1920թ. հունվարին, չնայած բանակցություններին եւ զինադադարի համաձայնությանը, Ադրբեջանը շարունակում էր հարձակումը Զանգեզուրի վրա։

Ողջիի եւ Գեղվա ձորի պարտություններից հետո դրանք ծավալուն չէին՝ հիմնականում հետախուզական, նախապատրաստական բնույթ ունեին, սակայն վկայում էին, որ Ադրբեջանը գավառը զավթելու մտադրությունից չէր հրաժարվել։ Զանգեզուրի պաշտպանության կազմակերպման համար կարեւոր նշանակություն ուներ Գողթանը, եւ Վերին ու Ներքին Ագուլիսների ջարդերը ցույց էին տալիս, որ թաթարները նույնպես շատ լավ հասկանում էին շրջանի ռազմական նշանակությունը։ Մյուս կողմից՝ Զանգեզուրը Ղարաբաղի թիկունքն էր, եւ այս առումով նույնքան կարեւոր էր Ղարաբաղի հետ կապի ու ճանապարհների անվտանգությունը։

Այս խնդիրների հետ միաժամանակ հայկական ռազմաքաղաքական վերնախավն ու հասարակական շրջանակները քննարկում էին Հայաստանի ապագա սահմանների հարցը, որտեղ կարեւոր էր պաշտպանական, ռազմական առաջնահերթությունների հստակեցումը՝ Արեւմտյան Հայաստա՞նը, թե՞ Փոքր Կովկասի արեւելյան սահմանները, այսինքն՝ Ղարաբաղը։ 1919թ. գարնանը կարծիք կար, որ մոտ ապագայում լուծվելու է միացյալ Հայաստանի հարցը, եւ հայերի հիմնական կենտրոնացման վայրը լինելու է Արեւմտյան Հայաստանը։ Եղիշե Իշխանյանը, անդրադառնալով այս խնդրին, նկարագրում է Ռուբեն Տեր-Մինասյանի հետ քննարկումներից մեկը.

«Ռուբենը մատով քարտեզի վրա անցնելով Զաբուղի ձորով, ապա Հագարի գետի հոսանքն ի վեր ասում է՝ «մեր զինվորական շտաբը այստեղ մեր բնական սահմանն է համարում, սկսած Մինքենդի մոտի սարից մինչեւ Կոռնիձոր, Էյվազլարի գլուխը։ Ըստ մեր ռազմագետների, այդ սահմաններում հազիվ կկարողանանք պահել Զանգեզուրը, դենը գնալու հարկ չկա։ Մեր ձգտումն է դեպի Տաճկահայաստան, որտեղ շատ ավելի արգավանդ գավառներ ունենք, քան Ղարաբաղը, եթե ճիշտը կուզես իմանալ, ցույց տրված սահմանից այն կողմ գտնվող հայությունը վերջ ի վերջո պիտի գաղթե Տաճկահայաստան» (Եղիշե Իշխանյան, Լեռնային Ղարաբաղ 1917-1920, Երեւան, 1999)։

 

Ռուբեն Տեր-Մինասյանը

Այս մոտեցմանը դեմ էին ՀՅԴ մի շարք կարկառուն ներկայացուցիչներ, բարձրագույն զինվորականներ, որոնց թվում էին Դրոն եւ Նիկոլ Աղբալյանը։ Թերեւս նրանց ազդեցությամբ եւ աշխարհաքաղաքական իրադրության փոփոխության հետեւանքով վերաբերմունքը Ղարաբաղ-Զանգեզուրի նկատմամբ փոխվում է։ 1919-ի վերջին ակտիվորեն քննարկվում էր Ղարաբաղ եւ Զանգեզուր եւս մեկ հեղինակավոր զինվորականի ուղարկելու հարցը, որը, տեղում աշխատելով Նժդեհի, Մելիք-Յոլչյանի եւ մյուսների հետ, կնպաստեր շրջանի պաշտպանության բարձրացմանը։ Թեեւ նոյեմբեր-դեկտեմբերի ռազմական հաջողություններին, կար որոշակի դժգոհություն ընդհանուր հրամանատար գեներալ Ղազարյանից։ Ի վերջո, 1919թ. դեկտեմբերին որոշվում է Դրոյին ուղարկել Զանգեզուր։

Դրոն նոր ծրագիր է մշակում

Դրոն Գորիս է հասնում դեկտեմբերի 20-ին։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ նա ուներ 400-600 զինվորներից ու սպաներից բաղկացած զորախումբ, որի կազմում էր փոխգնդապետ Թարվերդյանի գումարտակը, գնդապետ Կուռո Թարխանյանի հեծյալ ջոկատը, պորուչիկ Արզոնովի լեռնային հրանոթների մարտկոցը երկու թնդանոթով եւ 30 գնդացիր։ Դրոյի հրամանատարության տակ է անցնում նաեւ հայտնի խմբապետ Յապոնը՝ Հովհաննես Պարոնյանը։

Կազմակերպչական հարցերից բացի, Գորիսում Դրոն սկսում է թաթարական ակտիվությունը ճնշելու նոր ծրագիր մշակել։ Նա գտնում էր, որ հայկական ուժերը պետք է հարվածեն Շուռնուխին, որտեղ թաթարական ավազակախմբերը փակում էին Գորիսի եւ Կապանի ճանապարհը։ Կար նաեւ այլ տեսակետ՝ առավել ուժեղացնել Գողթանի հատվածը եւ պատժիչ գործողություններ ձեռնարկել Օրդուբադի դեմ։

Օրդուբադը մեր օրերում

Այս տեսակետին էր Գարեգին Նժդեհը։ Ագուլիսի ջարդերից եւ Գողթանի մնացած մի քանի հայկական գյուղի դեմ հարձակումներից հետո՝ տարեվերջին, Նժդեհը ռազմական երթ է կազմակերպում Օրդուբադի ուղղությամբ, որի շնորհիվ թաթարները ժամանակավորապես հրաժարվում են նոր հարձակման մտքից։

«Հանգիստ չէ եւ Օրդուբադը, որը համոզված լինելով, որ մեր հերթական հարվածը իրեն պիտի տրվի, իր հարստությունները տենդորեն տեղափոխում է պարսկական ափը»

Շուռնուխի ուղղությամբ հարձակում սկսելը Նժդեհը վտանգավոր էր համարում, քանի որ Ղարաբաղի ուժերը դեռ կազմավորված չէին, ինչն ադրբեջանցիներին հնարավորություն կտար նոր ուժեր կենտրոնացնել Ղարաբաղի դեմ եւ մեծ հարձակում սկսել։ Նժդեհը գտնում էր, որ Ողջիի ու Գեղվա ձորի գործողություններից հետո թշնամին սարսափած էր, եւ պետք էր շարունակել առաջխաղացումը դեպի Օրդուբադ։ «Վախն է տիրում ամբողջ Բարգուշատում։ Հանգիստ չէ եւ Օրդուբադը, որը համոզված լինելով, որ մեր հերթական հարվածը իրեն պիտի տրվի, իր հարստությունները տենդորեն տեղափոխում է պարսկական ափը։ Մեր վաշտերը սրտատրոփ սպասում են դեպի Օրդուբադ շարժվելու հրամանին։ Մեզ համար ստեղծված նպաստավոր հոգեբանական մթնոլորտից կարելի է եւ պետք է օգտվել մեծապես»,- գրում էր Նժդեհը։

Մզկիթի վերածված եկեղեցին Օրդուբադում

Բացի այդ, ադրբեջանցիները Շուռնուխի գործողությունը կարող էին օգտագործել որպես առիթ Գողթանի հայկական գյուղերի վրա հարձակում սկսելու համար, մինչդեռ հայերն այնտեղ չունեին պատշաճ պաշտպանություն։ Իսկ Նժդեհը համոզված էր, որ լեռնաշխարհի ռազմագիտական բանալին հենց Գողթանն էր։

Գորիսում տեղի ունեցած ռազմական խորհրդակցությունում Նժդեհը պնդում է իր տեսակետը, սակայն մնացած զինվորականները, Դրոն եւ Զանգեզուրի գեներալ-կոմիսար Սերգեյ Մելիք-Յոլչյանը նպատակահարմար են համարում առաջին հերթին սկսել Շուռնուխի գործողությունը։ Նժդեհը, ներկայացնելով իր անհամաձայնությունը, Դրոյին հայտնում է, որ իր տեսակետը իրեն «իրավունք չի տալիս չկատարելու ինձ տրվելիք հրամանը։ Եղե՛ք համոզված, որ տրվելիք խնդիրները իմ ուժերի կողմից կկատարվին ամենափայլուն կերպով»։

Հարձակումը

Համաձայն Գորիսում ընդունված ռազմական ծրագրի՝ հայկական ուժերը Շուռնուխի վրա պետք է հարձակվեին երկու ուղղությամբ. Կապարգողթի ջոկատները՝ Նժդեհի հրամանատարությամբ՝ Կապանի կողմից, եւ Գորիսից՝ Յապոնի ջոկատները։

Նախքան հարձակումը հայերն առաջարկում են թաթարներին բացել Շուռնուխի խճուղին եւ ապահովել Կապանի ճանապարհի անվտանգությունը։ Թաթարները խնդրում են բանակցելու համար պատվիրակներ ուղարկել։ Մելիք-Յոլչյանը գրում է, որ «ուղարկված 5 պատվիրակներին գազանաբար սպանել են։ Օգնության ուղարկված պահակը գնդացրային եւ հրացանային համազարկի ենթարկվեց Շուռնուխի թաթարների կողմից» («Ժողովուրդ», 14 հունվարի, 1920թ., թիվ 4)։

Թաթարներն ասում են, որ «ոչ միայն չենք ընդունում Գորիսի իշխանությունը, այլեւ պատրաստվում ենք գրավելու Ադրբեջանին պատկանող ամբողջ հայկական Զանգեզուրը...»:

Դրոն

«Գորիս հասնելուցս մի քանի շաբաթ հետո Դրոն կանչեց ինձ իր մոտ ու ասաց, որ Զանգեզուրի Ազգային խորհրդի համաձայնությամբ կայացված որոշումով 1920-ի հունվարի սկզբներին պետք է հարձակում լինի թրքական Շուռնուխ-Էյվազլար շրջանի վրա՝ այդ շրջանի 28-ի չափ գյուղերին պարտադրելու համար, որ ընդունեն Զանգեզուրի հայկական իշխանությունը ու զինաթափ լինեն։ Պետք է նկատել, որ Շուռնուխի շրջանը հայկական սահմաններից ներս գտնվելով, սեպի նման խրված էր Ղափանի ու բուն Զանգեզուրի միջեւ եւ ամեն անգամ էլ այնտեղ բույն դրած ադրբեջանական գործակալները կռիվ ու թալան էին կազմակերպում հարեւան հայ գյուղերի դեմ։ Հավանեցի Դրոյի ծրագիրը ու պատրաստակամությունս հայտնեցի մասնակցելու արշավանքին, որ ճակատում էլ լինի»,- գրում է Յապոնը (Յապոնի (Հովհաննես Պարոնյան) հուշերը, «Հայրենիք», թիվ 8, 1941թ., Բոստոն)։

Նժդեհի հրամանը

Յապոնին հանձնարարվում է հարձակումը սկսել Տանձավեր հովտից՝ Մարքազ լեռան ուղղությամբ, որը կենտրոնական ուղղությունն էր։ Նա իր օգնական սպաների հետ գնում է մոտակա գյուղերը, ցուցակագրում զենքի ունակ տղամարդկանց, բաժանում ջոկատների եւ նշանակում հրամանատարներ։

Նույն օրերին ռազմական պատրաստություն էր տեղի ունենում նաեւ Կապարգողթում։ 1920թ. հունվարի 17-ին Նժդեհն իր վաշտերին ուղարկում է թիվ 17 հրամանը.

«Շուռնուխի ուղղությամբ թշնամին իր ձեռքին պահելով Ալի-Ղուլի-Ուշաղի, Էյվազլար, Շամսազ, Ղուրթղալա, Մազըթնի, Ային գյուղերը եւ Քեափազ, Ային-Տաղ եւ Խանակա բարձունքները, փակել է Ղափան-Գորիս խճուղին: Հրամայւած է մաքրել եւ ապահովել այդ ճանապարհը թշնամու յարձակումներից:

Զինւորնե՛ր, անհաշտ թշնամին նորից մեզ իր ձեռնոցն է նետել: Վերցնենք առանց տատանումի: Օրեր առաջ իմ արեւմտեան ուժերի խենթ հարուածներից ընկաւ անառիկ Գեղուաձորը: Օրեր անց՝ ձեր նոյն Գեղուաձորեան թափի ու կրակի առաջ պիտ ընկնի Որոտանի աջ ափը: 
Մեզ հետ Աստուած եւ մեր պատերազմական բախտը, յառաջ»
(Վարդան Գէորգեան, Լեռնահայաստանի հերոսամարտը (1919-1921), Երեւան, 2010)։

 

Կռիվ չէ, այլ հարսանիք

Հունվարի 19-ի վաղ առավոտյան Կապանի կողմից գրոհի են անցնում Նժդեհի մարտիկները եւ կարճ ժամանակ անց թշնամուն ստիպում խուճապահար փախչել։ Նժդեհը գրում է, որ հայկական վաշտերը «գործում են գրեթե առանց հրացանների։ Գործ են տեսնում պայթուցիկ տակառները։ Կռիվ չէ, այլ հարսանիք։ Մեկը մյուսի հետեւից ընկնում են թշնամու ձեռքին գտնվող բարձունքներն ու գյուղերը»։

«Մեկը մյուսի հետեւից ընկնում են թշնամու ձեռքին գտնվող բարձունքներն ու գյուղերը»

Մարտերի երրորդ օրը թաթարներն օգնություն են ստանում եւ ամրանում Խալաջ գյուղում, սակայն այստեղ նույնպես դիմադրությունը երկար չի տեւում, եւ գյուղը գրավվում է։

Գորիսի ուղղությամբ հիմնական դիմադրությունը Մարքազ լեռան շրջանում էր, որտեղ թուրքերն ունեին շուրջ 50 զինվոր եւ ամրություններ։

«Քաշեցի մաուզերս ու առաջ ընկա։

- Դեպի Մարքազ,- կանչեցի,- չթողնենք, որ թշնամին աչք բացի...

Ու սկսվեց բոլորի մեջ - զինվոր թե սպա - անասելի մի մրցություն. ո՛վ առաջինը պիտի հասներ բարձունքի գագաթը, ով պիտի խլեր այնտեղ ծածանվող դրոշակը...

Հրաշալի է զանգեզուրցու հետ կռվի գնալը։ Էդ խոմ կռիվ չէ, այլ քեֆ, հերոսական մրցություն՝ դժվարագույն դիրքը գրավելու, շարքում առաջինը լինելու համար...

Լուսաբացի հետ Մարքազը մեր ձեռքումն էր։ Այստեղի թրքական զորամասի մեկ մասը փռված էր բարձունքի այս ու այդ դիրքում, իսկ մյուս մասը փախել էր դեպի Մաճ ու սրանց էլ իր հետ առած՝ Շուռնուխի ճամփան բռնել»,- գրում է Յապոնը։

Օրվա վերջին հայկական ուժերը վերցնում են ընկած Տանձավեր, Մաճ, Նավլու, Քոմիրլու, Շուռնուխ, Մազրա գյուղերը եւ Մարքազ լեռը։

«Մազրայի գրավումով մենք լուծեցինք մեզ հանձնած ռազմական խնդիրը եւ շրջան կազմելով Էյվազլարի շրջանում՝ կախվեցինք Որոտանի գլխին, ուր հանդիպեցի Գորիսից առաջացող մեր ուժերին։ Դրոն դեռ հեռվից ողջունեց մեզ եւ մոտենալով՝ մենք գրկախառնվեցինք։

Այդ օրը ամբողջ շրջանը, որ նախապես ծրագրած էինք, գրավեցինք։ Հաջորդ օրը բոլոր հարկավոր կետերում պահակներ կարգելով՝ դարձանք Գորիս»,- եզրափակում է Յապոնը։

 

***

 

Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

 

Այս գլխում օգտագործվել են Chad Nagle-ի՝ Զանգեզուրում արված լուսանկարները:

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար: