Խորհրդային կարգեր հաստատելուց հետո Ադրբեջանն անմիջապես դիմեց Հայաստանի կառավարությանը՝ պահանջելով զորքերը դուրս բերել Ղարաբաղից եւ Զանգեզուրից։

Հայաստանը կարծում էր, թե կարող է բանակցություններով հարթել տարաձայնությունները, եւ 1920թ. մայիսի 2-ին արտաքին գործերի նախարար Օհանջանյանը հեռագրում է Կովկասյան ռազմաճակատի ռազմհեղկոմ Օրջոնիկիձեին՝ առաջարկելով հանդիպել եւ քննարկել բոլոր հարցերը։

Դրանից մի քանի օր առաջ՝ ապրիլի վերջին, Ադրբեջանի հեղկոմին դիմել էր նաեւ Ղարաբաղի ժամանակավոր կառավարչական մարմինը՝ վարիչների խորհուրդը, որը բանակցություններ սկսելու հրավեր էր ուղարկել։ Ապրիլի 29-ին Ղարաբաղի ժամանակավոր կառավարությանը պատասխանում է շտապ բոլշեւիկ եւ հեղկոմի նախագահ դարձած Սուլթանովը։ Նա նշում էր, որ հեղափոխական Ղարաբաղի հայացքը միշտ ուղղված է եղել դեպի Խորհրդային Ռուսաստան։

«Այժմ Ղարաբաղի դեմոկրատիան երջանիկ է... Ղարաբաղի դեմոկրատիան խորապես համոզված է եւ հավատում է Անգլիայից եւ Արեւմուտքի մնացած իմպերիալիստական պետություններից աշխատավոր ժողովրդի ազատվելուն՝ Խորհրդային Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Տաճկաստանի դաշնակցության ջանքերով»։

Ի պատասխան հեղկոմի հայտարարության՝ Ղարաբաղի գյուղացիության պաշտպանության կոմիտեն հայտարարում է, որ արյունահեղությունը դադարեցնելու հեղկոմի կոչը հայերը ողջունում են, սակայն այն վստահություն չի ներշնչում։

«Չկա վստահություն, որովհետեւ Ղարաբաղի 360 հազարանոց գյուղացիությունը հարկադրված է լինել դիրքերում, քանի որ Շուշիի հեղկոմի հեռագիրը ստանում է այն պահին, երբ թնդանոթների որոտն ու գնդացիրների ճարճատյունը լսվում է, իսկ ընդհանուր դժբախտությունների մեղավորները պատասխանատվության չեն ենթարկված»։ Պաշտպանության կոմիտեն նաեւ հայտնում էր, որ «խան-բեկական կառավարության» ներկայացուցիչ Սուլթանովը Շուշիում տանջում է գերեվարված կանանց ու երեխաներին, իսկ Նուրի փաշան նոր դժբախտություններ է պատրաստում Ջեբրայիլում։ «Մենք չենք հավատում Շուշիի հեղկոմի անկեղծությանը»,- ասված էր հեռագրում։

ԴՐՈՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Մինչ Հայաստանն ու Ադրբեջանը հեռագրեր էին ուղարկում, սկսվում է Մայիսյան ապստամբությունը, որը Հայաստանի իշխանություններից ուժերի մեծ լարում է պահանջում, եւ Ղարաբաղի խնդիրը երկրորդ պլան է մղվում։ Ղարաբաղ-Զանգեզուրի նահանգապետ Դրոն տեւական ժամանակ որեւէ տեղեկություն չուներ Հայաստանից, անգամ լուրեր էին տարածվում, որ Երեւանում խորհրդային կարգեր են հաստատվել։ Այս տեղեկություններն ակտիվորեն տարածում էին հայ բոլշեւիկները, մասնավորապես՝ Ավիս Նուրիջանյանը։

Այդ ընթացքում 11-րդ Կարմիր բանակը հրաման է ստանում ստորաբաժանումների մի մասը թողնել Զաքաթալայում, մինչեւ Վրաստանի հետ սահմանային հարցերի վերջնական կարգավորումը, իսկ ձախ թեւին հանձնարարվում է առաջանալ Նախիջեւան–Օրդուբադ–Շուշի գծով։ Կովկասյան ռազմաճակատի հրամանատար Իվար Սմիգլան հանձնարարում էր մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների հստակեցումը զինվորական կայազորներ հիմնել նշված ուղղություններում «ազգամիջյան ջարդերը թույլ չտալու համար»։ Փաստորեն, բանակցություններին զուգահեռ Կարմիր բանակը ներթափանցում էր Ղարաբաղ։

ԿԱՐՄԻՐՆԵՐԸ ՄՏՆՈՒՄ ԵՆ ՇՈՒՇԻ

1920թ. մայիսի 12-ին Շուշի է մտնում 11-րդ բանակի 32-րդ դիվիզիայի 281-րդ գունդը՝ Աբուզարովի եւ Գայդալովի հրամանատարությամբ։ Նույնը օրը Շուշի է հասնում նաեւ Օրջոնիկիձեն, ում հրամանով ձերբակալվում է Սուլթանովը։ Մի քանի օր անց Օրջոնիկիձեն հեռագրում է Լենինին եւ Չիչերինին, որ հայ ու ադրբեջանցի բնակիչներն «ուրախությամբ են դիմավորում ռուսական կարմիր զորքերին»։

«Կարծում եմ, որ Շուշիի, Նախիջեւանի, Օրդուբադի, Ջուլֆայի շրջանները կզբաղեցնենք առանց հայերի դիմադրության»,- գրում էր նա։ Միաժամանակ, Օրջոնիկիձեն հայտնում էր, որ Նուրի փաշան թաքնվել է Շուշիում եւ հակաբոլշեւիկյան սադրանքներ է անում։

Մայիսի 14-ին Ղարաբաղի Դիզակի շրջանի բոլոր գյուղերի ներկայացուցիչները քննարկում են ստեղծված իրադրությունը։ Այս հանդիպումը կազմակերպել էր Ղարաբաղի ժամանակավոր կառավարությունը՝ Արսեն Միքայելյանի գլխավորությամբ։ Համագումարը հավանություն է տալիս Ղարաբաղի ժամանակավոր կառավարության դիրքորոշմանը եւ հայտարարում, որ հետագայում Ղարաբաղի խնդիրը պետք է քննարկվի միայն Հայաստանի Հանրապետության հետ։

ՕՐՋՈՆԻԿԻՁԵԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԴՐՈՅԻ ՀԵՏ

Ղարաբաղում բոլշեւիկներին տարբեր կերպ էին ընդունում. մի շարք շրջաններում բնակչությունը դրական վերաբերմունք ուներ նրանց հանդեպ։ Դրոն մայիսի կեսերին գրում էր, որ Ջիվանշիրի ու Խաչենի շրջաններում մի շարք հայկական գյուղեր էին մուտք գործել Կարմիր բանակի զինվորները։ Մինչ այդ նա գնդապետ Մեսյանին ուղարկել էր Մարտակերտ իշխանությունն ամրապնդելու եւ ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար։ «Մեսյանից ստանում եմ տեղեկություն, որ Ջիվանշիրի շրջանի Հասան-Ռիզայի մեր գյուղերը հրաժարվել են ընդունել մեր իշխանությունը եւ բացահայտորեն իրենց հայտարարել են բոլշեւիկներ։ Պարզվում է, որ նրանք բոլշեւիկների հետ սերտ կապեր ունեն, ուժգնորեն աշխատում են ագիտատորները»,- գրում էր Դրոն։

Օրջոնիկիձեի Շուշի գալուց հետո բոլշեւիկները մայիսի 19-ին պատվիրակություն են ուղարկում Սղնախ՝ Դրոյի հետ բանակցելու։ Պատվիրակության կազմում էին Սահակ Տեր-Գաբրիելյանը, Կարդալովը եւ 281-րդ գնդի հրամանատարի օգնական Պարնակին։ Բոլշեւիկները Դրոյին ասում են, որ Ղարաբաղը, մինչեւ Հագարի գետը, պետք է անցնի Խորհրդային Ադրբեջանին, եւ այնտեղ տեղակայվեն Կարմիր բանակի զորամասերը։

«Հայտնեցին, որ մտադիր են ռուս-կարմիր զորքեր մտցնել Լեռնային Ղարաբաղ։ Մինչեւ Հագարի գետը Ղարաբաղը պետք է պատկանի Խորհրդային Ադրբեջանին։ Նպատակ ունենալով Ղարաբաղի միացումը Հայաստանին, ենթադրելով, որ բոլշեւիկների մտադրությունների ներքո թաքնված է հին Ադրբեջանը, ես նրանց առաջարկեցի այդ հարցերի առթիվ կապվել Հայաստանի կառավարության հետ, քանի որ ես լիազորված չեմ այդպիսի հարցեր լուծելու, որ ամեն պարագայի իրենց պահանջները չեն համերաշխվում ժողովուրդների կառավարման այն սկզբունքների հետ, որոնց հիմքը մեծամասնության ինքնորոշումն է, եւ որ Հայաստանի ճակատագրի պարզաբանման համար մայիսի 4-ին մեր պատգամավորներն են ուղեւորվել Մոսկվա։ Բոլշեւիկներն այսօր էլ վերադարձան Շուշի՝ Օրջոնիկիձեի հետ խորհրդակցելու»,- գրում է Դրոն։

Արսեն Միքայելյանը նույնպես նշում է, որ Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումը եւ Ռուսաստանի մոտենալը Հայաստանի սահմաններիին, տատանումներ է առաջացնում հայ գյուղացիության շրջանում։ Բացի այդ, ինչպես արդեն նշել ենք, Ղարաբաղում երկար ժամանակ տեղեկություն չունեին Հայաստանի իրադարձություններից, եւ «Վարիչների խորհրդի մի քանի անդամներու մեջ տրամադրություն է ստեղծվում Խորհրդային Ռուսաստանի հետ հասկացողության գալու»։

Դրոյի հետ հանդիպումից հետո հեղկոմի ներկայացուցիչները վերադառնում են Շուշի։ 281-րդ գնդի հրամանատարի տեղակալ Պարնակին իր զեկուցագրում գրում էր, որ Դրոյի հետ հանդիպման գնալիս իրենք Սղնախի մոտակայքում տեսել էին լավ կահավորված ամրություններ եւ խաչաձեւ կրակի հնարավորություններով խրամատներ։

Հանդիպման սկզբում պատվիրակները Դրոյին ներկայացնում են այն հարցերը, որոնց պատասխանը ակնկալում էին ստանալ.

1. Ի՞նչ վերաբերմունք ունեք Խորհրդային իշխանության եւ Կարմիր բանակի նկատմամբ։

2. Ի՞նչ կձեռնարկեք, եթե Ռուսաստանի կարմիր զորքերը տեղակայվեն Ղարաբաղի գյուղերում։

Ըստ Պարնակիի՝ Դրոն ասում է, որ բարեկամաբար է վերաբերվում Կարմիր բանակին եւ «ողջունում է որպես բանվորների եւ գյուղացիների ազատարարի»։ Ինչ վերաբերում է գյուղերում տեղակայմանը, ապա Դրոն դրա անհրաժեշտությունը չէր տեսնում, քանի որ բոլշեւիկները Շուշիում ունեին մոտ 500 զինվոր եւ կարող էին տեղակայել հենց քաղաքում։

«ԱՆԳԼԻԱՆ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՆ ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՉԵՆ ԵՂԵԼ»

Դատելով փաստաթղթի բովանդակությունից, կարելի է ենթադրել, որ պատվիրակները քննարկում են նաեւ ընդհանրապես Հայաստանի վերաբերմունքը ինչպես Արեւմուտքի, այնպես էլ Դենիկինի նկատմամբ։ Բոլշեւիկների ընկալումներով՝ Հայաստանն իրենց ռազմավարական հակառակորդների դաշնակիցն էր։ Դրոն հանգամանալից պարզաբանում է այս հարցը ու առավել կարեւոր է, որ նրա մեկնաբանությունները ներկայացնում է հենց Կարմիր բանակի սպան։ «Դուք համարում եք, որ Անգլիան մեր բարեկամն է, բայց ոչ Անգլիան ու Ամերիկան, ոչ էլ կամավորական բանակը մեր ընկերները չեն եղել։ Մենք հարկադրված էինք դիմել նրանց, քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանը երկու կողմից ճնշում էին մեզ՝ փորձելով ոչնչացնել Հայաստանը։ Իսկ մենք անգամ փամփուշտ չունեինք, հազարավոր մարդիկ էին մեռնում մեր մոտ, ու Ամերիկան 5 մլն փութ հաց տվեց մեզ եւ դրությունը դրանով փրկվեց»։

Պարնակին նաեւ նշում էր, որ Դրոն իրենց է տվել Հայաստանի կառավարության գրավոր կարգադրությունը, որտեղ գրված էր. «Մի տրվեք սադրանքների եւ ամուր պահեք ռազմաճակատը, իսկ խորհրդային Կարմիր բանակի մոտենալու դեպքում մենք ընդհանուր շահեր ու լեզու կգտնենք»։

Քանի որ Շուշիի հեղկոմն առաջարկում էր դադարեցնել զինված գործողությունները եւ հաշտություն կնքել մահմեդականների հետ, Դրոն պարզաբանում է նաեւ Ղարաբաղի ժամանակավոր կառավարության եւ պաշտպանության կոմիտեի դիրքորոշումը։ Նա Օրջոնիկիձեի ներկայացուցիչներին ասում էր, որ իրենք չեն վստահում ադրբեջանցիներին։ Եթե անգամ հանցագործությունները եւ հարձակումների մեղավորները պատժվեն, ապա դա չի մեղմացնի այն տառապանքները, որ կարող են կրել խաղաղ հայերը։ Ըստ այդմ՝ Դրոն Կարմիր բանակի ներկայացուցչին առաջարկում էր ռազմաճակատի գծից հետ քաշել մահմեդական զորքերը։ «Եթե նրանց 30 վերստ հետ տանեք, ես իմ պատասխանատվությամբ մեր զորքերը հետ կտանեմ 45 վերստ»,- ասել էր Դրոն։

Մայիսի կեսերին իրադրությունը Ղարաբաղում շարունակում էր մնալ ծանր ու հակասական. ամսի 14-ին Կարմիր բանակի մեկ հարյուրյակ մտնում է Մարտակերտ՝ «ապրանք գնելու»։ Մեկ օր անց Վանք գյուղի մոտ սպանվում է ինքնապաշտպանական ուժերի սպա Հակոբ Մարտիրոսյանը, որին ուղարկել էին Ջիվանշիրի շրջանի պաշտպանությունն ամրացնելու։ Ծանր էր դրությունը նաեւ Խաչենում. մայիսի 18-ին Դրոյի հրամանով մի խումբ փորձում է անցնել Վանք՝ գնդապետ Մեսյանին օգնելու, սակայն ճանապարհին իմանում է, որ Խաչենն ամբողջությամբ անցել է բոլշեւիկների կողմը, եւ ստիպված վերադառնում է։ Երեք օր անց՝ մայիսի 21-ին, Կարմիր բանակի մի ստորաբաժանում Վանքում փորձում է ձերբակալել Մեսյանին, սակայն չի հաջողվում։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

Կարմիր բանակի եւ հեղկոմի ներկայացուցիչները Ղարաբաղում քարոզչական մեծ աշխատանք էին տանում։ Ամենուր նրանք ասում էին, որ խորհրդային իշխանությունը երկրում հաստատելու է կայունություն, վերացնելու է սովն ու պատերազմը, իսկ Կարմիր բանակը եկել է ոչ թե գրավելու, այլ խաղաղություն հաստատելու։ Այս քարոզչությունը, ինչպես նաեւ Ռուսաստանի նկատմամբ դարավոր դրական վերաբերմունքն աստիճանաբար տալիս են իրենց արդյունքները։ Աբրահամ Կիսիբեկյանը գրում է, որ Ղարաբաղի խորհրդայնացման լուրերը ոգեւորություն էին առաջացնում։ «Կարմիր բանակի ներկայացուցիչների Ղարաբաղում երեւալը եւ այն, որ շուտով Կարմիր բանակը Ղարաբաղ պիտի մտնի, կայծակի արագությամբ տարածվելով՝ մեծ ոգեւորություն ու խանդավառություն առաջ բերավ Ղարաբաղի ողջ աշխատավորության մեջ»,- գրում է Կիսիբեկյանը։

Ստեղծված պայմաններում Դրոն կանգնած էր դժվարին ընտրության առջեւ. նա հասկանում էր, որ խորհրդային բանակի մտնելու դեպքում կամ պետք է ամբողջովին զինաթափվի ու հանձնվի, կամ արյունալի ու եղբայրասպան պատերազմ սկսի։ Երկուսն էլ անընդունելի էր։

1920թ. մայիսի 24-ին Ավետարանոց (նախկինում՝ Չանախչի) գյուղում հրավիրվում է Ղարաբաղի ժամանակավոր կառավարության եւ պաշտպանության կոմիտեի բոլոր ներկայացուցիչների ընդհանուր ժողով, որը պետք է որոշեր հետագա գործողությունները։ Ժողովին մասնակցում էին Դրոն, գնդապետ Միրիմանյանը, Նժդեհը, Արսեն Միքայելյանը եւ ուրիշներ։ Արսեն Միքայելյանի վկայությամբ՝ քննարկման արդյունքում արձանագրվում են հետեւյալ փաստերը.

1. Ղարաբաղի ժողովրդի տրամադրությունները փոփոխվել են եւ աստիճանաբար կարող են վերածվել թշնամության:

2. Մայիսի 12-ից սկսյալ Հայաստանի կառավարութենեն, հակառակ բազմիցս եղած դիմումների, ոչ մի տեղեկություն չի ստացվել, ապա ուրեմն Հայաստանի Հանրապետությունը գտնվում է օրհասական վտանգի մեջ:

3. Նժդեհի Կապանի զորամասը չի կարող երկար մնալ Ղարաբաղում, որովհետեւ բոլորն էլ գյուղացիներ են ու կկամենան վերադառնալ հայրենիք՝ դաշտային աշխատանքներու լծվելու:

4. Ռուսական բանակի որոշ զորամասեր, խճուղու վրայով, գրավում են կարեւոր դիրքեր, որով կտրում են Ղարաբաղի հայկական զորամասի նահանջի ճամփան։

Բնակչության շրջանում կար նաեւ հույս, որ խորհրդային կարգերի հաստատումը կարող է նպաստել Ղարաբաղի խնդրի լուծմանը, ապահովել բնակչության անվտանգությունը։ Քննարկման արդյունքում որոշվում է Ղարաբաղի իշխանությունը հանձնել բոլշեւիկ Սաքո Համբարձումյանին եւ հեռանալ։ Դրոն Ղարաբաղում թողնում է նաեւ զենք, զինամթերք, մեկ գնդացիր ու մայիսի 26-ին շարժվում դեպի Զանգեզուր։ Ղարաբաղում հաստատվում են խորհրդային կարգեր։

 

***

 

Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար: