1919թ. նոյեմբերին ադրբեջանական մեծ հարձակման հիմնական՝ Գորիսի ուղղությանը զուգահեռ թշնամին գրոհում է նաեւ Վայոց ձորի վրա։

Այս ուղղությամբ հարձակումն ուներ ռազմական երկու նպատակ. առաջին՝ ճեղքել հայերի պաշտպանությունը, դուրս գալ դեպի Եղեգնաձոր (Քեշիշքենդ), փակել Զանգեզուր տանող գլխավոր ճանապարհը, ապա միանալ Նոր Բայազետի շրջանի թաթարական ուժերին, եւ երկրորդ՝ հարվածել Զանգեզուրին արեւմուտքից, ստեղծել երկրորդ ճակատը եւ թույլ չտալ Վայոց ձորի ու Սիսիանի շրջաններից օժանդակ զորք ուղարկել Գորիս։

 Խալիլ բեյի հարձակումն ու փախուստը

1919թ. նոյեմբերի 6-ին շուրջ 600 թաթար զինվոր եւ տեղացի զինված խմբեր Խալիլ բեյի հրամանատարությամբ, 4 գնդացրով եւ մեկ թնդանոթով հարձակում են սկսում Վայոց ձորի վրա։ Նրանք կարողանում են գրավել Սուլթանբեկ եւ Սես հայկական գյուղերը։ Հաջորդ օրը, շարունակելով առաջխաղացումը, թուրքերը գրավում են նաեւ Մարտիրոս եւ Փաշալու գյուղերը, ապա ամրանում Ջուլ գյուղում (ներկայի Վայոց ձորի Արտավան գյուղը)։

«Հառաջ», 23 նոյեմբերի, 1919թ., թիվ 53

«Ջուլը համանուն շրջանի կենտրոնական ավանն է, իր դիրքերով միանգամայն անառիկ, իսկ ժողովուրդը քաջ ու կռվասեր։ Թուրք զորքերը կենտրոնանալով Ջուլում, բնականաբար կազմակերպում ու իրենց հետ միացնում են նաեւ շրջանի 10-ից ավելի թուրք գյուղեր եւ լուրջ վտանգի ենթարկում մի կողմից Դարալագյազ–Զանգեզուր տանող ճանապարհը, մյուս կողմից՝ սպառնում Դարալագյազի սրտին՝ Քեշիշքենդին (Եղեգնաձոր)»։

Ջուլը հիմնականում թաթարաբնակ գյուղ էր՝ շուրջ 1000 տնով, որտեղ հաստատվել էին Մակուից տեղափոխված թուրքական ստորաբաժանումները։ Նրանք լավ զինված էին եւ մշտական սպառնալիք էին հայերի համար։ Առեւտրական քարավանները, ճանապարհորդներն ու գյուղացիները հարձակման ու կողոպուտի էին ենթարկվում, իսկ սպանությունները սովորական էին դարձել։ 1919թ. նոյեմբերի 17-ին հայկական ուժերը հարձակման են անցնում եւ գրավում Ջուլ գյուղը։ Խալիլ բեյը փախչում է։ Ձախողվում է ադրբեջանական հարձակման նաեւ այս ուղղությունը։

«Մահվան շունչն էր փչում այդ գյուղից եւ հենց այդ է պատճառը, որ այսօր Սիսիանի եւ Դարալագյազի հայ գյուղացիությունը հետ մղելով Խալիլ բեյի հարձակումները, գրավել է եւ այդ անառիկ Անուշ բերդը, որի անունն է Ջուլ»,- գրում էր «Հառաջ» թերթը 1919-ի նոյեմբերի 23-ին։

Ջուլի ազատագրման գործողությանը մասնակցում էին Դարալագյազի եւ Սիսիանի ջոկատները, որոնք գրավում են ամբողջ շրջանը՝ Կոբչեկ, Տերն, Դեյլիկողակ, Կայալու գյուղերը։ Ինչպես նշում է հայտնի հետախույզ Տիգրան Դեւոյանցը, այս գործողությունը «ավելի ուժեղացրեց Դարալագյազի կապը Զանգեզուրի հետ»։

Նոր գրոհներ

Նոյեմբերի 25-ին թուրքական 2500-հոգանոց ստորաբաժանումը երկու թնդանոթով ու գնդացիրներով հարձակվում է Սիսիանի վրա, սակայն դարձյալ պարտություն է կրում եւ շուրջ 70 սպանված թողնելով՝ նահանջում է։ Չորս օր անց հետեւում է Նախիջեւանի թաթարների նոր գրոհը Արփի, Ռինդա եւ Այնաձոր գյուղերի ուղղությամբ։

«Թուրքերի նպատակն էր գրավել Սելիմի լեռնանցքը՝ նպատակ ունենալով կտրել Դարալագյազը Նոր Բայազետից եւ հետեւաբար մնացած Հայաստանից։ Բայց մի շարք կատաղի կռիվներից հետո դեկտեմբերի 5-ին թաթարների առաջխաղացումը հետ մղվեց։ Մեր զորքերը այդ միջոցին Շարուր-Դարալագյազի շրջանում գրավում էին հետեւյալ գիծը՝ Խոր-Վիրապ, Կաչիկ-Վեդի, Չանզլի գյուղը, Ալլա-Ակպեր լեռը, Սելիմի անցքը եւ Արփա, Խաչիկ, Սուլթանբեկ գյուղերը»,- գրում է Դեւոյանցը (Տիգրան Դեւոյանց, Կյանքիս դրվագներից, «Հայրենիք», թիվ 5, 1945թ., Բոստոն):

Նոյեմբերյան կռիվների ժամանակ հայկական ուժերը միայն պաշտպանության չէ, որ դիմում էին։ Կապանի բնակչության համար սպառնալիք էր նաեւ Ողջի եւ Գեղվա ձորերի թաթարական բնակավայրերը, որոնք շրջապատել էին մոտակա հայկական գյուղերը, ասպատակում էին եւ ճնշում հայ բնակչությանը։ Թեեւ Զանգեզուրի եւ Դարալագյազի (Վայոց ձոր) հարձակման ժամանակ Կապարգողթի վրա հարձակում չեղավ, սակայն Կապանի Ազգային խորհուրդն ու զինվորական ղեկավարությունը որոշում է չեզոքացնել թաթարական սպառնալիքը։

«Ալլահդուլիները, Խանդուլիներն ու Մուստափաները նորանոր դավեր ու որոգայթներ էին լարում կենտրոնական Ղափանի դեմ, ոտնակոխ անելով նրան եւ կապ հաստատելով Ադրբեջանի հետ, բաժանելու Զանգեզուրը։ Այս ամենին ականատես եւ ականջալուր էին մեր խոհեմ եւ հեռատես քաղաքագետները, որոնց համբերությունն այն արդյունքն ունեցավ, որ թուրք ղեկավարները մեծահոգությունը վախկոտության վերագրելով, կտրեցին Օխջու ձորի հայերի հաղորդակցությունը Հանքերի հետ։ Չորս ժամվա ճանապարհը 2 օր լեռնային անցքերով պետք էր կատարել, այն էլ ձմեռվա 3 ամիսը գրեթե անանցանելի։ Մեր դաշտերում եւ անտառներում դարանամուտ եղած թուրքերը սկսեցին որսալ հայերին կենդանի կամ գնդակահարելով տեղն ու տեղը թալանեցին։ Քշեցին 1000-ավոր գլուխ մեծ ու փոքր եղջյուրավոր անասուններ եւ վերջնականապես քայքայեցին հայի տնտեսությունը» (Հուշեր Զանգեզուրի հերոսամարտից, «Սյունիք», 23 մայիսի, 1920թ., թիվ 18

Ողջիի ձորը կտրում էր նաեւ կապը Գողթնի վեց հայկական գյուղերի հետ, որոնց հոկտեմբերի սկզբին օգնության էր հասել Գառնեցի Ղազար Քոչարյանի զորախումբը։ «Ազատ մնացած գյուղերն էին Բիստ, Ալահի, Մեսրոպավան, Փառակա, Ցղնա եւ Ռամիս, որոնք գտնվում էին պաշարված վիճակում։ Տիրում էր պարենի անասելի տագնապ. հարաբերության եւ մթերք ստանալու միակ ճանապարհը Ղափուչուխի լեռնանցքն էր՝ 12 853 ոտք բարձրությամբ, այն էլ վտանգված Օխչի ձորի ապստամբ թուրքերի կողմից»,- գրում է Սիմոն Վրացյանը։

Նոյեմբերի 12-ին թուրքերը գրոհում են Բիստը, սակայն խմբապետ Ղազարի մարտիկներն ու գյուղի բնակիչների ինքնապաշտպանական ուժերը ջախջախում են նրանց։ Նոյեմբերի 25-ին ավելի մեծ հարձակում է արվում Բիստի, Ալահիի, Մեսրոպավանի եւ Ռամիսի ուղղությամբ. դարձյալ անարդյունք։

Նոյեմբերի 2-ին թուրքական երկու վաշտ անցնում է Ողջիի ձորը եւ հաստատվում թաթարական գյուղերում։ Նժդեհի հրամանով հայկական ուժերը գրավում են Ալի-Ջանղր անունով բարձունքը, որտեղով թաթարները Նախիջեւանից զենք ու զինամթերք էին ստանում։ Այդ դեպքից հետո թաթարները սկսում են պաշտպանական ամրություններ կառուցել։ Հայկական հրամանատարությունը վերջնականապես որոշում է գրոհել եւ թաթարներից մաքրել Ողջիի ձորը (Արամ Սիմոնյան, «Զանգեզուրի գոյապայքարը 1917-1920թթ.», Երեւան, 2017թ.

 

 

«Զանգեզուրի ռազմական ուժերի գերագույն հրամանատարին

 

11 նոյեմբերի, 1919թ.

Ղափանի հանքեր

 

Ղափանի, Գենվազի, ինչպես եւ ամբողջ Զանգեզուրի համար ճակատագրական նշանակություն է ստացել Օխչիի, Գեղվա ձորի եւ Շիխլարի թրքությունը, որը սերտ կապեր ունենալով Նախիջեւանի կառավարության հետ ամենաեռուն պատրաստությունների մեջ է՝ պատեհ առիթին տեղահան անելու Գողթանը եւ զարկելու Զանգեզուրի հայությունը թիկունքից։

 

Այսպիսի հանգամանքներում դանդաղելը եւ Հասկելյան բանակցությունների հետեւանքին սպասելը ոչ թե միայն ձգձգած կլինի գործը, այլեւ գուցե վտանգ է Զանգեզուրի գոյությանը, ինչպես եւ Գողթանը ընդմիշտ։ Ի նկատի ունենալով այս բոլորը՝ եկել եմ վերջնական համոզման, որ օր առաջ պիտի ձեռնարկվի հիշյալ ձորերի գրավմանը։ Գողթան-Գենվազ-Ղափանը ունենալով իմ ղեկավարության տակ այս ճակատի գործողությունները պատկերացնում եմ հետեւյալ ձեւով.

 

1․ Գենվազը գրավում է Օխչին եւ շարժվում դեպի Գեղվա ձորը։

 

2․ Ղափանը խփում է Գեղվա ձորին մինչեւ Ինջաբելի գիծը։

 

3․ Գողթանը գրավելով Խուրս-Նուրգութը եւ Թիլլաքը կտրում է Գիղի-Նախիջեւանի գիծը։

 

Կապիտան Նժդեհ»

 

(Գ. Նժդեհ, «Նամակներ, գրություններ, հեռագրեր», Երկեր, հատոր երկրորդ, Երեւան, 2002թ.)

 

 

Նոյեմբերի 18-ին Նժդեհի մարտիկները մոտ 200 հոգով շրջապատում են Ողջիի ձորը եւ թաթարներին հրամայում հանձնվել։ Սկզբնապես թաթարները բանակցում են, սակայն հետո կրակ են բացում։ Հայ մարտիկներն անցնում են գրոհի եւ ամբողջությամբ ոչնչացնում թշնամուն։ «Կտրվին կռվի նշանները եւ առաջին օրեն իսկ պայթուցիկ տակառները մահ կսփռեն հակառակորդ բանակներու մեջ։ Թշնամի ոչ մի զինվոր ու սպա կազատի։ Նույն օրը կգրավվին Շաբադին, Օխչի, Փերդովտան, Արալըխ ու քանի մը ուրիշ գյուղեր» (Վարդան Գէորգեան, «Լեռնահայաստանի հերոսամարտը (1919-1921)», Երեւան, 2010

Այսպես Նժդեհի ջանքերով ոչնչացվում է Կապարգողթի սրտում խրված թշնամու հենակետերից մեկը։ Հաջորդը Գեղվա ձորի գործողությունն էր։

 

***

 

Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար: