Գրեթե 7 ամիս աշխատելուց եւ բազմաթիվ հուսադրող խոստումներից հետո 1919թ. հուլիսին Փարիզի խորհրդաժողովը Հայկական հարցի լուծման ուղղությամբ գործնական քայլեր դեռ չէր ձեռնարկել։
Ավելին՝ դեռեւս գարնանն ակտիվ խոսակցություններ են տարածվում, թե բրիտանական զինվորականները պետք է հեռանան Հայաստանից։ Անգլիացիները նաեւ հրաժարվել էին ընդունել Հայաստանի մանդատը։
Հուլիսին տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ Հայաստանի մանդատը ստանձնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինչը մեծ ոգեւորություն է առաջացնում հայկական շրջանակում։
Հայաստանի վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը 1919թ. օգոստոսի 7-ին խորհրդարանում ներկայացնում է կառավարության ծրագիրը։ Ընդգծելով հայ ժողովրդի առջեւ ծառացած տնտեսական, քաղաքական, ռազմական մարտահրավերները՝ Խատիսյանը խոսում է նաեւ միջազգային հարաբերություններում տիրող դրության մասին։ Նա նշում էր, որ Փարիզի հաշտության համաժողովի աշխատանքները դանդաղել են, եւ «մինչեւ այժմ ոչ մի պաշտոնական որոշում չի կայացվել Հայաստանի անկախության ճանաչման եւ սահմանների որոշման վերաբերյալ»։
Խատիսյանը նաեւ պատգամավորներին հայտնում էր, որ բրիտանական զորքերն օգոստոսի 15-ին հեռանալու են։ Ուստի, ըստ վարչապետի, թեեւ Հայաստանի Հանրապետությունը շարունակում էր հավատարիմ լինել դաշնակիցների վարած քաղաքականությանը, սակայն պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատեր հարեւան պետությունների հետ։ Նշանակում էր, որ Հայաստանը փորձելու էր սահմանային բարդ ու հակասական հարցերը կարգավորել հարեւան պետությունների հետ ուղիղ բանակցությունների միջոցով:
Հասքելի ժամանումը
Շուտով հայտնի է դառնում, որ Փարիզի վեհաժողովի կողմից Հայաստանի բարձրագույն կոմիսար է նշանակվել ամերիկյան գնդապետ Հասքելը, որն օգոստոսի սկզբին ուղեւորվում է Կովկաս։ Առաջ է գալիս կարեւոր մի հարց. ի՞նչ նպատակով եւ ի՞նչ լիազորություններով է գալիս ամերիկյան գնդապետը։ Դեռեւս Սոֆիայում, հանդիպելով հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք «խանդավառ ընդունելություն էին ցուցաբերել» ամերիկյան գնդապետին, Հասքելն ասել էր, որ Հայաստանում ինքը նախ կարգավորելու է Անդրկովկասի երեք հանրապետության սահմանների հարցը, ապա զբաղվելու է արեւմտահայ գաղթականներին իրենց հայրենիք՝ Թուրքահայաստան տեղափոխելու հարցերով։
Օգոստոսի 20-ին Հասքելը գնացքով հասնում է Ղարաքիլիսա։ Առավոտյան ժամը 8-ին կայարանում նրան դիմավորում են քաղաքի ներկայացուցիչները, զինվորական ու միլիցիայի պահակախմբերը եւ բազմաթիվ քաղաքացիներ։
Օգոստոսի 21-ի առավոտյան Հասքելն արդեն Երեւանում էր։ Մայրաքաղաքում նրա ընդունելությունն ավելի ճոխ էր՝ քաղաքի կենտրոնական փողոցների տները զարդարված էին ծաղիկներով ու գորգերով։ Կայարանում նրան դիմավորում են վարչապետը, բոլոր նախարարները, խորհրդարանի նախագահը, բարձրաստիճան զինվորականներ, պատգամավորներ, Անգլիայի, Ֆրանսիայի եւ Ամերիկայի դիվանագիտական ներկայացուցիչները։ Զինվորական նվագախումբը Հասքելի մոտենալուն պես նվագում է «Մեր հայրենիքը»։
«Աշխատանք», 23 օգոստոսի, 1919թ., թիվ 60
«Վարչապետ Ա. Խատիսյանը ողջունեց նրան մի հակիրճ ճառով եւ մի ծաղկեփունջ մատուցեց տիկին Հասքելին: Այնուհետեւ շքերթը քաղաքապետ Շահխաթունու ղեկավարությամբ ճանապարհ ընկավ դեպի քաղաք հետեւյալ կարգով՝ առջեւից գնում էին Սասունի ու Շատախի տարազներով ձիավորներ, դաշնակից պետությունների դրոշակներով, ապա Բարձրագույն կոմիսարի ինքնաշարժը, որին հետեւում էր վարչապետինը: Քաղաքային ինքնավարության մոտ շարված էին որբերը, պսակված թարմ կանաչ պսակներով: Աստաֆյան փողոցը լի էր բազմահազար ամբոխով: Բարձրագույն կոմիսարի բնակարանի առաջ կանգնած էին Երեւանի պահակազորն անգլիական ու համքարներն իրենց դրոշակներով»:
Նախնական տեղեկություններով՝ Հասքելը Երեւանում պետք է մնար երեք օր, ապա մեկներ Թիֆլիս, որտեղից վերադառնալու էր մի խումբ սպաների հետ։ Գնդապետը հաղորդել էր, որ ձեռք բերած տեղեկությունները հեռագրելու է Փարիզ, իսկ մինչեւ ամերիկյան մանդատի վերջնական հաստատումը, զբաղվելու էր «հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը ապահովելով»։ Բացի այդ, Հասքելն ասել էր, որ առաջիկայում Հայաստան է ժամանելու ամերիկյան գեներալ Հարբորդը, որն ուսումնասիրելու էր երկրում ստեղծված դրությունը եւ անհրաժեշտ զորախմբի թվակազմի առաջարկներ էր ներկայացնելու։
«Օգնիր քեզ, որ ես ալ օգնեմ»
Հայաստանի քաղաքական ուժերը հիմնականում մեծ ոգեւորությամբ էին սպասում ամերիկացի գնդապետի այցելությանը։ Հայ ժողովրդական կուսակցության պաշտոնաթերթ «Ժողովուրդը» գնդապետի այցելությունից մի քանի օր առաջ կոչ էր անում քաղաքացիներին «պատրաստվել մեծ շուքով տոնելու Հայաստանի Գերագույն Կոմիսարի մուտքը Հայաստան», ում օգնությամբ «մենք պետք է շինենք ազատ Հայաստանը եւ տեսնենք եվրոպական կուլտուրայի բարիքները»։
Ավելի զուսպ էին ՀՅԴ պաշտոնաթերթ «Աշխատանքի» գնահատականները։ Օգոստոսի 23-ին խմբագիր Հմայակ Մանուկյանը գրում էր, որ առանց ներքին ուժերի լարումի, առանց կազմակերպչական մեծ ջանքերի ամերիկացի գնդապետի քայլերը էական օգուտ չեն կարող տալ։ «Եթե մենք կուզենք չհիասթափվիլ մեր հույսերուն մեջ, պարտավոր ենք ամենեն առաջ մեր սեփական կարողությունները ի հայտ բերել, մեր պետական-վարչական ու զինվորական ուժերը հասցնել իրենց լրությանը: ...Հասքելի առաքելությունը ահա այս հիմնական սկզբունքին վրա հիմնված է - օգնիր քեզ, որ ես ալ օգնեմ: Հոյակապ սկզբունք, որ միայն բնավ հիասթափություն չի պատճառեր»։
Հայաստանի քաղաքական կուսակցություններից թերեւս միայն սոցիալիստ-հեղափոխականներն էին, որ արտաքին քաղաքական այլ կողմնորոշում էին առաջարկում։ Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ էսէռ Արշամ Խոնդկարյանը, անդրադառնալով Խատիսյանի այն մտքին, թե Խաղաղության համաժողովը ձգձգում է հայկական հարցի լուծումը, առաջարկում էր առավել մեծ ուշադրություն դարձնել Ռուսաստանի հետ հարաբերություններին։
«Քանի որ մինչեւ այժմս Ամերիկա չկա, իսկ անգլիացիներն էլ չեն ապահովում մեզ, ուստի մեզ մնում է ավելի շուտ առավելություն տալ Ռուսաստանի հովանավորության, քանի որ մեր եւ Ռուսաստանի մեջ տնտեսական շահերի ընդհանուր նմանություն եւ տերիտորիալ անմիջականություն կա: Հայաստանը պետք է դաշնակցական կապերով կապվի Ռուսաստանի հետ»,- ասում էր Խոնդկարյանը:
Հասքելի խորհուրդը հայերին
Օգոստոսի 22-ին գնդապետ Հասքելն այցելում է Հայաստանի խորհրդարան, որտեղ պատգամավորները հոտնկայս եւ բուռն ծափահարություններով դիմավորում են նրան։ Ելույթ է ունենում նախագահող Հովսեփ Արղությանը՝ ասելով, որ գնդապետը այցելել է Հայաստան այն օրերին, երբ հայ ժողովուրդը «անողորմ թշնամու շնորհիվ աղքատացել է, զրկվել իր նյութական հարստությունից, ժառանգելով տասնյակ հազար որբերի, հիվանդների, հարյուր հազար սովյալների ծանր հոգատարությունը»։ Նա ասում է, որ Հայաստանը կկարողանար ինքնուրույն վերականգնել իր ուժերը, եթե հարեւան պետությունները, մասնավորապես՝ Թուրքիան, չշարունակեր հակահայկական գործելակերպը։ Այստեղ Արղությանն ակնարկում էր թաթարական ապստամբություններին թուրքական սպաների ու գործակալների աջակցությունը, որն այդ օրերին դարձել էր Հայաստանի Հանրապետության ամենամեծ ու ծանր խնդիրը։ Արղությանը կրկնում է կառավարության ղեկավարի՝ նախկինում ասած այն միտքը, որ դաշնակիցները չեն շտապում լուծում տալ Հայաստանի խնդրին, ինչի հետեւանքով Թուրքիայի հակահայկական գործունեությունն ավելի ու ավելի համարձակ է դառնում։
Գնդապետ Հասքելն իր ելույթում առանձնացնում է մի քանի կարեւոր տեղեկություն, որոնք ավելի մեծ հստակություն են սփռում նրա գործունեության եւ ամերիկյան մանդատի հարցում։ Նա հայտնում է, որ Ամերիկայի մանդատը կարող է կիրառվել միայն Սենատի կողմից վավերացվելուց հետո։ Հասքելն անդրադառնում է նաեւ բրիտանական զորքերի դուրս բերմանը՝ ասելով, որ ինքն անձամբ խոսել է Ֆրանսիայի վարչապետ Կլեմանսոյի եւ բրիտանական հրամանատարության ներկայացուցիչների հետ եւ խնդրել հետաձգել անգլիական զորքերի դուրսբերումը։
«Կասկած չկա, որ պետք է զինվորական ուժ, դաշնակից զորք, ոչ թե Վրաստանից կամ Ադրբեջանից վերցնել այն, ինչ նրանցն է, այլ պահպանել այն սահմանները, որոնք հայտնի են: Ես խնդրել եմ անգլիական ուժերին, որ ժամանակավորապես անգլիական զինվորները մնան մինչեւ փոխարինվելը, որպեսզի մանր ազգությունների միջեւ տեղի ունեցող մանր ընդհարումները հարթվեն: ...Մեծ հույս ունեմ, որ իմ խնդիրը կհարգվի, իսկ նրանց հեռանալու դեպքում էլ մեզ մնում է մտածել որեւէ զորքով փոխարինելու նրանց»։
Անդրադառնալով Ադրբեջանի գործողություններին՝ Հասքելն ընդունում է, որ նրանք խախտել են անգլիական հրամանատարության կարգադրությունը, եւ ինքը Թիֆլիսում այդ հարցով զրուցելու է ադրբեջանական ներկայացուցիչների հետ։
Ուշագրավ է նաեւ Հասքելի խորհուրդը հայերին, թե պետք չէ ուշադրություն դարձնել սահմանային դեպքերին, տարածքային կորուստներին, միեւնույն է, Խաղաղության վեհաժողովի կողմից սահմանները հստակեցնելուց հետո դրանք կրկին անցնելու են Հայաստանին։
Շուտով գնդապետ Հասքելը սկսում է ակտիվ աշխատել, եւ նրա առաջին քայլերից է լինում Նախիջեւանում չեզոք գոտու կազմակերպումը, որը բաժանում էր հայկական եւ թաթարական ուժերը։
***