1918-ի նոյեմբերի սկզբին Հայաստանում կազմված կոալիցիոն կառավարությունը մեծ դժվարությամբ էր դիմակայում բազմաթիվ խնդիրներին, ներքին կյանքի դժվարություններին։
Նոր կառավարության անդամներից մի քանիսն ընդամենը երկու-երեք շաբաթ նախարարական պաշտոնները զբաղեցնելուց հետո հեռանում էին Հայաստանից։ Ինչպես Սիմոն Վրացյանն էր գրում՝ «սեւ հացի, հատակի վրա քնելու եւ ոջիլի չվարժված» մարդկանց համար կյանքը Երեւանում անտանելի էր։ Ու թեեւ 1918-ի հոկտեմբերին թուրքական բանակն աստիճանաբար հեռանում էր Հայաստանից եւ թվում էր, թե կորցրած շրջանները շուտով կվերադարձվեն, հուսալքությունը հայկական իրականության անբաժանելի մասն էր։
Աղմկոտ սպանություն
1918-ի նոյեմբերի 14-ին Երեւանի իր աշխատասենյակում գնդակահարվում է նոր կառավարության խնամատարության նախարար Խաչատուր Կարճիկյանը։
«Զանգ», 17 նոյեմբերի, 1918թ., թիվ 71
«Նոյեմբերի 14-ին, առավոտյան ժամը 12-ին ֆինանսների մինիստրության իր առանձնասենյակում ատրճանակի երեք հարված է ստանում կրծքից եւ վայրկենապես անշնչանում խնամատարության մինիստր Խաչատուր Կարճիկյանը։
Սպանությունը կատարվում է հետեւյալ պարագաներում. ոճրագործը դեռ նախասենյակում հանում է ատրճանակը, ներս մտնում առանց խոսքի եւ հարվածում զոհին ու դուրս ելնում։ Շենքի մուտքի մոտ շփոթվում է, բայց դուրս է պրծնում, նստում կառք ու անհայտանում։ Թողնում է իր սպայական շինելը, որի մեջ գտնվում է անունների ցուցակ»։
Շուտով պարզվում է, որ մարդասպանը Կարճիկյանի վաղեմի ծանոթ, Սարդարապատ գյուղի բնակիչ, ենթասպա Եգոր Տեր-Մինասյանն էր։ Ուշագրավ է, որ հետագայում մամուլում լույս տեսած բազմաթիվ հոդվածներում գրեթե արձագանք չկար Տեր-Մինասյանի գրպանում հայտնաբերված ցուցակի մասին։ Սակայն դեպքերը ցույց են տալիս, որ այնուամենայնիվ, Կարճիկյանը ոճրագործի միակ թիրախը չէր։ Երեք օր անց «Ժողովուրդ» թերթը գրում էր, որ Եգոր Տեր-Մինասյանը նոր էր ժամանել Թիֆլիսից։ Երեւի սա էր պատճառը, որ գործի քննությունն իրականացվում էր արդարադատության նախարար Սամսոն Հարությունյանի անմիջական վերահսկողությամբ, իսկ հանցագործին որոնող խումբը ղեկավարում էր անձամբ Դրոն։ Գիշերը Եգոր Տեր-Մինասյանը ձերբակալվում է։
Քննության ընթացքում պարզվում է, որ Եգորն ունեցել է համախոհներ, որոնք նախատեսել էին Երեւանում սպանել քաղաքական մի շարք գործիչների, եւ պատահական չէր, որ մարդասպանից բացի, ձերբակալվում են Էջմիածնի զինվորական պարետն ու նրա օգնականը։ Եգոր Տեր-Մինասյանը բավականին հայտնի կուսակցական էր եւ աչքի էր ընկել տարբեր հասարակական-քաղաքական աշխատանքներում։ Մամուլը գրում էր, որ նա փորձել էր ստանալ Երեւանի միլիցիայի պետի պաշտոնը։
Դեպքից անմիջապես հետո տեղեկություն է տարածվում, որ տեղի ունեցածը քաղաքական սպանություն է, սակայն մամուլը նաեւ գրում էր, որ Եգոր Տեր-Մինասյանը հոգեկան, առողջական խնդիրներ է ունեցել։ «Իր աշխատանոցում, մինիստրական բազկաթոռին նստած, խելագար ընկերոջ ձեռքով՝ ատրճանակի հարվածներին զոհ գնաց Խնամատարության մինիստր Կարճիկյանը»,- գրել էր «Զանգ» թերթը նոյեմբերի 17-ին։
Մեկ օր անց նույն թերթը, խմբագրականում անդրադառնալով ողբերգական դեպքին, մարդասպանին որակում էր «ցնորամիտ»՝ միաժամանակ նշելով, որ «սխալ է Կարճիկյանի մահը բացատրել ինչ-որ կուսակցական ներքին խնդիրներով»։
Խաչատուր Կարճիկյանը ծնվել էր 1882թ. Էջմիածնում։ Նա ՀՅԴ աչքի ընկնող գործիչներից էր։ 1917թ. Անդրկովկասյան կոմիսարիատում զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը, իսկ 1918-ին Անդրկովկասյան սեյմի պատգամավոր էր։ Կարճիկյանը մեծ հարգանք էր վայելում ոչ միայն կուսակիցների, այլեւ քաղաքական հակառակորդների շրջանում։ Նա հայտնի էր զուսպ, հավասարակշռված բնավորությամբ։ 1918թ. հոկտեմբերին, երբ քննարկվում էր նոր կառավարության կազմը, սոցիալ-հեղափոխականներն անգամ առաջարկում էին Քաջազնունու փոխարեն Կարճիկյանին վստահել վարչապետի պաշտոնը։
Վրեժ՝ «Կարսը հանձնելու համար»
Բացատրելով իր արարքը՝ մարդասպանը հայտարարել էր, որ Կարճիկյանը հանցակից է 1918թ. ապրիլին Կարսը հանձնելու դավադրությանը եւ գործիք է դարձել վրացական ազգայնականների ձեռքին։ Վրացյանը այս մեղադրանքը համարում է բոլորովին անհիմն, քանի որ Կարճիկյանն ապրիլին դուրս էր եկել Չխենկելիի կառավարությունից։ Մանրամասնելով նրա քաղաքական հայացքները՝ Վրացյանը գրում է, որ Խաչատուր Կարճիկյանը 1917-18թթ. փորձում էր ամեն գնով կանխել Անդրկովկասի երեք ժողովուրդների հակասությունները։ «Դաշնակցությունը ձգտեց վերացնել այն պատնեշը, որ կար հայ դեմոկրատիայի եւ ադրբեջանցի թրքության միջեւ եւ անմիջական շփման մեջ մտնել վերջինի հետ ու վերացնել այն միջնորդի դերը, որ ստանձնել էր վրաց սոցիալ-դեմոկրատիան, որի շնորհիվ անջրպետը ավելի էր խորանում»,- իր ելույթներից մեկում ասել էր Կարճիկյանը (Պատմագրություն Հայ Յեղափոխական Դաշնակցության, Նվիրված ՀՅԴ 113 ամյակին, էջ 389)։ Սիմոն Վրացյանը նշում է, որ հենց ա՛յս գաղափարների պատճառով էլ Կարճիկյանը վաստակել էր հակառակորդներ իր մոլեռանդ ընկերների շրջանում։ «Նրան համարում էին կուրորեն վրաց մենշեւիկների հետեւից գնացող, հայկական շահերը վրաց շահերին ստորադասող, նրան մեղադրում էին - տգիտությամբ կամ չարամտորեն, որ գործիք է եղել Կարսի հանձնման խնդրում։ ...Այսպես կարող էին մտածել կրքից կուրացած եւ կատարվող դեպքերի մեջ գլուխը կորցրած մարդիկ»։
1918թ. նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նիստում վարչապետ Հովհաննես Քաջազնունին եւ պատգամավորներն անդրադառնում են Կարճիկյանի սպանությանը։ Նիստին ներկա էին նաեւ Խորեն եպիսկոպոսը եւ Վրաստանի կառավարության ներկայացուցիչ Մդիվանին, որն այդ օրերին Հայաստանում բանակցում էր հայ-վրացական խնդիրները կարգավորելու շուրջ։
Քաջազնունին հուզված էր. «Անվարժ ենք պետական կյանքին: Այդ դրության մեջ հանգուցյալը միակն էր իբրեւ պետական մտածող մարդ։ ...Նա օգնում էր ամենքիս իր կտրուկ ու զգաստ մտքով, ինիցիատիվով, կամքի ուժով ու կազմակերպչական մեծ ընդունակությամբ։ Կորուստը մեծ լինելուց զատ եւ անփոխարինելի է։ Նա կատարեց իր պարտքը, բերեց իր կյանքը հայրենիքի սեղանին, մնում է որ հայրենիքն էլ... (երկար հեկեկում է) իր պարտքը կատարե»։
«Խորը վիհի» հետեւանք
Խաչատուր Կարճիկյանի սպանությունը առիթ է դառնում, որ քաղաքական որոշ ուժեր բարձրաձայնեն հայ հանրության շրջանում արդեն արմատացած պառակտիչ երեւույթների մասին։ Ակնհայտ էր, որ 1918թ. աշնանը հասարակական խոր տարաձայնություններ կային հայ ժողովրդի տարբեր հատվածների՝ արեւմտահայերի, արեւելահայերի, Հայաստանի Հանրապետության տարբեր շրջանների, Թիֆլիսում կամ այլուր ապրող հայերի միջեւ։
Հասարակական տարաձայնությունները շուտով դառնում են Հայաստանի առաջին Հանրապետության գլխավոր խնդիրը՝ հաճախ հանգեցնելով ռազմական ու քաղաքական ցավալի պարտությունների։ «Զանգ» թերթը 1918թ. նոյեմբերի 24-ին գրում էր, որ Կարճիկյանը զոհ գնաց այն ծանր ճգնաժամին, որի մեջ հայտնվել էր հայ ժողովուրդը։ «Մտքերի ու գաղափարների այն խոլական բախումը, որ կար հայ բնագավառի եւ հայ Թիֆլիսի մեջ, քաղաքական ըմբռնումների ու ձգտումների ներհակությունը, որ կար այս երկու վայրերի մեջ - ահա այն պայմանը, որ առաջ բերեց Եգոր Տեր-Մինասյանի պես հիվանդոտ տիպեր՝ ընդունակ անգամ ծայրահեղ ոճիրներ գործելու»։ Թերթը նաեւ շեշտում էր, որ 1917թ. հեղափոխություններից եւ Անդրկովկասում տեղի ունեցած իրադարձություններից հետո «խորը վիհ է առաջացել Հայաստանում ապրող հայ մտավորականության եւ Թիֆլիսում գտնվող գործիչների միջեւ։ «...Թիֆլիսի տրամադրություններն ու գործերը սուր քննադատության էին հանդիպում գավառում։ Թիֆլիսում կատարված ամեն մի քայլ, որ այս կամ այն կերպ անդրադառնում էր հայ ժողովրդի կյանքի վրա, Հայաստանում դիտվում էր իբրեւ մի դավաճանություն եւ անողոք կերպով խարազանվում»։
Խաչատուր Կարճիկյանի հուղարկավորությունը տեղի է ունենում 1918թ. նոյեմբերի 24-ին՝ մեծ շուքով, զինվորական պատիվներով, հարյուրավոր մարդկանց մասնակցությամբ։ Առավոտյան ժամը 11-ին հանգուցյալի դին տեղափոխվում է Ս. Լուսավորիչ եկեղեցի (ներկայիս Ե. Չարենցի անվան դպրոցի տեղում), որտեղ Խորեն եպիսկոպոսը պատարագ է մատուցում, հրաժեշտի խոսք է ասում արտաքին գործերի նախարար Սիրական Տիգրանյանը։ Այնուհետեւ հանգուցյալի դին Նազարյան (հիմա՝ Ամիրյան) փողոցով տեղափոխում են Դաշնակցության տուն, որտեղ սգո արարողություն է տեղի ունենում, դրվատանքի խոսքեր են ասում խորհրդարանի պատգամավորները։ Խաչատուր Կարճիկյանը հուղարկավորվում է Երեւանում՝ Դաշնակցության գերեզմանատանը։
Սիմոն Վրացյանն ասում էր․ «Կարճիկյանի մահով ո՛չ միայն Հայաստանն էր զրկվում իր ամենախոշոր պետական մի գործչից, այլեւ բովանդակ Կովկասը։ Նա եղավ վերջին տասնամյակի կովկասյան իրականության այն սակավաթիվ դեմքերից մեկը, որոնք կյանքի ամենախռովահույզ օրերին անգամ կարողացան պահել մտքի պայծառությունն ու հոգեկան հավասարակշռությունը։ Արամից հետո առաջինն էր՝ կոչված կերտելու Հայաստանի պետական շենքը։ Եվ մոլեռանդի կույր գնդակը խլեց հայ ժողովրդից այդ թանկագին կյանքը։ Հասկանալի է, թե ինչո՞ւ նրա մահը ցնցեց ամենքին»։
***