1918թ. սկզբին Անդրկովկասում սկսում է ակտիվանալ թաթարական տարրը, որն աստիճանաբար քաղաքական կառուցվածք էր ստացել, ձեւավորել էր իր կուսակցությունները և ակտիվորեն զբաղվում էր ազգային զինված ուժերի ստեղծմամբ։ Անդրկովկասի թաթարները՝ ադրբեջանցիները, օգտվելով Ռուսական կայսրության քայքայումից, ակտիվորեն համագործակցում էին Թուրքիայի հետ։
Ադրբեջանական հասարակական-քաղաքական վերնախավի ձգտումները լիովին համընկնում էին թուրքերի շահերին. Կովկասի թաթարները ցանկանում էին անջատվել Ռուսաստանից։ 1917-18թթ իրադարձությունների շարքում կարեւոր նշանակություն էր ստացել նահանջող ռուսական բանակի զենքի ու սպառազինության բռնագրավումը։ Արդեն հունվարին Գանձակում եւ Շամքորում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների հետեւանքով զոհվել էին հազարավոր ռուսներ։
Անդրկովկասյան կառավարությունը թեեւ հանդես էր գալիս միասնական իշխանությամբ, սակայն թաթարների, վրացիների եւ հայերի ռազմաքաղաքական ու տնտեսական շահերը հակամետ էին։ 1918-ի սկզբին աստիճանաբար սկսում են ձեւավորվել անդրկովկասյան երեք ժողովուրդների տարածքային հավակնությունները՝ երեքն էլ պետականություն հիմնելու ճանապարհին էին, եւ երեքն էլ ցանկանում էին հստակեցնել իրենց սահմանները։ Սակայն տարածքային սահմանազատումը Ցարական կառավարության օրոք արված էր ոչ թե ազգային պատկանելության, այլ վարչական կառավարման սկզբունքով, ինչի հետեւանքով գրեթե բոլոր շրջաններում կար խառը բնակչություն։ Ռուսական բանակի հեռանալուն զուգընթաց սկսվում են բախումները թաթարների եւ հայերի միջեւ։
Թաթարները ցանկանում էին դուրս մղել հայ բնակչությանը այն շրջաններից, որոնք համարում էին իրենց պետականության սահմանները։ Բացի այդ, գտնում էին, որ տարածքային իրավունքներ ունեն Երեւանի նահանգի մի շարք բնակավայրերում։ Անդրկովկասյան կոմիսարիատը եւ հետագայում՝ Սեյմը, չունեին բավարար ուժ եւ հեղինակություն այս բախումները կանխելու համար։
Թալան եւ հարձակումներ
Աստվածատուր Խաչատրյանը, ով Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի հանձնարարությամբ 1920թ. կազմել էր հայ-թուրքական հարաբերությունների մասին ծավալուն տեղեկանքը, գրում է.
«Կովկասի թաթարների վերաբերմունքը Կովկասի գործերում սկզբեն սկսած շատ որոշ է, եւ մարդիկ վրացիներու պես չեն թաքցներ իրենց մտադրություններն ու ձգտումները, որ է՝ նախ՝ միանգամ ընդմիշտ անջատվել Ռուսաստանեն եւ երկրորդ՝ առաջապահն դառնալ օսմաններուն՝ Կովկասին տիրելու համար։ Այս երկրորդ կետի իրագործման համար անհրաժեշտ էր մեջ տեղեն վերցնել հայերու հարուցած արգելքը, որ կրնա կատարվել հայերու ջախջախումով եւ բնաջնջումով, որ եւ օսմաններուն ալ բուն նպատակակետն էր եւ անոնց կողմեն թելադրված թաթարներուն։ Հոս ուրեմն Կովկասի թաթարներն ու օսմանյան թուրքերը կմիանան իրարու ընդհանուր համաթուրք իդեալին շուրջ»։
1918-ի հունվարի վերջից երկաթուղային կայարաններում, ճանապարհներին սկսում են հարձակման, թալանի ենթարկվել հայերը։ Շատերին իջեցնում էին գնացքներից ու սպանում։
«Մշակ», 4 փետրվարի, 1918թ., թիվ 26
Փետրվարի 1-ի գիշերը Նոր-Բայազետի գավառի Երանոս գյուղի մի խումբ գյուղացիներ իրենց գործերով մեկնում են Թիֆլիս։ Վագոններում տեղ չլինելու պատճառով նրանք տեղավորվում են ապրանքատար վագոնի գավթում։ Երբ գնացքն անցնում էր Աշաղա-Սարալ կայարանի մոտով, տեղական թուրքերը երկար, ծայրը երկաթե կեռ ձողեր մեկնեցին դեպի վագոնը եւ դրանցով ցած գցեցին քնած գյուղացիներից Ասատուր Սիմոնյանին եւ Ավագ Կարապետյանին։ Ենթադրում են, որ խեղճերը գնացքի արագ ընթացքի միջոցին ընկնելով, տեղն ու տեղը մեռել են, եւ ապա թուրքերը թալանել են նրանց։
«Վայրենի ատելություն դեպի հայերը»
Փետրվարի սկզբին քննարկելով թաթարական ավազակախմբերի հարձակումների հարցը՝ Երկրային խորհուրդը լսում է ռուս Մստիսլավ Ցվետկովի վկայությունը, թե ինչպես էին թաթարական զինված բանդաները Լեակի կայարանում պահանջել հանձնել զենքը, ապա ստուգել ուղեւորների փաստաթղթերը հայերին գտնելու նպատակով։ Գանձակում գնացքն արդեն գնդակոծվում է, եւ մարդիկ փրկվում են միայն մեքենավարի շնորհիվ, ով արագացնում է ընթացքը։ Ցվետկովը նշել էր, որ «թուրքերի այդ վայրենի ատելությունը դեպի հայերը հետեւանք եղավ այն բանի, որ հայերը փոխարինեցին զորաճակատում հեռացող ռուսներին՝ դրանով, իբր թե երկարացրին պատերազմը»։
Եղիշե Իշխանյանը «Լեռնային Ղարաբաղ. 1917-1923» հուշագրությունում վկայում է, որ հունվարի վերջին Վարանդայի, Ավետարանչոց Սղնախ եւ Ալամանց Գոմեր գյուղերում ճակատից վերադարձած զինվորներին գիշերը սպանել էին հրացաններին տիրանալու նպատակով։ Ճանապարհները վերահսկվում էին թաթարական խմբերի կողմից, ովքեր առաջին իսկ հնարավորության դեպքում հարձակվում էին ուղեւորների, հատկապես՝ զինվորների ու սպաների վրա։
Փետրվարի սկզբին Վլադիկավկազից Թիֆլիս են հասնում Արեւմտյան ռազմաճակատում կռված 75 հայ զինվոր։ Գանձակ չհասած՝ նրանք իմանում են, որ ճանապարհներն անվտանգ չեն։
«Զինվորները արեւմտյան ճակատում թրծված, բազմիցս բաց աչքերով դեպի մահը ընթացած մարդիկ որոշում են ճամփից դուրս, բավական հեռու տեղով, ճամփին զուգահեռ ուղղվել դեպի քաղաք։ Ճամփի երեք քառորդն անցնում են առանց միջադեպի, բայց նկատվում են թուրքերի կողմից, որոնք կրակում են զինվորների վրա։ Զինվորներին առաջնորդում էր Տեղ գյուղացի Պետրոսը, Գեւորգյան շքանշաններով կուրծքը զարդարած քաջ մարդ, որ հմտորեն ղեկավարելով խումբը, շեշտակի ու անվրեպ համազարկերով կասեցնում է թուրքերի մոտ 100 հոգանոց առաջացող խմբին։ Թուրքերը տասը սպանված եւ վիրավոր են ունենում, իսկ հայերը հինգ վիրավոր»,- գրում է Եղիշե Իշխանյանը։
«Թուրքերը հայեր են որսում եւ կոտորում»
«Թուրքերը մեզ ձեռնոց են նետել, մեր էշելոնները զինաթափ են անում, հայեր են որսում եւ կոտորում»: Այսպես էր գնահատում իրավիճակը Հայոց ազգային խորհուրդը 1918թ. փետրվարի սկզբին։ Մի քանի օր առաջ Շախտախտի կայարանում (Նախիջեւան) թաթարական հրոսակները հարձակվել էին հայկական գնացքների վրա»։
Նորաշեն, 3 փետրվարի.- Վաղ առավոտից Նորաշեն կայարանը՝ Երեւանից 85 վերստ հեռավորության վրա, պաշարված է թուրք ավազակներով՝ թվով մոտ 3000 մարդ։
Ղամարլու.- Հունվարի 28-ին քրդերը եւ թաթարները հարձակվեցին աբոզների վրա։ Ալի-Ղզիլից հայտնում են, որ հայ պարտիզանական խումբը շրջապատված է թուրքերով ու քրդերով. սպանված է 2, վիրավորված՝ 4 հոգի։ Կոմիսար Դրոն դիմեց թուրքերին՝ խաղաղությամբ վերջ տալ այս ամենին, եթե ոչ՝ իրենք դիրք կմտնեն Արաքսի ափերում։
Դավալու (այժմ՝ Արարատի մարզի Արարատ գյուղ), Շիրազլու (այժմ՝ Արարատի մարզի Ոսկետափ գյուղ).- Թուրքական բանակի գործակալների քարոզչությունը Երեւանի նահանգում ակտիվացրել էր թաթարների գործողությունները։ Հունվարի կեսերին Երեւանի ազգային խորհուրդը հեռագիր է ստանում Դավալու գյուղից, որտեղ ասված էր, որ քրդերն ու տեղի թուրքերը շրջապատել են գյուղը։ Նույն օրը թաթարներն անսպասելի հարձակվում են նաեւ Քիչիկ Վեդի (Փոքր Վեդի) եւ Ղամարլու (Արտաշատ) գյուղերի հայկական գումարտակի վրա, շատերին սպանում ու գերի տանում։
Պատժե՞լ, թե՞ բանակցել
Երեւանում հուզումներ են սկսվում, եւ զայրացած բնակիչները Ազգային խորհրդից պահանջում են անհապաղ կտրուկ գործողությունների դիմել ու պատժել թաթարներին։ Երեւանի ազգային խորհուրդը որոշում է չսրել իրադրությունը եւ բանակցություններ սկսել թաթարների հետ։ Ստեղծվում է պատվիրակություն Հովհաննես Մելիքյանի (բժիշկ, Ազգային խորհրդի անդամ Հովակիմ Մելիքյանի եղբայրը), Առաքել Աֆրիկյանի, Սահակ Թորոսյանի, թաթար Խալիլ բեկի եւ իրավաբան Աղաբաբեի անդամակցությամբ։
Պատվիրակությունը գնում է Ղամարլու եւ պահանջում վերադարձնել վիրավորներին, սպանվածների դիակները եւ դադարեցնել ռազմական գործողությունները։ Թուրքերը երեք օր են պահանջում պայմանները քննելու համար, սակայն ժամկետը լրանալուց հետո չեն արձագանքում։ Ավելին՝ սպանում են բոլոր գերիներին ու վիրավորներին։
«Տաճիկների պրոպագանդայի ազդեցության տակ եւ Շամդինբեկովի արածներից խրախուսված՝ Ուլուխանլուի շրջանի թուրքերը հարձակվեցին այդ շրջանի հայ գյուղերի եւ զինվորների վրա։ Այնուհետեւ թուրքերը հարձակվեցին Ուլուխանլու, Արաքս, Արազդայան կայարանների վրա, այրելով ու թալանելով կայարաններում եղած պահեստները։ Այդ վայրագություններից հետո Ազգային խորհուրդը որոշեց պատժիչ զորամաս ուղարկել եւ զսպել թուրք խուժանի վայրագությունները։ Այդ գործը հանձնվեց Դրոյին, որ կարճ ժամանակամիջոցում մաքրեց շրջանը թուրք ավազակախմբերից՝ քանդելով վեց գյուղեր»։ (Հովակիմ Մելիքյան, Արյան ճանապարհով, Հայրենիք, թիվ 2, 1924թ., Բոստոն)։
Խժդժություններ Թիֆլիսում
Խժդժություններ են տեղի ունենում նաեւ Թիֆլիսում. Երեւանյան հրապարակում սպանվում է մուսուլմանական դիվիզիայի զինվոր։
Հանցագործությունը դեռ չբացահայտված՝ Թիֆլիսի նահանգային կոմիտեն «բորչալվեցիներն» ստորագրությամբ նամակ է ստանում, որտեղ գրված էր, որ եթե զինվորի սպանությունն անմիջապես չբացահայտվի, ապա «Բորչալուն կգա Թիֆլիսի վրա»։ Այս տեղեկությունը տարածվում է Թիֆլիսի Մեյդան եւ Շեյթան Բազար շրջաններում, որտեղ շուտով երեւում են Վայրի դիվիզիայի ձիավորները եւ սկսում խուզարկություններ անել։ Շուտով դեպքի վայր են շտապում Կարճիկյանն ու Սուլթանովը եւ կարողանում են խաղաղեցնել իրավիճակը։ Նահանջող ռուսական զորքի եւ թաթարների միջեւ արյունալի բախումներ են տեղի ունենում Մառնեուլի շրջանում՝ Սանդար կայարանում։
Փետրվարի 13-ին Կոմիսարիատը հատուկ ուղերձ է հղում Կովկասի ժողովուրդներին, որտեղ համերաշխության եւ խաղաղության կոչ էր անում.
«Թող հայտնի լինի ամբողջ ազգաբնակությանը, որ հեղափոխության թշնամիները անդադար ջանում են վեճ ու երկպառակություն սերմանել Անդրկովկասի ազգերի միջեւ եւ վառել այնպիսի հրդեհ, որպիսին գերեզման կպատրաստե հեղափոխական դեմոկրատիայի բոլոր ակնկալություններին։ Մենք կանգնած ենք ահարկու վտանգի առաջ, Անդրկովկասի ժողովուրդնե՛ր, եղեք հեռատես եւ մի ենթարկվեք պրովոկացիայի»։
Անդրկովկասի թաթարական բնակչությունը հայերին փորձում էր դուրս մղել ոչ միայն այն շրջաններից, որոնք համարում էր իրենը, այլեւ հայկական գավառներից. տեղի էր ունենում երկու ժողովուրդների տարածքների սահմանների հստակեցում՝ զենքի ուժով ու պայքարով, որը հետագայում շարունակվեց Հայաստանի առաջին հանրապետության գոյության ամբողջ ժամանակաշրջանում։ Չնայած 1905-1907թթ. հայ-թաթարական բախումների դառը փորձին՝ հայերի համար սա անսպասելի ու մտահոգիչ իրականություն էր։ Ստեղծվում էր երկրորդ ճակատը, որի դեմ պայքարը թուլացնում էր արտաքին՝ թուրքական հարձակմանը դիմակայելու հնարավորությունը։
***