1917թ. նոյեմբերի վերջին դրությունն Անդրկովկասում լարված ու սպասողական էր: Տագնապալի լուրեր էին ստացվում թուրքական ռազմաճակատից, Հյուսիսային Կովկասում բախումներ էին սկսվել կազակների եւ հյուսիսկովկասյան ժողովուրդների միջեւ, Թիֆլիսում օրեցօր վատանում էր պարենի մատակարարումը։
Արդեն 1916թ. վերջին Թիֆլիսում պարենային ճգնաժամի առաջին նշաններն են հայտնվում։ Բնակչության աղքատացմանը զուգահեռ աճում էր ատելությունն առեւտրականների ու հարուստների հանդեպ, որից հաջողությամբ օգտվում էր կառավարությունը, եւ բոլոր մեղքերը բարդում նրանց վրա։ Թիֆլիսի քաղաքապետ Ալեքսանդր Խատիսյանը գրում էր, որ երկաթուղային հաղորդակցությունն ու վարչարարական խնդիրները բարելավելու փոխարեն, իշխանությունը «կուզեր ժողովրդի զայրույթը ուղղել վաճառականներուն վրա»։
«Աշնանային առավոտ մը ինձ հայտնեցին, որ ռուս կիներ հարձակած են քաղաքի մեծ խանութներուն վրա, որոնք կպատկանեին հայերուն, ջարդ ու փշուր ըրած են դռները եւ թալանած ամեն ինչ, որ գտած են խանութներու մեջ։ Իշխանութենեն ոչ ոք միջամտած էր ռուս կիներու ամբոխը կեցնելու համար։
...Նահանգապետը չէր ուզում հասկնալ տնտեսական փոխանակության տարրական օրենքները։ Հայ կամ վրացի գյուղացին՝ ծախելով իր ձմերուկն ու վարունգը՝ կուզեր գնել կերպաս եւ շաքար, ուստի ստիպված էր բարձր գնով վաճառել իր աշխատանքի արդյունքը։
...Որպես քաղաքագլուխ ես պետք է պաշտպանեի ազատ առեւտրի սկզբունքը, բայց մյուս կողմեն՝ կհասկնայի նաեւ անոթի կիներու եւ երեխաներու զայրույթը»։
(Ալեքսանդր Խատիսյան, «Քաղաքապետի մը յիշատակները», Բեյրութ, 1991թ.)
Խատիսյանի կնիքը
Ալեքսանդր Խատիսյանի անձնական կնիքը պահվում է Երեւանում՝ ՀՅԴ պատմության թանգարանում: Գլոբուս հիշեցնող կնիքը Խատիսյանն օգտագործել է անձնական նամակագրության ժամանակ:
Կազակների եւ կովկասցիների բախումները
1917թ. բոլշեւիկյան հեղաշրջումից հետո պարենային խնդիրը ոչ միայն չի լուծվում, այլեւ ավելի է բարդանում։ Անդրկովկաս էին տեղափոխվում հարյուր հազարավոր զինվորներ ու փախստականներ։ Նոյեմբերի կեսերին Հյուսիսային Կովկասում սկսվում են կազակների եւ տեղի ժողովուրդների բախումները, ինչի հետեւանքով խափանվում է երկաթուղային հաղորդակցությունը. Անդրկովկասը կանգնում է սովի սպառնալիքի առջեւ։ Թիֆլիսի քաղաքային վարչությունը 1917թ. նոյեմբերի 30-ին դիմում է բնակչությանը՝ խնդրելով անցնել խնայողության խստագույն ռեժիմի, քանի որ ստեղծված պայմաններում այլ ելք չկար։
Քաղաքային իշխանությունները սահմանում են հացի մատակարարման նոր՝ ավելի փոքր չափաբաժին։ «Նոյեմբերի 29-ից սկսած, մինչեւ որ դրությունը կբարվոքվի, ազգաբնակության յուրաքանչյուր հոգուն կտրվի 3/8 ֆ. հաց եւ ¼ ֆ. պաքսիմատ (170 գրամ հաց եւ 113 գրամ պաքսիմատ): Քաղաքային Դուման եւ Պարենավորիչ կազմակերպությունները կոչ են անում ձեզ անդորրությամբ հանդիպել եւ այդ նոր ու ծանր փորձության եւ այդպիսով կատարել քաղաքացու հեղափոխական պարտքը»։
«Տեղերում հաց ճարելու ոչ մի հնարավորություն չկա։ Պարենավորման խանութները ամբողջ գավառում ոչինչ բաց չեն թողնում։ Դրությունը սարսափելի է»
Դրությունը հատկապես ծանր էր հազարավոր փախստականների համար. այդ օրերի հայկական մամուլը մտահոգիչ հեռագրեր էր ստանում տարբեր շրջաններից։ «Էջմիածնի գավառի փախստականները բառիս բուն նշանակությամբ քաղցած են։ Գյուղերում եղել են սովամահության դեպքեր։ Տեղերում հաց ճարելու ոչ մի հնարավորություն չկա։ Պարենավորման խանութները ամբողջ գավառում ոչինչ բաց չեն թողնում։ Դրությունը սարսափելի է»։
1917թ. դեկտեմբերի 12-ին Կովկասի զինվորական գործերի կոմիսար Դոնսկոյը հեռագրում էր Հյուսիսային Կովկաս՝ ատաման Կարաուլովին, որ Գուդերմեսում, Գրոզնիում, Խասավ-Յուրտում խաղաղություն հաստատելու խոստումները իրականություն չեն դառնում։ Գրոզնիի նավթահորերի բանվորները հեռանում են քաղաքից, ինչը սպառնում է բոլորովին կանգնեցնել երկաթուղային երթեւեկությունը։
Կատարյալ քաոս
Թալանը, ավազակությունը, սպանությունը, եւ ընդհանրապես, անապահովությունը դարձել էր բնակչության կյանքի անբաժան մասը։ Չկար մի շրջան ամբողջ Անդրկովկասում, որտեղից չստացվեին գողության ու բռնությունների մասին հաղորդագրություններ։ «Ավերվում է Մուղանը եւ սրի են քաշվում գյուղական երկրագործներն անխտիր. ավազակության եւ մարդասպանության վայր է դառնում Զաքաթալան եւ նրա հարուստ շրջանը, փոթորկվում եւ ավազակության վայր է դառնում Երեւանյան նահանգը»,- գրում էր «Մշակը» 1917թ. դեկտեմբերի 17-ին։
«Երեկվա ավազակը այսօր ընտրված է գյուղական կոմիսար, կամ նստած է կոմիտեի կազմի մեջ»
Զանգեզուրի գավառական կոմիտեի քարտուղար Տիգրան Սազանդարյանը դեկտեմբերի սկզբին հաղորդում էր, որ շրջանում կատարյալ քաոս է՝ ավազակությունը, ալան-թալանը այնպիսի չափեր է ստացել, որ «մարդ մնում է շվարած։ Գավառի ամեն անկյունից Գորիս են դիմում գանգատվելու։ Գյուղերում անմխիթար դրություն է. երեկվա ավազակը այսօր ընտրված է գյուղական կոմիսար, կամ նստած է կոմիտեի կազմի մեջ»։ Աշխատավարձ չստանալու պատճառով աշխատանքից ազատվել էին բազմաթիվ միլիցիոներներ։
«Հորիզոն» թերթը գրում էր, որ երբեմն ավազակությունն ունենում է ոչ թե կենցաղային, այլ քաղաքական, նույնիսկ՝ ռազմական նպատակներ։ «Արարատի քրդական հարձակումները, շահսեւանների արյունոտ արշավանքը դեպի Մուղան, Մակու սարդարի պատրաստած գիշատիչ խմբերը,- դրանք բոլորը առաջապահներն են տաճկական ու գերմանական բանակների եւ նպատակ ունեն ռուսական զորքի թիկունքում խառնակություններ առաջ բերել։
...Ավազակախմբերը այն միջոցն են, որով թշնամին զինադադարի շրջանում աշխատում է թուլացնել իր հակառակորդի ուժերը, որպեսզի բանակցությունների ձախորդ ելնելու դեպքում իր առջեւն ունենա պակաս դիմադրություն»,- նշում էր թերթը։
Մշակ, 2 դեկտեմբերի 1917թ. թիվ 257.
«Նոյեմբերի 30-ի գիշերվա ժամը 1-ին փողոցներում ու պալատի շուրջը սկսեցին խմբվել կարմիր գվարդիայի զինված խմբեր եւ առանձին զորամասեր։ Առանձնապես պահպանվում էր պալատը, պոստ-հեռագիրը, պետական բանկը եւ ուրիշ կարեւոր նշանակություն ունեցող հիմնարկներ։ Պալատի առջեւ, բացի գվարդիականները եւ զորքերը, հսկում էին եւ ավտոմոբիլներ՝ զինված խմբերով։
Նույն գիշերը, երբ դեռ արսենալը գտնվում էր բոլշեւիկների ձեռքին, այնտեղ գնացին մի քանի կուսակցությունների եւ խմբերի ներկայացուցիչներ եւ պահանջեցին հրացան տալ։ Բոլշեւիկները մերժեցին։ Դրանից հետո, գիշերվա ժամը 1-ին, ինչպես հայտնում են, վրացական եւ հայկական զորամասերը եկան եւ առանց որեւէ արգելքի գրավեցին արսենալը։
Նույն օրը առավոտյան, չնայած գիշերվա անցքերին, քաղաքը միանգամայն հանգիստ էր. հիմնարկությունները, դպրոցները եւ բոլոր խանութները բաց էին, կյանքն ընթանում է սովորականի պես։ Բայց առավոտյան 9 ½-ին մոտ արսենալի կողմից լսելի եղան ուժեղ հրազարկեր, որ տեւեց 15 րոպե։ Հրաձգության ձայները լսվում էին Մախաթի սարի եւ Ներսիսյան դպրոցի նոր շենքի կողմից։
Միառժամանակ ընդհատվելուց հետո հրազարկերը նորից սկսվեցին։ Թե ովքեր էին կրակողները, նույն օրը հայտնի չեղավ։ Ականատեսները պատմում են, որ դրանք մի խումբ բոլշեւիկ զինվորներ են եղել, որ կրակ են բացել դիրք բռնող բոլշեւիկների դեմ»։
Հրաձգությունը խուճապ է առաջացնում քաղաքում, մարդիկ սկսում են փախչել, խանութներն ու դպրոցները փակվում են։
Ռազմական դրություն
Բանվորական, զինվորական եւ գյուղացիական խորհուրդների կենտրոնի որոշման հիման վրա եւ Անդրկովկասյան Կոմիսարիատի համաձայնությամբ Թիֆլիսի խորհրդի գործադիր կոմիտեն ռազմական դրություն է հայտարարում քաղաքում, որի նպատակն էր կանխել սադրանքները, զորամասերի միջեւ հնարավոր բախումները եւ ապահովել բնակչության անվտանգությունը։ Ռազմական դրության պայմաններում արգելվում էր փողոցներում հավաքներ ու ժողովներ անցկացնելը, ինչպես նաեւ ազգամիջյան բախումներ հրահրող ելույթներ ունենալը, թռուցիկներ տարածելը։
Այս դեպքերի հետեւանքով աշխատանքը դադարեցնում եւ գործադուլ են սկսում Թիֆլիսի գրաշարները, եւ մինչեւ դեկտեմբերի 9-ը քաղաքում ոչ մի թերթ լույս չի տեսնում։
Առաջին անհրաժեշտության ապրանքների բացակայությունն ու թանկությունը հարկադրում է Անդրկովկասի Կոմիսարիատին դիմել կտրուկ քայլերի։ Դեկտեմբերի կեսերին որոշվում է բռնագրավել պարենամթերքը եւ շատ էժան գնով վաճառել քաղաքացիներին։ Միաժամանակ, պարենի վարչությունը սահմանում է կենսական նշանակություն ունեցող ապրանքների գները, որից ավելի թանկ վաճառելը պատժվում էր օրենքով։
Թիֆլիսի Պարենավորման վարչությունն, իր հերթին, դիմում էր քաղաքի բնակիչներին, խնդրելով խիստ խնայողություն անել, եւ մթերքի լրացուցիչ կտրոններ ձեռք բերելու համար չդիմել խաբեության։ «Բոլոր քաղաքացիների մեջ մթերքը հավասարաչափ եւ արդարացի բաժանելու նպատակով մտցված է քարտային սիստեմ։ Այնուամենայնիվ, գտնվում են անձինք, որոնք ժողովրդական ընդհանուր թշվառության հետ չեն կարողանում հարմարվել եւ դիմում են չարագործությունների, որպեսզի ավելորդ քարտ ունենան։ Սրանով նրանք խլում են ուրիշների բաժինը»,- ասված էր հայտարարության մեջ։
***