1920թ. սկզբից ինչպես Անդրկովկասում, այնպես էլ միջազգային դիվանագիտական հարթակներում ակտիվորեն քննարկվում էր, թե որ ուղղությամբ են բոլշեւիկները ներթափանցելու Կովկաս՝ վրացակա՞ն, թե՞ ադրբեջանական։ Ադրբեջանցիների ենթադրություններն առավել իրական էին, եւ բոլշեւիկներն առաջին հերթին ձգտում էին իրենց իշխանությունը հաստատել նավթով հարուստ երկրում։ Սակայն, չնայած վտանգի գիտակցությանը, Ադրբեջանն առանձնապես լուրջ քայլեր չէր ձեռնարկում հյուսիսային վտանգից պաշտպանվելու համար. նրանց առավելապես հետաքրքրում էին Ղարաբաղն ու Զանգեզուրը, որտեղ կենտրոնացրել էին իրենց զորքերի մեծ մասը։

Հարավի ուժերը նահանջում են

1920թ. մարտին Ռուսաստանի Հարավի զինված ուժերը ծանր պարտություններ են կրում եւ իրար հետեւից բոլշեւիկներին թողնում Հյուսիսային Կովկասի շրջանները։ Ապրիլի կեսերին բոլշեւիկներն արդեն վերջնականապես հաստատվել էին Պետրովսկում (Մախաչկալա) եւ Դերբենտում՝ ընդհուպ մոտենալով Ադրբեջանի սահմանին։ Կամավորականների նահանջի հիմնական ուղղություններից մեկը Բաքուն էր։ Ապրիլի սկզբին այնտեղ էին հասնում հազարավոր զինվորներ ու սպաներ իրենց ընտանիքներով, ունեցվածքով, մեծ քանակությամբ զենք-զինամթերքով։ Ապագայի մասին ընդհանուր մոտեցում չկար. մի մասն առաջարկում էր մնալ Ադրբեջանում եւ ծառայության անցնել տեղի զինված ուժերում, մյուսները ցանկանում էին գնալ Էնզելի, ոմանք էլ կողմ էին բոլշեւիկներին միանալուն։

Հառաջ, 17 ապրիլի, 1920թ., թիվ 78

«Ամեն օր կամավորական նավեր են հասնում Բաքու, որոնք լիքն են սպաներով, գեներալներով եւ իրենց ընտանիքներով եւ իրերով։ Ադրբեջանի կառավարությունը մինչեւ այժմ զինաթափելով ժողովել է 40 000 հրացան, մի քանի հրետանի, հեռաձիգ թնդանոթներ, փամփուշտներ, գնդացիրներ, 2 զրահապատ գնացք եւ այլ զինվորական ու ինժեներական գույք։ Թնդանոթների, հրացանների եւ ռումբերի մեծ գլխավոր մասը մնացել է Պետրովսկում»։

Ապրիլի 5-ին Բաքու է հասնում կամավորականների նավատորմիղը, եւ ծովակալ Սերգեեւն ու ցամաքային զորքերի հրամանատար Դրացենկոն Ադրբեջանին առաջարկում են իրենց ուժերով բոլշեւիկներից պաշտպանել Բաքուն, սակայն պահելով Անդրեեւյան դրոշը։ Ադրբեջանի ղեկավարներն ասում են, որ համաձայն են, եթե բոլոր ուժերը համալրեն ադրբեջանական բանակը եւ հանդես գան ադրբեջանական դրոշի ներքո։ Սերգեեւն ու Դրացենկոն քննարկում են այս պահանջը նավաստիների հետ, որոնք կտրականապես մերժում են։ Ավելին՝ զինվորները հեռացնում են երկու հրամանատարին եւ ղեկավար ընտրում ֆրանսիացի լեյտենանտ Բուշենին։ Նավատորմը որոշում է թողնել Բաքուն եւ միանալ բոլշեւիկներին, որոնք, «հանդիսանալով գաղափարական հակառակորդ, արյունով հայրենակից են եւ ավելի հարազատ»։ Ապրիլի 7-ին նավատորմը կարմիր դրոշ է բարձրացնում, կանգ առնում Նարգին կղզու մոտ եւ Հաշտարխանի բոլշեւիկներին հեռագրում, որ «նավատորմիղն անցել է բոլշեւիկների տրամադրության ներքո եւ սպասում է հրահանգների - գրավե՞լ Բաքուն, թե՞ չէ»։ Սակայն բոլշեւիկներին միանալ չի հաջողվում, եւ նավերը հեռանում են Էնզելի, որտեղ անգլիացիները ստիպում են հանձնել զենքը։

Բոլշեւիկները լուրջ են պատրաստվում

Ադրբեջանի խորհրդայնացումը բոլշեւիկների համար մեծ նշանակություն ուներ։ Համաշխարհային հեղափոխության եւ սոցիալիստական գաղափարների տարածումից զատ կարեւոր էր Բաքվի նավթը։ Ճիշտ է, մամուլը երբեմն գրում էր, որ Բաքուն փորձում էր առեւտրական հարաբերություններ պահպանել բոլշեւիկների հետ եւ կանոնավոր նավթ մատակարարել, սակայն, ամենայն հավանականությամբ, դա չէր բավարարում նրանց։ Կարեւոր է նաեւ փաստը, որ Բաքվում բավականին տարածված էին ձախակողմյան գաղափարները, եւ ուժեղ բանվոր դասակարգ կար, որն էլ լինելու էր բոլշեւիկների հենարանը։ Չնայած բոլշեւիկները գիտեին, որ ադրբեջանական բանակի հիմնական ուժերը Ղարաբաղում են, եւ Բաքուն գրեթե անպաշտպան է, սակայն Ադրբեջանի գրավմանը բավականին լուրջ էին պատրաստվում։

Զրահագնացքները մտնում են Բաքու

Չնայած զգալի ուժերի կենտրոնացմանը, հիմնական գործողությունն իրականացնում են «3-րդ Ինտերնացիոնալի անվան», «Կարմիր Աստրախան», «Կարմիր Դաղստան» եւ «Տիմոֆեյ Ուլյանցեւ» զրահագնացքները։ Ապրիլի 24-ին բոլոր գնացքները կենտրոնանում են Սամուր կայարանում՝ Ադրբեջանի սահմանին։

Ապրիլի 27-ին Ադրբեջանի կոմկուսի ղեկավարներ Անաստաս Միկոյանը, Ղազանֆար Մահմուդ օղլի Մուսաբեկովը եւ Հաբիբ Ջաբիեւը երկու հրաձգային վաշտի հետ նստում են զրահագնացք: Գործողության քաղաքական հիմնավորումը պետք է լիներ Բաքվում սկսված բոլշեւիկյան ապստամբությանը աջակցություն ուղարկելը։ Այս մարտավարությունը հետագա տասնամյակներում հաճախ է կիրառվում։ Եվ իսկապես, ապրիլի 26-ին Բաքվում բոլշեւիկյան ապստամբությունն է սկսվում։ Ապստամբները կտրում են հեռագրային կապը Գանձակի եւ մի շարք այլ շրջանների հետ՝ կանխելով բանակային ստորաբաժանումների մուտքը քաղաք։ Ամսի 27-ի կեսօրին քաղաքի զգալի մասն արդեն նրանց ձեռքին էր, որոնց մեկը մյուսի հետեւից միանում էին տարբեր զինվորական ստորաբաժանումներ։

Իշխանությունն անցնում է Ադրբեջանի հեղկոմին

Ապրիլի 27-ի կեսօրին Բաքվի բոլշեւիկները Համիդ Սուլթանովի գլխավորությամբ պատվիրակություն են ուղարկում կառավարություն եւ խորհրդարան՝ պահանջելով անմիջապես հանձնել իշխանությունը։ Ուշ երեկոյան հրավիրվում է խորհրդարանի նիստ, որտեղ էլ ռազմական նախարար Մեհմանդարովը խորհրդարանականներին հայտնում է, որ ապստամբներին ճնշել հնարավոր չէ։ Ստեղծված պայմաններում վարչապետ Հաջինսկին առաջարկում է ընդունել բոլշեւիկների վերջնագիրը։ Մուսավաթին ոչինչ չէր մնում, քան ընդունել վերջնագիրը, որը եւ ստորագրում են խորհրդարանի նախագահ Մամեդ Յուսուֆ Ջաֆարովը եւ Վեքիլովը։ Իշխանությունն անցնում է Ադրբեջանի հեղկոմին։

Զրահագնացքներն առանց որեւէ դիմադրության հասնում են Բաքու, որտեղ նրանց մեծ ցնծությամբ են դիմավորում։ Անմիջապես ստեղծվում է հեղափոխական կոմիտե. Ադրբեջանն այլեւս խորհրդային էր։

Սերգո Օրջոնիկիձեն, որն այս դեպքերի անմիջական մասնակիցն ու ղեկավարն էր, մայիսի 4-ին հեռագիր է ուղարկում Լենինին, որտեղ ասում է, որ հեղկոմի կազմում բացառապես մահմեդականներ են, որոնք հռչակել են Սոցիալիստական Սովետական Ադրբեջանական Հանրապետությունը եւ Սովետական Ռուսաստանի հետ ռազմական դաշինք կնքելու առաջարկությամբ են հանդես եկել։

Օրջոնիկիձեն գրում էր, որ «Բաքվում հեղափոխության օգտին ակտիվ գործունեություն ծավալեցին թուրքական զինվորներն ու սպաները, նրանց ջոկատը կանխեց Բաքվից փախչելու իշխանության փորձը»։ Մայիսի 1-ին քաղաքում տեղի ունեցած մեծ հանդիսության ժամանակ թուրքական բանակի կոմիսարներից մեկը պարգեւատրվում է «Կարմիր դրոշի» շքանշանով։

Վրաստանը օգնություն չի ուղարկում Ադրբեջանին

«Հառաջը» ապրիլի 29-ին գրում էր, որ ադրբեջանական 400-հոգանոց զորամասը նահանջել է, եւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Բաքվի զորամասը բաղկացած է միայն երկու բատալիոնից, իսկ մնացյալ բոլորը Ղարաբաղում են, Ադրբեջանի կառավարությունը դաշնակից պետությունների միջոցով դիմել է վրաց կառավարությանը՝ խնդրելով անմիջապես զինվորական օգնություն ցույց տալ»։

Վրաստանը, իհարկե, օգնություն չի ուղարկում Ադրբեջանին։ Դեռեւս ապրիլի կեսերին Վրաստանի արտաքին գործերի նախարար Գեգեչկորին հատուկ պատվիրակություն էր ուղարկել Մոսկվա՝ բոլշեւիկների հետ բանակցելու։ Պատվիրակության ղեկավար Ուրատաձեն բոլշեւիկների հետ Գեգեչկորիի նախկին կապերի շնորհիվ կարողացել էր համեմատաբար կարճ ժամանակում հասնել Մոսկվա եւ ձեռք բերել որոշակի պայմանավորվածություններ։

Հեռագիր Խատիսյանին

Ադրբեջանի կառավարությունը միաժամանակ խնդրում էր դաշնակից պետությունների ղեկավարներին միջոցներ ձեռնարկել, որպեսզի հայկական ուժերը դադարեցնեն հարձակումները Ղարաբաղում եւ Զանգեզուրում։ Ապրիլի 27-ին կոմս Մարտելը եւ գնդապետ Գաբբան հեռագրում են վարչապետ Խատիսյանին, թե բոլշեւիկները մտել են Ադրբեջան, եւ Բաքվում խռովություններ են սպասվում։ Ֆրանսիայի եւ Իտալիայի ներկայացուցիչները ուզում էին հավաստիացումներ ստանալ Հայաստանի կառավարությունից, որպեսզի Ադրբեջանը կարողանա «Ղարաբաղում եւ Հայաստանին կից այլ վայրերում գտնված իր զորքերը վտանգ սպառնացող ճակատը փոխադրելու համար»։

Հաջորդ օրը Խատիսյանը պատասխանում է, որ Հայաստանը դեռեւս փետրվարի վերջին ահազանգում էր, թե ինչ աղետալի հետեւանքներ կարող են ունենալ Ադրբեջանի ռազմական գործողությունները Ղարաբաղում։ Նա նշում էր, որ Ղարաբաղում Հայաստանը չունի կանոնավոր զորքեր, ավելին՝ չի պատրաստվում հարձակվել Ադրբեջանի վրա։ Միաժամանակ հույս էր հայտնում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային անհամաձայնությունները կկարգավորվեն Թիֆլիսում ընթացող համաժողովի շրջանակում։

Ապրիլի վերջին Ադրբեջանի խորհրդայնացումն ամբողջովին փոխում է Անդրկովկասի քաղաքական պատկերը։ Իրավիճակը մեծապես բարդանում է Հայաստանի համար. շուտով Ղարաբաղում եւ Զանգեզուրում հայերն ադրբեջանցիների հետ բախվելու էին բոլշեւիկյան զորքերին։ Բաքվի խորհրդայնացումից հետո տեղի ունեցած առաջին իսկ հանրահավաքում բոլշեւիկները հայտնում են, որ Հայաստանի կառավարությանը «Ադրբեջանի տարածքում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին» վերջնագիր են ներկայացրել։

 

***

 

Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար: