Ալեքսանդրապոլը գրավելուց հետո թուրքական բանակը չորս հիմնական ուղղություններով շարունակում է առաջխաղացումը։
Առաջինը Վորոնցովկա-Ղարախաչի լեռնանցք-Բոլնիս Խաչեն-Բորչալու ուղղությունն էր, որտեղից շարժվելու էին դեպի Թիֆլիս։ Երկրորդի նպատակը Ջաջուռ-Սպիտակ-Ղարաքիլիսա-Ղազախ-Ելիզավետպոլ գիծն էր։ Այս երկու ուղղությունները թուրքերի հիմնական նպատակն էին, քանի որ նրանք ուզում էին արագորեն վերահսկողությունը սահմանել Ղազախ-Աղստաֆա-Ելիզավետպոլ երկաթուղու վրա դեպի Բաքու արշավելու համար։ Թուրքական երրորդ զորախումբը հարձակվելու էր Ալեքսանդրապոլ-Բաշ-Ապարան, իսկ չորրորդը՝ Ալեքսանդրապոլ-Երեւան երկաթգծի (Անի-Սարդարապատ-Էջմիածին-Երեւան) ուղղությամբ։
Սիլիկյանի շտաբը Էջմիածնում էր
Ալեքսանդրապոլի անկումից հետո հայկական ուժերը նահանջում են երկու ուղղություններով՝ մեկը դեպի Երեւան, մյուսը՝ Ղարաքիլիսա։ Հայկական կորպուսի շտաբն այդ օրերին արդեն տեղափոխվել էր Ղարաքիլիսա, իսկ գնդապետ Մովսես Սիլիկյանի շտաբը Էջմիածնում էր։
Մայիսի 21-ի առավոտյան թուրքական առաջապահ ստորաբաժանումները մոտենում են Սարդարապատին։ Սիլիկյանը հեռախոսով կապվում է Երեւանի կայազորի պետ Արշավիր Շահխաթունու հետ եւ հայտնում հարձակման մասին։
«Չունիմ որեւէ պահեստի զինվոր՝ թշնամուն դիմադրելու համար։ Կարելին արե՛ք անմիջապես ինձ հասցնելու Ձեր տրամադրության տակ եղած պահեստի զինվորները, ինչպես նաեւ պաշար, փամփուշտ, ռազմամթերք եւ այլն։ Հայտնեցեք Արամ փաշային գաղտնապես թե՝ պիտի աշխատիմ նահանջել դեպի Քարխունի ճահիճները եւ ամրանալ Թոզ-Թեփելերի վրա։ Դուք ամրացրեք Երեւանը։ Տեղի մի տաք շփոթության եւ իրարանցումի։ Հեռագրել եմ միեւնույն ժամանակ Արամ փաշային ծածկագիր, որ համոզե կաթողիկոսին թողնել Էջմիածինը եւ երթալ իր ամառանոցը։ Աստված ձեզ հետ լինի, հայրենիքը չի մոռանա ձեր կատարածը» (Արշավիր Շահխաթունի, Սարդարապատի հերոսամարտը եւ մահափորձ Արամ փաշայի դեմ։ Արամը, Երեւան, 1991թ.)։
Իգդիրի ջոկատը
Արարատյան դաշտավայրի ուղղությամբ թուրքերի հարձակումը սկսվել էր դեռեւս ապրիլի վերջին, որտեղ շուրջ երկու շաբաթյա համառ մարտերից հետո ռազմաճակատի գիծն անցնում էր Իգդիրով։ Այստեղ մեծ թվով ապրիլին Վանից նահանջած հայ կամավորներ կային։
1918թ. մայիսի 20-ին թուրքական զորքերը հարավից ու հարավ-արեւմուտքից գրոհում են։ Իգդիրի ջոկատը, համաձայն մարտական պլանի, դիմադրություն ցույց տալով նահանջում է, անցնում Մարգարայի կամուրջը Սարդարապատի ջոկատին միանալու համար։ Մարտիկները պայթեցնում են Մարգարայի ու Կարակալայի կամուրջները, եւ Սուրմալուի ուղղությամբ առաջ շարժվող թուրքական զորքերը չեն կարողանում անցնել Արաքսը, որի հետևանքով ձախողվում է Սարդարապատում կռվող հայկական ուժերին թիկունքից հարվածելու նրանց ծրագիրը։
Ըստ Սիմոն Վրացյանի՝ հայկական զորքերի ընդհանուր թիվը մոտ 10 հազար էր՝ բաժանված հետեւյալ զորամասերի՝ 4-րդ եւ 5-րդ գնդերը, պարտիզանական 1-ին գունդը, Երզնկայի, Մակուի, Վանի 1-ին եւ 2-րդ, պարտիզանական ձիավոր գնդերը, Սմբատի, Դալի Ղազարի, Մուրադի խմբերը եւ 4 մարտկոց՝ 16 թնդանոթով։
«Այս ուժերը բաժանված էին երկու մասի. մի մասը Դրոյի հրամանատարության տակ Բաշ-Ապարանի ճակատում, մյուսը՝ Դանիել Բեկ-Փիրումյանի հրամանատարության տակ Սարդարապատի դաշտում։ Զորքերի ընդհանուր հրամանատարն էր զորավար Սիլիկյանը, սպայակույտի պետը՝ գնդապետ Վեքիլյանը» (Սիմոն Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, Երեւան, 1993թ.)
Ամրացրե՛ք Երեւանը
Շահխաթունին գրում է, որ ինքն ու Արամ Մանուկյանը թուրքական հարձակման առաջին օրը մեքենայով գնում են Էջմիածին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ Ե-ին հանդիպելու եւ համոզելու, որպեսզի ժամանակավորապես հեռանա Էջմիածնից։
Քանի որ ճակատամարտը օրհասական էր, եւ հայկական ուժերը քիչ էին, շտապ քայլեր էին ձեռնարկվում Երեւանի պաշտպանությունը կազմակերպելու համար։ Հարյուրավոր մարդիկ խրամատներ եւ պաշտպանական ամրություններ էին փորում Եռաբլուրի շրջանում։
«Մի կողմ թողինք Զանգիի կամուրջը, կտրեցինք Երեւանի պարտեզները, մոտեցանք Ուչ-Թեփելերին (երեք բլուրներ), որոնք ես արդեն ամրացրել էի Երեւանի պաշտպանության համար։
Արամը, դիտելոով այդ բլուրները, ասաց.
- Սրանք մեր վերջին ամրոցներն են։ Բայց քաջահույս եմ, որ մինչեւ այդտեղ թշնամին չպիտի հասնի։ Սակայն անհրաժեշտ եմ նկատում, որ դու նրանց պետք եղած կերպով ամրացնես։
- Մի՛ մտահոգվիր,- ասացի,- ինժեներ Մալխասյանը եւ կապիտան Ավագյանը հսկում են պաշտպանության համար եղած աշխատանքների վրա։ 1500-ից ավելի այր ու կին, առանց դասակարգի խտրության, միասին աշխատում են այնտեղ» (Արշավիր Շահխաթունի, Սարդարապատի հերոսամարտը եւ մահափորձ Արամ փաշայի դեմ։ Արամը, Երեւան, 1991թ.)։
Ո՛չ, տղերքս, Հայոց կաթողիկոսը նահանջող չէ
Արամը, հետեւելով զորավար Սիլիկյանի խորհրդին, Էջմիածնում փորձում է համոզել կաթողիկոսին, որպեսզի վերջինս մեկնի իր ամառանոց՝ Բյուրական։ Գեւորգ Ե-ն մերժում է այդ առաջարկը՝ ասելով, որ ինքը ոչ մի տեղ չի հեռանա։
«Գնացե՛ք, ասացե՛ք, որ Կաթողիկոսը այս սուրբ վայրից պիտի չհեռանա։ Ինչ որ իրեն ավանդ է տրված իր հայրերից, նա պարտավոր է պաշտպանել, եթե նույնիսկ հարկավոր լինի ընկնել այս Սուրբ Տաճարի մեջ։ Եթե հայ ժողովուրդը, հայ զինվորը չեն կարող պաշտպանել աստվածատուր եւ Միածնի Էջքով կրկնապես սրբացած այս սուրբ վայրը, ինքը առանձին կմնա՝ նրան պաշտպանելու համար»,- ասում է Ամենայն հայոց կաթողիկոսը։
Մեկնելուց առաջ Շահխաթունին Արամից թույլտվություն է խնդրում գնալ Էջմիածնի տպարան, կաթողիկոսի խոսքը տպագրելու եւ զինվորներին բաժանելու համար։ Արամը համաձայնում է՝ ասելով. «Դու կրոնական զգացմունքներ ունես, ես՝ ոչ։ Բայց վստահ եմ, որ Կաթողիկոսի խոսքերը զինվորների սրտից են խոսելու»։
Դեպի Սարդարապատ
Բժիշկ Հովակիմ Մելիքյանը, ով Արամ Մանուկյանի հանձնարարությամբ գնացել էր ռազմաճակատ, գրում է, որ մայիսի 17-19-ին իրենց զորամասը հասնում է Արաքս կայարանին, սակայն շուտով ստանում են նահանջի հրաման եւ շարժվում են դեպի Սարդարապատ։
«Սարդարապատ կայարանից մինչեւ Երեւան մի ընդարձակ դաշտավայր է։ Կայարանի աջ կողմից հետզհետե բարձրանում է Թալինի փոքրիկ լեռնաշղթան։ Իսկ ձախ կողմից դաշտը իջնում է դեպի Արաքսի ափը։ Սարդարապատից դեռ չանցած 5 կիլոմետր տարածություն դեպի Ալեքսանդրապոլ, հետզհետե բարձրանում են մի շարք բլուրներ, որոնց վրա ամրացել էին տաճիկները, ձախ թեւից միանալով Արաքսի ափին, իսկ աջ թեւից՝ հենվելով Թալինի բլուրների վրա։
Մայիսի 22-ին սկսվեց շատ ուժեղ կռիվ։ Մեր բանակը երբեմն պառկում, երբեմն գնդակների տարափի տակ վազում էր դեպի տաճիկները։ Հրացանների, գնդացիրների համազարկը, թնդանոթների գոռոցները օդն էին թնդացնում։ Հասան-Փաշայանի հետ կանգնած էի մի բարձր տեղում։ Դիտակով նայում էինք, թե ինչպես մեր թնդանոթները թշնամու շարքերում առաջ էին բերում ավերածություններ» (Հովակիմ Մելիքյան, Արյան ճանապարհով, Հայրենիք, թիվ 7, 1925թ., Բոստոն)։
Հայե՛ր, շտապեցեք հայրենիքն ազատելու
1918թ. մայիսյան առաջին բախումների օրերին հայ ժողովրդին կոչով դիմում են Երեւանյան զորամասի հրամանատար Մովսես Սիլիկյանը եւ Հայկական կորպուսի հրամանատար Թովմաս Նազարբեկյանը:
«Հասել է րոպեն, յուրաքանչյուր հայ, մոռանալով իր անձնականը, հանուն Մեծ գործի՝ հայրենիքի փրկության եւ իր կնոջ ու աղջիկների պատվի պաշտպանության, պիտի գործ դնի իր վերջին ճիգը թշնամուն հարվածելու համար»,- ասված էր Սիլիկյանի կոչում։ Զորավարը պահանջում էր մինչեւ հիսուն տարեկան բոլոր տղամարդկանց զինվորագրվել, իրենց ունեցած զենքով, զինամթերքով ներկայանալ ծառայության։
Հովակիմ Մելիքյանը գրում է, որ մայիսի 22-ի մարտերի հաջողության համար վճռական է լինում պարտիզանական գնդի հեծելազորի շրջանցումը, որն Արաքսի ափով անցնում է թշնամու թիկունք, ուժգին գրոհում եւ ստիպում թուրքերին նահանջել։
«Այս գործողությունը որոշեց պատերազմի բախտը։ Մինչեւ իմ վերադառնալը, մեր գունդն իր տեղումը չէր. տեսնելով տաճկական բանակի նահանջը, նա սկսել էր բանակի հետ միացած հալածել տաճիկներին։ Հենց այդ ժամին ես հասա եւ իմ ձիով հազիվ էի կարողանում հասնել գնդին։ Երեկոյան մոտ ժամը 5-ին, կռիվը դադարեց մեր փառավոր հաղթանակով»։
Ամերիկահայ կամավորականը
Խորեն Մուրադյանը ծնվել է 1889թ. Սեբաստիայում եւ ինչպես նշում է իր հուշագրության նախաբանում, իրենց գյուղն ավերվում է 1896թ. համիդյան ջարդերի ժամանակ: 1911-ին Խորենը Պոլսից գնում է Բուլղարիա, այնուհետեւ՝ Ամերիկա: 1915թ. իմանալով, որ հայկական կամավորական ջոկատներ են կազմվում, վերադառնում է Հայաստան: 1918 թվականի հունվար-ապրիլ ամիսներին տարբեր տեղերում մասնակցում է ռազմական գործողություններին, աչքի ընկնում խիզախությամբ ու պարգեւատրվում Գեորգիեւյան խաչով: Սարիղամիշի, այնուհետեւ Կարսի անկումից հետո Մուրադյանն իր զորաջոկատով տեղափոխվում է Երեւան: Նրա հուշերը տպագրվել են «Հայրենիք» ամսագրում 1966-67 թվականներին:
Մայիսի 22-ի համառ մարտերից հետո հայկական ուժերը Սարդարապատից հետ են մղում թուրքերին եւ առաջանում մինչեւ Կարակալայի կամուրջը։ Թուրքերը դիրքավորվում են մոտակա բարձունքներում, բացազատում հրետանին եւ լուրջ վտանգ ստեղծում դաշտավայրում գտնվող հայ մարտիկների համար։
«23-ին կռիվը նորոգվեց: Դաշտում գտնվելու պատճառով ցերեկը մենք կտրվում էինք մեր կենտրոնից եւ ամեն ինչ կատարում գիշերով, ինչպես օրինակ՝ ուտելիք ու ռազմամթերք ստանալը, վիրավորների ու սպանվածների տեղափոխությունը եւ այլն: Տաք կռիվները շարունակվեցին մայիս 24 եւ 25-ին եւս: Բարձրության վրա գտնվող թշնամու թնդանոթները լռության մատնեցին դաշտում եղած մեր թնդանոթները»,- գրում է Խորենը:
Մայիսի 25-ին հայ հրետանավորները հույն կապիտան Սակելարիի գլխավորությամբ կարողանում են բացահայտել թուրքերի հրետանու դիրքերը եւ ոչնչացնում։ «Մեր թնդանոթների պետը փորձառու հայտնի հույն Սագելարովն էր: Մայիս 26-ին մինչեւ ժամը 10-ը մեր թնդանոթները լուռ էին, քանի որ թշնամու թնդանոթները բարձրում գտնվելու պատճառով, դժվար էր նրանց տեղերը գտնել ու կրակի տակ առնել: Երբ մեր թնդանոթաձիգը վերջապես կարողացավ նրանց տեղը գտնել, անմիջապես սկսեց անընդհատ ռմբակոծել, եւ շուտով լռեցրեց նրանց: Ժամը 11-ին անցանք ընդհանուր հարձակման»:
Շուտով հայկական զորքերը վերցնում են նաեւ Արաքս կայարանը, իսկ մայիսի 27-ին՝ հասնում Ղարաբուռուն։ Հաջորդ օրը առաջնագիծ է գալիս ռազմաճակատի պետ Բեկ-Փիրումյանը։
«Մայիս 28-ի առավոտյան զինվորներին կարգ կանգնեցրինք: Եկավ ճակատապետը: Նախ՝ շնորհակալություն հայտնեց ինձ եւ ասաց.
«Խորեն, գիտեմ, որ քաջ ես եւ խանդավառ: Բայց երբ քեզ ասում են «սպասիր», պետք է սպասես: Դու կենտրոնում ես, պետք է նայես աջ ու ձախ թեւերիդ, ապա նրանց հետ հավասար գծով առաջ գնաս, որովհետեւ մենակ մնալով՝ թշնամին կարող է ծուղակի մեջ առնել քեզ» (Խորեն Մուրադյան, Ամերիկահայ կամավորի մը հուշերը, Հայրենիք, 1966թ., թիվ 12):
Սարդարապատի մարտերը համաժողովրդական միասնության վառ դրսեւորում էին։ Առաջին իսկ հաջողությունները մեծ ոգեւորություն են առաջացնում, զորամասը լքած զինվորները սկսում են վերադառնալ։ Հայաստանի ամենատարբեր շրջաններից կամավորներ էին գալիս, անցնում Երեւանով եւ անմիջապես շարժվում դեպի Սարդարապատ։ Արամ Մանուկյանի ընկեր եւ 1918-ի հերոսական դեպքերի ականատես Արշալույս Աստվածատրյանը գրում է. «Հայ զինվորը մայիսի սկզբներին եւ այդ նույն զինվորը մայիսի վերջերին իրար հետ չհամեմատվող մեծություններ էին»։
Ավանակների կոմիսարը
Մայիսյան շոգ օրերին թեժ մարտերում հայ զինվորներին զինամթերքից բացի ջուր էր հարկավոր։ Այս խնդիրը լուծելու համար Երեւանի կայազորը որոշում է բնակիչներից հավաքել ավանակները եւ տիկերով ջուր հասցնել մարտիկներին։
Երեւանի զինվորական պարետ Արշավիր Շահխաթունին օգնության համար դիմում է կայազորի փաստաբան Ենգիբարյանին, որը փայլուն կերպով կատարում է այդ առաջադրանքը։
«Հանկարծ հիշեցի, որ փաստաբան Ենգիբարյանը, հիսուն տարեկան մի մարդ, հաճախ գալիս էր եւ խնդրում Արամին, որ հայրենիքի ծառայության համար էլ մի աշխատանք տրվի։ Արամն ասում էր՝ «լավ, լավ», բայց միշտ մոռանում էր։ ...Հեռախոսեցի Ենգիբարյանին, որ անմիջապես գա կոմենդատուրա։
Չանցավ 15 վայրկյան, եւ հերթապահը հայտնեց, թե Ենգիբարյանը եկել է։
Նա ներս մտավ հուզված եւ գոհ ժպտալով.
- Պարոն Ենգիբարյան,- ասացի,- մեր ջուրը վտանգված է։ Ձեզ կպատմեմ հետո մանրամասնությունները։ Անմիջապես ասեմ, որ պետք է գտնել 200 էշ մեզ համար։
- Երեւանում է՞շն է պակաս, 200 էլ կգտնեմ, 400 էլ։
- Ուրեմն դուք այդ գործով զբաղվեցեք։
- Բայց մի վավերաթուղթ եմ ուզում, որ կարողանամ այդ պաշտոնագրով զինվորական գրավման ենթարկել էշերը։
- Այդ թուղթը կտամ, իհարկե։
Հանձնարարեցի քարտուղար սպային, որ անմիջապես պատրաստի այդ թուղթը հետեւյալ բովանդակությամբ. «Պրն. Ենգիբարյանը այս հրամանագրի հիման վրա նշանակված է էշերի կոմիսար։ Առաջարկում եմ գոհացում տալ նրան»։
Ենգիբարյանը ասաց.
- Մի քիչ անհարմար է այդպիսի գրությունը։ Բայց ոչինչ, հայրենիքի համար կընդունիմ նաեւ էշերի կոմիսար դառնալ։
Սեղմեցի նրա ձեռքը եւ ասացի՝ «դեպի աշխատանք»։
24 ժամ հետո 600 էշ կանգնած էին Մալխասյանի տրամադրության տակ, կայարանում» (Արշավիր Շահխաթունի, Սարդարապատի հերոսամարտը եւ մահափորձ Արամ փաշայի դեմ։ Արամը, Երեւան, 1991թ.):
Սարդարապատը վերջնախաղն էր
Ալեքսանդր Շնեուրը, ում մայիսի 22-ին շտապ գործուղել էին Սարդարապատ, գրում էր, որ ռազմական գործողությունը հետեւյալն էր՝ Սարդարապատի ջոկատը հարձակվելով գամում էր թուրքերին տեղում եւ հնարավորություն ստեղծում Խզնաուրի ջոկատին Արաքսի ափով անցնել թշնամու թիկունքը։ Ըստ Շնեուրի՝ մայիսի 23-ի առավոտյան իրենք արդեն տեսնում էին թիկունք անցնող ջոկատի տեղաշարժը։ Թուրքերը անընդհատ փորձում էին կասեցնել շրջանցող զորախմբի տեղաշարժը, սակայն հայկական ստորաբաժանումների երկու վաշտը եւ երկու մարտկոցները թույլ չէին տալիս թուրքերին առաջանալ։
«Մեր զորամասը, 1000 քայլ հեռավորության վրա թուրքերից դանդաղ առաջ էին շարժվում եւ արդեն մոտենում էին թշնամուն 400 քայլի վրա։ Առջեւից, իր վերարկուի կարմիր աստառը դեպի դուրս հագած, քայլում էր զորավար Փիրումյանը. ապա նրա հրամանի վրա, շղթաները պառկեցին։
Ցերեկվա ժամը 1-ի մոտ, փոշու ամպը անցավ թրքական թեւի թիկունքը, իսկ ժամը 2-ին թուրքերի թիկունքում որոտաց հրետանին»։
Բեկ-Փիրումյանը Շնեուրին էր հանձնել մարտի կառավարումը եւ շուտով վերջինս տալիս է նախօրոք պատրաստված «Հարձակվել» հրամանը։ «Զորավար Փիրումյանը ինքը ստացավ իր հրամանը»,- գրում է Շնեուրը։
«Շղթաները ոտքի ելան եւ ուռա՜ա կանչերով առաջ վազեցին, իսկ թուրքերը խուճապի մատնվեցին, որովհետեւ նրանց թիկունքը անցած ջոկատը կրակ էր բացել թուրքերի պաշարակիր սայլերի ու թիկունքի վրա։ Մի պահ՝ եւ թուրքերը փախուստի դիմեցին՝ լքելով իրենց ողջ ռազմամթերքը, սայլերը, իրենց վիրավորները եւ սպանվածները։
Թուրքերի հետեւից վազում էին հայերը կրակելով, սրաթռիչ արշավում էր Զեյթունյան հեծելագունդը՝ գնդապետ Սալիբեկովի գլխավորությամբ եւ մեր հարյուրակները։ Թուրքերը փախան 50 վերստ։ Նրանք փախան, ցրվեցին լեռներով մեկ (Սարդարապատի հերոսամարտը, Գրեց՝ Գլխավոր սպայակույտի գնդապետ Ալեքսանդր Կ. Շնեուր, Ֆրէզնօ, 1967թ.):
***