1920թ. աշնանը ռազմական գործողություններին զուգահեռ դիվանագիտական ակտիվ աշխատանքներ էին իրականացվում. Հայաստանի կառավարությունն արդեն քաջ գիտակցում էր, որ առանց արտաքին աջակցության եւ Խորհրդային Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման՝ ի զորու չի լինի դիմադրելու թուրքական ճնշմանը։
Ռուսաստանի հետ բանակցությունները կանգ էին առել նախնական համաձայնագիր ստորագրելով, որը Լեգրանը տարել էր Բաքու՝ խորհրդային ղեկավարների հետ վերջնականապես համաձայնեցնելու։ Սակայն Խորհրդային Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները կարգավորող այս փաստաթուղթն ընդունելիս դեռեւս գրավված չէին Կարսն ուԱլեքսանդրապոլը։
Հայաստանի հետ նախնական պայմանագիրը, որը Լեգրանը համարում էր հաջողված գործարք, հանդիպում է բոլշեւիկյան կուսակցության մի շարք կարկառուն գործիչների դիմադրությանը։ 1920թ. նոյեմբերի 4-ին Բաքվում Ադրբեջանի կոմունիստական կուսակցության կենտկոմի եւ Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովբյուրոյի քաղաքական խորհրդի (պոլիտբյուր) համատեղ նիստում քննարկվում է Հայաստանի հետ պայմանագիրը։ Որոշվում է՝ նախքան պայմանագրի վերջնական քննարկումը հանձնարարել Ստալինին բանակցություններ սկսել խնդրի շուրջ։ Քաղբյուրոյի կարծիքով՝ Նախիջեւանը եւ Զանգեզուրը Հայաստանին հանձնելը ձեռնտու չէր ոչ քաղաքական, ոչ էլ ռազմավարական տեսակետից եւ «կարող էր իրականացվել միայն ծայրահեղ դեպքում»։ Միաժամանակ որոշվում է Լեգրանին ուղարկել Մոսկվա Հայաստանի հարցը Կենտրոնի հետ քննարկելու համար։
Մեկ օր անց Ստալինը եւ Օրջոնիկիձեն հեռագրում են Չիչերինին՝ ասելով, որ Լեգրանի նախագծով Հայաստանին ոչ մի վերջնագիր չի ներկայացվում, Զանգեզուրն ու Նախիջեւանը մնում են Հայաստանի կազմում, եւ խորհրդային բանակին միայն ճանապարհ է տրվում թուրքերին միանալու համար։ Ըստ Ստալինի՝ նախագիծն այս տեսքով չէր կարող ստորագրվել, եւ Լեգրանը պարզաբանումների համար պետք է վերադառնա Մոսկվա։
Ստալինն ու Օրջոնիկիձեն նաեւ զեկուցում էին Լենինին, որ թուրքերի հետագա գործողությունների մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է պատվիրակություն ուղարկել Քեմալի մոտ, որի կազմում առաջարկում էին Պրոկոֆիյ Մդիվանու, Ջալալ Կորխմազովի եւ Բեյբութ Շախտախտինսկու թեկնածությունը։
ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
Պատերազմի երկրորդ փուլում հայկական զորքերի պարտություններն առաջացրել էին Խորհրդային Ռուսաստանի մտահոգությունը։ Ակնհայտ էր, որ Թուրքիան՝ որպես հաղթող կողմ, չէր սահմանափակվում մինչեւ 1914թ. եղած սահմանով, նորանոր տարածքներ էր գրավում՝ սպառնալով Ռուսաստանի կենսական շահերին։ 1920թ. նոյեմբերի 5-ին Ստալինը հեռագրում էր Չիչերինին, որ գլխավոր շտաբի հաղորդագրություններն արդեն հին են, եւ թուրքերը վերցրել են Ալեքսանդրապոլն ու շարժվում են առաջ։ «Բացի այդ, թուրքերը խորամանկում են եւ իրենց սեփական շահերն են հետապնդում։ Նրանք երեւի ուզում են ստիպել Հայաստանին հրաժարվել Սեւրի պայմանագրից եւ փաստի առաջ կանգնեցնել Անտանտին»,- գրում էր Ստալինը։ Նա նաեւ նշում էր, որ Հայաստանում ստեղծվել է այնպիսի դրություն, որ Ալեքսանդրապոլի անկումից հետո իշխանությունը կարող են հանձնել իրենց՝ բոլշեւիկներին, ինչպես դա եղել էր Ադրբեջանում։
Թուրքերի հետ զինադադար հաստատելու եւ բանակցություններ սկսելու համար Հայաստանի կառավարությունը դիմել էր Մոսկվային։ Դիտարկելով Կովկասում ստեղծված իրադրությունը՝ Չիչերինը գրում էր, որ Տրոցկին հավաստիացրել էր իրեն, թե Խորհրդային Ռուսաստանի դիրքը տարածաշրջանում զգալիորեն ամրացել է, եւ առաջարկում էր լրացուցիչ ուժեր ուղարկել՝ «Հայաստանը խորհրդայնացնելու համար»։ Չիչերինը Ստալինին ասում էր, որ ինքը պետք է տեղում որոշումներ ընդունի։
«Մենք գտնում ենք, որ Դուք տեղում պետք է լուծեք խնդիրը։ Երկու տարբերակ կա. առավելագույնը՝ Հայաստանը փրկել խորհրդայնացնելով։ Մյուսը՝ նվազագույնը, մեր միջնորդության դիմաց պահանջել [Հայաստանից] հեռանալ Անտանտից եւ չեղարկել պայմանագրերը։ ...Միջնորդությունը նշանակում է զորք ուղարկել, քանի որ, եթե զորք չլինի, կլինեն սիրալիր պատասխաններ, բայց [թուրքերն] անելու են իրենց ուզածը։ Իսկ եթե լինի թեկուզ մեկ կարմիրբանակային, թուրքերը նրան ձեռք չեն տա։ Պետք է արագ գործել, քանի Անտանտը չի խցկվել»,- գրում էր Չիչերինը։
Խորհրդային Ռուսաստանի շտապողականությունը հասկանալի էր. թուրքերն ավելի ու ավելի էին առաջանում եւ ծանր պայմաններ դնում հայկական կողմի առջեւ։ Միաժամանակ նրանք բոլշեւիկներին ներկայացնում էին, որ իբր թե իրենց նպատակն է «ազատագրել Հայաստանը դաշնակներից»։ Ըստ Չիչերինի՝ թուրքերի այս հայտարարությունները «խաբեբայություն էին», եւ առաջարկում էր անգամ դադարեցնել զենքի առաքումը Թուրքիա, մինչեւ հնարավոր կլիներ բանակցություններ վարել եւ հստակեցնել ինչպես թուրքերի, այնպես էլ հայերի դիրքորոշումները։
Քեմալի հարձակումը Խորհրդային Ռուսաստանին մտահոգում էր նաեւ այն պատճառով, որ թուրքերը կարող էին ինչ-որ համաձայնություն ունենալ անգլիացիների հետ եւ փոխել հարձակման ուղղությունը։ Նոյեմբերի սկզբին խոսակցություններ կային, որ վրացիները կարող էին Բաթումը հանձնել Անտանտին։ Ստալինը չէր բացառում նաեւ, որ թուրքերը կարող էին փորձել շարժվել Բաքու, ինչը իրականություն լինելու դեպքում կնշանակեր Խորհրդային Ռուսաստանի ազդեցության կորուստ Անդրկովկասում։ Նոյեմբերի 9-ին Ադրբեջանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Սամսոն Հարությունյանը վարչապետ Օհանջանյանին հաղորդում էր, որ նկատվում է բոլշեւիկների վերաբերմունքի փոփոխություն։ Լեգրանին հանձնարարվում է անհապաղ գնալ Թիֆլիս, ապա՝ Մդիվանու հետ ուղեւորվել Հայաստան։ Այս պատվիրակության խնդիրն էր հնարավոր բոլոր միջոցներով կասեցնել Քեմալի հետագա առաջխաղացումը։ Հարությունյանը նաեւ նշում էր, որ Լեգրանի առաջարկի մերժումը խիստ բացասաբար են ընդունել Բաքվի հայ կոմունիստները։ «Ցեկայի այդ վճռից դժգոհ մնալով, հայ կոմունիստ անդամները թողել են ժողովը եւ հեռացել՝ որոշելով այդ վճռի դեմ բողոք ներկայացնել Մոսկվայի կառավարությանը»,- հայտնել էր Հարությունյանը։
Չիչերինը Ստալինի հետ քննարկում էր ամբողջ Հայաստանի գրավման տարբերակը, ինչը ստեղծված պայմաններում հայերի համար չարյաց փոքրագույնն էր։ «Հարկ է գործել, կարող է պատահել արագ։ Տվյալ պահին գլխավորն է Հայաստանի սահմանների մոտ պատրաստի ունենալ մի քանի ուժեր՝ նրանց վայրկենաբար շարժելու, եթե հարկ լինի»,- ասում էր Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմը։
Շուտով Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի երկու ներկայացուցիչ՝ Թոփչյանը եւ Երզնկյանը, գալիս են Հայաստան՝ փորձելով կառավարությունից բոլշեւիկների հետ բանակցելու լիազորություն ստանալ։ Վարչապետ Համո Օհանջանյանի հետ քննարկման ժամանակ նրանք ասում են, որ բոլշեւիկներն արդեն հասկացել են թուրքական արշավանքի ամբողջ վտանգը եւ առաջարկում են օգտվել առիթից ու կարգավորել հարաբերությունները նրանց հետ։ Օհանջանյանը պատասխանել էր, որ Հայաստանի Հանրապետությունն արդեն դիմել է պաշտոնական Մոսկվային՝ խնդրելով ստանձնել միջնորդի դերը։ Միաժամանակ նույն հանձնարարությունը տրված էր Թիֆլիսում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Տիգրան Բեկզադյանին։ Հայաստանի վարչապետը Ազգային խորհրդին եւս լիազորում էր հնարավոր միջոցներով շփումներ հաստատել բոլշեւիկների հետ։ Հայկական բանակի պարտությունը եւ թուրքերի սրընթաց առաջխաղացումը փոխել էր Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը։ Նոյեմբերի վերջին արդեն Հայաստանի նոր վարչապետ Սիմոն Վրացյանը, խորհրդարանում անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, արձանագրում էր, որ Անտանտի, այսինքն՝ Արեւմուտքի գործունեությունը Կովկասում Հայաստանի համար դրական որեւէ արդյունք չի ապահովել։ Իրադրությունը փոխվել էր, եւ ստեղծված պայմաններում հայերը պետք է վերանայեն իրենց քաղաքական կողմնորոշումը։
«Ներկա քաղաքական մոմենտը կարելի է բնորոշել երկու խոսքով, այն մտքով, որ Անդրկովկասում ապրող ժողովուրդները դուրս են գալիս քաղաքական ազդեցության մի շրջանից եւ մտնում են քաղաքական ազդեցության մի ուրիշ շրջանակ։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ երկու հզոր ուժեր՝ Անտանտը եւ Սովետական Ռուսաստանը, կատաղի պայքար են մղում Մերձավոր Արեւելքում իրենց ազդեցությունը տարածելու համար, եւ այդ խոլական բախումների պատճառով է, որ մենք տուժում ենք չարաչար։ Մինչեւ այժմ մենք գտնվում էինք Անտանտի եւ գլխավորապես Անգլիայի քաղաքական ազդեցության շրջանակի մեջ։ Այժմ, երբ դուրս ենք եկել այդ ազդեցությունից, պետք է հարց տանք, թե ինչ շահեցանք ազդեցության այդ շրջանակի մեջ գտնվելով, եւ մեր արտաքին քաղաքական գիծը Անտանտի քաղաքականությանը հարմարեցնելով։ Պատասխանը պարզ է՝ շատ քիչ բան։ Ընդհակառակը, մենք մեծամեծ վնասներ ենք կրել. անվերջ կռիվների բեմ դարձնելով մեր երկիրը եւ միշտ ընդհարվելով մեր հարեւանների հետ»,- խորհրդարանում հայտարարել էր վարչապետ Վրացյանը։
ՖՐԱՆՍԻԱՆ ԵՎ ԱՆԳԼԻԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԵՆ ԳԱԼԻՍ
Կարեւոր է դիտարկել, թե դաշնակիցները, մասնավորապես՝ Ֆրանսիան եւ Անգլիան ինչ դիրքորոշում են որդեգրում թուրք-հայկական պատերազմի շրջանում։ Հայաստանի իշխանությունները ռազմական գործողությունների սկզբնական շրջանում դիվանագիտական տարբեր խողովակներով փորձում են հասկանալ նրանց դիրքորոշումը, ինչպես նաեւ օգնության հնարավորությունը։ Դեռեւս Կարսի անկումից առաջ Թիֆլիսում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Տիգրան Բեկզադյանը հանդիպում է անգլիացի գնդապետ Կորբեյլի հետ եւ քննարկում ստեղծված իրադրությունը։ Հայկական կողմն ակնկալում էր դաշնակիցների ռազմական միջամտությունը, մասնավորապես՝ Տրապիզոնում որոշակի ուժերի ափհանումը։ Հանդիպման ժամանակ Կորբեյլն ասում է, որ դեսանտի մասին ինքը դեռ որեւէ տեղեկություն չունի։ «Ես հարցրի, ապա ի՞նչ են կարծում, ի՞նչ պիտի անենք մենք այս անհավասար կռվում՝ թողնված մենակ եւ անօգնական, եւ մի՞թե մեկն ու մեկը թույլ կտա իրեն մեղադրանքի խոսք ուղղել մեր հասցեին, եթե մենք ստիպված լինենք որեւէ համաձայնության գալու մեր թշնամիների հետ՝ մեր ժողովուրդը փրկելու համար»,- գրում է Բեկզադյանը։ Կորբեյլն ի պատասխան հայտնում է, որ հայերն իրավունք ունեն ցանկացած որոշման, քանի որ «մենք ձեզ ոչ մի օգնություն չենք կարողանում անել»։
Նոյեմբերի 2-ին Համո Օհանջանյանը դիմում է անգլիական առաքելության ղեկավար Ստոքսին՝ հարցնելով, թե պատրաստվո՞ւմ են արդյոք դաշնակիցները կոնկրետ օգնություն ցուցաբերել հզոր թշնամու դեմ միայնակ պայքարող Հայաստանին։ Օհանջանյանն ակնկալում էր դաշնակիցների ափհանումը Տրապիզոնում, հունական բանակի ռազմական գործողությունների վերսկսումը, ինչպես նաեւ՝ Հայաստանին ռազմական զգալի օգնության տրամադրումը։ Հայաստանի վարչապետը նաեւ ասում էր, որ «հետաձգել է Խորհրդային Ռուսաստանի հետ բանակցությունները»՝ թերեւս ակնարկելով, որ Արեւմուտքից աջակցության բացակայության դեպքում իրենք կսկսեն հարաբերություններ հաստատել բոլշեւիկների հետ։ Շուտով նույն միտքը Ստոքսին հայտնում է նաեւ Տիգրան Բեկզադյանը, որին ի պատասխան Ստոքսը հայտարարում է, որ իր երկրի ղեկավարությունից պատասխան չի ստացել, եւ «ըստ երեւույթին, Անտանտը կամ չի կարող կամ էլ չի ցանկանում օգնել» Հայաստանին։ Մեկ օր անց Ստոքսը կարճատեւ այցով ժամանում է Երեւան եւ նույնը հայտնում վարչապետ Օհանջանյանին: «Անգլիան ներկայումս ի վիճակի չէ իրական օգնություն ցույց տալու Հայաստանին։ Ռմբակոծել կամ գրավել Տրապիզոնը միտք չունի, քանի որ Անգլիան չի կարողանա մեծ ուժեր ափ հանել՝ երկրում խորանալու համար, իսկ միայն քաղաքի եւ նավահանգստի գրավումը Հայաստանին մեծ օգնություն չի բերի»,- հայտնել էր Ստոքսը։
1920թ. նոյեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Համո Օհանջանյանը հրաժարական է ներկայացնում, եւ ձեւավորվում է նոր կառավարություն։ Վարչապետ եւ արտաքին գործերի նախարար է նշանակվում Սիմոն Վրացյանը, ռազմական նախարար՝ Դրաստամատ Կանայանը։ Ալեքսանդր Խատիսյանի գլխավորությամբ ձեւավորվում է հատուկ պատվիրակություն, որը մեկնում է Ալեքսանդրապոլ՝ թուրքերի հետ բանակցելու։
***