Հայաստանի անկախության հռչակումից հետո Կովկասում թուրքական բանակի հրամանատար Խալիլ բեյը երկու անգամ այցելում է Հայաստան եւ հանդիպում Արամ Մանուկյանի հետ։ Առաջին այցելությունը տեղի է ունենում 1918թ. օգոստոսի 31-ին։
Հայաստանն այդ օրերին գրեթե լիովին կտրված էր արտաքին աշխարհից։ Ալեքսանդրապոլից եկող թուրք հրամանատարին ուղեկցում էին Գերմանիայի եւ Ավստրիայի ռազմական ներկայացուցիչները։ Խալիլին եւ մյուս հյուրերին ուղեկցելու նպատակով գնացքով Թիֆլիսից Ալեքսանդրապոլ է գալիս Վրաստանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Արշակ Ջամալյանը, որին միանում են նաեւ Վահան Նավասարդյանն ու լուսավորության նախարար Գեւորգ Ղազարյանը։
Խալիլի այցելությունն անսպասելի էր, եւ Երեւանում ստանալով այդ լուրը՝ խնդրում են Ուլուխանլու (Մասիս) կայարանում մի փոքր սպասել, որպեսզի պատշաճ ընդունելության պատրաստություն տեսնեն։ Վահան Նավասարդյանը գրում է, որ նույն պահին Ուլուխանլու է հասնում հայ փախստականների ու գերիների առաջին խումբը, որոնք Շիրակից տարվել էին Էրզրում։
«Տարագրվածների ստույգ թիվը մոտ 13 հազար էր, կոտորվել էին ամենքը եւ կենդանի մնացել մի քանի հարյուր հոգի միայն, որոնց ահա վերադարձնում էին Հայաստան, «հավատարիմ» մնալով այդ ժամանակ Պոլիս գտնվող մեր պատվիրակներին տված խոստման։ Այդ դժբախտները լծվել էին դաժան աշխատանքների Էրզրումում ու քաղաքի մերձակա վայրերում։ Նրանց Երեւանում, կարծեմ, լուսանկարեցին, այդ ահավոր պատկերից գեթ որեւէ թույլ հետք պահելու համար, սակայն անկասկած է, որ նրանցից ոչ ոք կենդանի մնաց»,- գրում է Նավասարդյանը։
Երեւանի կայարանում Խալիլին դիմավորում է Արամը, եւ հանդիպման պահին նրանք ողջագուրվում են։ Նավասարդյանը գրում է, որ չի կարողանում զսպել արցունքները՝ տեսնելով հայ ժողովրդի ոխերիմ թշնամիներից մեկի եւ Արամի հանդիպումը։
Նազարբեկյանի խաչը
Ուշագրավ է նաեւ թուրքական բանակի հրամանատարի եւ գեներալ Նազարբեկյանի հանդիպումը։ Խալիլն ու Արամը գնում են Նազարբեկյանի տուն, որտեղ վերջինս նրանց դիմավորում է զինվորական համազգեստով՝ կրծքին ամրացրած Գեորգյան խաչը, որը ստացել էր ռուսական բանակում ծառայության տարիներին։
Արամը, ցույց տալով Նազարբեկյանի զինվորական բարձրագույն պարգեւը, ասում է Խալիլին.
- Իսկ գիտե՞ս, թե ինչո՞ւ է տրված այս խաչը։
- Ո՛չ,- պատասխանում է Խալիլը։
- Ուրեմն գիտցիր, որ այս խաչը տրված է Դիլմանի տակ քեզ փառավորապես փախուստի մատնելու համար,- ժպտալով ավելացնում է Արամը։
Խալիլի օգոստոսյան այցելության մասին որոշ տեղեկություններ է տվել նաեւ 1918-1920թթ. Երեւանի պարետ Արշավիր Շահխաթունին՝ գրելով, որ Խալիլը շատ տպավորվում է նորաստեղծ հայկական բանակի՝ հյուրերին դիմավորող ստորաբաժանումների տեսքով եւ կարգապահությամբ։ Խալիլը եւ գերմանական ու ավստրիական ներկայացուցիչները ցանկություն են հայտնում հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոսին։
Հաջորդ օրը նրանք գնում են Էջմիածին եւ հանդիպում Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ Բ Սուրենյանցին։ Պաշտոնական ճաշի ժամանակ կաթողիկոսն ասում է Խալիլին. «Ինչպե՞ս ձեզ դուր եկավ Էջմիածնի շրջակայքը, մանավանդ լիճի տեսարանը։ Տեսա՞ք անթիվ հայ գաղթականներին, որոնք ձեր քաղաքացիներն են եղել։ Շնորհակալ եմ, որ գոնե այսքանն էլ մնացել է»։
Գաղտնի հանդիպում. հայը չի խփի կռնակից
Շահխաթունին գրում է, որ որոշ ժամանակ անց Խալիլը հեռագրով դիմում է իրեն՝ Արամի հետ գաղտնի հանդիպելու ցանկություն հայտնելով։ Շահխաթունին չի նշում հանդիպման ժամանակը եւ տեղը, միայն գրում է, որ Երեւանի կայարանից «կես ժամ հեռու մի ամայի կայանում» էր, որտեղ իրենից, Արամից ու Խալիլից բացի, ոչ ոք չկար։ Հանդիպման ու զրույցի նկարագրությունից կարող ենք ենթադրել, որ այն տեղի է ունեցել 1918թ. սեպտեմբերի 20-ից հետո։ Խալիլը շատ նյարդայնացած էր ու հուզված։ Նա ծխախոտ է հյուրասիրում Արամին ու Շահխաթունուն, սակայն երկուսն էլ հրաժարվում են՝ զգուշանալով, որ «միգուցե թույն պարունակող ծխիկներ էին»։
Խալիլը վառում է գլանակը եւ ասում.
«Լուրերը մեզ համար շատ վատ են։ Անգլիացիք հայերի հետ մեծ հարված են տվել թրքական բանակին Արարայում։ Թուրք բանակը ջախջախվեց, խառնիճաղանջ խուժանի պես ցիր ու ցան է եղել։ Անգլիացիք հետեւում են մեզ եւ մաքրագործում թուրք ուժերը։ Մենք հաշտություն ենք խնդրելու։ ...Հաղթությունը ձերն է։ Մենք որոշել ենք այս ճակատից բոլորովին հեռանալ եւ Էրզրում քաշվել։ Մեր քաշվելուց հետո դուք կարող եք գրավել բոլոր մեր թողած վայրերը։ Թերեւս Էրզրումը եւս ստիպված ենք թողնելու։ Այս գաղտնիքները ձեզ եմ տալիս, իբրեւ ձեր հին բարեկամը»,- ասում է Խալիլը։
(Խալիլի խոսքում նշված Արարայի ճակատամարտը տեղի է ունեցել 1918թ. սեպտեմբերի 19-ին՝ Պաղեստինի Ռաֆաթ-Արարա բարձունքի մոտ, որտեղ ֆրանսիական ու անգլիական զորքերի հետ թուրքերի դեմ կռվում եւ հաղթում են հայ մարտիկները՝նորաստեղծ Հայկական լեգեոնի կազմում։ 1918թ հոկտեմբերի 30-ին Հունաստանի Լեմնոս կղզու Մուդրոս նավահանգստում զինադադար է կնքվում Անտանտի պետությունների եւ Թուրքիայի միջեւ, համաձայն որի՝ թուրքական բանակը պետք է հեռանար Անդրկովկասից եւ Կիլիկիայից):
Կովկասում թուրքական բանակի հրամանատարը խնդրում էր Արամին նահանջի ժամանակ չհետապնդել եւ չոչնչացնել թուրքական ուժերը. «Վախենում եմ, թե մեր փախուստի ժամանակ հայերը մեր կռնակից մեզ սպանեն»։
Արամն ասում է Խալիլին, որ «հայերը փախչող զինվորին կռնակից չեն սպանի», եւ ավելացնում, որ իրենք փամփուշտի մեծ պակաս ունեն ու առաջարկում Խալիլին հեռանալիս Կարսում եղած պահեստներից փամփուշտ թողնել հայերին՝ փոխարենը խոստանալով ուղեկցորդներ տալ Խալիլին Էրզրում հասնելու համար։ Հաջորդ օրը Խալիլի հրամանով թիկունք է ուղարկվում Կարսի զինվորական հրամանատարը, եւ հայերը մի քանի սնդուկ փամփուշտ են ստանում։
«Երկրորդ օրն էլ եկան բավականին սնդուկներ եւ խնդրանք՝ Արամին հիշեցնող իր խոստումը։ Արամը նույն օրն իսկ հրահանգ տվեց իր չորս քաջ զինվորներին՝ պաշտոն հանձնելով նրանց, Խալիլ փաշային ողջ առողջ Էրզրում հասցնելու»,- գրում է Արշավիր Շահխաթունին։
Խոլերայի ուրվականը
Հայաստանի Հանրապետության կառավարության ու խորհրդարանի առջեւ ծառացած էին մի շարք հրատապ խնդիրներ, որոնց լուծումը սովից ու պատերազմներից քայքայված պետության համար շատ դժվար էր։ Հայաստանում կենտրոնացել էին հարյուրհազարավոր փախստականներ, որոնք հեղեղել էին տարբեր շրջանները, բայց հիմնականում՝ Երեւանն ու Էջմիածինը։
Ունեցվածքից, դրամից, տուն ու տեղից զրկված մարդիկ փորձում էին սնունդ հայթայթել՝ հաճախ պարզապես ոչնչացնելով գյուղացիական տնտեսությունները։ Զրկված լինելով տարրական կենցաղային ու սանիտարահիգիենիկ պայմաններից՝ գաղթականության շրջանում տարածվում էին համաճարակային հիվանդություններ, եւ Երեւանի կենտրոնում օրական տասնյակ մարդիկ էին մահանում։
Կառավարության համար առաջին լուրջ խնդիրը խոլերայի համաճարակի դեմ պայքարն էր, որը 1918թ. օգոստոսին սպառնալից չափերի էր հասնում։ Օգոստոսի 17-ին թերթերը գրում են, որ Երեւանում, Դիլիջանում եւ Ելենովկայում (Սեւան) խոլերայի 9-ը դեպք է արձանագրվել, ինչը նշանակում է, որ համաճարակի մեծ վտանգ կա։
Խոլերայի համաճարակը կանխելու նպատակով Հայաստանի Հանրապետության խորհրդարանը 1918թ. օգոստոսի 21-ին ընդունում է հատուկ օրենք։
ՕՐԵՆՔ
Խոլերայի դեմ կռվելու մասին.
Ընդունված է Հայաստանի Խորհրդի կողմից օգոստոսի 21-ին։
Նախագահ՝ Սահակյան
Ավագ քարտուղար՝ Պ. Զաքարյան
1. Հայտարարել ամբողջ Հայաստանի տերիտորիան խոլերայի կողմից վտանգված։ 2. Հայաստանի Խորհրդի բժշկա-սանիտարական մասնաժողովը վարակիչ հիվանդությունների դեմ մաքառող բոլոր հիմնարկությունների վրա հսկող ամենաբարձր մարմինն է։
Երեւան քաղաքի մաքրության խնդրին եւ գաղթականների կենցաղային ծայրահեղ վատ պայմաններին ակտիվորեն անդրադառնում էր ընդդիմությունը՝ խիստ քննադատելով իշխանությանը։ Հայ ժողովրդական կուսակցության «Ժողովուրդ» թերթը 1918թ. օգոստոսին գրում էր, որ գաղթականները լիովին անտեսված են, ապրում են սոսկալի պայմաններում, ինչն էլ դառնում է հիվանդությունների տարածման պատճառ։
Երեւանում անօթեւան գաղթականների մեծ խմբեր էին տեղավորվել Անգլիական այգում (հետագայում՝ 26 կոմիսարների անվան անգի), որն այն ժամանակ Երեւանի միակ հասարակական այգին էր եւ աստիճանաբար վերածվում էր աղբանոցի ու ավերվում։
«Ժողովուրդ», 22 օգոստոսի, 1918թ., թիվ 3
«Նա դարձել է բոլորովին ամայի ու ավերակ, եւ եթե այսպես շարունակվի էլի 2-3 ամիս, կփոխվի մի իսկական անապատի։ Գաղթականության ավերիչ հոսանքը այդտեղ եւս իր դրոշմն է դրել։ Անասունների անխնա կերին են հանձնված ինչպես խոտը, այնպես էլ մատաղ տունկերը եւ ծառերի ոստերն ու տերեւները։ Ամբողջ ժամանակ չջրվելուց դեղնել են տերեւները։ Ամեն ինչ ավերող ձեռքերը ջարդոտել են ծառերի ճյուղերը։ Գետինը սպիտակել է ինչպես Սահարայի անապատը»։
Օգոստոսի վերջին պաշտոնական տվյալներով Երեւանում խոլերայով հիվանդացել էր 421 մարդ, որոնցից 191-ը մահացել էին։
Բնակչության զինաթափումը
Հայաստանի համար հատկապես խնդրահարույց էր բնակչության շրջանում առկա մեծ քանակի զենքը, որը տնտեսական ծանր դրության եւ անիշխանության պայմաններում նպաստում էր հանցագործությունների աճին։ Թալանի, ավազակության, փողոցային հրաձգության եւ պետական իշխանությանը չենթարկվելու դեպքերը ամեն օր եւ ամենուր էին։ 1918թ. օգոստոսի 16-ին Երեւանի քաղաքային այգում փոխհրաձգության հետեւանքով երեք մարդ է զոհվում։ Ըստ մամուլի հրապարակումների՝ իգդիրցիների եւ երեւանցիների միջեւ վիճաբանություն էր ծագել, եւ դեպքի մասնակիցները խմբերի բաժանվելով կրակել էին միմյանց վրա։
«Անարխիան գնալով մեծանում է ոչ թե հանրապետության խուլ ու հեռավոր անկյուններում, այլ հանրապետության մայրաքաղաք Երեւանում, բարձր կառավարության աչքի առաջ։ Սա ծաղր է, սա անհանդուրժելի է»,- գրում էր «Զանգ» թերթը՝ պահանջելով կառավարությունից կտրուկ միջոցներ ձեռնարկել բնակչությանը զինաթափելու համար։
Զինվելու պսիխոզ
Քաղաքում կարգ ու կանոն եւ անվտանգություն հաստատելու նպատակով 1918թ. օգոստոսի 21-ին զինվորական նախարարությունը հրաման է արձակում, համաձայն որի՝ քաղաքում արգելվում էր զենք կրելը։
Բնակչությանը զինաթափելու հարցը այնքան օրակարգային էր դարձել, որ ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանը համապատասխան օրինագիծ է ներկայացնում խորհրդարան։ Օգոստոսի 22-27-ը օրինագիծը քննարկվում է Հայաստանի խորհրդում։ Խորհրդարանում ներկայացնելով իր հիմնավորումները՝ Արամ Մանուկյանն ասում էր, որ վերջին տարիների անկայունությունը եւ պատերազմները հայ ժողովրդի շրջանում հանգեցրել են «զինվելու պսիխոզի»։
«Շնորհիվ այսպիսի զինվածության մարդիկ սովորական վեճերը լուծում են արյունով եւ սպանությամբ. օրինակ՝ Ախտայի (Հրազդան) շրջանում 1 գառան պատճառով ջարդվեցին 3 ընտանիք, եւ դիակները հնար չկար թաղելու, եւ պետք էր ֆրոնտից 1 բատալյոն զորք բերել՝ նրանց զսպելու համար»,- պարզաբանել էր Արամ Մանուկյանը (ՀՀ առաջին խորհրդարան, 1918-1919 թթ., Երեւան, 2009թ.):
Խորհրդարանի մի շարք պատգամավորներ քննադատում են օրինագիծը՝ համարելով այն «շտապողական»։ Նրանք իրենց դիրքորոշումը հիմնավորում էին ավազակներից, թշնամուց եւ քրդական հրոսակներից պաշտպանվելու անհրաժեշտությամբ, եւ եթե պետությունն ի վիճակի լիներ պաշտպանելու իր քաղաքացիներին, ապա մարդիկ վերջին կոպեկով զենք չէին գնի։ Արամը չի համաձայնում նաեւ այս փաստարկներին՝ օրինակներ բերելով, որ քրդական հարձակումներից բնակչությանը պաշտպանել են կանոնավոր ստորաբաժանումները, այն դեպքում, երբ այդ մարդկանց մոտ եղել են հարյուրավոր հրացաններ։ Օրինագծով առաջարկվում էր զենքը հանձնելուց խուսափողների համար նախատեսել 3000 ռուբլի տուգանք կամ 3 ամսվա բանտարկություն։ Օգոստոսի 27-ին խորհրդարանը շարունակում է քննարկումը, եւ ի վերջո, ձայների մեծամասնությամբ ընդունվում է Արամ Մանուկյանի ներկայացրած օրինագիծը։
***