1917թ. նոյեմբերին՝ բոլշեւիկյան հեղաշրջումից հետո, Անդրկովկասում, ինչպես նաեւ Ռուսաստանի մյուս շրջաններում իշխանության գրեթե լիակատար ճգնաժամ էր. պետական մարմինները չէին գործում, առաջին անհրաժեշտության ապրանքները մատակարարվում էին մեծ ընդհատումներով, ավազակությունն ու թալանը հասել էին վտանգավոր ծավալների։

 

Ժամանակավոր կառավարության ստեղծած Անդրկովկասյան հատուկ կոմիտեն (ՕԶԱԿՕՄ) չէր կարողանում լուծել իր առջեւ դրված խնդիրները։ Ի տարբերություն Բաքվի, որտեղ բոլշեւիկները կարողացան վերցնել իշխանությունը, Թիֆլիսում նրանց դիրքը բավականին թույլ էր։ Այստեղ գերակայում էին մենշեւիկները, որոնք էլ նախաձեռնում են նոր իշխանության կազմավորումը։ 1917թ. նոյեմբերի 11-ին Թիֆլիսում գումարվում է ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցում էին հասարակական, քաղաքական, զինվորական բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչներ, անգլիական, ֆրանսիական զինվորական կցորդներ եւ Թիֆլիսում ԱՄՆ հյուպատոս Ֆելիքս Սմիթը։

Հայերի աջակից Ֆելիքս Սմիթը

Ֆելիքս Ուիլոուղբի Սմիթը (Felix Willoughby Smith) ծնվել է 1872 Օդեսայում, որտեղ հայրը զբաղեցնում էր ԱՄՆ հյուպատոսի պաշտոնը: Ֆելիքս Սմիթը դիվանագիտական ծառայության անցավ 1909 թվականին, իսկ 1914 թվականին գլխավորեց ԱՄՆ հյուպատոսությունը Բաթումում, որը 1915 թվականի մայիսին տեղափոխվեց Թիֆլիս:

 Ամերիկացի պատմաբան եւ պաշտոնաթող դիվանագետ Պիտեր Բրիջեսը գրում է, որ բոլշեւիկյան հեղաշրջումից հետո Սմիթը տեղեկացնում է իր  կառավարությանը, որ Կովկասի ժողովուրդները դեմ են բոլշեւիկներին, եւ առաջարկում է աջակցել հակաբոլշեւիկյան ուժերին: Վաշինգտոնից սակայն պատասխանում են, որ դա կարող է բերել Ռուսաստանի մասնատման, ինչից Ամերիկան ցանկանում էր խուսափել:

 Պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը Ֆելիքս Սմիթին անվանում էր Հայաստանի «հավատարիմ աջակից»: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի գիտաշխատող Գայանե Մախսուրյանը իր «Հայաստանն ու Անդրանիկը ԱՄՆ-ի 1917թ. արեւելյան քաղաքականության մեջ եւ Հայոց ազգային խորհուրդը» hոդվածում գրում է, որ կարեւորելով կովկասյան ճակատի ռազմունակության խնդիրն ու կանխատեսելով հնարավոր վտանգները՝ Սմիթը 1917 գարնանն առաջարկում է ստեղծել Արեւմտահայ դիվիզիա, որը կգործեր ռուսական բանակի կազմում Անդրանիկ Օզանյանի հրամանատարությամբ: Նախագիծը քննարկելու նպատակով 1917թ. մայիսի 29-ին Սմիթը հանդիպում է Անդրանիկին: Ակնկալվում էր, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպայում նրա դաշնակիցները դիվիզիային կապահովեն զենքով ու հանդերձանքով:  Սակայն Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը, խուսափելով Ժամանակավոր կառավարության գործերին միջամտելուց, հրաժարվում է ֆինանսական աջակցությունից: 1918-ի ապրիլի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Ռ. Լանսինգը վերջնականապես բացառում է իր երկրի կառավարության մասնակցությունը նախագծին՝ պատճառաբանելով, որ Միացյալ Նահանգները Թուրքիայի հետ  պատերազմի մեջ չէ:

 Մշակ, 14 նոյեմբերի, 1917թ., թիվ 243 

 «Ժողովին մասնակցում էին Անդրկովկասյան հատուկ կոմիտեի, հասարակական ապահովության կոմիտեի, զինվորական եւ երկրային կենտրոնների, կովկասյան զորքի երկրային խորհրդի բանվորական եւ զինվորական Թիֆլիսի գործադիր կոմիտեի, Թիֆլիսի քաղաքական դումայի, էս-էռների, էս-դեկների, Դաշնակցության, վրաց սոցֆեդերալիստների, աշխատավորական սոցիալիստների, հայկական սոցիալ-դեմոկրատական կուսակցության, «Բունդի», մուսուլմանական բոլոր կազմակերպությունների, Անդրկովկասյան երկաթուղիների կենտրոնական գործադիր մարմնի, փոստ-հեռագրական ծառայողների կենտրոնական կոմիտեի եւ արհեստակցական բյուրոյի բոլոր ներկայացուցիչները:  

 

Ժողովում պարզվել է երկու որոշ հոսանք. մենշեւիկներն ու սոցիալ-հեղափոխականները, հանձին իրենց շրջանային կոմիտեների ներկայացուցիչների, պաշտպանել են իշխանություն ստեղծելու նախագիծը: Բոլշեւիկներն արտահայտվել են ընդդեմ տեղական իշխանություն ստեղծելու նախագծին՝ համարելով այդ հակահեղափոխական քայլ: Եվ հայտարարելով, որ այդ նիստին կարող են ներկա լինել միայն հակահեղափոխական տարրերը, հեռացել են նիստից: Ապա մտքերի փոխանակությունից հետո միաձայն ընդունվել է հետեւյալ բանաձեւը.

Նկատի առնելով ամենքի համար ընդունելի կենտրոնական իշխանության բացակայությունը եւ երկրում օրըստօրե աճող անարխիան, որը կարող է Կովկասում եւս տարածվել, եւ աչքի առաջ ունենալով մի ամբողջ շարք հասարակական, տնտեսական եւ ֆինանսական անհետաձգելի հարցեր, որոնց լուծումից է կախված մեր երկրի մերձավոր ճակատագիրը, խորհրդակցությունը որոշում է.

1. Մինչեւ Սահմանադիր ժողովի ընտրությունների վերջանալը Անդրկովկասում եւ կովկասյան ֆրոնտում հանձնել երկրի կառավարությունը հասարակական ապահովության կոմիտեին, որը բաղկացած է Անդրկովկասի բոլոր հեղափոխական դեմոկրատիայի կենտրոնական, հասարակական, պաշտոնական եւ ազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին:


 

2. Սահմանադիր ժողովի ընտրությունները երկրում եւ ֆրոնտում վերջացնելուց հետո, ժամանակավոր իշխանություն կազմելու, նրա կազմի բնավորության եւ լիազորության որոշումը հանձնել քաղաքացիական թե զինվորական ամբողջ ազգաբնակչության ընտրյալներին հետեւյալ պայմաններով.

 Ա. Շրջանային տեղական քաղաքականություն վարել համառուսական դեմոկրատիայի հետ շաղկապ, համապետական խնդիրների ուղղություն տալն ու լուծելը:

 Բ. Ավտոնոմ վճիռներ կայացնելը միայն տեղական ընթացիկ հարցերի վերաբերմամբ:

 Գ. Երկիրը հասցնել մինչեւ կենտրոնական հեղափոխական հանրընդունելի դեմոկրատական իշխանության կազմվելուն կամ համառուսական լիազոր Սահմանադիր ժողովը բացվելուն:

 Գործունեության մեջ հենվել բանվորական, զինվորական եւ գյուղացիական երկրային ու տեղական խորհուրդների պատգամավորների ու տեղական ինքնավարությունների մարմինների վրա»:

«Քաղաքական մոմենտի արտակարգ հանգամանքները»

 «Հայաստանի Հանրապետություն» գրքում Սիմոն Վրացյանը նշում է, որ Անդրկովկասը բացասական դիրք զբաղեցրեց բոլշեւիկյան հեղաշրջման դեմ։

 «Քանի որ Սահմանադիր ժողովի գոյությունը դառնում էր խնդրական, կապը կենտրոնի հետ վերացած էր, եւ Անդրկովկասի առանձին կոմիտեն իսպառ կորցրել էր հեղինակությունը, առաջ էր գալիս տեղական իշխանություն ունենալու պահանջը»,- գրում է Վրացյանը։

 Որոշվում է Անդրկովկասի կառավարման համար ստեղծել Անդրկովկասյան սեյմ եւ Անդրկովկասյան կոմիսարիատ։ Առաջինը օրենսդիր մարմին պետք է լիներ, երկրորդը՝ գործադիր։ Սեյմի կազմավորման հիմքում Սահմանադիր ժողովի ընտրված պատգամավորներն էին։

 Անդրկովկասյան կոմիսարիատի մեջ մտան Ե. Գեգեչկորին՝ նախագահ եւ արտաքին գործերի նախարար, Ն. Ռամիշվիլին՝  ներքին գործերի նախարար, Դ. Դոնսկոյ՝ զինվորական, Խ. Կարճիկյան՝ ֆինանսների, Հ. Օհանջանյան՝ խնամատարության, Ներուչեւ՝ երկրագործության, Մելիք-Ասլանով՝ հաղորդակցության, Խան-Խոյսկի՝ արդարադատության նախարարներ, Լ. Բեբութով՝ պետական վերահսկիչ։ Զինվորական կոմիսարի օգնականներ նշանակվեցին Գոբեչյանը եւ Պ. Լեւոնյանը։

 

 1917թ. նոյեմբերի 15-ին տեղի է ունենում Անդրկովկասի հատուկ կոմիտեի նիստը, որտեղ վերջինս վայր է դնում իր լիազորությունները.

 «Նկատի ունենալով քաղաքական մոմենտի արտակարգ հանգամանքները, Ռուսաստանում կենտրոնական իշխանության բացակայությունը, որը ՕԶԱԿՈՄ-ի ներկա կազմի լիազորողն է, եւ նկատի առնելով Անդրկովկասում նոր երկրամասային իշխանության ձեւավորումը՝ մենք` Անդրկովկասի հատուկ կոմիտեի անդամներս, որոշեցինք վայր դնել մեր լիազորությունները: ՕԶԱԿՈՄ-ի անդամներ՝ Ա. Չխենկելի, Մ. Պապաջանյան, Մ. Ջաֆարով»:

Անդրկովկասը հասցնել մինչեւ Սահմանադիր ժողով

 Անդրկովկասի կոմիսարիատի ստեղծումը հիմնականում դրական գնահատականի արժանացավ։ Հ.Յ. Դաշնակցության «Հորիզոն» թերթը 1917թ. նոյեմբերի 21-ին գրում էր, որ Անդրկովկասի կոմիսարիատը կազմավորվել է սոցիալիստական կուսակցությունների համաձայնությամբ, եւ «Կոմիսարիատի պլատֆորմը բովանդակում է մի շարք առաջնակարգ կարեւորություն ունեցող խնդիրներ»։ 

Հորիզոն, 21 նոյեմբերի, 1917թ., թիվ 249

 «Այն հարկադրական ուժը, որ մինչայսօրյա կառավարությունների հաջողության միակ գրավականն է եղել, Կոմիսարիատը չունի։ Եվ եթե ժողովուրդը նրան չաջակցի ու նրա կարգադրությունները չգործածե, անտարակույս Կոմիսարիատի եւ Օզակոմի միջեւ ոչ մի տարբերություն չի լինի։ Անդրկովկասյան ժողովուրդները պետք է գիտենան, որ եթե ուզում են երկրում շուտով հաստատված տեսնել կարգ ու կանոն եւ ունենալ մի իշխանություն, որն ընդունակ լինի հարաճուն անիշխանության դեմ կռվելու եւ հասունացած մի շարք սոցիալական ու տնտեսական ռեֆորմները իրականացնելու, անհրաժեշտ է ամբողջ ուժով օգնել նոր կառավարության, բոլոր հնարավոր միջոցներով նպաստել Անդրկովկասյան կոմիսարիատի գործունեության։ Անդրկովկասյան կոմիսարիատը ժամանակավոր մի իշխանություն է։ Նրա նպատակը ոչ թե Անդրկովկասը Ռուսաստանից անջատելն է, այլ քանի պետության կենտրոնում տիրում է քայքայում, Անդրկովկասը կառավարել եւ առանց կործանումի հասցնել նրան մինչեւ Սահմանադիր ժողով։ Համառուսական Սահմանադիր ժողովն է լինելու գերագույն տնօրենը թե՛ համայն Ռուսաստանի եւ թե՛ Անդրկովկասի ճակատագրի»։

 

Զանգ, 23 նոյեմբերի, 1917թ., թիվ 5 

«Մինչ երկիրը դեպի ձախ էր վազում, Առանձին կոմիտեն մնում էր քարացած իր տեղում: Նա չուներ ուրույն գիծ, նա երերուն էր ու տատանվող: Լինելով գերազանցապես կադետական՝ նա զուրկ էր հեղափոխական թափից, թույլ էր, հարմարվող: Նա չկարողացավ պետական ուժեղ իշխանություն ստեղծել, եւ Անդրկովկասը նետվեց անիշխանության գիրկը, գավառները մատնվեցին ավարառության, իսկ ավազակները մնացին անպատիժ: Այսպիսի պայմաններում՝ Առանձին կոմիտեն իր ոտի տակի հողը ամբողջովին կորցրեց ու չքացման դատապարտվեց: Նրան վերջնական հարված հասցրեց բոլշեւիկյան շարժումը, եւ նա արխիվների բաժին դարձավ:

 Երկրի ղեկն անցավ Անդրկովկասի կոմիսարիատին, որը ծնվեց ներկայիս չափազանց դժվարին պայմանների մեջ: Կոմիսարիատի կազմը ճնշող մեծամասնությամբ հեղափոխական-սոցիալիստական է: Այս հանգամանքը նրան տալիս է լայն ժողովրդականություն: Բավարարված են եւ մեր երկրի խոշոր ազդեցությունները եւ ուժեղ կազմակերպությունները: Նրա հենարաններն ամուր են: Նա պիտի փրկե Անդրկովկասն անարխիայից եւ հասցնե մինչեւ հանրապետական Ռուսաստանի սահմանադիր ժողովի տնօրինությունը, պիտի մեղմե պարենավորման գործի ծանրությունը, ուժեղ ու հեղափոխական իշխանություն հաստատե մեր նահանգներում ու գավառներում, կանոնավորե ճանապարհների հաղորդակցությունը, դպրոցների ազգայնացումը գլուխ բերե, հողային խնդրի լուծման նախապատրաստությունը տեսնե եւ, որ կարեւորն է, ներդաշնակություն ստեղծե Կովկասի ազգությունների փոխհարաբերության մեջ եւ պաշտպանե ռազմի ճակատը թշնամու հարձակումից»:

 Սակայն Կոմիսարիատն իր ստեղծման պահից կանգնած էր լուրջ դժվարությունների առջեւ. Անդրկովկասի երեք ժողովուրդները՝ հայերը, վրացիներն ու թաթարները, ռազմաքաղաքական ու տնտեսական խնդիրների վերաբերյալ տարբեր մոտեցումներ ու ազգային շահեր ունեին։

 

«Կարող եմ հավաստիացնել, որ բովանդակ Կովկասը համակրանքով  վերաբերվեցավ Կոմիսարիատի կոչին։ Դժբախտաբար, Կոմիսարիատի մեջ մտած կուսակցություններն ու անձերը հակամարտ ձգտումներ ու քաղաքական հակումներ ունեին, բան մը, որ երեւան եկավ առաջին օրերեն իսկ։ Հայերը կուզեին պահպանել Տաճկահայաստանը իրենց համար, թաթարները կուզեին վերադարձնել զայն Տաճկաստանին, իսկ վրացիները կուզեին վերադարձնել զայն Տաճկաստանին եւ խաղաղ ու բարեկամական հարաբերություններ հաստատել տաճիկներու եւ թաթարներու հետ»,- գրում էր Ալեքսանդր Խատիսյանը։

***

 

Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար: