Համաշխարհային պատերազմի ավարտը խաղաղություն չի բերում Հայաստանին: Բուն հայկական շրջաններում իշխանությունը պահպանելը Հայաստանից մեծ ջանքեր էին պահանջելու։ Այդ շրջաններից մեկն էլ Լեռնային Ղարաբաղն էր։

1918թ. աշնանը թուրքերը հաստատվել էին Շուշիում, նորաստեղծ Ադրբեջանի իշխանություններն անգլիացիների աջակցությամբ պահանջում էին ընդունել իրենց գերիշխանությունը, իսկ Ղարաբաղ հասնելու Անդրանիկի փորձերը հաջողությամբ չէին պսակվել։ Ղարաբաղը մենակ էր մնացել եւ պետք է փորձեր ռազմական դիմադրության հետ նաեւ դիվանագիտական քայլերով ապահովել իր անվտանգությունը։

Նահանգապետ՝ անգլիացիների աջակցությամբ

1919թ. սկզբին Շուշիի, Զանգեզուրի, Ջեբրայիլի եւ Ջիվանշիրի հայկական գավառներում նահանգապետ է նշանակվում Խոսրով բեկ Սուլթանովը, որը հայտնի էր իր հակահայ գործողություններով։ Նա Զանգեզուրի Հաջիսամլու գյուղի քրդական ծագում ունեցող Սուլթանովների մեծահարուստ ու հայտնի ընտանիքից էր, եւ նահանգապետ էր դարձել անգլիացիների աջակցությամբ։

«Երբ անգլիացիք ցույց տվին մահմեդականները իրենց սիրաշահելու քաղաքականությունը, թաթարներուն ախորժակը նորեն բացվեցավ եւ Բաքվի կառավարությունը պահանջեց Ղարաբաղը պահել։ Անգլիացիք, հայկական կառավարությունն ու թաթարները համաձայնեցան պահել Ղարաբաղի Status Quo-ն մինչեւ Խաղաղության Ատյանին որոշումը։ Հայերը խնդրեցին, որ անգլիացի զինվորական կառավարիչ մը կարգվի Ղարաբաղի մեջ, մինչեւ որ ատոր վերջնական ճակատագիրը հայտնի ըլլա։ Ուրիշ վիճելի տեղերու մեջ անգլիական կառավարիչներ կարգվեր էին եւ ժողովուրդը հանգիստ կապրեր։ Անգլիացիք, սակայն, փոխանակ Ղարաբաղի մեջ եւս իրենցմե մին նշանակելու, բժիշկ Սուլթանովը կարգեցին իբր իրենց ներկայացուցիչն ու ընդհանուր կառավարիչը» (Հարություն Խաչատուրյան, Անգլիական քաղաքականությունն ի Անդրկովկաս, Հայրենիք, 1945, թիվ 3, Բոստոն)։

Նահանգապետ դառնալուն պես Սուլթանովը սկսում է ճնշումներ գործադրել Ղարաբաղի Ազգային խորհրդի եւ հայ բնակչության վրա։ Թեեւ նախապես որոշված էր, որ զորքերի տեղաշարժ չպետք է լինի, սակայն, Եղիշե Իշխանյանի վկայությամբ, 1919 թվականի հունվարի 27-ին ադրբեջանական մի գունդ անգլիական գումարտակի հետ մտնում է Խանքենդ (Ստեփանակերտ - խմբ․) եւ գրավում զորանոցներն ու սպայական ակումբը»։

1919թ. փետրվարին տեղի է ունենում Ղարաբաղի հայոց 4-րդ համագումարը, որն ընտրում է նոր Ազգային խորհուրդ եւ մեկ անգամ եւս հաստատում, որ մարզը չի ընդունում Ադրբեջանի իշխանությունը: Համագումարը Շուշիում անգլիական ներկայացուցիչ մայոր Մոնք-Մեսընին հայտնում է, թե «Ղարաբաղի հայության գերագույն լիազոր ներկայացուցիչները իրենց 4-րդ համագումարում միաձայն վճռել են չճանաչել Ադրբեջանի իշխանությունը»։

Սուլթանովի նշանակումից հայերի դժգոհություններին անգլիացիները պատասխանում էին, թե նրա նշանակումը ժամանակավոր է։ Մոնք-Մեսընը 1919թ. մարտի 12-ին Ղարաբաղի Ազգային խորհրդի նախագահ Ասլան Շահնազարյանին գրում էր.

«Բազմիցս պարզաբանել եմ ձեր խորհրդին, որ Բաքվի գլխավոր հրամանատարը անհրաժեշտ է համարում այս գավառներում աջակցել Սուլթանովին, որպես ժամանակավոր գեներալ-նահանգապետի՝ մինչեւ խաղաղության խորհրդաժողովում կլուծվի այս հարցը։ Գեներալ-նահանգապետի հրամանները պետք է կատարվեն։ Խորհուրդն իրավունք չունի չընդունելու նահանգապետի նշանակած պաշտոնյաներին» (Нагорный Карабах в 1918-1923гг., Сборник документов и материалов, Ереван 1992):

Բրիտանական առաքելության ղեկավարը նաեւ հայտնում էր, որ հայերը կարող էին գեներալ-նահանգապետի մոտ ունենալ չորս ներկայացուցիչ, ինչը սակայն մերժել էին։ Ասլան Շահնազարյանը Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդին ուղղված նամակում գրում էր, որ անհրաժեշտ է գեներալ Ուոքերի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանում անգլիական զորքերի հրամանատար գեներալ Թոմսոնը Ղարաբաղի հայերի արդարացի ցանկություններին հակառակ է գործում։ «Մինչեւ անգլիական առաքելության գալը Շուշի մենք ազատ էինք։ Ինչպես կարելի է այժմ ազատ ժողովրդին հպատակեցնել թշնամական Ադրբեջան պետությանը, որի գոյությունը չեն ընդունում անգամ բազմաթիվ մահմեդականներ, եւ որը ի վիճակի չէ իր երկրում ապահովել կարգուկանոնն ու անձի անձեռնմխելիությունը»,- գրում էր Շահնազարյանը։

 

«Յառաջ», 11 մարտի, 1919թ., թիվ 46

«Հայկական Ղարաբաղի հարցը Անդրկովկասի քաղաքական կյանքի ամենացավոտ հարցն է այսօր։ Այդ շատ պարզ խնդրի շուրջը ինչ ու ինչ դրդապատճառներով այնպիսի մթնոլորտ է ստեղծվել, որ հղի է ամեն տեսակ անախորժ անակնկալներով։ Ազերբայջանի փաշայական հանրապետության ... ձգտումները՝ ի մեծ զարմանս հայ դեմոկրատիայի՝ պաշտպանություն եւ օժանդակություն է գտնում անգլիական հրամանատարության կողմից։ ...Մեր ժողովուրդը ապշանքով հարցնում է.
- Մի՞թե Անգլիան էլ...
Մի՞թե Անգլիան - ազատական ու ռամկավար Անգլիան է՞լ չէ հասկանալու մեզ։ Մի՞թե Անգլիան էլ պետք է մեղանչէ արդարության ու ազատության դեմ եւ նվիրագործե փաշայական բռնապետական ձգտումները»։

Առաջին հարձակումը

Սուլթանովի նշանակումից հետո ադրբեջանցիների գործողություններն ավելի են ակտիվանում։ Աստիճանաբար զորքեր են կենտրոնացվում Ղարաբաղի կարեւոր նշանակություն ունեցող բնակավայրերի մոտակայքում։

Վրաստանում հայկական դիվանագիտական ներկայացուցչությունը մարտի 14-ին Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությանը հաղորդում էր, որ ադրբեջանական բանակը ուժեր է մոտեցրել «Ասկերանի, Խանքենդի, Զաբուխի, Շուշիի եւ Կորյագինոյի ռազմավարական հանգույցներին։ ...Հայկական բնակչությունը Ադրբեջանին ենթարկվելու մասին լսել անգամ չի ցանկանում։ ...Օրեցօր դրությունը դառնում է տագնապալի, եւ անհրաժեշտ է դիվանագիտական քայլեր ձեռնարկել՝ բախումը կանխելու համար»։

Մարտի 16-ին ադրբեջանցիները մեծ հարձակում են սկսում Խծաբերդ գյուղի վրա։ Գյուղացիներն ուժգին ու կազմակերպված դիմադրություն են ցույց տալիս։ Շուտով օգնության են հասնում մոտակա գյուղերի ջոկատները՝ Արտեմ Լալայանի գլխավորությամբ, եւ հայերն անցնում են հակահարձակման ու մեծ կորուստներ պատճառում թուրքերին։ Մի քանի օր անց անգլիացիները հայտնում են, որ գեներալ Թոմսոնը Բաքու է կանչում Ազգային խորհրդի ներկայացուցիչներին՝ Ասլան Շահնազարյանին, Աշոտ Մելիք-Հովսեփյանին եւ Եղիշե Իշխանյանին, այսինքն՝ Ազգային խորհրդի նախագահության բոլոր անդամներին։ Մինչ այդ, Խորհուրդն արդեն Թոմսոնի հետ հանդիպման էր ուղարկել Վահան եպիսկոպոսին եւ Ազգային խորհրդի անդամ Հրանտ Բահաթրյանին։ Ի վերջո, մարտի 20-ին որոշվում է Ազգային խորհրդից Բաքու ուղարկել նախագահ Ասլան Շահնազարյանին, Շուշիի քաղաքապետ Գերասիմ Մելիք-Շահնազարյանին։ Անգլիացիները նույնիսկ ավտոմեքենա են տրամադրում հայկական պատվիրակությանը Շուշիից Եվլախ հասնելու համար։ Այդ ընթացքում գեներալ Թոմսոնին Բաքվում փոխարինել էր գնդապետ Չաթելվորդը։

Ժամանակավոր վարչություն

1919թ. փետրվար-մարտ ամիսներին Հայաստանի Հանրապետության կառավարությունը սկսում է քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղին աջակցելու համար. հունվարի վերջին ստեղծվում է Ղարաբաղի եւ Զանգեզուրի հայկական շրջանների ժամանակավոր վարչություն՝ Արսեն Շահմազյանի գլխավորությամբ։

Մարտի 19-ին Եղիշե Իշխանյանը նամակ է գրում Արսեն Շահմազյանին՝ Գորիս, որտեղ մանրամասն նկարագրում է ստեղծված դրությունը։ Նա հայտնում էր, որ Ղարաբաղի զինված ուժերը չունեն ընդհանուր հրամանատարություն։ «Դիզակի, Վարանդայի, Խաչենի եւ Ջրաբերդի շրջանների հրամանատարներից ոչ մեկը չի կարող իր ձեռքում կենտրոնացնել բոլոր կռվող հայերին։ Յուրաքանչյուրը հազիվ կարող է ղեկավարել իր շրջանի կռվողներին, իսկ անգլիական առաքելության ժամանումից հետո չափից ավելի թուլացել է ինքնապաշտպանության կազմակերպվածությունը»։

Իշխանյանը գրում էր, որ Արարատյան հանրապետությունը որեւէ ղեկավարող ուժ առ այսօր չի ուղարկել Ղարաբաղ, որի ներկայությունը կհամախմբեր ժողովրդին։ «Շրջանների զինվորական ղեկավարների շրջանում գործողությունները համաձայնեցված չեն։ Նրանք առաջ են քաշվել հանգամանքների բերումով, եւ այժմ ավելի շատ մտածում են գժտությունների, քան ընդհանուր գործի հաջողության մասին»։ Եղիշե Իշխանյանը Շահմազյանին խնդրում էր ձեռնարկել մի քանի գործողություն.

1. Անհապաղ Ղարաբաղ ուղարկել ռազմական առաջնորդի, որը կմիավորեր Ղարաբաղի կենսունակ, սակայն տարանջատված ուժերը,

2. Եթե հնարավոր չէ Ղարաբաղ ուղարկել գեներալ-մայոր Անդրանիկին կամ գոնե նրան պահել Զանգեզուրում, հանրապետությունը պետք է առնվազն մեկ գունդ ուղարկի Զանգեզուր,

3. Անհրաժեշտ է խոշոր ֆինանսական միջոցներ ուղարկել շրջանը՝ ոչ միայն վարչարարությունն ու զինված ուժերը, այլեւ դպրոցները, կոմիսարիատը, գանձարանը, դատական մարմինները կազմակերպելու համար։

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը փորձում է դիվանագիտական միջոցներով ազդել բրիտանական քաղաքականության վրա։ Մարտի 21-ին արտաքին գործերի նախարար Սիրական Տիգրանյանը նամակ է հղում Երեւանում բրիտանական ռազմական ներկայացուցչությանը հետեւյալ առաջարկություններով.

1. Զանգեզուրն ու հայկական Ղարաբաղը պետք է Ադրբեջանից անկախ լինեին, ինչպես նախկինում, եւ այդ շրջանները պետք է դուրս բերվեին գեներալ-նահանգապետության կազմից:

2. Եթե բրիտանական հրամանատարությունը անհնար է համարում տվյալ պահին իրականացնել այս առաջարկը, ապա անհրաժեշտ է, որ Ադրբեջանը հեռացնի իր զորքերը Ղարաբաղի տարածքից։

Բացի այդ, հայկական կողմն առաջարկում էր ստեղծել նահանգապետություն կամ որեւէ վարչական մարմին, որը կունենար բրիտանացի նահանգապետ։

Թոմսոնի հանդիպումը Հայաստանի ղեկավարության հետ

1919թ. մարտի 28-ին Երեւանում տեղի է ունենում գեներալ Թոմսոնի եւ Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հանդիպումը։ Զրույցի ժամանակ Թոմսոնը հիմնական շեշտը դնում էր փախստականների եւ բրիտանացիների կողմից նրանց տրամադրվող օգնության վրա։ Նա ասում էր, որ Սուլթանովն իր պարտավորությունները կատարում է եւ ապահովում է օգնության առաքումը Ղարաբաղ։ Ինչ վերաբերում է զորքերին, ապա նրանք Աղդամից ու Խանքենդիից չեն հեռանալու։

«Վերմիշեւ։ - Բնակչությունը չի ցանկանում ընդունել Ադրբեջանի իշխանությունը։
Թոմսոն։ - Բայց այս ամենը ժամանակավոր է եւ պետք է պահպանել։
Խատիսյան։ - Արդյո՞ք Սուլթանովի լիազորությունները տարածվում են Եվլախից մինչեւ Շուշի։
Թոմսոն։ - Մոնկ-Մեսընը պետք է հետեւի, որպեսզի անկարգություններ չլինեն։
Տիգրանյան։ - Թող Սուլթանովը ենթարկվի Մոնկ-Մեսընին։
Թոմսոն։ - Այդպես էլ կա, եւ ես գիտակցաբար եմ դա արել՝ ավելի հեշտ կլինի Ադրբեջանից մթերք ուղարկել։ ...Ղարաբաղում 40 հազար փախստական կա (30 հազար հայ եւ 10 հազար մահմեդական)։
Խատիսյան։ - Ղարաբաղը մեր համար ոչ թե փախստականների, այլ քաղաքական հարց է։ ...Իսկ դուք գիտեք՝ ով է բժիշկ Սուլթանովը։ Նա Թուրքիայի գործակալ է։ Ղարաբաղի հարցում մենք մնում ենք մեր տեսակետին, իսկ ձերն ընդունում ենք ի գիտություն» (Нагорный Карабах в 1918-1923гг., Сборник документов и материалов, Ереван 1992):

Ապրիլի 4-ին Ղարաբաղ է վերադառնում Բաքու մեկնած երկու պատվիրակությունը, եւ Ազգային խորհրդին ներկայացնում հանդիպումների արդյունքները։ Թեեւ Բաքվի հայկական ազգային բոլոր կառույցները դրական էին արձագանքել Ադրբեջանի իշխանությունը չընդունելու Ղարաբաղի հայության որոշմանը, սակայն անգլիացիները մնացել էին անդրդրվելի։ Հրանտ Բահաթրյանը եւ Վահան արքեպիսկոպոսը Չաթելվորդին ներկայացրել էին հայերի պատմական իրավունքները՝ բացատրելով դարեր շարունակ Ղարաբաղ-Զանգեզուրի հայկական լինելը։ «Չաթելվորդը չէր ընդունում մեր բացատրությունները եւ պահանջում էր անպայման ենթարկվել Թոմսոնի ժամանակին արած կարգադրությանը, ճանաչել Ադրբեջանի իշխանությունը»,- գրում է Եղիշե Իշխանյանը։

Այնուհետեւ Չաթելվորդի հետ հանդիպում է Ազգային խորհրդի նախագահ Ասլան Շահնազարյանի պատվիրակությունը եւ ներկայացնում 4-րդ համագումարի մանրամասները։ Չաթելվորդը պնդում է բրիտանական դիրքորոշումը եւ պահանջում Ղարաբաղում նոր համագումար հրավիրել։

Հրանտ Բահաթրյանը Բաքվից մեկնում է Թիֆլիս, որտեղ հանդիպում է Ալեքսանդր Խատիսյանի եւ Հովհաննես Քաջազնունու հետ ու քննարկում Ղարաբաղում ստեղծված իրադրությունը։ Խատիսյանն ասում է, որ Ղարաբաղի հայության դիրքորոշումը ճիշտ է եւ խորհուրդ է տալիս «անսասան մնալ իր դիրքում եւ չենթարկվել անգլիական հրամանատարության պահանջին»։

Քաջազնունին փոքր-ինչ այլ դիրքորոշում է արտահայտում. «Հայաստանի կառավարությունը ներկայիս գտնվում է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ամենածանր պայմաններում։ Պատերազմի եւ հեղափոխության հաջորդած անարխիայի պատճառով մեր ժողովուրդը ուժասպառ է եղած... Դաշնակիցների լայնախոհության ու բարյացակամության վրա հենված, վճռական որեւէ քայլ անել հուսալի չպիտի համարել, ուստի ես խորհուրդ եմ տալիս ձեզ բանակցության մեջ մտնել անմիջականորեն Ադրբեջանի իշխանության ներկայացուցչի՝ Սուլթանովի հետ, համաձայնության եզր գտնել առժամապես, քանի Ղարաբաղի եւ մեր այլ հողերի՝ Հայաստանին կցելու հարցը պիտի որոշվի համաշխարհային վեհաժողովում» (Եղիշե Իշխանյան, Լեռնային Ղարաբաղ, 1917-1920, Երեւան 1999)։

 

***

 

Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել է Ներսես Մատինյանի՝ Շուշիի լուսանկարը

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար: