Ղարաբաղը խորհրդայնացնելուց եւ Գորիս մտնելուց հետո 11-րդ բանակի ստորաբաժանումները փորձում են ներխուժել նաեւ Հայաստանի հյուսիսային շրջանները։

1920թ. մայիս-հունիսին խորհրդային բանակի ստորաբաժանումների հետ բախումներ են լինում Իջեւանի շրջանում։ Հայաստանի կառավարությունը մի քանի անգամ դիմում է Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ պահանջելով դուրս բերել զորքերը Հայաստանի վարչական սահմաններից։

Հեռանալիս բոլշեւիկները պատանդ են տանում Իջեւանում Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչներին, որոնց շուտով գնդակահարում են։ Հուլիսի 6-ին Համո Օհանջանյանը բողոքի նոտա է հղում Խորհրդային Ադրբեջանի արտաքին գործերի ժողկոմ Հուսեյնովին՝ Ջաղեթյան Ներսեսի, Գրիգորյանի, Պետրոսյանի, Պապյանի, Չուբարյանի գնդակահարության առիթով։

«Հայաստանի կառավարության անունից խնդրում եմ հայտնել, թե արդյո՞ք այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը եւ եթե այո՝ ապա անհապաղ դադարեցրեք Ադրբեջանում ձեր կառավարության կողմից ձերբակալված հայազգի հասարակական գործիչների ռեպրեսիաները» (ՀԱԱ, ֆ275, ց.5, գ.211, թ.180)։

ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԼՈՒԾԵԼ ԿԱՐՄԻՐ ԲԱՆԱԿԻ ՄԻՋՈՑՈՎ

Իջեւանում մայիսյան բախումներից հետո որոշվել էր հրավիրել հայ-ադրբեջանական խառը համաժողով սահմանային հարցերը կարգավորելու համար։ Սակայն հունիսին կռիվները շարունակվել էին, եւ միայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գործողությունների շնորհիվ ադրբեջանական զորամասերը դադարեցրել էին առաջխաղացումը։ Ադրբեջանի ոտնձգությունները ժամանակավորապես դադարել էին նաեւԶանգիբասարի եւ Բոյուք-Վեդիի ծանր պարտություններից հետո, որոնց հաջորդել էին դիվանագիտական քայլերը։

Ադրբեջանը փորձում էր Հայաստանի հետ (որոշ դեպքերում՝ նաեւ Վրաստանի) տարածքային պահանջները լուծել Կարմիր բանակի միջոցով, ինչի համար ակտիվորեն օգտագործվում էր «խորհրդային լինելու փաստը»։

1920թ. հուլիսի 5-ին Խորհրդային Ադրբեջանի արտաքին գործերի ժողկոմ Հուսեյնովը բողոքի նոտա է հղում Հայաստանի կառավարությանը։ Ուշագրավ է, որ բոլոր հեռագրերը թե՛ Ադրբեջանը եւ թե՛ Հայաստանն ուղարկում էին նաեւ Մոսկվա՝ ՌԽՖՍՀ արտաքին գործերի ժողկոմ Չիչերինին։ Մտահոգություն հայտնելով Զանգիբասարի եւ Վեդիի դեպքերի մասին՝ Հուսեյնովը նշում էր, որ հայկական զորքերը վերցրել են նաեւ Ղարաղշլաղ գյուղը։ Հղում անելով Ղազախում հայ-ադրբեջանական կոնֆերանս հրավիրելու՝ դեռեւս հունիսի սկզբին կայացրած որոշմանը՝ Հուսեյնովը պահանջում էր դադարեցնել հայկական զորքերի առաջխաղացումը։ «Հակառակ պարագային իմ կառավարությունը հարկադրված կլինի պնդելու, որ հունիսի 2-ի համաձայնությունը խախտված է, ուստի եւ հետագա գործողությունների մեջ իրեն ազատ կհամարի», - նշում էր նա:

Պատասխան նամակով արտաքին գործերի նախարար Համո Օհանջանյանը հայտնում էր, որ Զանգիբասարը, Վեդին եւ Հուսեյնովի նշած մյուս շրջանները Հայաստանի Հանրապետության տարածքում են, եւ Ադրբեջանի հայտարարությունն իրենք դիտարկում են որպես միջամտություն այլ երկրի ներքին գործերին։

Օհանջանյանը նաեւ նշում էր, որ հայկական զորքերը մուտք չեն գործել Ադրբեջանի տարածք նաեւ Ղազախի հատվածում, ճիշտ հակառակը՝ ադրբեջանական զինյալներն են մտել Քարվանսարա (Իջեւան), որտեղից հեռացել են միայն հայկական բանակի մոտենալուց հետո՝ իրենց հետ պատանդ տանելով հայ պաշտոնյաներին։ Միաժամանակ Հայաստանի վարչապետը մտահոգություն էր հայտնում, որ Բաքվում եւ Ադրբեջանի այլ շրջաններում ապրող հայերին զորակոչում եւ ուղարկում են հայկական սահման՝ նպատակ ունենալով հայերին կռվեցնել հայերի դեմ։

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՅԱԶԳԻ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻ ԿՈՉԸ

Հայաստանի հասցեին սպառնալիքներն այսքանով չեն ավարտվում։ Շուտով հրապարակվում է Ադրբեջանի հայազգի կոմունիստների կոչը Հայաստանի վարչապետին, որը ստորագրել էին Միկոյանը, «Հայաստանի զինվորա-հեղափոխական կոմիտեի ներկայացուցիչ» Ավիսը եւ Հայաստանում Ռուսաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Կոստանյանը։ Նրանք ասում էին, որ Հայաստանի իշխանությունը պետք է անհապաղ դադարեցնի բոլշեւիկների, հայ գյուղացիների ու բանվորների հալածանքները, զսպի «մաուզերիստներին»։

Նրանք գրել էին, որ Խորհրդային Ռուսաստանի Կարմիր բանակի օգնությամբ Ադրբեջանում ամենուր ջախջախում են մուսավաթականներին ու հակահեղափոխականներին, իսկ «մուսավաթականները ձեր [Հայաստանի կառավարության] գաղափարական եղբայրներն են»։ Հայ բոլշեւիկները Հայաստանի իշխանություններին վերջնագիր էին ներկայացրել.

«Մենք համոզված ենք, որ Խորհրդային Ռուսաստանը ձեռք կառնի բոլոր միջոցները՝ վերջ տալու ձեր արյունոտ վարմունքին։ Առաջարկում ենք դադարել մեր ընկերներին ձերբակալել։ Պատասխանի համար տալիս ենք երկու օր ժամանակ։ Եթե չպատասխանեցիք, մենք կհամարենք, որ ուզում եք շարունակել նույն քաղաքականությունը»։

Ադրբեջանի նոտայից հետո Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Տիգրան Բեկզադյանը ԱԳ ժողկոմ Հուսեյնովի հետ ձեռք է բերում Ղազախում հայ-ադրբեջանական համաժողով գումարելու համաձայնություն։ Մինչ այդ պայմանավորվում են, որ Հայաստանում չպետք է հալածեն բոլշեւիկներին, իսկ Ադրբեջանում՝ դաշնակցականներին։

ՍԵՊՈՒՀԸ՝ ՂԱԶԱԽԻ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ

Հուլիսի սկզբին զորավար Սեպուհը ներկայացնում է համառոտ հաշվետվություն, թե ինչ էր տեղի ունեցել Ղազախի հետ սահմանին։ Հունիսի 20-ին խորհրդա-ադրբեջանական զորքերը, ինչպես նաեւ որոշ հայ բոլշեւիկներ ներխուժել էին Իջեւան, ապա՝ երկու օր անց, Շամշադին։ Ադրբեջանցիները գիտեին, որ հայկական զորքը փոքրաթիվ է, իսկ Սեպուհն էլ Իջեւանում չէ (հիվանդության պատճառով արձակուրդում էր), եւ գրոհել էին։ Վերադառնալով ռազմական գործողությունների վայրը՝ Սեպուհը Դիլիջանում տեղակայում է ռազմական շտաբը, որտեղ շուտով հավաքվում են հին ֆիդայիներն ու կանոնավոր զորքերը։

 

«Հառաջ», 10 հուլիսի, 1920թ., թիվ 144

«Մեկը մյուսի հետեւից գալիս են սասունցի Կարոյի, Մարգարի, ղարաքիլիսեցի Վաղոյի, չարխեչցի Նիկոլի խմբերը եւ Դիլիջանի ողջ երիտասարդությունը եւ ապա Պողոսքիլիսեի ձիավոր եւ հետեւակ կամավորները։ Իջեւանի զորամասերի քաջարի պետը հարձակման է դիմում եւ իր բռնած դիրքերից վեց վերստ առաջ խաղում, որից հետո հանդիպում է հակառակորդի ուժեղ դիմադրության։ ...Սեպուհը կարգադրում է Իջեւանից 9 վերստի վրա դիրք բռնել։ Մյուս օրը այդ զորամասը, չհանդիպելով լուրջ դիմադրության, գրավում է Իջեւանը»։

Հուլիսի 3-ին Հայաստանի տարածքից դուրս էին քշված հակառակորդի բոլոր ստորաբաժանումները։ Հենց այս պարտությամբ էր պայմանավորված հուլիսի սկզբին Ադրբեջանի իշխանությունների բողոքի նոտաներն ու Խորհրդային Ռուսաստանին ուղղված դիմումները։

«Խռովարարները մեծ խուճապով նահանջեցին, թողնելով մի թնդանոթ, 8 գնդացիր, հրացաններ, փամփուշտներ, գերիներ, սպանվածներ... Այժմ ն ու Շամշադինը ազատված են ավազակներից եւ բախտախնդիր խռովարարներից, գյուղացիությունը հիասթափված՝ անցնում է իր խաղաղ աշխատանքին»,- հաղորդում էր Սեպուհը։

ՎՈՐՈՆՈՎԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ

1920թ. հուլիսի 15-ին Շամշադինում տեղակայված հայկական զորամասերը ստանում են խորհրդային բանակի հեծելազորային բրիգադի հրամանատար Վորոնովի վերջնագիրը, որով նա պահանջում էր անհապաղ դուրս բերել հայկական զորքերը Խորհրդային Ադրբեջանի տարածքից։ «Խնդրում եմ շտապ կերպով պատասխանել իմ առաջարկությանը, հակառակ դեպքում կգործեն հրետանիները, եւ կանցնեմ հարձակման գործողություններին։ Արյունահեղությունից խուսափելու համար նորից առաջարկում եմ հեռացնել զորքը»։ Ռուս հրամանատարն ամենայն հավանականությամբ նկատի ուներ Կաբախ-Թափասարը, որը հուլիսի սկզբին զբաղեցրել էին հայկական զորքերը։ Ըստ Համո Օհանջանյանի հեռագրի՝ նշյալ լեռան գագաթով էր անցնում հայ-ադրբեջանական սահմանը։ Հայկական ուժերը ստիպված էին եղել վերցնելու այն, որովհետեւ ադրբեջանցիները դիրքավորվել էին այնտեղ եւ գնդակոծում էին հայկական զորամասերը։

1920թ. հուլիսի 10-ի գրությամբ Օհանջանյանն առաջարկում էր ավելորդ լարվածությունից խուսափելու համար լեռը ժամանակավորապես համարել չեզոք գոտի։ Իր հերթին Վորոնովին պատասխանում է Իջեւանում հայկական զորքերի հրամանատար Սեպուհը։ Նա առաջարկում է տարածքային հարցերը քննարկել իր երկրի ղեկավարների հետ եւ հրաժարվել սպառնալիքներից ու վերջնագրերից։

«Միայն այս ձեւով հնարավոր կլինի վճռելու տերիտորիալ վիճելի հարցերը եւ ոչ թե զանազան տեսակի պահանջներ եւ վերջնագրեր ներկայացնելով, որից չեն վախենում ամենեւին Հայաստանի Հանրապետության պանծալի զորքերը։ Իսկ եթե դուք համարձակություն կունենաք բանալու մեր դեմ հրետանու կրակ եւ անցնելու հարձակման, ապա թափված արյան ողջ պատասխանատվությունը կընկնի ձեզ վրա, եւ դուք արժանի պատասխան կստանաք մեր քաջարի զորամասերից»,- գրում է Սեպուհը:

 

 

Հուլիսի 10-ին Թիֆլիսում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Տիգրան Բեկզադյանը ՌԽՖՍՀ լիազոր-ներկայացուցիչ Կիրովին է հանձնում հայ-ադրբեջանական համաժողովի անցկացման պայմանները։ Հայկական կողմն առաջարկում էր փոխանակել Ադրբեջանում եւ Հայաստանում ձերբակալված դաշնակցականներին ու բոլշեւիկներին, որոնք պարտավորվում են հեռանալ հանրապետություններից։ Փոխանակությունը պետք է տեղի ունենար երկու հանրապետությունների սահմանին՝ Ղազախի եւ Քարվանսարայի միջեւ կամ չեզոք գոտում, օրինակ՝ Թիֆլիսում։ Երկու հանրապետությունն էլ պարտավորվում են դադարեցնել քաղաքական հակառակորդների հալածանքները։ Ադրբեջանը պետք է թույլ տար այնտեղ ապրող հայերին ցանկության դեպքում հեռանալ երկրից՝ իրենց հետ տանելով ամբողջ ունեցվածքը։ Ռազմական բոլոր գործողությունները երկու հանրապետության միջեւ պետք է դադարեցվեին, ապա Թիֆլիսում հրավիրվեր հայ-ադրբեջանական համաժողովը։

Ադրբեջանական կողմի պայմանները գրեթե չէին տարբերվում հայկականից. նրանք համաժողովը ցանկանում էին անցկացնել Ղազախում կամ Վլադիկավկազում։

ԵՐԿՐՈՐԴ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ

Չնայած համաժողովի շուրջ քննարկումներին՝ Իջեւանի շրջանում լարվածությունը չէր նվազում, եւ տպավորություն էր ստեղծվում, որ մի կողմից ադրբեջանցիները բանակցություններ վարելու պատրաստակամություն էին ցուցաբերում, իսկ մյուս կողմից՝ խորհրդային բանակի ուժերով փորձում ճնշում գործադրել հայերի վրա։

Համաժողով անցկացնելու պատրաստակամություն հայտնելուց մի քանի օր անց՝ հուլիսի 17-ին, Գանձակի խորհրդային զորքերի հրամանատար Վելիկանովից Սեպուհը ստանում է երկրորդ հեռագիրը, որով ռուսները պահանջում էին դուրս բերել հայկական զորքերը Ուզունթալա կայարանից, Լալաքենդ գյուղից, Օձաքար լեռից եւ հարավային Թաթլուից, որովհետեւ դրանք չեզոք գոտում էին։ Վերջնագիրն ուղարկվել էր հուլիսի 15-ին, որի պահանջների կատարման համար տրվում էր 24 ժամ։ Սեպուհը, պատասխանելով Վելիկանովին, իր զարմանքն էր հայտնում, որ հեռագիրն իրեն ուղարկվել է հուլիսի 17-ին, այսինքն՝ վերջնագրի ժամկետը լրանալուց հետո։ Նա հայտնում էր, որ նշված բնակավայրերը Հայաստանի Հանրապետության անբաժանելի տարածքներն են։ Սեպուհը եւս մեկ անգամ զգուշացնում է, որ արյունահեղության ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է խորհրդային բանակի վրա։

ՉԻՉԵՐԻՆԻ ՀԵՌԱԳԻՐԸ

1920թ. հուլիսյան իրադարձությունները, Կարմիր բանակի գործողությունները Ղարաբաղում, Զանգեզուրում, Իջեւանում եւ այլ շրջաններում, ադրբեջանական ակտիվությունը պատահականություն չէին, եւ շատ շուտով ի հայտ է գալիս տարածաշրջանային գլխավոր դերակատարը՝ Խորհրդային Ռուսաստանը։ Հուլիսի 20-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Օհանջանյանը ստանում է Չիչերինի հերթական հեռագիրը, որտեղ նկարագրված էր, թե Խորհրդային Ռուսաստանն ինչ քաղաքականություն է վարում Կովկասում։

Չիչերինն ասում էր, որ իրենց նպատակն է բարեկամական աջակցություն ցույց տալ հայ ժողովրդին, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի մյուս ժողովուրդներին: Կարմիր բանակը, զբաղեցնելով Հայաստանի եւ Ադրբեջանի վիճելի տարածքները, ցանկանում էր դադարեցնել երկու ժողովրդի միջեւ արյունալի բախումները. այսպես էր ներկայացնում իրենց առաքելությունը Չիչերինը։ Ինչ վերաբերում էր Թուրքիայի ազգայնականներին, ապա այստեղ նույնպես Մոսկվան առաջնորդվում էր հայ ժողովրդի «շահերով», քանի որ, ըստ արտաքին գործերի ժողկոմի, «Խորհրդային Ռուսաստանի խաղաղասեր ձգտումների ազդեցության տակ՝ թուրք ազգայնականները կասեցրին իրենց սկսած զորահավաքը, որի նպատակն էր նոր հարվածներ հասցնել հայ ժողովրդին»։ Ինչպես կտեսնենք առաջիկայում, թուրքական բանակը ոչ միայն չէր հրաժարվել զորահավաքից, այլեւ ընդհակառակը, հնարավորինս ուժեղացրել էր 15-րդ բանակային կորպուսը, որը եւ շուտով հարձակվելու էր Հայաստանի վրա։ Չիչերինը նաեւ հայտնում էր, որ Հայաստանի հետ բանակցությունները շարունակելու նպատակով Թիֆլիս է գործուղվել խորհրդային կառավարության ներկայացուցիչ Բորիս Լեգրանը։

Համո Օհանջանյանը հուլիսի 27-ին ծավալուն նամակով պատասխանում է Չիչերինի մեկնաբանություններին՝ բազմաթիվ օրինակներով ցույց տալով, որ խորհրդային զորքը ոչ թե խաղաղություն է հաստատում Հայաստանի սահմաններին, այլ «ավելի է նպաստում արյունալի հակամարտությունների զարգացմանը»։ Ինչ վերաբերում է Թուրքիային «զսպելուն», ապա դա նույնպես իրականությանը չէր համապատասխանում, քանի որ թուրքերը պահանջում էին «մաքրել Հայաստանի անվիճելի մաս Օլթիի շրջանը»։ Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունն ընդունում է Բորիս Լեգրանի հետ բանակցելու հրավերը։

 

***

 

Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար: