Դրոյին հեռացնելով եւ Ղարաբաղում խորհրդային կարգեր հաստատելով՝ Ադրբեջանի եւ Խորհրդային Ռուսաստանի դեպի Թուրքիա ծավալվելու մտադրությունները չեն ավարտվում։ Առջեւում Զանգեզուրն էր, որը ոչ միայն հրաժարվում էր Խորհրդային Ադրբեջանին ենթարկվելուց, այլեւ չէր պատրաստվում ճանապարհ տալ Կարմիր բանակին Նախիջեւան անցնելու համար։ Զուգահեռաբար Հայաստանի Հանրապետությունը վերականգնում էր իր օրինական տարածքները եւ հուլիսին զորք էր մտցրել Շարուր-Նախիջեւան։

Դրոյի հեռանալը միանշանակ չէր ընդունվել։ Ավետարանոց գյուղում տեղի ունեցած ժողովի ժամանակ Նժդեհն ու Դրոն թունդ վիճել էին. Նժդեհը դեմ էր Ղարաբաղից հեռանալուն։ Ղարաբաղը թողնելու որոշումն անընդունելի էր նաեւ Զանգեզուրի գեներալ-կոմիսար Սերգեյ Մելիք-Յոլչյանի համար։ Նա Հայաստանի վարչապետին, ռազմական նախարարին եւ այլ պաշտոնյաների հայտնել էր, որ Ղարաբաղից հեռանալու «պատճառը խորհրդավոր է եւ բոլորովին անհասկանալի մեզ»։

«Ղարաբաղում վիճակն անորոշ է։ Մեր ձեռքով մենք կործանել ենք Ղարաբաղը։ Դա մեր կուսակցության կրախն է։ Դրոն անձամբ է իշխանությունը հանձնել բոլշեւիկներին»,- ասում էր նա:

Նժդեհը գտնում էր, որ Ղարաբաղը թողնելը բացասաբար է անդրադառնալու Զանգեզուրի պաշտպանության վրա։ «Ղարաբաղը առանց կռվի թշնամուն թողնելը, անշուշտ, պիտի ունենար իր բարոյալքիչ ազդեցությունը Զանգեզուրի վրա։ Կամ թշնամին չափազանց ուժեղ է, որ երեւանյան զորքերը խուսափել են չափվելու նրա հետ, կամ ինչ-որ քաղաքական նկատառումներով չպետք էր կռվել եւ չեն կռվել մերոնք»,- գրում էր Նժդեհը։

ՄՈՒՍԱՎԱԹԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ «ԿԱՐՄՐԵՑ»

Խորհրդային Ադրբեջանը բնականաբար չէր կարող հրաժարվել Զանգեզուրը գրավելու մտադրությունից։ Չնայած իշխանության փոփոխությանը՝ Մուսավաթի բազմաթիվ կարկառուն ներկայացուցիչներ անցել էին խորհրդային իշխանության կողմը եւ շարունակում էին հակահայկական քաղաքականությունը։

«Մուսավաթական բանակն արագորեն վերակազմվեց Խորհրդային Ադրբեջանի Կարմիր բանակի։ Բանակի նախկին հրամանատար Ալի Աղա Շիխլինսկին, նախկին ռազմական նախարար Սամեդբեկ Մեհմանդարովը, զինվորական գործիչներ Լ. Նախիջեւանսկին, Ուսուբովը դարձան «կարմիր» հրամանատարներ» (Արամ Սիմոնյան, Զանգեզուրի գոյամարտը 1920-1921թթ., Երեւան, 2000)։

Մյուս կողմից՝ Ադրբեջանն ակտիվորեն օգտագործում էր իր «խորհրդային» դառնալու փաստը՝ փորձելով ռուսների միջոցով լուծել իր տարածքային հավակնությունները։ Հունիսի վերջին Չիչերինը գրում էր, որ Բաքվի ընկերների անկարգապահությունը ակնհայտ հակասության մեջ է Կենտկոմի քաղաքական գծի հետ։ «Այն ժամանակ, երբ կենտկոմը որոշել է փոխզիջումների գնալ Վրաստանի եւ Հայաստանի բուրժուական կառավարությունների հետ եւ դիվանագիտական միջոցներով դուրս մղել Անտանտին այնտեղից, Բաքվի ընկերների գործողությունները... նպաստում են ապստամբությունների բռնկմանը, եւ մեր ուժերով վիճելի տարածքների միացումը Ադրբեջանին ընդհանրապես անհնարին կդարձնի Հայաստանի հետ համաձայնությունը» (Нагорный Карабах в 1918-1923гг., Ереван 1992):

Իրադրությունը Զանգեզուրում սակայն միանշանակ չէր։ Թեեւ Մայիսյան խռովությունները ճնշվել էին, սակայն հունիսի վերջի դրությամբ կային բազմաթիվ բոլշեւիկյան կազմակերպություններ։ Սկզբնական շրջանում բնակչության որոշ հատվածն աջակցում եւ դրական էր վերաբերվում բոլշեւիկներին, հետեւաբար նաեւ Կարմիր բանակին։ Հունիսի սկզբին Զանգեզուրի գեներալ-կոմիսար Մելիք-Յոլչյանը մեկնել էր Երեւան կառավարությանը Զանգեզուրի դրության մասին զեկուցելու համար, եւ նրան փոխարինող էր նշանակվել Զախար Յոլյանը։

Զանգեզուրի վրա հարձակվելու որոշումն ընդունվել էր մայիսի վերջին, եւ հրամանը հասցվել էր 32-րդ դիվիզիայի հրամանատար Շտեյգերին, սակայն արշավանքը հետաձգվել էր Գանձակում հակաբոլշեւիկյան ապստամբության պատճառով, որը Կարմիր բանակը դաժանորեն ճնշել էր։ Ղարաբաղում վերջնականապես հաստատվելուց հետո Կարմիր բանակը հունիսի վերջին Զանգեզուրի սահմանների մոտ կենտրոնացնում է 11-րդ բանակի 28-րդ դիվիզիայի 1-ին գունդը, 281-րդ եւ 299-րդ հետեւակային գնդերը, 1-ին եւ 2-րդ հեծյալ գնդերը՝ ընդհանուր առմամբ մոտ 8 000 զինվոր եւ 12 թնդանոթ։

1920թ. հունիսի 27-ին Շտեյգերը 11-րդ բանակի հրամանատար Միխայիլ Լեւանդովսկուն զեկուցում էր, որ Ղարաբաղի բնակչության վերաբերմունքն իրենց նկատմամբ դրական է, եւ իրադրությունը հանգիստ է։ Ինչ վերաբերում էր Զանգեզուրին, ապա շրջանի հյուսիսային մասում քրդերն են, որոնք թշնամական հարաբերություններ ունեն հայերի հետ։

«Զանգեզուրի զինված ուժերի հրամանատարը Դրոն է։ Տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանից Զանգեզուր է գալու 3 000 հոգանոց զորաջոկատ՝ գեներալ Սիլիկովի հրամանատարությամբ։ Դրոյի զորքը կազմված է բացառապես թուրքահպատակ հայ փախստականներից։ Գյուղացիները Կարմիր բանակի կողքին են, ինչի վկայությունը Խնձորեսկի ապստամբությունն է, որը ճնշեց Դրոն։ Անվստահության պատճառով լուծարվել են Զանգեզուրի գյուղացիական գնդերը» (Нагорный Карабах в 1918-1923гг., Ереван 1992)։

ՆԺԴԵՀԻ ԿՈՉԸ

Զանգեզուրի վրա կախված մահացու վտանգին դիմակայելու համար 1920թ. հունիսի 17-ին Կապանի հանքերում տեղի է ունենում Կապարգողթի հայության ներկայացուցիչների ժողովը, որն իր քաղաքական եւ ռազմական դիրքորոշումն է հայտնում ստեղծված դրության վերաբերյալ։ Ժողովը հայտարարում է, որ Ադրբեջանի խորհրդայնացումը քաղաքական շանտաժ է՝ «ստեղծված տաճկա-ադրբեջանական համիսլամիստների եւ ռազմապաշտների ձեռքով՝ Հայաստանի անկախությունը եւ հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը վտանգելու համար»։ Բոլոր տեսակի շարժումները, որոնք ուղղված էին Հայաստանի անկախության եւ Ղարաբաղ-Զանգեզուրի ազատագրության դեմ, համարվում էին դավաճանություն, եւ 18-60 տարեկան բոլոր կապանցիները պետք է զենքի դիմեին Ադրբեջանի դեմ կռվելու համար։

Նախքան հարձակումը բոլշեւիկներն ակտիվ քարոզչություն էին իրականացնում՝ մամուլում հրապարակելով «աշխատավորների նամակները», որտեղ խնդրում էին գալ եւ ազատագրել իրենց՝ կանխելով ազգամիջյան արյունալի բախումները։ Նույն օրերին Նժդեհը կոչով դիմում է Զանգեզուրի բնակչությանը, ներկայացնում Ադրբեջանի նենգ քաղաքականությունը, որին զոհ էր գնացել Ղարաբաղը։

 

«Հառաջ», 10 հուլիսի, 1920թ., թիվ 144

«Կեղծ, կարմիր դրոշակի տակ աղվեսաբար թշնամին մոտեցավ մեր դիրքերին, առերես եղբայրացավ, հավատացրեց, որ էլ կարիք չկա դիրքեր պահելու, արթուն ու անքուն սարերի վրա նստելու, որ ամեն ինչ փոխվել է, գայլը գառին ընկեր է դառել, որ հեղափոխություն է, հաշտություն։ Այսպես օձի լեզվով, խոսեց ձեռները հազարավոր շուշեցիների արյան մեջ թաթախած նենգ թշնամին ու միամիտ Ղարաբաղցին հավատաց եւ շատ տեղ թողեց դիրքերն ու իջավ լեռներից եւ ի՞նչ՝ իր սեփական ձեռքով քանդեց իր տունը, փորեց իր գերեզմանը եւ զրկվեց մի շարք նոր ու շեն գյուղերից։

Ահա թե ինչպես Ադրբեջանի «բոլշեւիկացած» աղվեսը խաբեց Ղարաբաղի միամիտ առյուծին։ Զգուշացեք Ադրբեջանի կարմիր աղվեսից։

Գնդապետ Նժդեհ, Հանքեր-Ղափան»։

ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ

11-րդ Կարմիր բանակի զորամասերը նախապես փորձում են առանց մեծ բախումների թափանցել Զանգեզուր։ 1920թ. հունիսի 29-ին 15-հոգանոց մի պատվիրակություն գալիս է Գորիսի Տեղ գյուղ՝ բնակիչների հետ բանակցելու։ Նրանցից մեկը պարսկահայ էր, մեկը՝ լեհ, իսկ մյուսները թուրքեր էին։ 1921թ. Լեռնահայաստանի կառավարության տեղեկագրում նշված է, որ պատվիրակությունը ժամանել էր առավելապես լրտեսություն անելու նպատակով (Արնոտ գիրք, Գորիս, 1921թ.)։

Նրանք 11-րդ բանակի եւ խորհրդային իշխանության անունից հայտարարում են, որ եկել են Զանգեզուրում խորհրդային կարգեր հաստատելու եւ հանդիպում են Զանգեզուրի ներկայացուցիչներ Գեղամ Տեր-Մինասյանին ու Նիկողայոս Դորունցին, որոնք կտրականապես մերժում են խորհրդայնացվելու առաջարկը, եւ պատվիրակները շուտով հեռանում են Տեղից։

Հուլիսի 4-ին տեղեկություններ ստանալով, որ Զանգեզուրում հայկական զորամասեր գրեթե չկան, 32-րդ դիվիզիայի հեծյալ բրիգադն առաջանում է, ձերբակալում մի քանի հայ սպայի, շրջապատում Կոռնիձորը եւ բոլոր կողմերից սկսում գնդակոծել գյուղը։ «Հայկական փոքրաթիվ զորամասը հրաման է ստանում դիմադրելու բոլշեւիկներին, բայց Քարաշենի մոտ կարճատեւ կռվից հետո, ստիպված է լինում տեղի տալ թշնամիների մեծաքանակ ուժի առաջ եւ քաշվել Դարալագյազ, երբ մանավանդ նկատում է, որ այդ կողմի հայ գյուղացիությունն անտարբեր է վերաբերվում ռուս բոլշեւիկի դեմ վարած կռվին» (Արնոտ գիրք)։

Նույն օրը՝ երեկոյան, Գորիսում հրավիրվում է Ազգային խորհրդի ժողով, որը պետք է որոշեր բոլշեւիկներին դիմադրելու հարցը։ Երկար քննարկումից հետո Դրոն առաջարկում է զորքով եւ քաղաքացիական անձնակազմով թողնել քաղաքը, որպեսզի բնակչությունը համոզվի, որ «բոլշեւիկների նպատակը Զանգեզուրն Ադրբեջանին ենթարկելն է» (Արամ Սիմոնյան, Զանգեզուրի գոյամարտը 1920-1921թթ., Երեւան, 2000)։

ԱՌԱՋԻՆ ԱՐՅՈՒՆԸ

Հուլիսի 5-ին Կարմիր բանակը մտնում է Գորիս եւ Զանգեզուրը հայտարարում խորհրդային։ Կարմիրբանակայինները քաղաքում գնդակահարում են պահեստների պահպանությունն իրականացնող երեք զինվորի, ովքեր հրաժարվում են թողնել պահակակետը՝ ասելով, որ իրենց տեղը կարող են զիջել միայն Հայաստանի Հանրապետության համապատասխան զինվորական ներկայացուցիչներին։ Հուլիսի 5-ին Գորիսում ստեղծվում է Զանգեզուրի գավառային հեղափոխական կոմիտե, որի անդամներն են դառնում Հակոբ Կամարին, Միքայել Չալյանը, Համբարձում Տեր-Հովհաննիսյանը եւ ուրիշներ։

Շուտով քաղաք է հասնում նաեւ 11-րդ բանակի 28-րդ դիվիզիան։ Հայկական ուժերը երկու ուղղությամբ նահանջում են. Դրոն՝ դեպի Սիսիան, մյուս զորաջոկատները՝ Տաթեւ, ապա՝ Կապան։ Սիսիանի ճանապարհին Դրոյի ստորաբաժանումների վրա հարձակվում են նաեւ տեղական ուժերը, եւ հաշվի առնելով բնակչության վերաբերմունքը՝ Դրոն որոշում է չմնալ Սիսիանում եւ քաշվում է Դարալագյազ։

Շուտով 32-րդ դիվիզիայի զինվորական կոմիսար Կարլ Ռատնեկը դիմում է հղում զանգեզուրցիներին.

«Հեռավոր Խորհրդային Ռուսաստանից ձեզ մոտ է եկել բանվորագյուղացիական Կարմիր բանակը, որպեսզի օգնի ձեզ ազատագրվելու դաշնակցական կառավարության ճնշումից, որպեսզի օգնի ձեզ կառուցելու նոր, խաղաղ կյանք՝ ձեզ եւ աղքատ ու տանջված թաթարական ժողովրդին հոգնեցրած անիծյալ պատերազմի փոխարեն»։

ՆԺԴԵՀԻ ԵՐԿՐՈՐԴ ԿՈՉԸ

Ստանալով Գորիսի խորհրդայնացման մասին տեղեկությունը՝ Նժդեհը հուլիսի 6-ին հրավիրում է Կապարգողթի 37 գյուղի ներկայացուցիչների ժողով, որը որոշելու էր հետագա քայլերը, իսկ հաջորդ օրը հրապարակվում է Նժդեհի կոչը զանգեզուրցիներին։

«Հայ ժողովո՛ւրդ, Կապարգողթի եւ Բաղաբերդի հերոս ժողովուրդ, վտանգը, բոլշեւիզմի կեղծ, կարմիր փետուրներով զարդարված Ադրբեջանական վտանգն է կանգնած դռանդ։ Ուրեմն, ինչպես եւ միշտ, եղիր արթուն, սպառազեն ու միշտ պատրաստ դիրքերում, հանկարծակիի չգալու համար։ Աստված եւ իմ սուրը քեզ հետ»։

Գորիսի գրավումով Կարմիր բանակը կանգ առնելու մտադրություն չուներ. շուտով Նախիջեւան է գնում 252-րդ գունդը, իսկ մնացած ուժերը պատրաստվում են շարժվել դեպի Կապարգողթ։ Հուլիսի 8-ին Խոտանան գյուղի մոտ անսպասելի հայտնվում են բոլշեւիկյան զորամասերը։ Նրանց ուղեկցում էր ուսուցիչ Բագրատ Հարությունյանը, որին Նժդեհն ուղարկել էր Գորիս՝ տեղեկություններ ստանալու։ Հարությունյանը բոլշեւիկ էր ու թեեւ մշտապես հայտարարում էր, որ որեւէ կապ չունի բոլշեւիկների հետ, քանի դեռ նրանք «արեւելյան փաշաների» բարեկամներն են։ Գյուղը չի կարողանում դիմադրել եւ անցնում է բոլշեւիկների ձեռքը։ Նժդեհը շտապում է Կավարտ եւ ճանապարհին իմանում, որ եւս երկու հայկական գյուղ «աղ ու հացով» դիմավորել է կարմիրբանակայիններին։

Երբ խորհրդային զինվորները Բագրատ Հարությունյանի հետ մոտենում են Կավարտի ձորին, Նժդեհը հրամայում է պայթեցնել վառոդով լի մի քանի տակառ, որից հետո առաջխաղացումը դադարում է։ Քիչ անց սպիտակ դրոշակներով Նժդեհին են մոտենում բանագնացները եւ ասում, որ «խորհրդային հրամանատարությունը խնդրում է ճանապարհ տալ զորքերին՝ Ջուլֆա անցնելու համար»։ Նժդեհն ասում է, որ Ջուլֆա հասնելու ամենակարճ ճանապարհը Սիսիան-Նախիջեւան ուղին է։ Նրանք նաեւ բանակի հրամանատարության անունից պահանջում են դադարեցնել դիմադրությունը, իսկ Նժդեհին՝ անհապաղ ներկայանալ խորհրդային իշխանության ներկայացուցիչներին։ Կարճատեւ քննարկումից հետո կարմիրբանակայինները վերադառնում են եւ շուտով հետ քաշվում Խոտանան՝ իրենց հետ պատանդ տանելով Կապարգողթի ինքնապաշտպանության ղեկավարներից Սմբատ Մելիք-Ստեփանյանին։

Խոտանանից արդեն զինվորական կոմիսար Իվանովը գրություն է ուղարկում.

«Գնդապետ Նժդեհին. Արդեն Ղարաբաղ-Զանգեզուր է մտել կարմիր բանակը։ Բոլոր տեղերում կազմակերպված են հեղկոմներ։ Հրամայում եմ այդ առթիվ հայտարարել ժողովրդին եւ ճանապարհ տալ Վերին Խոտանանում գտնվող մեր զորամասին անցնելու Մեղրիի վրայով Օրդուբադ-Ջուլֆա»։

ՆԺԴԵՀԻ ՀԱՅՏՆԻ ԽՈՍՔԵՐԸ

1920թ. հուլիսի 12-ին Առաջաձոր գյուղում հրավիրվում է Կապանի երկրորդ ներկայացուցչական արտակարգ ժողովը, որին բոլոր գյուղերից մասնակցում էին երկուական ներկայացուցիչ։ Քննարկվելու էր մեկ հարց՝ Կապանը կռվելո՞ւ է, թե՞ ոչ։ Նժդեհը որոշում է չմասնակցել ժողովին, որպեսզի պատգամավորներն անկաշկանդ իրենց տեսակետը ներկայացնեն։ Մթնոլորտը ծանր էր, եւ ոչ ոք չէր ցանկանում պատասխանատվությունը վերցնել իր վրա։ Ստիպված Նժդեհը վերադառնում է ժողովատեղի եւ ասում իր հայտնի խոսքերը.

«Վաղուց է, ինչ կռվում եմ ձեր երկրում, ձեզ համար։ Որպես բարոյական վարձատրություն, կուզեի, որ հանեիք իմ աչքերը, կուրացնեիք ինձ, որ անբախտություն չունենամ ձեր գլխին գալիք աղետը տեսնելու»։

Եվ դուրս է գալիս դահլիճից։ Կես ժամ անց նրան են ներկայացնում ժողովի որոշումը՝ ինչ գնով էլ լինի, թույլ չտալ Կարմիր բանակի մուտքը Կապան։

Անմիջապես զինկոմ Իվանովին ուղարկվում է Նժդեհի պատասխանը.

«Կապարգողթի գյուղացիական ներկայացուցչական խորհուրդը հրամայել է ինձ ուղարկելու ձեզ վերջնագիր՝ վաղը՝ ամսի 13-ին, մինչեւ ժամը 7-ը թողնել Կապանի սահմանները, հակառակ դեպքում ստիպված կլինեմ անցնելու հարձակողականի եւ զինու ուժով վանելու ձեզ։

Նժդեհ։ 1920թ., 12 հուլիս, Ղափան-հանքեր»։

1920թ. հուլիսի 13-ի վաղ առավոտյան խորհրդային բանակի ստորաբաժանումները դուրս են գալիս Խոտանան գյուղից եւ վերադառնում Գորիս:

Կապանցիների ու Նժդեհի վճռականությունը կանխում է Կարմիր բանակի հետ ծավալուն կռիվը, սակայն կարճ ժամանակով։ Շուտով սկսվում է Լեռնահայաստանի հերոսական կռիվը։

 

***

 

Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար: