Հայ-ադրբեջանական հակասությունները կարգավորելու համաժողովը պետք է հրավիրվեր 1919թ. նոյեմբերի 2-ին. այսպիսի նախնական պայմանավորվածություն էին ձեռք բերել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները:

 

Սակայն նոյեմբերի 5-ին սկսված հարձակումը ամբողջությամբ փոխում է իրավիճակը։ Ադրբեջանական լայնածավալ հարձակումը Զանգեզուրի ուղղությամբ սպառնում էր ապակայունացնել իրավիճակը ողջ Անդրկովկասում, ինչն առաջացնում է ամերիկյան, բրիտանական եւ վրացական դիվանագիտական շրջանակների մտահոգությունը։ Խնդիրն այն էր, որ Ադրբեջանը Զանգեզուրն ընկճելու նպատակով տարբեր շրջաններից ռազմական ուժեր էր տեղափոխել, ինչը զգալիորեն թուլացրել էր նրա հյուսիսային սահմանները, որտեղից արդեն մի քանի ամիս էր՝ նրան սպառնում էին Դենիկինի կամավորական բանակի ուժերը։ Չնայած ամերիկյան եւ բրիտանական զինվորական ներկայացուցիչները վստահեցրել էին Ադրբեջանի ղեկավարությանը, թե Դենիկինը չի ներխուժի Ադրբեջան, այնուամենայնիվ, վտանգը մեծ էր։

Դենիկինի ներխուժման հարցն անհանգստացնում էր նաեւ Վրաստանին։ Բացի այդ, 1919թ. հոկտեմբերին Վրաստանի տարբեր շրջաններում բռնկվել էին ժողովրդական հուզումներ եւ ապստամբություններ, որոնք Վրաստանի իշխանությունները ներկայացնում էին որպես բոլշեւիկյան ապստամբություն։ Զանգեզուրի կռիվները կարող էին վերածվել հայ-ադրբեջանական լայնածավալ պատերազմի, ինչը վերը նշված իրադարձությունների հետ կարող էր առիթ դառնալ հյուսիսից ներխուժման կամ Անդրկովկասի երեք հանրապետության միջազգային հեղինակությունը սասանելուն։ Սա էր պատճառը, որ 1919թ. նոյեմբերին ռազմական գործողություններին զուգահեռ ընթանում էր դիվանագիտական ակտիվ աշխատանք, եւ Վրաստանը ամերիկյան ու բրիտանական ներկայացուցիչների հետ առաջին անգամ դառնում է հայ-ադրբեջանական հակամարտության միջնորդ։

Միայն խաղաղ ճանապարհով

Զանգեզուրում ռազմական գործողությունները սկսվելուց հետո Հայաստանի արտաքին գործերի նախարար Խատիսյանը հուշագիր է հղում Ադրբեջանի ԱԳ նախարարին, որտեղ ասված էր, որ հարձակման պատճառով Հայաստանը չի ուղարկում իր ներկայացուցիչներին Բաքու։ Հայաստանի կառավարությունը մեկ անգամ եւս հավաստում էր, որ երկու երկրի միջեւ առկա բոլոր վեճերը պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով՝ միաժամանակ զգուշացնելով, որ «արյունալի դեպքերի հետագա զարգացման եւ նրա հետեւանքներից Անդրկովկասի ամբողջ պատասխանատվությունը թողնում է Ադրբեջանի կառավարության վրա»։

1919թ. նոյեմբերի 13-ին Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարություններին դիմում են Անդրկովկասում Մեծ Բրիտանիայի զինվորական առաքելության ղեկավար Օլիվեր Ուորդրոպը եւ գլխավոր կոմիսար, Հասքելի տեղակալ գնդապետ Ջեյմս Ռեյը։ Նրանք կողմերին զգուշացնում էին, որ ռազմական գործողությունների հետագա ծավալումը կարող է վերաճել լայնամասշտաբ պատերազմի, որը «կհարուցանե ուժեղ նախապաշարմունք երկու կողմերու պահանջներու իրավասության մասին ամբողջ աշխարհի աչքում ընդհանրապես եւ խաղաղության համաժողովին մասնավորապես, ուստի ես հաստատապես խորհուրդ եմ տալիս ձեզ, ամեն գնով աշխատել հետ կասեցնել ընդհարումները եւ ամեն հնարավոր միջոցներով աջակցել խաղաղության վերականգնման եւ լուրջ նախազգուշացնում եմ Ձեզ, որ եթե փորձե լուծել այդ խնդիրը զենքի ուժով՝ կծառայե ի վնաս Ձեր կենսական շահերին»։

Ամերիկացիների ու բրիտանացիների հաղորդագրությունն առաջացնում է հայկական կողմի վրդովմունքը։ Նոյեմբերի 14-ին Խատիսյանը հեռագրում է Թիֆլիսում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Եվանգուլյանին․

 

«...Հարձակվել է Ադրբեջանը, ոչ թե մենք, մենք միայն պաշտպանվում ենք: Խնդրում եմ շտապ հայտնել նրանց, որ մենք խնդրում ենք կտրականապես երաշխավորել մեզ հարձակումից եւ մաքրել Դարալագյազը եւ Զանգեզուրը թաթարներից, նրանց ներկայացուցիչներին ուղարկել տեղերը, որպեսզի իրենք համոզվեն, թե որն է ճշմարտությունը: Մենք մշտապես կողմ ենք եղել եւ հիմա էլ կողմ ենք Ռեյի եւ Ուորդրոպի տեսակետին: Ապացույցը՝ մեր մշտական խնդրանքն է դադարեցնել ադրբեջանական եւ թուրքական բանդաների առաջխաղացումը եւ խորհրդաժողովի հրավիրումը: Խնդրեք նրանց մեզ անհապաղ հայտնել Ադրբեջանի պատասխանը, եւ ինչպիսին պետք է լինեն մեր գործողություններն այդ հայտարարությունից հետո» (ՀԱԱ, Ֆ.275, ց.6, գ.6, թերթ 1):

 

 

Նույն օրը Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հեռագրում է Ուորդրոպին ու Ռեյին՝ ասելով, որ Հայաստանը միշտ կողմ է եղել խնդիրների խաղաղ կարգավորմանը, ինչի ապացույցը նոյեմբերի 20-ին հրավիրվելիք հայ-ադրբեջանական համաժողովն է։

«Զանգեզուրը Ադրբեջանի անբաժանելի մասն է»

Չնայած բանակցային գործընթացին, Թիֆլիսում եւ Բաքվում մշտական հանդիպումներին, Ադրբեջանը շարունակում էր ռազմական գործողությունները։ Այս մարտավարությունը ակտիվորեն կիրառում էին նաեւ թուրքերը 1918թ. հունվար-հունիսին, երբ Բաթումում ու Տրապիզոնում ընթացող բանակցություններին զուգահեռ շարունակում էին ռազմական գործողություններն ու առաջխաղացումը։

Նոյեմբերի 16-ին գնդապետ Ռեյը հատուկ գրություն է հղում Ադրբեջանի վարչապետ Ուսուբբեկովին, որտեղ մտահոգություն էր հայտնում, որ ռազմական գործողությունները Զանգեզուրում կարող են վտանգել հաշտության համաժողովը։

Մեկ օր անց, ի պատասխան Ռեյի հեռագրի, Ուսուբբեկովը հայտնում է, որ Ադրբեջանի կառավարությունը պատերազմական գործողություն չի ծավալում, քանի որ Զանգեզուրը Ադրբեջանի անբաժանելի մասն է։ Ավելին՝ Ուսուբբեկովը նշում էր, որ այդ իրավունքը նրանց տվել է գնդապետ Հասքելը.

«Եվ այդ խնդրի վրա ոչ միայն վերջինս է այդպես նայում, այլ դաշնակիցները, հանձինս հաշտության համաժողովի բարձր կոմիսար Հասկելի, ճանաչելով մեր անձեռնմխելի իրավունքը Զանգեզուրի վրա։ Նախիջեւանի հարցի վերաբերյալ կայացած համաձայնության կետերից մեկի հիման վրա Հասկելը պահանջեց հայկական կառավարությունից, որ սա օգնի Ադրբեջանի կառավարությանը վերջ դնելու Զանգեզուրի գավառի ապստամբական շարժմանը եւ ստիպի այդ գավառի հայ ազգաբնակչությանը հպատակվելու Ադրբեջանի Հանրապետության պետական իշխանությանը։ Ադրբեջանի կառավարության ստացած վերջին տեղեկություններին նայած՝ հայկական կառավարությունը ոչ միայն այդ իր պարտականությունը չի կատարել գնդապետ Հասկելի առաջ, այլ ընդհակառակը՝ Զանգեզուրի գավառն է ուղարկել իր կանոնավոր զորքը օգնելու եւ ուժեղացնելու ապստամբական շարժումը։ Այդպիսով, Ադրբեջանի կառավարությունը ստիպված եղավ Ղարաբաղի գեներալ նահանգապետին ուղարկել զինվորական օգնություն՝ կարգը վերականգնելու եւ հակազդելու հայ ապստամբների մեծամասնական-անիշխանական անընկճելի տրամադրությունը» («Հառաջ», 23 նոյեմբերի, 1919թ., թիվ 53

Հայաստանի արտաքին գործերի նախարար Խատիսյանն արձագանքում է Ուսուբբեկովի կամայական մեկնաբանություններին՝ նշելով, որ «գերագույն կոմիսար գնդապետ Հասկելը իր՝ Ադրբեջանի հետ կապված վերջին համաձայնության մեջ հաստատում է Զանգեզուրի արդի վարչական դրությունը, թողնելով կառավարությունը Հայ Ազգային խորհրդին»։ Խատիսյանը նաեւ պարզաբանում է, որ Հայաստանը զորք չի ուղարկել Զանգեզուր, եւ ադրբեջանական բանակի հարձակմանը դիմակայում են տեղի ինքնապաշտպանական ուժերը։

 

Նոյեմբերի վերջին Թիֆլիսում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Եվանգուլյանի հետ զրույցում Հասքելն անդրադարձել էր Զանգեզուրի խնդրին՝ նշելով, որ «եթե հայ-ադրբեջանական կոնֆերանսը ոչ մի արդյունք չունենա, նա՝ գնդապետ Հասկելը, այդ խնդիրը կլուծի այսպես. Զանգեզուրի հայկական մասը նա մտադիր է կցել Հայաստանին, իսկ Նախիջեւանը՝ Ադրբեջանին, Հայաստանը պայմանավորվում է թույլատրել գաղթականների վերադարձը եւ բաց թողնել քոչվորներին, իսկ Ադրբեջանը Ջուլֆայի ճանապարհը բանալ ու թույլ տալ հայ ճանապարհորդների ազատ երթեւեկությունը» (ՀԱԱ, Ֆ.200, ց.1, գ.71, թերթ 1-7

Համաձայնագիրը

Ի վերջո, Թիֆլիսում երկարատեւ հանդիպումներից ու քննարկումներից հետո նոյեմբերի 23-ին Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրում։  

 

 

«Սույն համաձայնագիրը՝ կնքված 1919թ. նոյեմբերի 23-ին՝ Թիֆլիսում, Հայաստանի կառավարությունը ներկայացնող կառավարության նախագահ Խատիսյանի եւ Ադրբեջանի կառավարությունը ներկայացնող կառավարության նախագահ Ուսուբբեկովի միջեւ, որոշեց հետեւյալը.

 

1. Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները պարտավորվում են դադարեցնել ներկայում տեղի ունեցող բախումները եւ զենքի ուժին կրկին չդիմել,

 

2. Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները համաձայնում են գործուն քայլեր ձեռնարկել Զանգեզուր տանող ճանապարհները բացելու համար,

 

3. Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները պարտավորվում են բոլոր վիճելի հարցերը՝ ներառյալ սահմանայինը, այսուհետեւ լուծել խաղաղ համաձայնությամբ, մինչեւ Խաղաղության կոնֆերանսի ընդունած որոշումները: Այն դեպքում, եթե հնարավոր չլինի խաղաղ համաձայնության հասնել, երկու կառավարությունները պարտավորվում են ընտրել չեզոք անձի, որպես միջնորդ դատավորի, որի որոշումները նրանք համաձայնում են համարել իրենց համար պարտադիր: Ներկայում այդպիսի չեզոք անձ է ճանաչվում ԱՄՆ բանակի գնդապետ Ջեյմս Ռեյը:

 

4. Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները պարտավորվում են անհապաղ հավասար թվով պատվիրակներ ուղարկել կոնֆերանս, որը տեղի է ունենալու նոյեմբերի 26-ին՝ չորեքշաբթի, Բաքվում, ապա՝ դեկտեմբերի 4-ին տեղափոխվելու է Թիֆլիս, որտեղ կոնֆերանսի նիստերը շարունակվելու են, եթե կողմերի համաձայնությամբ անհրաժեշտ չհամարվի այն ուրիշ տեղ տեղափոխել: Կոնֆերանսը քննարկելու է բոլոր հարցերը, որոնք կառավարությունների միջեւ վեճերի ու հակասությունների պատճառ են, եւ լիազորված է լինելու լուծելու բոլոր հարցերը՝ համաձայնության կամ արբիտրաժի միջոցով:

 

5. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից եւ մշտական ուժ է ստանում երկու պետությունների խորհրդարանների կողմից վավերացվելուց հետո:

 

Համաձայնագիրը ստորագրվում է երեք օրինակով՝ անգլերեն եւ ռուսերեն, որոնցից ամեն լեզվով մեկական օրինակ տրվում է Դաշնային Գերագույն կոմիսարի ներկայացուցչին եւ Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների նախագահներին:

 

Որպես վկա համաձայնագիրը ստորագրում է նաեւ Վրաստանի հանրապետության ԱԳ նախարար Գեգեչկորին եւ Դաշնային կոմիսարի տեղակալ Ռեյը» (ՀԱԱ, ֆ.275, ց.6, գ.11, թերթ 39):


 

***

 

Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար: