1918թ. հունվարի 8-ին Թիֆլիսից Բաքու է շարժվում թիվ 4 փոստային գնացքը, որը երկարատեւ ընդմիջումից հետո մարդկանցով լի առաջին շարժակազմն էր։ Հունվարի 9-ին գնացքը հասնում է Աղստաֆա, որտեղ հայտնի է դառնում, որ Դոլյար–Շամքոր կայարանների միջեւ կուտակվել են զինվորական էշելոններ, երկաթգիծը քանդված է, եւ ճանապարհը դեպի Բաքու փակ է։

Գնացքի ուղեւորների մի մասը վերադառնում է Թիֆլիս, մյուսները շարունակում են ճանապարհը։ Դոլյարում թաթարները մոտենում են գնացքին եւ ռուս զինվորներից պահանջում հանձնել զենքը։ Շամքորում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունները նկարագրում է ականատես Ստանիսլավ Եդիեւսկին «Բաքու» թերթի 1918թ. հունվարի 31-ի համարում.

«Լսվեց թնդանոթների մի քանի կրակոց, այնուհետեւ՝ գնդացիրների ճարճատյունը։ Մենք կարծեցինք, թե զրահագնացքը հետ է մղում թաթարների գրոհը։ Բայց այդպես չէր։ Զրահագնացքը իսկական ճակատամարտ էր տալիս եւ արդյունքում ջախջախվեց, հրամանատարն ու ծառայողները՝ բոլորը, ոչնչացվեցին։ Դա ողբերգության սկիզբն էր։ Գիշերը պարզվեց, որ շարժակազմերը հանձնվում են... զրահագնացքը ջախջախելուց հետո հանձնվում են ավազակախմբերին։ Մենք հավատում էինք, որ «մերոնք» մեզ կպաշտպանեն, եւ երբ ավազակները մոտեցան մեր գնացքին՝ պահանջելով հանձնել զենքը, զինվորները հրաժարվեցին ենթարկվել։ Փոխհրաձգություն սկսվեց։ Ովքեր զենք ունեին, դուրս եկան վագոններից եւ դիրք բռնեցին հողաթմբերի մոտ։

Երբ մեր գնացքի անձնազոհ պաշտպանները ստիպված էին հանձնվել, մենք կորցրինք փրկության հույսը։ Մոտ 400 հոգի էինք։ Կարծում էինք, թե զենքը հանձնելով ամեն ինչ կավարտվի։ Սակայն շուտով համոզվեցինք, որ բաշիբոզուկների խոսքին պետք չէ հավատալ։ Որոշ ժամանակ անց վերջին վագոնից ճիչեր լսվեցին։ Թաթարները հրկիզել էին շարժակազմը։ Սկսվեց ուղեւորների թալանը։ ...Վերցնում էին ամեն ինչ՝ կոշիկները, վերնազգեստը, ուղեբեռը, փողը։ Անխնա թալանում էին զինվորներին։ Նույնիսկ սպանվածներին ու վիրավորներին մինչեւ շապիկը մերկացնում էին։ Մինչեւ Շամքոր երեք վերստ էր, եւ մենք հոտի պես շարժվեցինք այդ ուղղությամբ։ Հետեւում հրդեհ էր, սպանվածների դիակներն ու վիրավորների հառաչանքը։ Միայն զինվորների շրջանում սպանվել ու վիրավորվել էր 600 հոգի»։

Հնարավորինս շատ զենք ստանալ

1917թ. նոյեմբերի վերջին եւ դեկտեմբերի սկզբին Անդրկովկասի երեք ժողովուրդները ձեռնամուխ եղան ազգային զորամիավորումների ստեղծմանը։ Փլուզվող Ռուսական կայսրության վերջին զինվորական ու քաղաքական ղեկավարությունն արդեն տվել էր համաձայնությունը, եւ հայերը, թաթարներն ու վրացիները փորձում էին հնարավորինս շատ զենք ստանալ նահանջող ռուսական բանակի ստորաբաժանումներից։ Ռուս զինվորներն ու սպաները թեեւ թողնում էին սպառազինությունը, սակայն բոլորը փորձում էին ստանալ ավելին, այդ պատճառով հաճախակի էին զենքի օրինական ու անօրինական վաճառքի դեպքերը, ինչպես նաեւ հարձակումները հեռացող զինվորական էշելոնների ու խմբերի վրա։ 

Հարյուրհազարավոր զինվորների ու նրանց ընտանիքի անդամների անցումն Անդրկովկասի երկաթուղային խոշոր հանգույցներով հաճախ մեծ լարվածություն եւ բախումներ էր առաջացնում։

«Վայրի» դիվիզիան

Առաջին համաշխարհային պատերազմի հենց սկզբից Ցարական Ռուսաստանը սկսում է ազգային զորամիավորումներ կազմավորել. բացի հայկական կամավորական ջոկատներից, ստեղծվում է նաեւ մուսուլմանական դիվիզիան, որի մեջ ընդգրկվում էին հյուսիս-կովկասյան ժողովուրդները։ Դիվիզիայում առանձին ստորաբաժանում ունեին նաեւ կովկասյան թաթարները։ Մուսուլմանական դիվիզիան պատերազմի տարիներին մասնակցում է մի շարք ռազմական խոշոր գործողությունների՝ հիմնականում արեւմտյան ռազմաճակատում, եւ աչքի ընկնում իր համարձակությամբ, նաեւ դաժանությամբ։ Շուտով դիվիզիան ստանում է «Վայրի» անվանումը։

Բոլշեւիկյան հեղաշրջումից եւ ռազմաճակատի քայքայումից հետո դիվիզիան հայտնվում է Կովկասում։ 1917թ. նոյեմբերին կազակների եւ հյուսիս-կովկասյան ժողովուրդների մեջ արյունալի բախումներ են սկսվում, ինչի հետեւանքով կաթվածահար է լինում Անդրկովկասի մատակարարման գրեթե ողջ համակարգը։

Շուտով Գանձակում, Շամքորում եւ այլ շրջաններում կենտրոնանում են դիվիզիայի թաթարական ստորաբաժանումները, որոնք, միավորվելով տեղի բնակչության հետ, իսկական պատուհաս են դառնում ոչ մահմեդական բնակչության համար։

1917թ. նոյեմբերի կեսերին Անդրկովկասի հարավային շրջանները սկսում են ասպատակել Իրանի տարածքից ներխուժած թրքախոս ցեղերը, որոնք հայտնի էին շահսեւաններ անունով։ Նրանց հարձակման հիմնական ուղղությունը Լենքորանի, Զանգելանի, Ջեբրաիլի, Մուղանի շրջաններն էին, որտեղ կիսավայրի ցեղախմբերը ոչնչացնում էին ռուսական ուղեկալները, սպանում զինվորներին, կոտորում խաղաղ բնակչությանը եւ զբաղվում թալանով։

Տիրանալ հայերի հողին

Գանձակի շրջանում մահմեդականների առաջին խժդժությունների ֆորմալ պատճառը հողի հարցն էր. Անդրկովկասյան կոմիսարիատի որոշումով սկսվել էր հողի բաժանումը, եւ մահմեդականները փորձում էին դուրս մղել քրիստոնյա բնակչությանը, առաջին հերթին՝ հայերին, եւ տիրանալ նրանց հողին։ 1917թ. նոյեմբերի-դեկտեմբեր ամիսներին հայկական մամուլը տպագրում էր հողերի ու գյուղերի բռնազավթման բազմաթիվ ահազանգեր։ Գանձակում իրադրությունը փոքր-ինչ այլ էր. հայկական համայնքի կազմակերպվածությունը զերծ էր պահում հարձակումներից, սակայն այստեղ էլ հաճախակի էին թաթարների ու ռուսների բախումները։

1918-ի հունվարի սկզբին ծանր դրության մեջ են հայտնվում Գանձակի շրջանի Նուխի գավառի հայկական գյուղերը։ Մահմեդականները շրջապատում են Նուխի քաղաքի շրջակա հայկական գյուղերը, ավերում ու թալանում երեքը եւ պահանջում հայերից անհապաղ հեռանալ՝ ասելով, որ դրանք թուրքական բնակավայրեր են։ Հունվարի 6-ին «Մշակ» թերթի թղթակից Աբգար Պայազատը (Աբգար Տեր-Աբրահամյան) հեռագրում է, որ թաթարները հարձակվել են հայկական Ջաֆարապատ, Չոլախլու, Ալիար, Մալդ, Օթմանլու, Քյուլունգ եւ այլ հայկական գյուղերի վրա ու ստիպել հայերին հեռանալ։

«Այդ գյուղացիները շնորհիվ անպաշտպանության կատարեցին այդ տարօրինակ հրամանը, որից հետո թուրք զինված խուժանը թալանեց ամբողջ շարժական գույքը, հրդեհի մատնեց գյուղերի բոլոր տները»,- գրում էր Պայազատը։ Թաթարական զինված խմբավորումները ոչնչացրել էին նաեւ երկաթուղային ենթակայարանները Եվլախում, Աղստաֆայում, Շամքորում եւ այլուր։

Մութ պատմությունը

Շամքորի դեպքը բավական մութ պատմություն էր, քանի որ դրանից անմիջապես հետո տեղեկություններ էին շրջանառվում, թե ռազմաճակատից հեռացող ռուս զինվորների զինաթափման հրամանը ստացվել է Թիֆլիսից։ Սիմոն Վրացյանն իր հուշերում նշում է, որ ռուս զինվորների վրա հարձակվող զրահագնացքը պատկանում էր վրացի Աբխազավային, իսկ հարձակվողների մեջ էին Վայրի դիվիզիայի զինյալները՝ գնդապետ Լեւան Մաղալովի (Մաղալիշվիլի) հրամանատարությամբ։

«Գրավված թնդանոթներն ու բոլոր զենքերը սեփականացրեց Գանձակի Մահմեդական ազգային խորհուրդը։ Մեծ շուքով ավարը տարվեց Գանձակ։ Թուրք սոցիալ-հեղափոխական (էսէռ) պարագլուխ Ասլան բեգ Սաֆիքուրդսկին, հեծած առաջին թնդանոթը, հաղթական մուտք գործեց Գանձակ»։

Հետագայում հայտնի դարձավ, որ այդ հարձակմանը անմասն չէին եւ վրացի վարիչներից ոմանք։ Հունվարի 6-ին Ն. Ռամիշվիլին զեկուցում էր Անդրկովկասյան կոմիսարիատի նիստին, թե «անհրաժեշտ էր զինաթափել Ցարսկի Կոլոդեցից մեկնած զորամասը եւ զենքը հանձնել վրացական կորպուսին։ Ուղարկվեց մի զրահապատ եւ մի զորամաս... Բոլոր միջոցները ձեռք են առնված»։ Իսկ Ջուղելին մատնանշում էր «Աբխազավայի եւ իր զորամասի կատարած տխուր դերը: Զինաթափում չէր այդ, այլ զինվորների թալան» (Սիմոն Վրացյան, Հայաստանը բոլշեւիկյան մուրճի եւ թուրքական սալի միջեւ, Բեյրութ, 1953թ.)։

***

 

Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար: