Կիսիբեկյանը.
«Համագումարը վերջացավ: Քաղաքում հասարակական կյանքը կանգ առավ: Վաղուց դադարել էին լույս տեսնել թերթերը, դադարեցին պարապմունքները դպրոցներում: Ազգային խորհուրդն այլեւս գոյություն չուներ, նահանգապետին կից խորհրդի հայ անդամների գոյությունը նույնպես դադարել էր: Քաղաքի աչքի ընկնող գործիչներից շատերը խուսափելով Սուլթանովի հետապնդումներից` հեռացել էին, իսկ մնացածներն անօգնական ու անպաշտպան, սարսափահար սպասում էին ամեն մի պատահարի, իսկ թե քաղաքի ինքնապաշտպանության մասին ի՞նչ էին մտածում, ոչ ոք ոչինչ չգիտեր: Ասում էին, որ բոլոր տղամարդիկ գտնվում են գավառում ստեղծված կենտրոնական շտաբի կարգադրության տակ:
Շատ բաներ էին խոսում, միայն մի բան էր պարզ, որ երկու կողմից էլ պատրաստություններ էին տեսնվում եւ բոլորն էլ զգում էին, որ շուտով կռիվ կլինի...»:
***