1918թ. մարտի վերջին Տրապիզոնի բանակցությունները փակուղի էին մտել: Թուրքերը նախ մերժել էին Արեւմտյան Հայաստանում հայկական ինքնավարության հարցը, այնուհետեւ Անդրկովկասյան պատվիրակությունից պահանջել ընդունել Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանները, եւ անհապաղ հանձնել Կարսը, Արդահանն ու Բաթումը:

Չնայած բանակցությունները դեռ շարունակվում էին, մարտի 30-ին թուրքերը վերջնագիր են ներկայացնում Բաթումի ամրոցի հրամանատարին՝ սպառնալով, որ հակառակ դեպքում ապրիլի 1-ին սկսելու են քաղաքի գրոհը: Այս դեպքերից մի քանի օր առաջ պատվիրակության ղեկավար Չխենկելին Թիֆլիսից ստացել էր Անդրկովկասյան կառավարության հեռագիրը, որով համաձայնում էին թուրքերին զիջել Կարսի նահանգը, Արդվինի մի մասը, բայց ոչ մի կերպ՝ Բաթումը: Իր պատասխան հեռագրում Չխենկելին պնդել էր ընդունել Բրեստ-Լիտովսկի համաձայնագիրը: Մարտի 28-ին Չխենկելին թուրքական պատվիրակության ղեկավար Ռաուֆ բեյին հայտնում է, որ իրենք ընդունում են Բրեստի պայմանագիրը եւ հետագա բանակցությունները շարունակվելու են դրա հիման վրա:

«Կառավարությունը չէր ստորանա մինչեւ կատակերգության»

1918թ. մարտի 31-ին Գեգեչկորին Անդրկովկասյան սեյմին հայտնում է, թե երկու թուրք սպաներ հանդիպել են Բաթումի պարետին եւ պահանջել հանձնվել: Պարետը չի կատարել պահանջը: Գեգեչկորին դատապարտում էր թուրքերի քաղաքականությունը՝ նշելով, որ նրանք են դիմել հաշտության բանակցություններ սկսելու առաջարկով:

«Եթե մենք կարծեինք, թե այդ արվում է սոսկ Բրեստ-Լիտովսկի պայմանագրին սանկցիա տալու համար, կառավարությունը չէր ստորանա մինչեւ կատակերգության, որին վերածվեց հաշտության վեհաժողովը»,- ասել էր Գեգեչկորին: Խոսելով հեղափոխության եւ սահմանների պաշտպանության անհրաժեշտության մասին՝ Գեգեչկորին կոչ էր անում քաղաքական ուժերին միավորվել եւ համատեղ ջանքերով դիմակայել արտաքին թշնամուն: Այդ օրվա քննարկման արդյունքում Անդրկովկասյան սեյմը 4 կետից բաղկացած բանաձեւ է ընդունում․ 

 

  1. Հաշտության բանակցությունները դադարեցվում են եւ պատգամավորությանն առաջարկվում է անմիջապես հեռանալ Տրապիզոնից: 

  2. Անդրկովկասում պաշտոնապես պատերազմական դրություն է հայտարարվում: 

  3. Ստեղծվում է հատուկ կոլեգիալ մարմին ռազմական գործողությունները վարելու համար, որի կազմում ընդգրկվում են զինվորական, ներքին գործերի եւ ֆինանսների նախարարները: 

  4. Սեյմը դիմում է Անդրկովկասի ժողովուրդներին՝ ասելով, թե հաշտության բոլոր միջոցները սպառված են եւ «մնում է զենքը ձեռքին կանգնել ի պաշտպանություն հայրենիքի ու հեղափոխության»:

 

Հեռացում Տրապիզոնից

Ստանալով Սեյմի հեռագիրը՝ անդրկովկասյան պատվիրակությունը ապրիլի 1-ին որոշում է հեռանալ Տրապիզոնից՝ թուրքերին չհայտնելով բուն պատճառը: Չխենկելու հանձնարարությամբ երկու հոգի մնում են՝ թուրքերի հետ ծածուկ հարաբերություններ պահելու նպատակով:

 «Պատվիրակությունը զգալով ինքզինքը անել կացության մեջ եւ վախենալով ապագա աղետներից՝ հաղորդեց թուրքական պատվիրակությանը, թե ինքը պարտավորված է մեկնել Թիֆլիս, եւ որ այդ մեկնումը պետք է նկատել ոչ թե խզում, այլ բանակցությունների ժամանակավոր ընդհատում: Չխենկելին, որ միաժամանակ իրեն պահում էր եւ իբրեւ վրաց ժողովրդի ներկայացուցիչ, եւ, ինչպես հետո պարզվեց, մյուս պատգամավորների թիկունքում վարում էր վրացական քաղաքականություն, Տրապիզոնում թողեց ազգային-դեմոկրատների պարագլուխ Վեշապելիին՝ գործելու համար հօգուտ վրաց ազգային շահերի: Մնաց նաեւ ազգային-դեմոկրատ մյուս պարագլուխ Գվազավան» (Սիմոն Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, Երեւան, 1993):

Թուրքական դրոշը Բաթումում 

Ալեքսանդր Խատիսյանը գրում է, որ իրենք բանակցությունների էին եկել հաշտություն կնքելու, սակայն հեռանում էին «պատերազմը տանելով»: Տրապիզոնից պատվիրակությունն ուղեւորվում է Բաթում, սակայն ապրիլի 2-ին մոտենալով քաղաքին՝ նրանք տեսնում են թուրքական դրոշը եւ փոխում ուղղությունը:

 

«Պայծառ, արեւոտ օր մըն էր: Օդը այնքան թափանցիկ էր, որ դյուրությամբ հեռուները կտեսնեինք: Հանկարծ, մեր նավապետը հուզված մոտեցավ ինձ ու Չխենկելիին եւ կես ձայնով ըսավ. ամրոցի վրա թուրքական դրոշակ կտեսնեմ, քաղաքը թուրքերուն ձեռքն է, եւ մենք չենք կրնար մտնել նավահանգիստ: Եվ իրավ, Բաթումի ամրության վրա կծածաներ թրքական դրոշակը եւ քաղաքը, անկասկած, թուրքերու ձեռքն էր: Փոքրիկ խորհրդակցությունե մը ետք, որոշեցինք մեր նավը ուղղել դեպի Փոթի: Քանի մը ժամ ետքը հասած էինք. ճանապարհին տեսանք բազմաթիվ նավեր ու նավակներ լեցված վրացի զինվորներով, որոնք կփախչեին Բաթումեն» (Ալեքսանդր Խատիսյան, Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը, 1968):

Թիֆլիս հասնելուց հետո հայկական պատվիրակության անդամներն իմանում են, որ Բաթումը հանձնվել էր առանց դիմադրության: Բաթումից անմիջապես հետո թուրքական բանակը շարունակել էր առաջխաղացումը եւ գրավել Օզուրկեթն ու Աբասթումանը:

Անդրկովկասյան պատվիրակության հեռանալուց մեկ օր անց Տրապիզոն է գալիս Էնվերը՝ Կովկասյան արշավանքը ղեկավարելու: Հայտնի է դառնում նաեւ, որ պատվիրակության անդամներից երկու մահմեդական եւ մեկ վրացի Տրապիզոնից մեկնել էին Կ.Պոլիս՝ դարձյալ առանձին բանակցությունների: Թուրքական առաջխաղացումը ստիպում էր ամեն մեկին իր գլխի ճարը տեսնել, եւ Անդրկովկասյան սեյմն արագորեն քայքայվում էր։ Էնվերը հայտարարել էր, որ եթե «հայերը թողնեն իրենց ռուսական օրիենտացիան եւ ձեռք քաշեն անգլիացիներից ու ընդգրկեն թուրքական օրիենտացիան, նրանք չեն ենթարկվի հալածանքի, իսկ եթե շարունակեն կռվել Թուրքիայի դեմ, նրանց ֆիզիկական գոյության մասին պատասխանատու լինել չի կարող ինքը՝ Էնվեր փաշան»:

«Ժամերով խոսում էինք»

Բանակցությունների տապալումը, թուրքերի պահանջներն ու զորքի առաջխաղացումը սպառնում էր առաջին հերթին հայերին, եւ ստեղծված պայմաններում կողմնորոշվելու եւ գործողությունների ընթացքը որոշելու նպատակով 1918թ. ապրիլի 6-8-ը Ալեքսանդրապոլում գումարվում է հայկական հասարակական-քաղաքական կազմավորումների արտակարգ խորհրդակցություն: Մասնակցում էին Անդրկովկասյան սեյմի եւ կառավարության հայ անդամները, Երեւանի, Կարսի, նահանգական կոմիսարները, ՀՅԴ արեւելյան բյուրոյի, Երեւանի ազգային խորհրդի, Հայ զինվորական միության, ռազմական եւ այլ կառույցների ներկայացուցիչները:

Առաջին նիստում ռազմաճակատի դրությունը ներկայացնում է Հայկական կորպուսի հրամանատար Թովմաս Նազարբեկյանը:

«Գեն. Նազարբեկովը տալիս է մի քանի լրացուցիչ տեղեկություններ ֆրոնտի մասին: Այժմ ամբողջ ֆրոնտում ունենք 6 հազար զինվոր, որ մեծ թիվ չէ, իհարկե, քանի որ նախաձեռնությունը պատկանում է թշնամուն, մենք չունենք հետախուզություն: Կարսի պաշտպանության համար եղած ուժերը քիչ են, մեզ հարկավոր են նոր ուժեր, եղածները քիչ են: Զորքը չունի բավարար հագուստ, սնունդն էլ գոհացուցիչ չէ, հոգնած են զորամասերը, չեն թարմացվում նոր ուժերով: Մենք մենակ դիմադրել չենք կարող թշնամուն, տաճկահայերից էլ առանձին օգնություն չպետք է սպասենք»: (Համահայկական խորհրդակցություններ (1912-1920թթ.), Փաստաթղթերի ժողովածու, Երեւան, 2004):

 

Հաջորդ օրը՝ ապրիլի 7-ին, համաժողովը լսում է Ալեքսանդր Խատիսյանի զեկուցումը Տրապիզոնի բանակցությունների, թուրքերի պահանջների եւ թաթարների ու վրացիների գործելակերպի մասին։ Նա հայտնում է, որ 38 օրվա ընթացքում Տրապիզոնում ունեցել են 6 ընդհանուր եւ 46 նիստ՝ պատվիրակության կազմով։ «Ունեցել ենք մասնավոր խորհրդակցություններ տաճիկների հետ եւ՛ ընդհանուր, եւ՛ մասնավոր. խոսում էինք ժամերով»,- ասել էր Խատիսյանը։

Չարյաց փոքրագույնը

Քննարկման ժամանակ ներկաները լսում են նաեւ Հովհաննես Քաջազնունու տեսակետը, որը, ինչպես եւ Խատիսյանը, գտնում էր, որ Բրեստ-Լիտովսկի պայմանագրի ընդունումը չարյաց փոքրագույնն է։ Ըստ Քաջազնունու՝ Բրեստի պայմանագիրը թուրքերի համար չափազանց մեծ ձեռքբերում էր․ գրեթե 200 տարվա ընթացքում պարտվելով ռուսներին՝ այժմ նրանք կարողացել էին հաղթանակ կորզել, եւ չէին կարող իրենց ժողովրդին բացատրել, թե ինչու են զիջումներ անում Անդրկովկասին։ Բացի այդ, թուրքերը վստահ չէին, որ Անդրկովկասը վերջնականապես անջատվել է Ռուսաստանից, հետեւաբար ցանկանում էին իրենց իսկ ռազմական անվտանգության համար հետ ստանալ Կարսի եւ Բաթումի ամրոցները։ Քաջազնունին նաեւ նշում էր, որ թուրքերի հավակնությունները հնարավոր է կանգնեցնել միայն ուժեղ բանակի եւ թիկունքի կայունության շնորհիվ, ինչը, նրա կարծիքով, այդ պահին անհնար էր։

«Պատերազմ մղելու համար անհրաժեշտ է զորք ունենալ, իսկ մենք չունենք, քանի որ զինված, բայց վատ կազմակերպված, չմարզված անկարգապահ զանգվածը դեռեւս զորք չէ։ Հաջող պատերազմի համար զորքը պետք է ունենա ապահովված թիկունք։ Պատերազմը կխորացնի ներքին անարխիան թիկունքում, արյունալի անկարգությունները, ինչը կքայքայի առանց այն էլ վատ կազմակերպված ռազմաճակատը»,- ասում էր Քաջազնունին։

 Հայերը շատ լավ հասկանում էին, որ Կարսը կորցնելու դեպքում անմիջապես հարվածի տակ էին հայտնվելու Ալեքսանդրապոլն ու Երեւանը, իսկ երաշխիք, որ թուրքերը Կարսը վերցնելով կանգ էին առնելու, ոչ ոք չուներ։

***

 

Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար: