1917թ. հոկտեմբերի 25-ին, երբ գրոհը Ձմեռային պալատի վրա դեռ շարունակվում էր, բոլշեւիկների նախաձեռնությամբ հրավիրվում է Բանվորական եւ զինվորական խորհուրդների 2-րդ համառուսական համագումարը, որի նախագահող է ընտրվում Լեւ Կամենեւը։ Նա շուտով հայտարարում է, որ Ձմեռային պալատը գրավված է, իսկ Ժամանակավոր կառավարությունը՝ տապալված։ 

Դեռեւս օգոստոսի վերջից բոլշեւիկները լրջորեն աշխատում էին խորհուրդներում իրենց ազդեցությունը մեծացնելու ուղղությամբ եւ հեղաշրջման պահին Պետրոգրադի եւ Մոսկվայի խորհուրդներում մեծամասնություն ունեին։

Համագումարի երկրորդ օրը՝ հոկտեմբերի 26-ին, ընդունվում է Խաղաղության մասին դեկրետը, որը դառնում է ռազմաճակատի վերջնական քայքայման ու նահանջի պատճառ։ Այս դեկրետը ճակատագրական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար, քանի որ Կովկասյան ռազմաճակատն արագորեն կազմալուծվեց, ռուսական բանակը, որի առաջնագիծը ձգվում էր մինչեւ Երզնկա, սկսեց նահանջել, իսկ մի քանի ամիս անց թուրքական բանակը մոտեցավ Երեւանին։

Մահացու վտանգ հայ ժողովրդի գլխին 

Բոլշեւիկյան խաղաղության քաղաքականությունը հայտնի էր դեռ հեղաշրջումից առաջ, իսկ Պետրոգրադի իրադարձություների օրերին, երբ դեկրետն ընդունելու մասին տեղեկությունները դեռ չէին հասել Անդրկովկաս, հայ հասարակությունն արդեն տագնապում էր ռազմաճակատի հնարավոր քայքայման մտքից։ Բոլորը շատ լավ հասկանում էին, թե ինչ մահացու վտանգ է կախված հայ ժողովրդի գլխին։ 

1917թ. նոյեմբերի 4-ին Աբգար Տեր-Աբրահամյանը (Աբգար Պայազատ) «Մշակ» թերթում վերլուծելով Թուրքահայաստանի իրադրությունը, գրում էր, որ «...դժոխքից ազատված դժբախտները հույսները դրել են ռուս զենքի ուժի վրա»։

Մշակ, 4 նոյեմբերի, 1917թ., թիվ 235։

«Այժմ դառնանք լենինական «դեմոկրատիզմին» եւ տեսնենք, թե նա էլ այդպես է մտածում, թե՞ այս խնդրում էլ նա ունի ինքնուրույն աշխարհայացքը, ինչպես եւ մյուս բոլոր խնդիրներում ունի բոլորովին նոր տեսակի «մարքսիզմ»:

Անցյալ հուլիսի վերջերին մեր վաշտով եկել-իջել էինք Քյոփրի Քյոյի կամուրջը: Այդտեղ վեճի բռնվեցի բոլշեւիկ Արչիլ Դոլիձեի հետ, երբ նա, որպես բոլշեւիզմի իդեալներից մեկը, հայտարարեց. «Մենք չենք կարող մեր շահերը զոհել հայերի ազատության. պատերազմին ինչպես որ է՝ վերջ պիտի տալ եւ զորքը թուրքական ֆրոնտից վերցնել ու գնալ կանգնել հին սահմանի վրա: Մեզ ի՛նչ, որ թուրքերը կկոտորեն մնացած հայերին»:

«Մեզ ի՛նչ, որ թուրքերը կկոտորեն մնացած հայերին»:

Ես նրա այս «մարգարիտները» գրի եմ անցնում միայն նրա համար, որ ցույց տամ ընթերցող հասարակության՝ Լենինի աշակերտների աշխարհայացքը դժբախտ Թուրքահայաստանի խնդրի նկատմամբ, որ դա հերյուրանք չէ, այլ փաստ, որ եւ այդպես է մտածում ինքը Լենինը: Այդ ուղղությամբ բոլշեւիկները շատ են քարոզել թուրքական ֆրոնտում եւ զորքը վարակել: Ուրեմն այժմ պարզ է, եթե այստեղի զորքերն էլ Պետրոգրադի զորքերի ընթացքով գնալու լինեն, նախ պիտի ջնջվեն վերջին հայ բեկորները Թուրքահայաստանում եւ ապա ֆիզիկական սոսկալի վտանգի ենթարկվեն ռուսահայերը»։ 

 

«Կառավարությունը վերացնում է գաղտնի դիվանագիտությունը»

Բանվորական եւ զինվորական խորհուրդների 2-րդ համառուսական համագումարի ընդունած Խաղաղության մասին դեկրետը նախատեսում էր անհապաղ եւ առանց նախապայմանների հաշտություն կնքել եւ դադարեցնել բոլոր տեսակի ռազմական գործողությունները։ Հաշվի առնելով, որ Անտանտի պետությունների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Անգլիայի միջեւ նախկինում ստորագրվել էր առանձին հաշտություն չկնքելու համաձայնություն, դեկրետը նշանակում էր, որ բոլշեւիկյան Ռուսաստանը հրաժարվում է իր ստանձնած պարտավորություններից եւ միակողմանիորեն դուրս գալիս պատերազմից։ 

«Արդարացի կամ դեմոկրատական հաշտություն, որին ծարավի է բոլոր պատերազմող երկրների՝ պատերազմից հյուծված, տանջված ու բզկտված բանվոր ու աշխատավոր դասակարգերի ճնշող մեծամասնությունը,- հաշտություն, որ ամենից որոշակի ու համառ կերպով պահանջում էին ռուս բանվորներն ու գյուղացիները ցարական միապետությունը տապալելուց հետո,- կառավարությունն այդպիսի հաշտություն է համարում անհապաղ հաշտությունն առանց անեքսիաների (այսինքն՝ առանց ուրիշների հողերի հափշտակման, առանց ուրիշ ժողովուրդների բռնի միացման) եւ առանց կոնտրիբուցիաների»,- գրված էր դեկրետի մեջ։

Բոլշեւիկները նաեւ հայտարարում էին, որ վերացնում են «գաղտնի դիվանագիտություն» հասկացությունը՝ պետությունների միջեւ բոլոր տեսակի պայմանավորվածություններն ու բանակցությունները պետք է լինեին բաց եւ թափանցիկ։ Բոլշեւիկների կառավարությունը Խաղաղության մասին դեկրետով խոստանում էր հրապարակել ցարական Ռուսաստանի բոլոր գաղտնի դիվանագիտական փաստաթղթերը։

«Կառավարությունը վերացնում է գաղտնի դիվանագիտությունը, իր կողմից հայտնելով հաստատուն մտադրություն՝ վարելու բոլոր բանակցությունները միանգամայն բաց կերպով, ամբողջ ժողովրդի առաջ, անմիջապես սկսելով լիովին հրապարակել այն բոլոր գաղտնի պայմանագրերը, որոնք հաստատել կամ կնքել է կալվածատերերի ու կապիտալիստների կառավարությունը 1917 թվականի փետրվարից մինչեւ հոկտեմբերի 25-ը»։

Երեւանում լույս տեսնող ՀՅԴ «Զանգ» թերթը 1917թ. նոյեմբերի 16-ին գրում էր, որ խաղաղությունը, թեկուզ եւ Ռուսաստանի համար ծանր գնով, անհրաժեշտություն է՝ նշելով, որ «պատերազմի վախճանով միայն կվերջանա քայքայման այս զարհուրելի պրոցեսը»։ Սակայն միաժամանակ անդրադառնում էր այն տագնապներին, որ կար հայ հանրության շրջանում։

«Զանգ», 16 նոյեմբերի, 1917թ., թիվ 3։ 

«Բայց ինչո՞ւ մեր՝ հայ հեղափոխական սոցիալիստներիս սրտերը բաբախում են երկյուղով, երբ զգում ենք, որ մոտ է խաղաղության դարպասների բացումը։ ...Ի՞նչ կտա մեզ խաղաղությունը, որ հետեւանք է մեծ պետության ավելի ու քայքայման։ Այդ խաղաղությունը չի՞ սպառնում բերել մեր սիրեցյալ հարազատ երկիրը բարբարոս թշնամու արնաթաթախ ոտքը։ Փոխվելո՞ւ է զինադադարի հետ հարավում Հայաստանում գծված ազատ հանրապետության սահմանը, ահա ճակատագրական ու ծանր խնդիրը»։

Դուխոնինի դիմադրությունն ու մահը 

Զինադադարի բանակցություններ սկսելու բոլշեւիկների որոշումը հանդիպում է ռուսական բանակի գերագույն հրամանատար գեներալ Նիկոլայ Դուխոնինի դիմադրությանը։ Նա հեռագիր է ուղարկում ժողովրդական կոմիսարներին, պահանջելով պարզաբանել, թե նրանց որոշումը որքանո՞վ է ներկայացնում Ռուսաստանի կենտրոնական իշխանությունը։ Բացի այդ, Դուխոնինը փորձում է ճշտել, թե առանձին զինադադարի բանակցությունները պետք է սկսել բոլոր երկրների հե՞տ, թե՞ միայն գերմանացիների ու թուրքերի։ Ի պատասխան՝ ժողովրդական կոմիսարներ Լենինը, Ստալինը եւ Կռիլենկոն հրամայում են Դուխոնինին առանց քննարկելու կատարել իշխանության պահանջը։ 

«Մշակ», 11 նոյեմբերի, 1917թ., թիվ 241։ 

«Ձեզ ուղարկված հեռագրում ասված է անպատճառ սկսել բանակցությունները զինադադարի մասին, եւ մենք վճռականապես մերժում ենք ձեր իրավունքը ուշացնել պետական կարեւոր գործը։ Պնդում ենք՝ անմիջապես ուղարկել պառլամենտարներ եւ հաղորդել մեզ ամեն մի ժամ բանակցությունների ընթացքի մասին»։ 

Դուխոնինը պնդում է իր տեսակետը, որին անմիջապես հետեւում է ժողովրդական կոմիսարների հեռագիրը պաշտոնից ազատվելու մասին։

Մի քանի օր անց՝ նոյեմբերի 20-ին Կռիլենկոն ժամանում է Մոգիլյով, որտեղ ձերբակալում են Դուխոնինին՝ Պետրոգրադ տեղափոխելու համար։ Սակայն կատաղած զինվորները հարձակվում եւ սպանում են Դուխոնինին։

Դենիկինը՝ Դուխոնինի սպանության մասին

«Ազգի դավաճան» հռչակված Դուխոնինին ձերբակալում եւ տանում են երկաթուղային կայարան՝ նորանշանակ գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլայ Կռիլենկոյի վագոն: Գնացքի շուրջ հավաքված հեղափոխական զինվորներն եւ նավաստիները պահանջում են իրենց հանձնել Դուխոնինին: Գազազած ամբոխի ձեռքից Դուխոնինին չի կարողանում փրկել անգամ Կռիլենկոն:

Գեներալ Դենիկինը Դուխոնինի սպանության մասին գրում է.

«… Նավաստիների վայրի, գազազած ամբոխը, գերագույն գլխավոր հրամանատար Կռիլենկոյի աչքի առջեւ հոշոտեց գեներալ Դուխոնինին եւ դաժանորեն անարգեց նրա դիակը»:

 

Բանակցություններին զուգահեռ բոլշեւիկները աշխատում էին առանձին վերցրած զինվորական ստորաբաժանումների հետ՝ նրանց դրդելով տեղային նշանակության պայմանավորվածություններ ձեռք բերել հակառակորդի հետ։ Կովկասյան ճակատի կոմիսար Դմիտրի Դոնսկոյը 1917թ. նոյեմբերի սկզբին հեռագրում էր, որ «Լենինը եւ Տրոցկին տեսնելով, որ հաշտության իրենց առաջարկը վիժեց, այժմ դիմել են մի սարսափելի քայլի. ռազմաճակատում ռուս գնդերին առաջարկում են ինքնագլուխ զինադադար կնքել իրենց դեմ կանգնած թշնամիների հետ»։ 

Ռուս զինվորներն ու սպաները շտապում էին տուն

Անդրկովկասում հոկտեմբերյան հեղաշրջումը դրական արձագանքի չի արժանանում։ Թիֆլիսում ուժեղ քաղաքական դիրքեր ունեին վրաց մենշեւիկները, ովքեր գաղափարական տարաձայնություններ ունեին բոլշեւիկների հետ։

Սիմոն Վրացյանն իր «Հայաստանի Հանրապետություն» գրքում նշում է. «Այն հարատեւ պայքարը, որ սոցիալ-դեմոկրատ մենշեւիկ ու բոլշեւիկ հատվածները վարել էին միմյանց դեմ, այժմ փոխադրվում էր քաղաքականության ասպարեզ։ Շատ խոշոր տեղ էին գրավում այս պայքարում եւ անձնական համակրանքներն ու հակակրանքները, երեկվա վեճերն ու սրտացավությունները։

...Հայերի համար հոկտեմբերյան հեղաշրջումը անընդունելի էր, ամենից առաջ, բոլշեւիկների դեպի պատերազմն ու ճակատի պաշտպանության գործը բռնած դիրքի պատճառով. Բոլշեւիկների մեջ նրանք տեսնում էին քայքայող ուժ, մինչդեռ վայրկյանը պահանջում էր Ռուսաստանի հզորությունը»։

 

Սիմոն Վրացյանի 
«Հայաստանի Հանրապետություն»-ը 

ՀՅԴ թանգարանում պահվում է Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գիրքը, որը նա գրել է առաջին Հանրապետության հիմնադրման տասնամյակի առթիվ եւ հրատարակել Փարիզում՝ 1928թ.-ին: Սա օրինակ է գրքի առաջին հրատարակությունից:
Գրքում ներառված են Առաջին աշխարհամարտի տարիներին Արեւմտյան Հայաստանի եւ Արեւելյան Հայաստանի վիճակը, Ռուսաստանում հեղափոխական խմորումների հետեւանքով Հայաստանում ստեղծված իրավիճակը, հայ-թուրքական պատերազմը, Սարդարապատի եւ այլ հերոսամարտերի նշանակությունը:

 

Սիմոն Վրացյանը գրում է, որ ռուսական բանակին ռազմաճակատի վիճակն այլեւս չէր հետաքրքրում։ Զինվորներն ու սպաները շտապում էին տուն՝ որտեղ հող էին բաժանում։ «Առանց սպասելու վերին հրամանատարության սահմանած կարգին, մաս-մաս, հազարներով ու տասնյակ հազարներով լքում էին դիրքերը, թողնում բազմամիլիոն հարստություններ, ռազմամթերքի ու պարենի անհաշիվ պաշար, մթերքներով լիքը պահեստներ եւ հրացանը գրկած՝ նետվում վագոնները, շտապում «դեպի տուն»՝ ճանապարհին մորեխի պես ավերելով ու խժռելով ամեն ինչ»,- գրում է Սիմոն Վրացյանը։ 

 

«Առանց սպասելու վերին հրամանատարության սահմանած կարգին, մաս-մաս, հազարներով ու տասնյակ հազարներով լքում էին դիրքերը»:

«Այս հողի վրա, մերկացնելով ճակատը, դեպի թիկունք խուժեց հռչակավոր 39-րդ դիվիզիան։ Չէ՞ որ ռազմական կոմիսար Տրոցկին հրամայել էր ռուս բանակին հեռանալ պարսկական եւ թուրքական ճակատներին»,- շարունակում է Վրացյանը։

Ալեքսանդր Խատիսյանը, անդրադառնալով Կովկասում հայերի տագնապին, գրում էր. «Բնական է, որ Կովկասի այս անապահովությունը ամենեն ավելի կմտահոգեր հայերը, որոնք ռուսական զորքի փախուստի ետեւեն կտեսնեին տաճկական բանակի արշավը։ Եվ որովհետեւ այլեւս վստահություն չկար ռուս զորքի վրա, որուն տրամադրությունները բարձրացնելու եւ Կովկասի մեջ պահելու ամեն ճիգ կթափվեր, այնուամենայնիվ, հրատապ եւ հրամայական բնույթ ստացավ հայկական հատուկ զորք ստեղծելու ծրագիրը, որուն հետ կապված էր նաեւ ազգային հողամաս մը ճշտելու եւ հաստատելու խնդիրը։ Հայկական զորքի առաջին գործը պիտի ըլլար պաշտպանել Թրքահայաստանը»։

***

Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար: