1920թ. օգոստոսին Հայաստանի եւ Խորհրդային Ռուսաստանի հարաբերությունները հեռու էին բարվոք համարվելուց։ Շանթի պատվիրակությունը Մոսկվայում հաջողության չէր հասել. բանակցություններն ընդհատվել էին, եւ հուլիսի վերջին Կովկաս էր ուղեւորվել Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ Բորիս Լեգրանը։ Նա պետք է գար Երեւան, սակայն Աղստաֆայում մի քանի օր մնալուց հետո մեկնում է Թիֆլիս։ Հայաստանի կառավարությունը չէր ցանկանում առանց Շանթի պատվիրակության բանակցություններ վարել Լեգրանի հետ։ Բացի այդ, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ պայմանագիր կնքված չէր, եւ Լեգրանը չէր կարող հանդես գալ որպես դեսպան։ Որոշվում է նրան ընդունել որպես պատվիրակության ղեկավար եւ սպասել Մոսկվայից հայ բանագնացների վերադարձին (Էդիկ Զոհրաբյան, Նախիջեւանյան հիմնահարցը 1920թ. մայիս – 1921թ. հոկտեմբեր, Երեւան, 2010թ.):

1920 թվականի հուլիսի 29-ին Լեգրանը հեռագրում է ՀՀ արտաքին գործերի նախարարին եւ դժգոհում ստեղծված իրադրությունից։ Նա նշում էր, որ իր ժամանումը Երեւան կհանգեցներ երկու հանրապետության բարեկամական հարաբերությունների հաստատմանը։ Միաժամանակ Լեգրանը, հղում անելով արտաքին գործերի ժողկոմ Չիչերինի հեռագրերին, հայտնում էր, որ Խորհրդային Ռուսաստանը «բարեկամական մտադրություններ ունի» եւ ցանկանում է այնպիսի պայմաններ ստեղծել, որ հայ ժողովուրդը հարեւանների հետ խաղաղ ապրի։

«Այնինչ Վրաստանում Հայաստանի ներկայացուցչի կողմից Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցչին ուղղված հաղորդագրությունը ցույց է տալիս, որ Խորհրդային Ռուսաստանի բարեկամական եւ խաղաղ մտադրությունները Հայաստանի կառավարության կողմից չեն արժանանում այն արձագանքին, որը խաղաղ բանակցությունների արագ եւ բարեհաջող ավարտի երաշխիք կլինի։ Խաղաղ հարաբերությունների ժամանակավոր ընդհատումից խուսափելու համար Խորհրդային կառավարությունը անհրաժեշտ է համարում Երեւանում բանակցությունների վերսկսումը չհետաձգել մինչեւ Շանթի պատվիրակության ժամանումը։ Ստեղծված պայմաններում Խորհրդային Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների ցանկացած ընդհատում կարող է Հայաստանի սահմաններում անցանկալի բարդություններ առաջացնել երկու հանրապետությունների ժողովուրդների համար, որի ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի կառավարությունը» (Республика Армения в 1918-1920гг., сборник документов и материалов, Ереван, 2000):

Չէր կարելի ասել, թե հայերը չէին ցանկանում կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Սակայն այդտեղ կարեւոր դերակատարություն ուներ Ադրբեջանը, որը, օգտագործելով խորհրդային լինելու հանգամանքը, փորձում էր 11-րդ բանակի ուժերով իրականացնել տարածքային իր նկրտումները։ Այս գործելաոճն այնքան ակնհայտ էր, որ անգամ ՌԿ(բ)Կ Կավբյուրոյի անդամ եւ Կովկասյան ռազմաճակատի ռազմհեղկոմ Օրջոնիկիձեն էր գրում դրա մասին։ Լենինին եւ Չիչերինին ուղղված հեռագրում նա նշում էր, որ «իր մեկամսյա բացակայության ընթացքում [Ադրբեջանում] մեծ շեղում է տեղի ունեցել դեպի նացիոնալիզմ» (Геноцид армян. ответственность Турции и обязательства мирового сообщества, том 2, часть 1. Составитель, ответственный редактор, автор предисловия и комментария Ю. Г. Барсегов. Москва, 2003г., էջ 97)։

Խորհրդային Ռուսաստանն իր հերթին ցանկանում էր հնարավորինս արագ հասնել Նախիջեւան եւ կապ հաստատել Թուրքիայի հետ։ Նույն հեռագրում Օրջոնիկիձեն հաղորդում էր, թե «Նախջեւանի շրջանում հայերի ու թաթարների ջարդերն անխուսափելի են», որից կարելի էր խուսափել միայն խորհրդային զորքերի կողմից «Նախիջեւանի շրջանը օկուպացնելու դեպքում»։

Լեգրանի պատվիրակության կազմում էին Սահակ Տեր-Գաբրիելյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Սիլինը, Շիֆերսը եւ ուրիշներ։ Նախքան բանակցությունները, ակտիվորեն քննարկվում էր, թե որ շրջանները պետք է միացվեին Ադրբեջանին։ Նարիմանովը եւ Օրջոնիկիձեն ճնշում էին գործադրում Մոսկվայի եւ անձամբ Չիչերինի վրա՝ պահանջելով, որ Ղարաբաղը եւ Զանգեզուրը անպայման միացվեն Խորհրդային Ադրբեջանին։ Օրջոնիկիձեն նաեւ նշում էր, որ ցանկացած ուրիշ լուծում Ադրբեջանի աչքին կհեղինակազրկի Խորհրդային Ռուսաստանին։

Պատվիրակության անդամ Սահակ Տեր-Գաբրիելյանը գրում էր, որ «ամենահեռավոր ու թույլ հավանականությունը, որ Զանգեզուրը եւ Ղարաբաղը կարող էր անցնել Հայաստանին, ոտքի էր հանում ամբողջ հեղկոմը եւ թուրքական ակտիվ շրջանները, նաեւ հայ կոմունիստների մի ստվար մեծամասնություն, որոնք ռմբակոծում են Մոսկվան պատվիրակություններով, հեռագրերով» (Էդ. Զոհրաբյան, 1920թ. թուրք-հայկական պատերազմը եւ տերությունները, Երեւան, 1997)։

Նախիջեւանը նույնպես, ըստ Օրջոնիկիձեի, չպետք է լիներ Հայաստանի կազմում, որտեղ տեղակայվելու էին խորհրդային զորքերը։

ՆԱԽԻՋԵՎԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱՅԻՆ

Վերցնելով Շարուրն ու Շահթախտը՝ հայկական զորքերը պատրաստվում էին շարժվել դեպի Նախիջեւան, երբ նրանց ընդառաջ է գալիս թաթարական պատվիրակությունը։ Հայկական կողմը մի շարք պահանջներ է ներկայացնում.

«Երբ Նախիջեւանի թրքության ներկայացուցիչները գալիս են Երեւան՝ կառավարության հետ բանակցելու, կառավարությունը այնպիսի խիստ պայմաններ է դնում՝ զինաթափ լինել, հանձնել կառավարությանը 15 000 հացան, մի քանի միլիոն փամփուշտ, երկու-երեք հարյուր հազար փութ հացահատիկ, մի քանի հարյուր եզներ, ձիեր եւ այլն, որ չկարողանային կատարել, մերժեին, որպեսզի հիմք ունենայինք մինչեւ Օրդուբադ մաքրելու շրջանը»,- գրում է Եղիշե Իշխանյանը։

Պատմաբան Էդիկ Զոհրաբյանն էլ գրում է, որ թաթարների նպատակը ժամանակ շահելն էր, քանի որ բանակցությունների շրջանում հայկական ուժերը դադարեցնում են առաջխաղացումը։ Այդ ընթացքում էլ արդեն Նախիջեւան են մտնում խորհրդային զորքերը։

 

«Հայաստանի կոչնակ», 26 մարտի, 1921թ., թիվ 13 (Նյու Յորք)

«Հայ զորագլուխը եւ հայ կառավարությունը նոր միայն հասկացան, որ պատգամավորության գալը մի պատրվակ է եղել ռազմական գործողությունները կանգնեցնելու համար, մինչեւ որ Զանգեզուրից հասնեին ադրբեջանական զորքերը եւ պաշտոնապես գրավեին Նախիջեւանը»։

Նախիջեւանը հայտարարվում է խորհրդային եւ ստեղծվում հեղկոմ, որը գլխավորում էր Իբրահիմ Շահթախթինսկին, իսկ զինվորական կոմիսարը մուսավաթական Ադրբեջանի բանակի նախկին գլխավոր հրամանատար գեներալ Սալիմովն էր։

ԼԵԳՐԱՆԸ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է

Օգոստոսի 5-ին Թիֆլիսում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Տիգրան Բեկզադյանը մանրամասներ է հաղորդում Լեգրանի հետ հանդիպումից։ Նա նշում է, որ ըստ ՌԽՖՍՀ ներկայացուցչի՝ Նախիջեւանը պետք է լինի Հայաստանի Հանրապետության կազմում։ Ավելին՝ Լեգրանը Նախիջեւան մտած Կարմիր բանակի ստորաբաժանման հրամանատար Տարխովի գործողությունները համարում էր «անպատասխանատու եւ ինքնագլուխ»։ 

Ինչ վերաբերում էր քեմալական Թուրքիային, ապա Լեգրանը վստահեցնում էր, որ իրենց օգնությունը միայն Անտանտի դեմ կռվելու համար է, այլ ոչ Հայաստանի։ 

«Մի՞թե Հայաստանը այնքան վատ կարծիքի է Սովետական Ռուսաստանի մասին, որ կարծում է, որ նա կարող է դաշն կապել տաճիկների հետ՝ ընդդեմ Հայաստանի: Դա անհնարին է»,- ասել էր Լեգրանը։ Նա սակայն նշում էր, որ Խորհրդային Ռուսաստանը չի կարող պայմանագիր կնքել Հայաստանի հետ, քանի դեռ լուծված չեն Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի տարածքային հակասությունները։ Լեգրանը կարծում էր, որ այդ դեպքում հայերի ու ադրբեջանցիների միջեւ նոր բախումներ կարող են սկսվել, եւ իրենք «իբրեւ Ադրբեջանի դաշնակից, իսկ ձեր անկեղծ բարեկամ, ստիպված պիտի լինեն նորից խառնվել»։

Բոլշեւիկները Թուրքիայի հարցում եւս մեծ մտահոգություններ ունեին. խոստացած օգնությունն ուշանում էր, իսկ թուրքական բանակը զինամթերքի մեծ կարիք ուներ։ Քեմալի համար նախատեսված մոտ 200 կգ ոսկին Դրոյի զորամասերը բռնագրավել էին։ Օգոստոսի սկզբին Չիչերինը ՌԿ(բ)Կ Կենտկոմի քաղբյուրոյին զեկուցում էր, որ Հայաստանի հետ մայիսին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն իրենք կարող էին Հայաստանի տարածքով զենքն ու ոսկին փոխադրել Թուրքիա։ Սակայն սահմանային հարցերում Ադրբեջանի «համառության պատճառով գործընթացը դադարել էր»։ «Ընկեր Սերգոյի (Օրջոնիկիձեի) խոսքերով, այժմ անհնար է դաշնակներից բեռներն առանց ստուգելու տեղափոխման թույլտվություն ստանալ։ Ընկեր Սերգոն պնդում է, որ Հայաստանի խորհրդայնացման համար շատ զորք պետք չէ։ ...Այդ դեպքում Հայաստանի խորհրդայնացումն անհրաժեշտ է։ Առանց դրա մենք Թուրքիայի հետ շփում ունենալ չենք կարող։ Քեմալականների կործանումը շատ մեծ հարված կլինի մեզ համար Արեւելքում» (Геноцид армян. ответственность Турции и обязательства мирового сообщества, том 2, часть 1. Составитель, ответственный редактор, автор предисловия и комментария Ю. Г. Барсегов. Москва, 2003г., էջ 111)։

Հայաստանի խորհրդայնացումը Թուրքիայի հետ կապ հաստատելու միակ տարբերակը չէր։ 1920թ. օգոստոսի 3-ին Կավբյուրոն հեռագրում էր Լենինին եւ Տրոցկուն, որ նախեւառաջ խորհրդային կարգեր պետք է հաստատել Վրաստանում, ինչը ծովային ճանապարհ կապահովեր քեմալականների հետ։ Բացի այդ, Հայաստան մտնելու դեպքում սահմանը շատ էր երկարում, եւ չէր կարելի բացառել, որ վրացիները թիկունքից կհարվածեն բոլշեւիկներին։ Վրաստանի խորհրդայնացման դեպքում Հայաստանն ամբողջովին կկտրվեր Եվրոպայից, կզրկվեր Անգլիայի ու Ամերիկայի աջակցությունից եւ հետագայում հեշտությամբ կդառնար խորհրդային։ 

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹԻՖԼԻՍՈՒՄ

1920թ. օգոստոսի 5-ին Թիֆլիս է հասնում հայկական պատվիրակությունը, որը պետք է բանակցեր Լեգրանի հետ։ Պատվիրակության կազմում էին Արշակ Ջամալյանը, Արտաշես Բաբալյանը եւ Ռուբեն Յուզբաշյանը։ Պատվիրակները խորհրդակցություն են անցկացնում դիվանագիտական ներկայացուցիչ Տիգրան Բեկզադյանի մոտ եւ որոշում Յուզբաշյանին ուղարկել Սահակ Տեր-Գաբրիելյանի հետ հանդիպման Լեգրանի պատվիրակության տրամադրությունները հասկանալու համար։ Ըստ Համո Օհանջանյանի՝ հետագայում ներկայացրած զեկուցագրի՝ Լեգրանի պատվիրակությունը գոհ էր, որ Հայաստանի կառավարությունը մասնակցում է քննարկմանը։ Սահակ Տեր-Գաբրիելյանը անդրադարձել էր խորհրդային բանակի՝ Հայաստանի դեմ իրականացված գործողություններին եւ պարզել, որ Զանգեզուրը վերցնելու պահին «հայկական հարցի նկատմամբ իրենք չեն ունեցել որոշակի տեսակետ»։ Ինչ վերաբերում է Նախիջեւանին եւ մյուս շրջաններին, Տեր-Գաբրիելյանը կրկնել է Լեգրանի միտքը, թե այդ գործողություններն իրականացրել են խորհրդային կառավարության կողմից չվերահսկվող եւ անպատասխանատու անձինք։ Թերթելով այս իրադարձությունների վերաբերյալ հարուստ նյութերը՝ իսկապես տպավորություն է ստեղծվում, որ 1920թ. ամռանը Հայաստանի հետ հարաբերություններում բոլշեւիկները չունեին հստակ քաղաքականություն եւ առաջնորդվում էին իրավիճակային քայլերով։ Սահակ Տեր-Գաբրիելյանը Յուզբաշյանին հայտնում էր նաեւ, որ Զանգեզուրի վերաբերյալ հստակ դիրքորոշում կա. այն մնալու է Հայաստանի կազմում։

Հաջորդ օրը՝ օգոստոսի 6-ին, հայկական պատվիրակությունը հուշագիր է ներկայացնում Լեգրանին, որը վերջինս շտապ հաղորդում է Մոսկվա։ Հայկական կողմը գտնում էր, որ ՌԽՖՍՀ-ի եւ Հայաստանի միջեւ ամուր եւ բարեկամական հարաբերություններ հաստատելու համար անհրաժեշտ է ընդունել մի քանի կարեւոր դրույթ։ Մասնավորապես՝ Խորհրդային Ռուսաստանը պետք է ճանաչեր Հայաստանի անկախությունը եւ չմիջամտեր ներքին գործերին։ Ռազմական բոլոր գործողությունները, ինչպես նաեւ վերջնագրերի լեզվով խոսելն ու ագրեսիվ նախաձեռնությունները պետք է դադարեցվեին։ Խորհրդային զորքերը պետք է հետ քաշվեին գրաված բոլոր շրջաններից, այդ թվում՝ Ղարաբաղից եւ Իջեւանից։ Հայերը չպետք է զորք մտցնեին հայկական Ղարաբաղի եւ Ելիզավետպոլի գավառի լեռնային մասերը։ Նախիջեւանի տարածքում տեղակայված խորհրդային զորամասերը կարող էին Հայաստանի տարածքով հեռանալ Ադրբեջան։ Ռուսական կողմը պետք է նաեւ անհապաղ ազատ արձակեր Իջեւանում ձերբակալված հայ պաշտոնյաներին։

Օգոստոսի 7-ին սկսվում են բանակցությունները հայկական կողմի առաջարկների շուրջ, որոնք շարունակվում են մինչեւ օգոստոսի 10-ը։ Լեգրանը Զանգեզուրի, Ղարաբաղի եւ Նախիջեւանի, այսինքն՝ Հայաստանի համար ամենակարեւոր, ռազմավարական հարցերում որեւէ զիջում չի անում։ Նա փորձում էր համոզել, որ խորհրդային զորքերն այս շրջաններում ապահովում են խաղաղությունը եւ կանխում ազգամիջյան բախումները։ Նույն օրերին հայկական պատվիրակությունը ստանում է Զանգեզուրի դեպքերի մասին տեղեկությունները. ռազմական անհաջողությունները սահմանափակում են հայկական պատվիրակության բանակցային հնարավորությունները, եւ օգոստոսի 10-ին Ջամալյանն ու Բաբալյանը ստորագրում են համաձայնագիրը։ Փաստաթղթով սահմանվում էր, որ նույն օրվանից Հայաստանի եւ ՌԽՖՍՀ-ի միջեւ դադարեցվում են բոլոր տեսակի ռազմական գործողությունները։ 2-րդ հոդվածով Հայաստանի եւ Ադրբեջանի վիճելի մարզերը զբաղեցնում են Խորհրդային Ռուսաստանի զորքերը։

Հոդված 3. «Խորհրդային զորքերի կողմից վիճելի տարածքների գրավումը չի կանխորոշում այդ տարածքների նկատմամբ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական ԽՍՀ իրավունքների հարցը։ Այդ ժամանավոր գրավումով ՌԽՖՍՀ-ն նպատակ ունի նպաստավոր պայմաններ ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճերի խաղաղ լուծման համար այն հիմունքներով, որոնք հաստատվելու են մոտ ապագայում ՌԽՖՍՀ եւ Հայաստանի Հանրապետության միջեւ կնքվելիք հաշտության պայմանագրով»։

Եվս մեկ հոդվածով Շահթախտի-Ջուլֆա երկաթուղին անցնում էր Հայաստանի տնօրինությանը, եւ կապ էր ստեղծվում Իրանի հետ։

Ճակատագրի հեգնանքով 1920թ. օգոստոսի 10-ին կնքվում են երկու պայմանագրեր, մեկը՝ Սեւրում, մյուսը՝ Թիֆլիսում։ Առաջինով Հայաստանը դառնալու էր գրեթե 160 հազար կմ2 տարածք ունեցող պետություն, երկրորդով՝ Ադրբեջանի դաշնակից Խորհրդային Ռուսաստանը փաստացի իր զորքերն էր տեղակայում ու վիճելի համարում Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Զանգեզուրում, Ղարաբաղում եւ Նախիջեւանում։

 

***

 

Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար: