Շուշիում հաստատվելուց հետո ադրբեջանական իշխանությունները, կարծելով, թե կկարողանան ուժով տիրանալ Ղարաբաղին, տարբեր ուղղություններով հարձակում են սկսում։ Բայց Շուշիի կորուստը չէր նշանակում, որ Արցախի հայությունը հանձնվել է:
1918թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ղարաբաղի տարբեր շրջաններում թուրք-ադրբեջանական զինված կազմավորումները ծանր պարտություններ են կրում։ Խծաբերդի, Տումի, Մսմնայի եւ այլ գյուղերի ինքնապաշտպանական ուժերը ջարդում եւ հետ են շպրտում հակառակորդի բոլոր գրոհները։ Միաժամանակ Դիզակի եւ Վարանդայի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարները նամակ են ուղարկում Գորիսում գտնվող Անդրանիկին՝ խնդրելով անհապաղ օգնության հասնել։ Նրանք հայտնում են, որ ունեն բավարար սպառազինություն, զենք, զինամթերք, սնունդ եւ վճռական են Զորավարի օգնությամբ թուրքերին իրենց շրջաններից վռնդելու հարցում։
«Դիզակի ամբողջ շրջանի հայությունն անհամբեր սպասում է Ձեր շուտափույթ գալուն, եւ նա սիրով ու ցնծությամբ կհյուրընկալի Ձեր բոլոր քաջերին յուր պաշտելի հայրենիքում: Մեր բոլոր ուժը այժմ կենտրոնացրել ենք Խծաբերդում եւ ամեն րոպե պիտի սպասենք Ձեզանից որեւէ ազդանշանի»,- գրված էր նամակում (Արամ Սիմոնյան, Զանգեզուրի գոյապայքարը 1917-1920թթ., Երեւան, 2017թ.)։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը նույնպես սկսում է ուշադրություն դարձնել Ղարաբաղի պաշտպանությանը։ 1918թ. ուշ աշնանը` Զանգեզուրից եկած պատվիրակության հետ հանդիպումից հետո, որոշվում է օգնություն ուղարկել, եւ գնդապետ Բաղդասարյանի հրամանատարությամբ գնդացիրներ ու լեռնային թնդանոթներ ունեցող զորամասը շարժվում է Արցախ։ Այն պետք է Ղարաբաղ մուտք գործեր Զոդի լեռնանցքով, մտներ Ասկերան եւ Գանձակի կողմից ամրացներ շրջանի պաշտպանությունը։
«Այդ ճանապարհով Հայաստանի կառավարությունը կգրավեր Ասկերանը եւ առաջը կառներ Բաքվից ու Գանձակից հասնող ադրբեջանական զորքերի, որոնք թեւ ու թիկունք էին տալիս Զանգեզուրի եւ Ղարաբաղի թաթարներին։ Զանգեզուրին տիրել ցանկացողն անպայման Ղարաբաղը իր ձեռքում պետք է պահեր»,- գրում է Հովակ Ստեփանյանը (Արցախյան կամ Շուշվա գնդի պատմությունը, Հայրենիք, 1935թ., թիվ 7, Բոստոն):
Զորամասը, սակայն, չի հասնում Ղարաբաղ, քանի որ ճանապարհին հրաման է ստանում շարժվել դեպի Լոռի հայ-վրացական պատերազմին մասնակցելու համար։
1918թ. նոյեմբերի վերջին Թիֆլիսի «Նոր Հորիզոն» թերթը տպագրում է Անդրանիկի նամակը, որտեղ զորավարը համառոտ նկարագրում էր Զանգեզուրում իրականացված պաշտպանական միջոցառումները։
«Նոր Հորիզոն», 11 դեկտեմբերի, 1918թ., թիվ 18
«Շնորհիվ իմ եւ զորամասիս ներկայության եւ տեղական զորահավաքի՝ Սիսիանը, Զանգեզուրն ու Ղափանը մինչեւ օրս զերծ մնացին որեւէ ձեւի թուրքական տիրապետությունե, հակառակ անոր, որ Երեւանի հայկական հանրապետությունը ոչ միայն ոչ մի օգնություն չէր ուզեր հասցնել, այլ նույնիսկ չէր ուզեր հարաբերության մտնել եւ խորհուրդ կուտար մինչեւ անգամ զինաթափ լինել եւ երբեք տեղի չտալ ընդհարումներու, հեռացնելով այդ շրջանեն Անդրանիկին իբր վտանգավոր մարդ։
Համենայն դեպս, անհրաժեշտ է օգտվել ամեն մի առիթե նպաստավոր լուծում տալու համար Ղարաբաղի հարցին. փաստորեն Զանգեզուրի, Սիսիանի եւ Ղափանի դրությունը որոշված է, իսկ Շուշու մասին կհուսամ շուտով իրագործել մեր որոշումը։
Անդրանիկ։ Նոյեմբեր, 1918, Գորիս»։
Անդրանիկը որոշել էր շարժվել Ղարաբաղ, ազատել Շուշին եւ ամբողջությամբ ապահովել Ղարաբաղի անվտանգությունը։ 1918թ. նոյեմբերի 29-ին զորամասը դուրս է գալիս Գորիսից եւ շարժվում Շուշի։
Դեպի Շուշի
Շուշիի ճանապարհն անցնում էր Զաբուղի ձորով, որտեղ ադրբեջանցիները թուրքերի հետ ուժեղ պաշտպանական դիրքեր էին կառուցել։ Անդրանիկի հարվածային զորամասը նախ գրավում է Մարքիզ գյուղը, ապա երկու օր շարունակ գրոհում նույնանուն լեռան եւ շրջակա բարձունքների ամրությունները։
«Առավոտեն արդեն սկսավ կռիվը։ Թնդանոթները երբեմն-երբեմն կռմբակոծեին Քյարավուզի դիրքերը։ Մարքիզի վրա գրոհը սկսավ եւ կեսօր չեղած՝ այդ դիրքը ինկավ հայոց ձեռքը։ Այդ ուղղության վրա գտնվող ուժերը ավելի առաջանալով, գրավեցին նաեւ Սուսը, Զեյվան։ Իսկ ձիավորներու Բ հարուրյակը անցավ Հաքարու կամուրջը, մտավ Ավդալար թուրքական գյուղը առանց դիմադրության։ Ուրեմն, Ավդալար-Ղարաղշլաղ (Բերդաձոր)-Թթու ջուր (Լիսագոր) ուղղությամբ դեպի Շուշի որեւէ տեղ հնարավորություն չէին կրնար ստեղծել դիմադրելու։ Ավդալարի գրավումով կչեզոքանային Քյարավուզի թուրքական դիրքերը։ Դեպի Շուշի արգելքները վերացած էին։ Պետք է միայն հրամանը տալ... Յառա՜ջ (Եղիշե Քաջունի, Հայկական առանձին հարվածող զօրամասը. Ժեներալ Անդրանիկ, Պոսթոն, 1921):
Զաբուղի ձորի թաթարական գյուղերը վերահսկում էին ճանապարհը եւ մշտապես հարձակվում անցորդների ու զինվորների վրա։ Այստեղ էր, որ սպանվել էին Զանգեզուրից Ղարաբաղ հեռացող շուրջ 200 հայ զինվորները, որոնց դիակները ճանապարհը բացելուց հետո գտնում են Անդրանիկի զինվորները։ Հաջորդ օրը հայկական զորքը գրավում է նաեւ Քյարավուզը։
Միակնանի ծերունին
Թվում էր, թե ամեն ինչ հաջող է ընթանում, եւ շուտով հայ զինվորները մտնելու են Շուշի։ Սակայն Ավդալարում տեղեկություն է ստացվում, որ մի ծերունի երկու նամակ է բերում Անդրանիկին. մեկը՝ Բաքվի անգլիական զինվորական հրամանատարությունից, մյուսը՝ Ադրբեջանի վարչապետ Ֆաթալի Խան-Խոյսկուց։
«Ամեն տեղ թուրքերը նահանջում էին լեղապատառ։ Սակայն, չարաբաստիկ միակնանի ծերունի հայը ցցվեց մեր թիկունքում, գալով լեռնային Խծաբերդ-Կոռնիձոր ճանապարհով, եւ Անդրանիկին մատուցեց մի բախտորոշ նամակ»,- գրում է Հովակ Ստեփանյանը։ Առաջին նամակը գեներալ Ուիլկամ Մոնտգոմերի Թոմսոնի անունից էր, որտեղ վերջինս պահանջում էր Անդրանիկից դադարեցնել առաջխաղացումը եւ սպասել իր սպաներին, որոնք շատ շուտով Ղարաբաղ են հասնելու։
Իսկ Խան-Խոյսկին նամակով Շուշիի նահանգապետին եւ քաղաքագլխին հանձնարարում էր անգլիացիների նամակները հասցնել Անդրանիկին։
Համաշխարհային պատերազմի ավարտից հետո Անդրկովկասում հաստատված անգլիական զինվորական հրամանատարությունը վերանայել էր իր վերաբերմունքը երկրամասի մահմեդական բնակչության հանդեպ։ Բաքվի նավթն ունենում է վճռորոշ դերակատարություն, եւ անգլիացիների քաղաքականությունը դառնում է ադրբեջանամետ։ Բացի այդ, Անգլիան փորձում էր դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, եւ այս հարցում Ադրբեջանը կարեւոր դերակատարություն ուներ։
Հովակ Ստեփանյանն իր հուշերում նշում է, որ Շուշիից, Աղդամից Բաքու հեռացած թուրք բեկերը կարողացել էին գեներալ Թոմսոնին համոզել եւ նրանից «կորզել» Անդրանիկին կանգնեցնող նամակը։ Նա նաեւ ցավով գրում է, որ եթե նամակը ստացվեր մի փոքր ավելի ուշ, ապա Անդրանիկը կանգ չէր առնի եւ կմտներ Շուշի։
Հաջորդ օրը մեքենայով ժամանում են անգլիացի կապիտան Սքուեյրը եւ ֆրանսիացի կապիտան Գասֆիլդը, որոնք արդեն մանրամասն ներկայացնում են գեներալ Թոմսոնի պահանջները, համաձայն որի՝ Անդրանիկը պետք է կանգնեցներ հարձակումը եւ հեռանար, քանի որ «Ղարաբաղի եւ Զանգեզուրի հարցը որոշվելու էր Փարիզի խաղաղության խորհրդաժողովում»։ Ռազմական գործողությունների հետագա շարունակումը էապես կվնասեր Հայկական հարցի լուծմանը։ «Եթե դուք չլսեք եւ առաջ շարժվեք, ձեր այդ քայլը վատ կանդրադառնա հայկական հարցի վրա, որով այժմ զբաղված է Փարիզի կոնգրեսը»,- ասում էին Թոմսոնի ներկայացուցիչները։
Ըստ Հովակ Ստեփանյանի՝ ինքը, Եղիշե Քաջունին, բժիշկ Ռուբեն Տեր-Ստեփանյանը փորձում են համոզել Անդրանիկին չանել «պատմական սխալը»։ Նրանք համոզված էին, որ հարձակումը դադարեցնելու պահանջը խմբագրել ու ավելացրել էր Խան-Խոյսկին։
«Մեր կացինն այդ օրը քարին դիպավ, որովհետեւ թաթարական բլոկը շատ վարպետորեն կպել էր Անդրանիկի զգայուն լարերին... Ղարաբա՞ղ, թե՞ հայկական հարց - այսպիսի կոպիտ երկընտրանքի առջեւ կանգնեց հերոսը եւ կատարեց օրհասական սխալը, որ հետագայում ունեցավ իր այնքան մեծ եւ անուղղելի բացասական հետեւանքները»,- գրում է նա։
Անդրանիկը հրամայում է Վարանդայի, Դիզակի, Խաչենի եւ Ջեւանշիրի հրամանատարներին դադարեցնել ռազմական գործողությունները։ Մի քանի օր անց՝ 1918թ. դեկտեմբերի 4-ին, զորամասը վերադառնում է Գորիս։
1918թ. դեկտեմբերի 13-ին Անդրանիկը նամակ է գրում Ալեքսանդր Խատիսյանին, որտեղ անդրադառնալով իր եւ Հայաստանի Հանրապետության կառավարության տարաձայնություններին՝ նշում է, որ ինքը շուտով հեռանալու է նաեւ Զանգեզուրից.
Դեկտեմբերի վերջերին զորավարը հիմնականում զբաղված էր գաղթականների համար օգնություն եւ դրամական միջոցներ հայթայթելով։
Հարձակումներ հայկական գյուղերի վրա
Անդրանիկի հեռանալուց հետո՝ դեկտեմբերի երկրորդ կեսին, Շուշի է ժամանում անգլիական բանակի ներկայացուցիչ մայոր Գիբոնը։ Նա հայտարարում է, որ շուտով մեկնելու է նաեւ Գորիս, որտեղ Անդրանիկի հետ քննարկելու է գաղթականներին տեղավորելու եւ նյութական աջակցություն ցուցաբերելու հարցը։ Մեկ օր անց արդեն Շուշիի տների պատերին փակցվում է Գիբոնի կոչը քաղաքի բնակչությանը։
«Պատերին տեսանք փակցված մայոր Գիբոնի հակազդը, թե իշխանությունն ինքն է հանդիսանում, օգնականներ ունենալով քաղաքագլխին եւ թուրք գավառապետին՝ Խոսրովբեկ Փոլադովին, որը նշանակված էր տաճիկների օրոք, Ադրբեջանի կառավարության կողմից»,- գրում է դեպքերի ականատես Եղիշե Իշխանյանը։
Անդրանիկի զորամասի հեռանալուց ընդամենը 10 օր անց ադրբեջանական զինյալները սկսում են հարձակումները հայկական գյուղերի վրա։ Դեկտեմբերի վերջին Դիզակի զինվորական շտաբի պետ Ասլան Շահնազարյանը եւ Վարանդայի լիազոր Արսեն Տեր-Միքայելյանը նամակ են գրում Անդրանիկին` հայտնելով, որ նրա եւ գեներալ Թոմսոնի հրամանով իրենք դադարեցրել են դիմադրությունը, սակայն ադրբեջանցիները գրոհում են հայկական գյուղերը։
«Այս գիշեր սուրհանդակներ հասան մեզ Շուշի եւ հայտնեցին, թե Ալիանլուի, Մուսուլմանլուի եւ այդ շրջանի այլ թուրքեր հարձակվելով շրջապատել են Դիզակի շրջանի Խծաբերդ, Հին Թաղեր եւ Խանձաձոր գյուղերը: Տմարդի թուրքերը իմանալով, որ Դուք այլեւս առաջ չպիտի գաք, եւ թե Դիզակի ու Վարանդայի հրամանատարները իրանց ուժերը քշել են այդ շրջանից, հարմար առիթ գտնելով, կամենում են ավերել այդ գյուղերը»։
Դեկտեմբերի 23-ին Ասլան Շահնազարյանին եւ Եղիշե Իշխանյանին հրավիրում է Շուշիում անգլիական առաքելության նոր ներկայացուցիչ կապիտան Սըրայդը եւ հայտնում, որ գեներալ Թոմսոնը հրամայել է, որ հայերը ժամանակավորապես ճանաչեն Ադրբեջանի գերիշխանությունը։ Նրանք պատասխանում են, որ միայն Ղարաբաղի ընդհանուր համագումարը կարող է նման որոշում կայացնել, եւ Ազգային խորհուրդն այդպիսի լիազորություն չունի։
Դեկտեմբերի 30-ին Թոմսոնը Բաքվում հայտարարում է, որ իր կառավարությունը Արցախի եւ Զանգեզուրի հարցում կանգնած է Ադրբեջանի կողքին։ (Արամ Սիմոնյան, Զանգեզուրի գոյապայքարը 1917-1920թթ., Երեւան, 2017թ.):
Իրավիճակը սրվում է
Անգլիացիների աներկբա աջակցությունը եւ Անդրանիկի հեռանալը արձակում են Ադրբեջանի իշխանությունների ձեռքերը։ 1919թ. ամանորյա առաջին իսկ օրը՝ հունվարի 1-ին, ադրբեջանական ստորաբաժանումները հարձակվում են Կապանի նախ` Ուժանիս, ապա՝ Դավիթբեկ գյուղերի վրա, սակայն կորուստներ կրելով` նահանջում են։ Հունվարի 10-ին հազարավոր ադրբեջանցիներ հարձակվում են Ջեբրայիլի հայկական գյուղերի վրա։ Շուտով հարձակումները հայկական բնակավայրերի վրա դառնում են ավելի հաճախակի. Ադրբեջանը ցանկանում էր մարզում ուժով հաստատել անգլիացիներից ստացած տիրապետությունը։
1919թ. հունվարի սկզբին Ղարաբաղի Ազգային խորհուրդը համապատասխան տեղեկագրեր է պատրաստում, որոնք հաստատում էին ադրբեջանցիների կողմից հայկական գյուղերի ու բնակավայրերի ավերման ու թալանի փաստը։ Այս փաստաթուղթը հունվարի 12-ին Ղարաբաղի զինվորական միության ներկայացուցիչները տանում են Բաքու՝ անգլիական առաքելությանը ներկայացնելու։ Հայերը հույս ունեին, որ ներկայացված փաստերը կփոխեն անգլիացիների վերաբերմունքը Արցախի հարցում։ Սակայն անգլիացիները, ամեն հարցում աջակցելով Ադրբեջանի կառավարությանը, 1919թ. հունվարի սկզբին Ղարաբաղի նահանգապետ են նշանակում Խոսրովբեկ Սուլթանովին, որը հունվարի 17-ին ժամանում է Շուշի։
Հունվարի 25-ին Ղարաբաղի Ազգային խորհուրդը որոշում է հնարավորինս արագ հրավիրել համագումար, որին մասնակցելու էին Ղարաբաղի բոլոր շրջանների ներկայացուցիչները։ Համագումարը պետք է ընտրեր նոր Ազգային խորհուրդ եւ հստակեցներ Ադրբեջանի իշխանության հանդեպ դիրքորոշումը։
1919թ. հունվարի 27-ին Թոմսոնի հրամանով ադրբեջանական մի գունդ անգլիական գումարտակի աջակցությամբ մտնում է Խանքենդ, գրավում զորամասը եւ սպայական ակումբը։ Այս քայլն առաջացնում է հայերի խիստ դժգոհությունը, եւ Ազգային խորհրդի ներկայացուցիչները հանդիպում են կապիտան Սըրայդին։ Վերջինս հայտնում է, թե «ինքը չէր սպասում, որ նման կարգադրություն կլինի Թոմսոնի կողմից»։
Ղարաբաղի եւ Զանգեզուրի վրա հարձակումներից հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը բողոքի նոտաներ է հղում ինչպես Ադրբեջանի կառավարությանը, այնպես էլ անգլիական ռազմական առաքելությանը։ Սակայն բոլորն էլ մնում են անպատասխան, իսկ իրադրությունն օրեցօր դառնում էր ավելի տագնապալի։ Ստեղծված պայմաններում Զանգեզուրի անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի կառավարությունը 1919թ. հունվարի 21-ին որոշում է ստեղծել Ղարաբաղի եւ Զանգեզուրի հայկական շրջանների ժամանակավոր վարչություն, որի ղեկավար է նշանակվում շտաբս-կապիտան Արսեն Շահմազյանը։
***