1920թ. Մայիսյան ապստամբությունը Հայաստանի Հանրապետության պատմության ամենադրամատիկ իրադարձություններից մեկն էր, որը բեկումնային եղավ հետագա զարգացումների եւ Հայաստանի խորհրդայնացման համար։

Այս իրադարձությունների վերաբերյալ կան բազմաթիվ աղբյուրներ, սակայն, ինչպես մյուս դեպքերում է, դրանց զգալի մասն ունի քաղաքական մեծ բեռնվածք եւ հիմնականում ներկայացնում է կողմերից միայն մեկի տեսակետը։ Աղբյուրների մի մասն այս դեպքերը փորձում է ներկայացնել որպես տեղային եւ աննշան, սակայն փաստն այն է, որ Հայաստանի տարբեր շրջաններում ամբողջ ամսվա ընթացքում տեղի էին ունենում ապստամբական գործողություններ։

Մայիսյան իրադարձությունների առաջին՝ արտաքին ազդակը Ադրբեջանի խորհրդայնացումն էր։ Ապստամբության սկիզբը որոշ վերապահումով կարելի է համարել հենց մայիսի առաջին օրը, երբ Հայաստանի կառավարությունը որոշում է մեծ շուքով նշել աշխատավորների տոնը՝ Մայիսի 1-ը։ Միջոցառումների ակտիվ կազմակերպիչներից էր Երեւանի արհեստակցական միության խորհուրդը՝ ձախ դաշնակցական Հայկ Ավալյանի գլխավորությամբ, որն իր հայտարարության մեջ նշել էր, որ Երեւանի բանվորները ոչ մի բանով չպետք է հետ մնան եւ պետք է հանդիսավորությամբ նշեն տոնը։ «Ընկեր բանվորներ, կատարենք այդ օրը մեր հեղափոխական պարտքը, դուրս գանք փողոց մեր կարմիր դրոշակներով եւ ցույց տանք աշխարհի բանվորությանը, որ մենք էլ միջազգային կազմակերպված աշխատավորության մեր բանակի հարազատ մասնիկներից մեկն ենք»,- ասված էր հայտարարության մեջ։

ՄԱՅԻՍԻ 1-Ը

1920 թվականի Մայիսի 1-ին քաղաքը զարդարված էր կարմիր եւ եռագույն դրոշներով, իսկ տների պատշգամբները՝ գորգերով, ամենուր երթեր ու հանրահավաքներ էին։ Երեւանի արհեստակցական միության շնորհավորական կոչն ավարտվում էր «Կեցցե համաշխարհային հեղափոխությունը», «Կեցցե աշխատավորության իշխանությունը» եւ «Կեցցե Երրորդ ինտերնացիոնալը» լոզունգներով։

Մայիսմեկյան տոնակատարությունների ժամանակ տարբեր տեղերում ելույթներ են ունենում նաեւ բոլշեւիկները։ «Աբովյան պողոտան բռնված էր արհեստակցական միությունների անդամներով, դրոշակներով ու նշաններով։ Քրիստափորի, Ռոստոմի ու Զավարյանի պատկերների կողքին դրված էին եւ Լենինի ու Շահումյանի պատկերները։ Դաշնակցության նշանախոսքերին զուգընթաց կային եւ բոլշեւիկյան աղմկարար կարգախոսներ»,- գրում է Սիմոն Վրացյանը։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼՈՒՄ

Հայաստանի երկրորդ քաղաքում նույնպես Մայիսի մեկի տոնակատարությունները անցնում են բոլշեւիկյան լոզունգներով ու հակաիշխանական կոչերով։

Ալեքսանդրապոլում գործում էին բոլշեւիկներ Մուսայելյանը եւ Ավիս Նուրիջանյանը։ Մայիսի 1-ի միջոցառումների ժամանակ երթի մասնակիցները հարձակվում են Դաշնակցության տան վրա, կոտրում ապակիները, վնասում գույքը, պատերից պոկում Քրիստափորի, Զավարյանի եւ դաշնակցական այլ գործիչների նկարները։ Քաղաքի իշխանությունները չեն կարողանում վճռական քայլերի դիմել, կայազորի մի մասը միանում է ապստամբներին. Ալեքսանդրապոլը բոլշեւիկների ձեռքին էր։

Կապիտան Մուսայելյանը, որը «Վարդան զորավար» զրահագնացքի հրամանատարն էր, հայտարարում է, որ Ալեքսանդրապոլում ստեղծվում է հեղափոխական կոմիտե, իսկ զրահագնացքը դառնում է բոլշեւիկյան կենտրոնատեղի։

Այստեղ հարկ է անդրադառնալ Ալեքսանդրապոլի բոլշեւիկների եւ Հայաստանի կոմիտեի՝ Արմենկոմի հարաբերություններին։ Արմենկոմը ստեղծվել էր 1919թ. աշնանը, ենթարկվում էր Անդրկովկասի երկրամասային կենտրոնին, որն էլ իր հերթին Մոսկվայի ուղղակի ենթակայության տակ էր։ Արմենկոմի անդամները՝ Սարգիս Կասյանը, Ասքանազ Մռավյանը, Արտաշես Մելքոնյանը եւ ուրիշներ, գտնում էին, որ Հայաստանը դեռեւս պատրաստ չէ բոլշեւիկյան հեղափոխությանը։ Եվ իսկապես, Ալեքսանդրապոլի դեպքերի այդպիսի զարգացումն անակնկալ էր. Նուրիջանյանն ու Մուսայելյանը չէին սպասում, որ ժողովրդական այդպիսի մեծ աջակցություն կստանան։ Ավիս Նուրիջանյանը նախկինում եւս աչքի էր ընկել առավել արմատական ու կտրուկ գործողություններ սկսելու նախաձեռնություններով, սակայն Արմենկոմի ղեկավարությունը կարողացել էր զսպել նրա հեղափոխական կիրքը։

ՆԱՄԱԿ ԱՐՄԵՆԿՈՄԻՆ

Իշխանությունը քաղաքում վերցնելուց հետո Նուրիջանյանը նամակ է գրում Արմենկոմին՝ պահանջելով աջակցել իրենց եւ համընդհանուր զինված ապստամբություն բարձրացնել ամբողջ Հայաստանում։ Նկարագրելով քաղաքում տեղի ունեցած դեպքերը՝ Ավիսը գրում էր, որ իրենք ունեն շուրջ 5 000 աջակից։ Ինչ վերաբերում էր բախումներին, ապա նա ասում էր, որ «Ալեքսանդրյան փողոցի մոտ մաուզերիստ դաշնակցականներից մեկը Խորհրդային Ադրբեջանի հասցեին պրովոկացիա արեց եւ վրդովեցրեց զինվորներին ու բանվորներին»։ Վերջիններս էլ Դաշնակցության տան մոտ ծեծեցին «դաշնակ վարժապետ-սպեկուլյանտ Մացոյին»։ Նուրիջանյանը հայտնում էր, որ զորքն իրենց կողմից է եւ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում կկատարի բոլոր հրամանները։ Նա Արմենկոմից պահանջում էր անհապաղ պատասխանել, թե համաձա՞յն են իրենց գործողություններին։ Նուրիջանյանը Արմենկոմին հաղորդում էր նաեւ, թե ինչ ծածկագրերով պետք է հայտնեն տեղեկությունները: Եթե համաձայն էին Ավիսի գործողություններին, պետք է հեռագրեին՝ «Միշան առողջ է», եթե ոչ՝ «Միշան վախճանվել է»։

l

Ավիսի նամակը Արմենկոմը քննում է, եւ տեսնելով, որ իրադրությունն անհասկանալի է, Ալեքսանդրապոլ է գործուղում Դրաստամատ Տեր-Սիմոնյանին եւ խորհրդարանի պատգամավոր Արտաշես Մելքոնյանին։

ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է

Մինչ նրանք կհասնեին Ալեքսանդրապոլ, Հայաստանի կառավարությունն անցնում է վճռական գործողությունների։ Քանի որ բոլշեւիկների հիմնական եւ ամենավտանգավոր ուժը «Վարդան զորավար» զրահագնացքն էր, որոշում են նախեւառաջ չեզոքացնել այն։ Ճակատային գրոհից ու զոհերից խուսափելու համար որոշվում է զինվորական հրամանով Ալեքսանդրապոլից կանչել զրահագնացքը. մայիսի 4-ին հեռագրում են Մուսայելյանին, թե նա պետք է զրահագնացքն անհապաղ հասցնի Ղամարլու (Արտաշատ), որտեղից սպասվում էր թուրք-թաթարական հարձակում։ Մուսայելյանը հրաժարվում է կատարել հրամանը։

Ալեքսանդրապոլում ապստամբության հաղթանակից հետո Հայաստանում ստեղծվում է բյուրո-կառավարությունը, որն անմիջապես դիմում է կտրուկ քայլերի։ Մայիսի 4-ին խորհրդարանը հաստատում է կառավարության նոր կազմը, որը լայն լիազորություններ է ստանում. խորհրդարանի աշխատանքը մեկ ամսով դադարեցվում է։

Քանի որ զորքում բոլշեւիկների նկատմամբ դրական վերաբերմունքը շատ էր, Դաշնակցությունը սկսում է հավաքել կամավորականների, որոնք համալրում էին Սեպուհի զորամասերի շարքերը։

Հառաջ, 7 մայիսի, 1920թ., թիվ 93

«ՀՅԴ Երեւան քաղաքի կուսակցական միավորներին։ Ամենակարճ ժամանակամիջոցում պահանջվում է քաղաքային կոմիտեին հասցնել ձեր միությունների մեջ եղած դաշնակցական ընկերների ցուցակը, գրելով անուն, ազգանուն, հայրանուն, տարիք, պրոֆեսիան, գործատեղի հասցեն եւ տան հասցեն»։

ՔԵՄԱԼԻ ՆԱՄԱԿԸ ԿԱՐԱԲԵՔԻՐ ՓԱՇԱՅԻՆ

Կառավարությունը հանդես է գալիս հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ աշխարհաքաղաքական բարդ պայմաններում ժողովուրդը պետք է զուսպ լինի եւ համախմբվի կառավարության ու բանակի շուրջը։ Զինված ուժերի շտաբն իր հերթին հրապարակում է Թուրքիայի եւ բոլշեւիկների հարաբերությունների մասին տեղեկություններ՝ ցույց տալով այն իրական սպառնալիքը, որի առջեւ կանգնած էր Հայաստանը։

Համաձայն հաղորդագրության՝ 15-րդ կորպուսը Քյազիմ Կարաբեքիր փաշայի հրամանատարությամբ Կարսի սահմանի մոտ ռազմական գործողություններ սկսելու պատրաստություններ է տեսնում։ Նրանց նպատակն է «դուրս քշել հայերին Կարսի շրջանից եւ վերականգնել Հարավ-Արեւմտյան հանրապետությունը։ Միաժամանակ ապստամբություններ պիտի սկսեն Զանգիբասարում, Վեդիբասարում, իսկ ադրբեջանական զորքերը, Ղարաբաղի եւ Զանգեզուրի ռազմական կարեւոր կետերն անվնաս դարձնելով իրենց համար եւ մաքրելով հայկական զորքերից, պետք է ուղիղ կապ հաստատեն Էրզրումի հետ՝ նոր կառուցվող Ալյաթ-Ջուլֆա երկաթուղագծով եւ Արաքսի հովտով»,- հայտնում էր զինվորական շտաբը։

Այս տեղեկությունը հետագայում հաստատվում է նաեւ Կարաբեքիր փաշային Քեմալի գրած նամակում.

«...Մեր երկրի ապագան, մեր արեւելյան սահմանները կախված են ռուսների հետ համագործակցությունից։ ...Մենք չենք ձեռնարկի որեւէ որոշիչ գործողություն առանց բոլշեւիկների հետ քաղաքական համաձայնության»

(Ռուբեն Սաֆրաստյան, Մուսթաֆա Քեմալ.
Պայքար Հայաստանի Հանրապետության դեմ,
1919-1920թթ., Երեւան, 2019)։

ԱՐՏԱԿԱՐԳ ԴԱՏԱՐԱՆ

Մայիսի 8-ին նախարարների խորհրդի ժամանակավոր օրենքով ստեղծվում է արտակարգ դատարան, որը պետք է քններ պետական դավաճանության, ապստամբության, երկաթուղին եւ հաղորդակցության կապը վնասելու, զինվորներին՝ հրամանները չկատարելուն դրդելու եւ պետության դեմ այլ ոտնձգությունների դեպքերը, որոնց համար նախատեսվում էր մահապատիժ։

Չնայած իշխանությունը բոլշեւիկների ձեռքին էր, սակայն նրանք զրահագնացքից գրեթե դուրս չէին գալիս, մայիսի 11-12-ին Ալեքսանդրապոլում սկսվում են անկարգություններ ու թալան։

Ալեքսանդրապոլի ապստամբությունը ծանր հետեւանք է ունենում Հայաստանի տնտեսության համար։ Ամերիկայից ստացվող ալյուրն ու սերմացուն Հայաստան չէր հասնում, եւ հաշվի առնելով, որ սերմացանի ժամանակն էր, իսկ մեծ թվով գաղթականներ ու աղքատներ գոյատեւում էին ամերիկյան ալյուրով, Հայաստանին կարող էր սպառնալ սովն ու սոցիալական ցնցումները։ Վրաստանի իշխանություններն իրենց հերթին արգելում էին հայկական բեռների առաքումը՝ մտահոգվելով, որ դրանք կարող են հայտնվել բոլշեւիկների ձեռքին եւ էլ ավելի ուժեղացնել նրանց։

Մայիսի 8-ին Համո Օհանջանյանը հեռագրում էր Թիֆլիսում դիվանագիտական ներկայացուցիչ Բեկզադյանին, որ Հայաստանն ունի նավթի ընդամենը տասը օրվա պաշար։

Մայիսի 13-ի առավոտյան ներքին գործերի նախարարի օգնական Ս. Թորոսյանը սկսում է բանակցել Ալեքսանդրապոլի հեղկոմի ներկայացուցիչ, պատգամավոր Արտաշես Մելքոնյանի հետ։ Վերջինս առաջարկում էր դադարեցնել ռազմական գործողությունները եւ բանակցել։ Թորոսյանի պատասխանը կոշտ էր. «Մենք ձեզ կողմ չենք ճանաչում, այլ մի խումբ ավանտյուրիստներ, որոնք դավաճանելով հայ ժողովրդին, խառնակություններ են սերմանում։ ... Դուք՝ պ. Մելքոնյան, իբրեւ պառլամենտի անդամ, կրկնակի դավաճանություն եք գործում եւ արժանի հատուցումը կստանաք։ Ձեզ համար փրկության մի միջոց կա - անձնատուր լինել Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ գթությանը դիմել»։

Նույն օրը հեղկոմի ներկայացուցիչները պատվիրակություն են ուղարկում Սեպուհի մոտ եւ կրկին բանակցելու առաջարկ անում, սակայն Սեպուհն ասում է, որ իրենք միայն մեկ փրկություն ունեն՝ հանձնվել եւ զրահագնացքն անվնաս իշխանություններին հանձնել։

ՍԵՊՈՒՀԻ ԳՐՈՀԸ

Գնդապետ Արսեն Շահմազյանը մայիսի 4-ին մեկնում է Ալեքսանդրապոլ։ Այդ օրը կապիտան Մուսայելյանը կանգնեցրել էր Երեւանից Բաթում մեկնող գնացքը, որտեղ ամերիկյան առաքելության ներկայացուցիչներն էին։ Մայիսի 7-ին Շահմազյանը զրահագնացքում հանդիպում է հեղկոմի անդամներին։ Նա գրում է, որ Մուսայելյանը, իր իսկ խոսքերով, բոլշեւիկ էր «դեռ 17 թվից», եւ փորձել է կանխել Դաշնակցության տան վրա հարձակումը։

«Ես այն մտքին էի, որ պիտի դեռ այս կառավարությունն ուժեղացնել։ Բայց միտինգի ժամանակ նկատվող ոգեւորությունը, համակիր վերաբերումը դեպի բոլշեւիզմը՝ ինձ եւս ոգեւորեց։ Ես գտնում եմ, որ այսուհետեւ մեր փրկությունը սովետական իշխանության մեջ պիտի որոնել։ Մենք հույս ունենք, որ մի քանի օրում Վրաստանն էլ կընկճվի սովետի կողմից, հերթը կգա Հայաստանին»,- ասել էր Մուսայելյանը (Հառաջ, 20 մայիսի, 1920թ., թիվ 104)։ Նա նաեւ հավելել էր, թե իրենք հիմա էլ են պատրաստ հայրենիքը պաշտպանելու։ «Երբ սովետական զորքը գա, մենք կհայտնենք, որ մենք էլ ենք սովետական. եթե չընդունեն, մենք ստիպված կլինենք կռվել մեր վրա հարձակվողների դեմ»,- ասել էր Մուսայելյանը։

ՀՅԴ կամավորականները եւ արեւմտահայերը ուժեր են կենտրոնացնում, մայիսի 14-ին Սեպուհի հրամանատարությամբ գրոհում են քաղաքն ու առանց կորուստների գրավում։

Նույն օրերին նախատեսվում էր թաթարական մոտ 1500-հոգանոց ջոկատի մուտքը Ալեքսանդրապոլ, որոնց օգնությանը դիմել էին բոլշեւիկները, սակայն Սեպուհի վճռական գործողություններից հետո թաթարները հրաժարվում են այդ մտքից։ Մայիսի 13-ի գիշերը բոլշեւիկները թողնում են զրահագնացքը եւ հեռանում, սակայն նրանց հետապնդում են եւ ձերբակալում։ Փախչել հաջողվում է միայն Ավիս Նուրիջանյանին։

ԿԱՐՍՈՒՄ

Մայիսին Կարսում նույնպես բռնկվում է բոլշեւիկյան ապստամբությունը, եւ հեղկոմի անդամներն ամրանում են բերդում։ Նրանք պահանջում են հանձնել իշխանությունը եւ անգամ հրետանուց ու թնդանոթներից գնդակոծում են քաղաքը։ Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանը մայիսի 4-ին եւ 6-ին հեռագրում էր, որ մարզում ամեն ինչ խաղաղ է, սակայն մայիսի 11-ին ապստամբություն է սկսվում, եւ քաղաքի մի շարք զորամասեր՝ Կարսի քաղաքային գումարտակը, 2-րդ եւ 5-րդ հրետանային միավորները, 1-ին գնդի երկու վաշտը միանում են ապստամբներին։

Կարսում հակաբոլշեւիկյան ուժերը ստեղծում են Հայրենիքի փրկության կոմիտե, որն իր ձեռքն է վերցնում քաղաքի իշխանությունը։ Կոմիտեն ապստամբների վերջնագրին որոշում է պատասխանել մայիսի 13-ին։ Թեեւ բերդում ամրացած ապստամբներին օգնության են հասնում Չախչախ գյուղի մոլոկանները, սակայն հեղկոմն աստիճանաբար կորցնում է նախաձեռնությունը, եւ շատերը սկսում են հեռանալ։ Մայիսի 13-ի գիշերը խռովարարները փախչում են, սակայն կառավարական ուժերը ավտոմեքենաներով հետապնդում են եւ Արգինո գյուղի մոտ հասնում նրանց։ Ծավալվում է փոխհրաձգություն, ապստամբներից 9-ը սպանվում են, 7-ը՝ հանձնվում, մյուսները կարողանում են հեռանալ։

Կարսի նահանգապետ Ղորղանյանն այս դեպքերից շուրջ երկու տարի անց իր հուշերում նկարագրում է, թե ինչպիսի մթնոլորտ էր Հայաստանում եւ ինչով էին պայմանավորված մայիսյան իրադարձությունները։

«Մայիսյան դեպքերը բոլշեւիզմ չէր, ինչպես անարխիկ, բոլշեւիկ չէ եւ հայ մարդը։ Երկիրը ի ծայր անբավական էր տիրող կատարյալ անիշխանությունից։ Նա իր չորս կողմը տեսնում էր միայն թալան, միայն դատարկաբաններ... Կառավարությունը թե կենտրոնում, եւ թե գավառներում պետական լրջություն չուներ։ Երկիրը դրական, շինարարական աշխատանք չէր տեսնում, նա կարոտ էր խիստ եւ արդարադատ կառավարչական վերաբերմունքի... Ռուս կայսերական ռեժիմը երկրի հասկացողություններում դառնում էր այն իդեալը, որին նա կարոտում էր։ Եվ ռուս իշխանությունը այն միակ ելքն էր, որին ձգտում էր երկիրը 17 թվի արձակածներից հետո լիուլի ճաշակելով «հեղափոխության» քաղցրությունը։

Թե ի՞նչ էր բոլշեւիզմը, եւ ինչ դիմակի տակ էր գալիս ռուսը այս անգամ մենք չգիտեինք։ Երկրի հիշողություններում վերականգնում էր խիստ իշխանությունը եւ նա ծարավի էր այդ իշխանության՝ վերջին տարիների ճառերից ու ծափերից հետո։ Համենայն դեպս, հայ ժողովուրդը բոլշեւիկ, ջարդարար տրամադրություն չուներ եւ իր խաղաղ, աշխատալից, տնտես ու «տուն դնող» բնորոշ ազգային հատկություններով, նա շատ հեռու էր բոլշեւիզմից»։

 

***

 

Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար: