Թեեւ թուրքական բանակի հիմնական ուժերը կենտրոնացել էին Բաքվի ռազմաճակատում, նրանք չէին հրաժարվում Զանգեզուրին եւ Ղարաբաղին տիրելու մտադրությունից։

1918 թվականի հուլիսի վերջին, չկարողանալով անցնել Պարսկաստան եւ Նախիջեւանում բախվելով թուրքական կանոնավոր զորքերին, Անդրանիկն իր զորամասով եւ հազարավոր գաղթականների հետ անցնում է Կապան, այնուհետեւ՝ Գորիս։ Զանգեզուրի Ազգային խորհուրդը Անդրանիկին մեծ լիազորություններ է շնորհում եւ հանձնում շրջանի ինքնապաշտպանության կազմակերպումը։

Զանգեզուրում առավել ցայտուն են դառնում Անդրանիկի եւ Հարվածային զորամասի որոշ հրամանատարների հակասությունները: Վերջիններիս մի մասը ցանկանում էր դուրս գալ Անդրանիկի հրամանատարությամբ գործող զորամասից, գնալ Երեւան եւ ծառայության անցնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում: Զինվորները երկար ժամանակ տեղեկություն չունեին իրենց ընտանիքներից եւ ցանկանում էին գտնել նրանց: Գորիսում պարենի հայթայթման մեծ դժվարություն կար, ինչը եւս առաջացնում էր զինվորների դժգոհությունը:

Հարվածային զորամասից առաջինը հեռանում է Պանդուխտի խումբը՝ մոտ 500 հոգի, որոնք, չնայած Անդրանիկի նախազգուշացումներին, փորձում են շարժվել դեպի Ղարաբաղ՝ այնտեղից Գանձակով դեպի Թիֆլիս հասնելու նպատակով: Զաբուղի ձորում նրանք բախվում են թաթարների դարանակալ ուժերին, զգալի կորուստներ են կրում եւ հարկադրված վերադառնում Գորիս:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Անդրանիկը դիմում է բոլոր մարտիկներին ու հրամանատարներին՝ ասելով, որ Հայաստանի Հանրապետությունում իրավիճակը բարենպաստ չէ եւ հնարավոր է, որ այնտեղ նրանց զինաթափեն:

 

«1. Չգնալ Հայկական հանրապետության սահմանների մեջ եւ ոչ մի պայմանով զինաթափ չլինել, առանց եվրոպական եւ հայկական պետությունների երաշխիքի:

2. Այն զինվորները, որոնք գտնում են իրենց ֆիզիկական ապահովությունը Երեւանի նահանգում, եւ նրանք, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ուզում շարունակել իրենց զինվորական ծառայությունը, այդպիսիները կարող են հեռանալ ջոկատից:

3. Նրանք, որոնք պիտի մնան ջոկատում եւ պիտի շարունակեն իրենց զինվորական ծառայությունը, պետք է ենթարկվեն զինվորական խիստ դիսցիպլինի, սրբությամբ կատարելով ամեն մի զինվորական հրաման:

4. Երբ երաշխիք տրվեց եւ երաշխավորվեց եվրոպական պետական հայտնի անձնավորություններով եւ ներկայացուցիչներով, այդ դեպքում միայն կարող եմ շարժվել իմ ցույց տված վայրը, ուր ապահովված կլինի թրքահայ գաղթականության եւ զորամասերի ֆիզիկական եւ բարոյական գոյությունը:

5. Այս պայմանները չընդունելու դեպքում հարկադրված եմ հանուն թրքահայ վերջին մնացած բեկոր գաղթականության եւ զորամասերի ֆիզիկական եւ բարոյական ապահովության, զենքը վայր չդնել մինչեւ վերջին շունչը:

 

Հայկական առանձին ջոկատի հրամանատար, գեներալ-մայոր՝ Անդրանիկ,

1918 հուլիսի 30 (օգոստոսի 12), Գորիս»:

Օգոստոսին զորամասը լքելու ցանկություն են հայտնում հայտնի ֆիդայի եւ Անդրանիկի զորակից Սմբատ Բորոյանը (Մախլուտո), պորուչիկ Բագրատ Ղազարյանը եւ ուրիշներ: Արդյունքում՝ Հարվածային զորամասի շուրջ 2 500 զինվոր ու սպա շարժվում են Երեւան, ինչը չէր կարող չթուլացնել Զանգեզուրի պաշտպանությունը: Մարտական հին ընկերների հեռանալու որոշումը ծանր ազդեցություն է ունենում Անդրանիկի վրա:

Շուտով տեղեկություն է ստացվում, որ Խալիլ փաշայի գլխավորած ուժերը պատրաստվում են գրոհել Սիսիանի վրա, որտեղ այդ օրերին տեղակայված էին նաեւ Արցախյան կամ Շուշվա գնդի ստորաբաժանումները, որի հրամանատարը Միքայել Մելիք-Շահնազարյանն էր, իսկ կոմիսարը՝ Հովակ Ստեփանյանը: Գունդն ուներ մեծաքանակ ռազմամթերք, երկու ծանր հրանոթ, որոնք պետք է տեղափոխեին Զանգեզուր, ապա՝ Ղարաբաղ: Սակայն Զանգեզուրի ճանապարհն անցնում էր թաթարական գյուղերով, որոնք խոչընդոտում էին հայկական զորքերի տեղաշարժին: Հովակ Ստեփանյանը գրություն է ուղարկում Անդրանիկին՝ խնդրելով գալ Սիսիան եւ աջակցել թե՛ պաշտպանությանը, թե՛ Սիսիան–Գորիս ճանապարհի անվտանգության ապահովմանը:

Ճանապարհը շարունակվում էր հարձակման ենթարկվել

Գորիս–Սիսիան ճանապարհն անցնում էր թաթարական Աղուդի, Վաղուդի եւ Ուրուտ գյուղերի մոտակայքով: Դրանց թաթար բնակչությունը հայտնի էր մշտական հարձակումներով, ավազակությամբ, եւ հայերը, նույնիսկ մեծաքանակ զինվորական ուղեկցությամբ, հազվադեպ էին անցնում խճուղային ճանապարհով: Նաեւ այս գյուղերի սպառնալիքն էր Շուշվա գնդի Սիսիանում մնալու պատճառը, որը չէր կարող լեռնային կածաններով Ղարաբաղ տեղափոխել ռազմամթերքն ու թնդանոթները:

Չնայած հայկական ուժերի գերակշռությանը՝ Անդրանիկը որոշում է խուսափել բախումներից եւ թաթարներին տեղյակ է պահում, որ Սիսիան անցնելու ճանապարհին գյուղերի դեմ իրենք որեւէ գործողություն չեն իրականացնելու: Նախապես նաեւ ձեռք է բերվում պայմանավորվածություն, որ թաթարները հայկական զորքի ու գաղթականների տեղաշարժման օրը չեն աշխատելու իրենց ցանքսերում, իսկ հայ զինվորները որեւէ շփում չպետք է ունենան թաթարների հետ:

 

Սակայն երբ Անդրանիկի զորամասն անցնում է ճանապարհով, թաթարները կրակ են բացում, ապա սպանում բանակցությունների մեկնածներին: Անդրանիկի հրամանով զորամասը դիրքավորվում է եւ ընդունում մարտը: Շուտով թաթարները դադարեցնում են դիմադրությունը, նահանջում, իսկ հայկական զորամասերը մտնում են Վաղուդի, որի բնակիչներն արդեն հեռացել էին: Թեեւ Անդրանիկի զորաշարժը հաջողությամբ է ավարտվում, եւ նա բարեհաջող հասնում է Անգեղակոթ, թաթարական գյուղերի վտանգը չի վերանում. Գորիս-Սիսիան ճանապարհը շարունակվում էր հարձակման ենթարկվել:

Զորահավաքը «անթերի է կատարվում»

Անգեղակոթում Անդրանիկը անհապաղ ձեռնամուխ է լինում զորակոչի կազմակերպմանը, զորքի համալրմանը եւ մթերքով ու սպառազինությամբ ապահովելուն: Սեպտեմբերի սկզբին խորհրդակցության են հրավիրվում 22 գյուղի ներկայացուցիչները, որոնք պատրաստակամություն են հայտնում զորամասին տրամադրել 4000 փութ ցորեն եւ 2000 փութ գարի: Միաժամանակ սկսվում է 25-30 տարեկանների զորահավաքը, որը Հովակ Ստեփանյանի խոսքերով «անթերի է կատարվում»: Անդրանիկի զինվորական հրամանով վերակազմավորվում է զորամասը, նոր հրամանատարներն անցնում են իրենց պարտականությունների կատարմանը, խստացվում է կարգապահությունը, իսկ ռազմական վարժանքներն ու մարզումները դառնում են գրեթե ամենօրյա:

Հարվածային զորամասը սկսում է գրոհը

Սեպտեմբերի սկզբին Նախիջեւանում գործող թուրքական բանակի հրամանատարությունը Սիսիանի սահմանամերձ Գյոմուր, Գժաձոր, Նորս եւ այլ գյուղերի կոմիսարներին զենքը հանձնելու առաջարկ է ուղարկում: Ի պատասխան

Անդրանիկը որոշում է նախահարձակ լինել, գրոհել եւ չեզոքացնել Ջոմարդլու, Օրթաքյուզ, Արավուս գյուղերը, որոնք թուրք-թաթարական հենակետեր էին:

Սեպտեմբերի 9-ին թաթարների վրա հարձակվելու մտադրությունը քննարկվում է. Անդրանիկը բացատրում է, որ եթե թուրքերը հաջողություն ունենան Արավուսի եւ Շխլարի ուղղությամբ հարձակման դեպքում, ապա նրանք կտիրեն նաեւ Աղուդի, Վաղուդի թաթարական գյուղերին, ինչից հետո կապը Գորիսի հետ վերջնականապես կկտրվեր: Սեպտեմբերի 10-ի (նոր տոմարով՝ 23-ի) գիշերը Հարվածային զորամասը սկսում է գրոհը:

«Ամենքը քնած էին վաղ երեկոյան ժամից: Արթուն ու անհանգիստ էր միայն Անդրանիկը: Գիշերվան ժամը 12-ին նա կրկին ոտքի ելավ, քնից արթնացրեց բոլոր վաշտապետերին եւ յուրաքանչյուրին իր խնդիրը տալով հակիրճ ձեւով, հրամայեց ձիանները հեծնել, լռիկ մնջիկ մոտենալ որոշված դիրքերին, գրավել ու պահել, սպասելով ազդանշանին, որ կտրվի առավոտյան ժամը 5-ին:

Բոլոր վաշտապետերի ժամացույցները ստուգվեցին եւ ուղղվեցին: Վաշտապետները հին ժամանակի նորահարսերի հնազանդությամբ լսեցին Անդրանիկի հրահանգները՝ «լսո՛ւմ եմ փաշա, փաշան ապրած կենա» ասելով եւ թռան հրահանգները կատարելու:

Ժամը 3-ին ճանապարհվեց եւ Անդրանիկը: Բոլոր դիրքերը գրավել էին վաշտապետները եւ զեկույցներ ուղարկել: Բարձրացավ Անդրանիկի տրամադրությունը:

- Դե՛, տղաս, հեծիր ձիդ, երթանք պարտք մը կատարելու,- ասաց նա ինձ» (Հովակ Ստեփանյան, Արցախյան կամ Շուշվա գնդի պատմությունը, Հայրենիք, 1935թ., թիվ 6, Բոստոն):

Անսպասելի ու լավ կազմակերպված հարձակման արդյունքում թուրքերը անակնկալի են գալիս եւ փախչում: Միայն Արավուսում կարճատեւ դիմադրություն են ցույց տալիս, եւ գնդակոծության տակ է ընկնում նաեւ Անդրանիկը: Հովակ Ստեփանյանը, ժամանակին նկատելով խոտի դեզում թաքնված աժդահա թուրքին, կարողանում է փրկել զորավարի կյանքը:

«...Նկատեցի, որ դեզի միջի զինված թուրքը հրացանն ուղղել է Անդրանիկին, որ կանգնած էր կողքիս, աղբյուրի մոտ, դեզից 200 քայլի վրա:

- Փաշա՛, փաշա՛, մտիր փոսի մեջ,- պոռացի, սակայն փաշան ուշացրեց եւ ես հարկադրված հրեցի փաշային եւ գցեցի փոսը, որից հետո պայթեց թուրքի հրացանը եւ, իհարկե, վրիպեց... Ձայնեցի տղաներին, որ ձեռքի ռումբեր նետեն դեզի վրա, որպեսզի խիզախ արարածի բույնը կրակվի եւ ինքն էլ ոչնչանա մեջը: Անմիջապես որոտացին ռումբերը, եւ դեզը բռնկվեց մոմի պես: Հանդուգն թաթարը հրացանը ձեռքից չէր գցում, այլ շարունակ կրակում էր: Շուտով գնդակները ծակծկեցին նրա թեւերը, իսկ մի ռումբ ջարդեց ուսը: Վերջապես ընկավ աժդահա թաթարը եւ մեռնելուց առաջ խոստովանեց, որ ուզում էր սպանել սպիտակ փափախով մեծավորին, որի կրծքին մեդալներ կային:

 

Պետք է խոստովանել, որ Անդրանիկն այդ անզգուշությունն ուներ. նա կռվի ժամանակ կախում էր իր շքանշանները եւ չէր աշխատում նմանվել գորշ զանգվածին, ինչպես ընդունված է առհասարակ պատերազմի դաշտում: Այդ էր պատճառը, որ թաթար իգիթը, ինչպես անվանեց նրան Անդրանիկը, ինձ չէր խփում, այլ նրան»:

Իրադրությունն ավելի է բարդանում

Սեպտեմբերի երկրորդ կեսին իրադրությունը Ղարաբաղում եւ Զանգեզուրում էլ ավելի է բարդանում: Բաքվի գրավումից հետո թուրքական բանակը ողջ ուժերը կենտրոնացնում է Ղարաբաղն ու Զանգեզուրը նվաճելու համար եւ սեպտեմբերի կեսերին հաստատվում Շուշիում, ապա հարձակում սկսում Զանգեզուրը Ղարաբաղին կապող ճանապարհի ամենակարեւոր հայկական բնակավայրի՝ Ղարաղշլաղի (Բերդաձոր) վրա: Բերդաձորցիները հերոսաբար դիմադրում են, սակայն ուժերն անհավասար էին, եւ սեպտեմբերի 17-ին նրանք թողնում են գյուղը:

Զանգեզուրից մի ստորաբաժանում փորձում է օգնության հասնել Բերդաձորին, սակայն անհաջող:

 

Իմանալով Գորիսում ստեղծված տագնապալի դրության մասին՝ Անդրանիկը սեպտեմբերի 28-ին վերադառնում է Գորիս: Այս անգամ արդեն ամբողջությամբ մաքրվում է ճանապարհը, եւ թուրք-թաթարական վտանգը լիովին վերանում է: Սեպտեմբերի վերջին Գորիս է ժամանում Շուշիից ուղարկված պատվիրակությունը, որը փորձում էր համոզել բնակիչներին, թե դիմադրության կարիք չկա, եւ Ադրբեջանի իշխանությունները կոչ են անում հպատակվել:

Անդրանիկը զայրանում է, անպատվում պատգամավորներին, սակայն ընդհանուր ժողովի մասնակիցների գրեթե կեսը դեմ է արտահայտվում ռազմական դիմադրությանը:

«37 ձայնով 31-ի դեմ ժողովն որոշեց դիմադրել, բայց 6 ձայնի առավելությունը նշանակալի չէր: Անդրանիկը սաստիկ հուզվեց: Առավոտյան Անդրանիկը բարձրացավ կառավարական տան պատշգամբը եւ հայտարարեց մոտավորապես հետեւյալը.

«Այսօր ես պետք է իմ զորամասով բարձրանամ Ուչթափալար, որովհետեւ քաղաքը դեմ է կռվելուն, իսկ 6 ձայնի առավելությունը պատահականություն է, այն ալ Կոռնիձորի, Տեղի եւ Խնձորեսկի շրջանի ձայներն են: Ես չեմ ուզեր մնալ այս փոսի մեջ: Շուրջս կվխտան տաճկական լրտեսներ, նոր նշանակված վալի ու գայմագամներ եւ Շուշիեն եկած դավադիրներ: Ես կերթամ Սիսիանի ժողովրդին քով:

 

...Դե՛, ձեզի կըսեմ, սիրելի ժողովուրդ, չըսեք, թե փաշան կլքե մեզ ու կհեռանա: Զինվորականիս պարտքը ես լավագույն կերպով կկատարեմ Ուչթափալարեն, իսկ դուք ձեր տղաները ուղարկեցեք դիրքերը, որ դիմադրեն լպիրշ թշնամուն, որուն օրերը համրված են: Լավ գիտցեք, որ Տաճկաստանը պետք է պարտվի Դաշնակիցներեն եւ մեզ կմնա միայն տոկալ քանի մը շաբաթ: Զիս սիրողը թող բարձրանա սար եւ պաշտպանե իր ընտանիքի պատիվը»: 

 

***

 

Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար: