1920 թվականին Հայաստանի Հանրապետության սահմաններից հարյուրավոր կիլոմետրեր հեռու իր իրավունքների ու ազատ ապրելու համար ծանր պայքար էր մղում Կիլիկիայի հայությունը։

Մուդրոսի զինադադարից եւ Թուրքիայի պարտությունից հետո Ցեղասպանությունից մազապուրծ հայերը սկսել էին վերադառնալ Կիլիկիայի իրենց բնակավայրերը։ Ու թեեւ 1919-ին շրջանն անցել էր ֆրանսիական վերահսկողության տակ, սակայն քեմալականները չէին հրաժարվել ռազմավարական ու տնտեսական մեծ նշանակություն ունեցող շրջանը գրավելու մտադրությունից։ Ըստ տարբեր աղբյուրների՝ պատերազմից հետո Կիլիկիայում հաստատվել էր շուրջ 160 000 հայ։ Հայերին Միջերկրական ծովի առափնյա շրջաններից դուրս մղելու առաջին քայլերը սկսվել էին 1920-ի սկզբին, երբ Մարաշում հակաֆրանսիական շարժում էր սկսվել։ Գրեթե մեկ ամիս տեւած ռազմական գործողություններից հետո ֆրանսիացիները նահանջել էին քաղաքից, եւ շուրջ 3 000 հայ դարձել էր թուրքական բարբարոսությունների զոհը։

Հայկական պատվիրակությունը Փարիզի հաշտության վեհաժողովում փորձել էր Կիլիկիան ընդգրկել Միացյալ Հայաստանի տարածքում, սակայն 1919թ. բախվել էր ոչ միայն Թուրքիայի, այլեւ Ֆրանսիայի դիմադրությանը։ Մեկ տարի անց Սեւրի պայմանագրով արդեն Կիլիկիան Հայաստանի մաս չէր կազմում։

1920թ. սկզբին քեմալականները սկսել էին ուժեղացնել ճնշումը Կիլիկիայում տեղակայված ֆրանսիական զորամասերի դեմ։ Այդ ժամանակաշրջանում թուրքական բանակը ստիպված էր կռվել երկու ուղղությամբ՝ Իզմիրում՝ հույների, Կիլիկիայում՝ ֆրանսիացիների դեմ։ Հաշվի առնելով, որ հունական բանակը շատ ավելի մեծաթիվ ու լավ սպառազինված էր, քեմալականները որոշում են հարվածի հիմնական ուղղությունը դարձնել Կիլիկիան։

ԱՅՆԹԱՊԻ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Մարաշի անկումից հետո՝ 1920թ. ապրիլին, թուրքերը Ուրֆան թողնելու վերջնագիր են ներկայացնում ֆրանսիացիներին, որն էլ հլու-հնազանդ իրականացվում է։ Սակայն քաղաքից մի քանի կիլոմետր հեռանալուց հետո ֆրանսիական զորամասերն ընկնում են շրջապատման մեջ եւ գլխովին ոչնչանում։ Ուրֆայի հայերը կարողանում են գոյատեւել մինչեւ 1921թ., որից հետո բոլորը հեռանում են Հալեպ։

1920թ. հունիսին եռամսյա պաշարումից հետո թուրքերը վերցնում են նաեւ Սիսը։

1920թ. ապրիլից քեմալականների հարձակումներին հերոսական դիմադրություն էին ցույց տալիս Այնթապի հայերը, որոնք մի քանի անգամ կարողանում են հետ մղել թուրքերի հարձակումները։ 1920թ. մայիսի 30-ին զինադադար է կնքվում ֆրանսիացիների եւ թուրքերի միջեւ, համաձայն որի՝ ֆրանսիական զորամասերը պետք է դուրս գային Այնթապից, որը սակայն չի իրագործվում։ Այնթապի դիմադրությունը շարունակվում է մինչեւ 1921թ. գարունը, որից հետո հայերն աստիճանաբար սկսում են հեռանալ քաղաքից։

ՀԱՃՆԻ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ

Կիլիկիայի հայերի ինքնապաշտպանության հերոսական դրվագներից մեկը Հաճնի գրեթե ութ ամիս մղած կռիվն էր թուրքական կանոնավոր զորքերի ու հրոսակախմբերի դեմ։ Հաճնի վրա հարձակումը սկսվել էր դեռեւս 1920-ի գարնանը։ Տեղեկություն ստանալով, որ թուրքերը պատրաստվում են հարձակվել, հաճնեցիները ստեղծում են զինվորական խորհուրդ՝ Անդրանիկի նախկին զինվոր Սարգիս Ճեպեճյանի գլխավորությամբ։ Զենքի են կոչվում 16-50 տարեկան բոլոր տղամարդիկ, ստեղծվում է ինքնապաշտպանական չորս վաշտ։ 1920թ. մարտի սկզբին Ադանա է ուղարկվում հատուկ պատվիրակություն՝ ֆրանսիական զորամասերի հրամանատար, գնդապետ Բրեմոնից օգնություն խնդրելու։

Միաժամանակ հույս կար, որ Ադանայում եւ այլ վայրերում բնակվող հաճնեցիներից կկազմավորվեն կամավորական ջոկատներ։ Երկու մտադրությունն էլ չի հաջողվում իրականացնել. ֆրանսիացիներն օգնություն չեն տրամադրում լեռնային հեռու շրջանում գտնվող Հաճնին, իսկ կամավորականների խմբերը չեն ձեւավորվում։ Մարտ-ապրիլին թուրքերը փորձում են բանակցությունների միջոցով համոզել անձնատուր լինել, սակայն հայերն անդրդվելի էին։ Ապրիլի վերջին թուրքական բանակը հրամանատար Կոզան օղլու Դողանի գլխավորությամբ գրոհում է Հաճնի վրա։ Քաղաքի պաշտպանները վճռական դիմադրություն են ցույց տալիս, եւ թուրքերը մեծ կորուստներով նահանջում են։

Հայերը չէին սահմանափակվում միայն պաշտպանական մարտերով. 1920 թվականի օգոստոսին հաճնեցիները որոշում են ոչնչացնել թուրքական թնդանոթները։ Օգոստոսի 5-ին հայերի 200-հոգանոց խումբը գաղտագողի անցնում է թշնամու թիկունքը։ Քողարկվելու համար հայերն իրենց հագուստներն ընկույզի տերեւներով ու ծառի կեղեւով ներկել էին, դարձրել հողագույն։ Մի ամբողջ օր թաքնվելով անտառում՝ երեք ուղղությամբ գրոհում են թուրքերի դիրքերի վրա։ Նույն պահին Հաճնից կատաղի կրակ էին բացել թշնամու վրա շրջանցող խմբից թշնամու ուշադրությունը շեղելու համար։ Գործողությունը պսակվում է հաջողությամբ. օգոստոսի 8-ին հայերը քաղաք են վերադառնում՝ իրենց հետ բերելով թուրքական մեկ թնդանոթ, մի քանի գնդացիր եւ զինամթերքի զգալի պաշար։

Այդպիսի եւս մեկ հարձակում հաճնեցիներն անում են սեպտեմբերի 2-ին, բայց այս անգամ արդեն սննդամթերքի պաշարը լրացնելու համար։ Գիշերը մոտ 400 կտրիճ հարձակվում է թուրքական Մումլու եւ Կյուզելիմ գյուղերի վրա, առգրավում մի քանի հարյուր կով, գոմեշ ու ձի եւ նույնքան արագ վերադառնում։

«Անոնք իրենց հետ կբերեն նաեւ ընդհանուր հրամանատար Դողանի ձին, հեռադիտակը... ինչպես նաեւ գերի կբերեն վիրաբույժ մը։ Այս ամբողջ հաղթանակին դիմաց հայ հերոսները կուտան երկու զոհ» (Աւետիս Եափուճեան, Հայ ժողովուրդին անկախութեան պայքարը Կիլիկիոյ մէջ 1919-1921թթ., Գահիրէ, 1977)։

ԿԻԼԻԿԻԱՅԻ ԱՆԿԱԽ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

1920թ. օգոստոսի սկզբին Ադանայում ազգային գերագույն խորհուրդը Միհրան Տամատյանի գլխավորությամբ հռչակում է Կիլիկիայի անկախ Հանրապետություն՝ ֆրանսիական հովանավորության տակ։ Հռչակագրի տեքստում նշվում էր, որ Առաջին համաշխարհային պատերազմի հետեւանքով Կիլիկիան անցել է դաշնակիցների զորքերի տիրապետության տակ։ Հաշվի առնելով, որ թուրքական հարձակումները շարունակվում են շրջանի քրիստոնյա ազգաբնակչության դեմ, եւ ներկա անիշխանությունը «առաջ կուգա թուրքական տեղական վարչութենե», Կիլիկիան կհռչակենք «ազատ երկիր մը բոլորովին անկախ Թուրքիայե, օժտված տեղական քրիստոնեական ինքնավար վարչությունով եւ դրված Ֆրանսիայի հովանավորության տակ»։

«Մշակ», 2 հոկտեմբերի, 1920թ., թիվ 102

«Անկախությունը՝ Ֆրանսիայի հոգատարության տակ՝ անհրաժեշտ պայման է այս երկրին քրիստոնեական գոյության համար։ Մենք նախամեծար կհամարենք մեռնել, քան թե ընդունել ուրիշ որեւէ լուծում։ Վստահ ենք, որ վեհանձն եւ ասպետական Ֆրանսիան, ավանդական պաշտպանը Արեւելքի քրիստոնյաներուն, պիտի գնահատե մեր պահանջներուն թեզը եւ պիտի հաճի ճանչնալ մեր անկախությունը եւ դնել զայն իր պաշտպանության վահանին տակ։

Կեցցե՛ Անկախ Կիլիկիա,

Կեցցե՛ Կիլիկիո հոգատար Ֆրանսիա»:

ՖՐԱՆՍԻԱՆ ԱՆՊԱՇՏՊԱՆ Է ԹՈՂՆՈՒՄ ՀԱՅԵՐԻՆ

Ֆրանսիան իհարկե չի ճանաչում Կիլիկիայի անկախությունը, ավելին՝ պայմանավորվածություններ ձեռք բերելով Թուրքիայի հետ՝ աստիճանաբար զիջում էր շրջանը, եւ գրեթե բոլոր կողմերից շրջապատված հայկական բնակավայրերը ենթարկվում էին հարձակման ու բնաջնջման։

Սեւրի պայմանագրի ստորագրումից հետո թուրքերի գործողությունները դառնում են ավելի համառ ու վճռական։ 1920թ. սեպտեմբերին 300 հաճնեցի պատրաստվում է միանալ պաշարված Հաճնին, սակայն ֆրանսիական հրամանատարությունն արգելում է, զինաթափում նրանց եւ հեռացնում Կիլիկիայից։ Հաճնի մասին տեղեկությունները Հայաստանի Հանրապետություն էին հասնում մեծ ուշացումով, ինչի պատճառով հնարավոր չէր լինում ընդհանուր պատկերացում կազմել տեղի ունեցածի մասին եւ համապատասխան քայլեր ձեռնարկել. բացի այդ, 1920-ի սեպտեմբերին արդեն սկսվել էր թուրք-հայկական պատերազմը։

Հաճնի պաշտպանները 1920թ. սեպտեմբերին կոչ են հղում միջազգային հանրությանը՝ խնդրելով թուրքական հարձակումը զսպելու քայլեր ձեռնարկել։

«Մենք՝ Հաճընի 10 000 հայերը, պայքար ենք մղում պաշտպանելու համար մեր կյանքերն ու մեր տները։ Ոչ մեկ օգնության չի հասնում։ Մենք պաշարված ենք այնպիսի թշնամիներից, որոնք ձգտում են մեզ բնաջնջել։ Հակառակ Եվրոպայում եւ Կիլիկիայում հայկական իշխանությունների արած դիմումներին, դաշնակից պետությունները իրենց մեկ մասն իսկ չշարժեցին օգնելու մեզ։

...Կառավարությունների կողմից գործնական քայլեր անելուց հույսերնիս կտրած՝ մենք կոչ ենք անում քրիստոնյա աշխարհի կանանց, որ ուժ տան մեր դիմումին եւ պնդեն իրենց կառավարությունները զինվոր ղրկեն Հաճընի օգնության, որ անձնատուր լինելու վտանգի տակ է գտնվում, ուտելիքը եւ ռազմամթերքը սպառած լինելու պատճառով։ Դաշնակից պետությունները պատերազմի մեջ մտան փոքր ազգերը ազատագրելու, թե՞ նրանց բնաջնջելու համար» (Հառաջ, 28 սեպտեմբերի, 1920թ., թիվ 210)։

 

ՀԱՃՆԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ

Հերոսական Հաճնը դիմադրում է թուրքական բանակին մինչեւ 1920թ. հոկտեմբերը։ Ամսի 15-ին թուրքերը ճեղքում են պաշտպանությունը, ներխուժում քաղաք եւ սարսափելի կոտորած կազմակերպում, որին զոհ է դառնում շուրջ 6000 հայ։ Քաղաքի պաշտպանների միայն մի խումբ՝ 387 հոգուց բաղկացած, Արամ Կայծակի գլխավորությամբ կարողանում է դուրս գալ թշնամու շրջապատումից եւ հասնել Ադանա։

Հաճնի կործանման գլխավոր պատասխանատու Ֆրանսիային ավելի ձեռնտու էր քեմալականների հետ բարյացակամ քաղաքականություն վարելը, ինչի հետեւանքով նրանց ազդեցությունը Կիլիկիայում օրեցօր մեծանում էր, քան զորք եւ զինամթերք ուղարկել լեռնային շրջանի պաշտպանության համար։

«Քեմալական շարժումը ոտքի հանողները եւ քաջալերողները եղան Մեծ Պատերազմի դաշնակիցները իրե՛նք, զինադադարին իրարու դեմ գաղտնորեն մրցակից կանգնելով եւ մեկը մյուսեն ավելի զիջումով ի՛ր կողմը սիրաշահիլ ջանալով Թուրքիան» (Բիւզանդ Եղիայեան, Ժամանակակից պատմութիւն կաթողիկոսութեան Հայոց Կիլիկիոյ 1914-1972, Անթիլիաս-Լիբանան, 1975):

Ֆրանսիայի եւ Թուրքիայի պայմանավորվածությունները դառնում են Կիլիկիայի հայության կործանման հիմնական պատճառը։ Ինչպես նշում է իր հուշերում Միսաք Հերունին (ակադեմիկոս Պարիս Հերունու հայրը).

«Ֆրանսիան, որը ստանձնել էր Կիլիկիայի հայության մադատը, չուզեց միջամտել։ Նա չէր թողնում, որ հայերը միմյանց օգնության հասնեն։ ...1920թ. հոկտեմբերի 15-ին քեմալականները կոտորեցին հազարավոր հաճընցիների, հրկիզեցին արծվաբույն Հաճընը...»:

 

***

 

Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար: