«...Ինձ ապշեցրեց լռությունը։ Այդպիսի սարսափելի, արհեստական լռություն ես երբեւէ չէի զգացել։ Հանկարծ թվում է, թե լռությունը մռթմռթում է. քարերը շնկշնկում են, շարժվում ու սոսափում են, եւ մազերդ բիզ-բիզ են կանգնում։ 1920 թվականի մարտին այստեղ երեք օրում ավերել ու կրակի են մատնել 7000 տուն, ու մորթել են՝ ոմանք ասում են 3-4 հազար հայ, ոմանք՝ 12 հազարից ավելի։ Փաստ է, որ 35 հազար հայերից Շուշիում ոչ ոք չէր մնացել։ Ինչ-որ տեղ առվում դեռ կարելի է տեսնել կանացի մազափնջեր՝ լերդացած սեւ արյունով պատված։ Երեւակայություն ունեցող մարդն այստեղ դժվար է շնչում. քայլում ես, քայլում, քայլում համատարած ածխացած շենքերի շարքով, ավելի ճիշտ՝ պատերի կտորներով, շտապում ես, վախենում, թե երբեք դուրս չես գա...»

Այսպես է նկարագրել Շուշի քաղաքը Մարիետա Շահինյանը 1920թ. մարտի ջարդերից տարիներ հետո։ Ադրբեջանցիները նահանգապետ Սուլթանովի հրահանգով մահմեդական Ամանորի օրերին անսպասելի գրոհում են քաղաքի հայկական թաղամասը։ Չկարողանալով կազմակերպել պաշտպանությունը՝ հայերը անկանոն նահանջում են, ինչի հետեւանքով հազարավոր մարդիկ դառնում են կատաղած ամբոխի զոհը։

1920թ. մարտի սկզբին Ղարաբաղի հայերի 8-րդ համագումարը մերժել էր Ադրբեջանի իշխանությունն ընդունելու Սուլթանովի պահանջը եւ հայտարարել, որ նախկինում ձեռք բերված համաձայնությունը խախտելու դեպքում իրենք դիմելու են ինքնապաշտպանության։ Ադրբեջանցիները, տեսնելով, որ չեն կարողանում ընկճել Ղարաբաղի հայության վճռականությունը, որոշում են դիմել զենքի։ Մարտի ընթացքում Ղարաբաղի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Շուշիում, մեծ ուժեր են կենտրոնացվում։ Մարտի 20-ին Սուլթանովը երեք օր է տալիս հայերին զենքը հանձնելու համար, որի մերժումն էլ դառնում է հարձակման առիթը։

Հայերը փորձում են կազմակերպել պաշտպանությունը, սակայն անհրաժեշտ քայլերը սկսում են ձեռնարկել ուշացած եւ ադրբեջանական հերթական հարձակման ժամանակ բավարար ուժեր չեն ունենում։ Բացի դրանից, 8-րդ համագումարը վեր հանեց հայերի շրջանում առկա տարաձայնությունները, ինչն էապես ազդում էր ինքնապաշտպանության կազմակերպման վրա։

Սուլթանովի հրամանով

Սուլթանովի որոշմամբ մարտի 1-ից Շուշիի բնակիչներին արգելվում է դուրս գալ քաղաքից։ Ցուցակագրվում են բոլոր հայ սպաները, որոնք կարող էին գնալ շրջաններ եւ կազմակերպել ինքնապաշտպանությունը։ Մարտի 3-ին Շուշիի բանտից փախչում է 7 բանտարկյալ, որոնցից 3-ը հայ էին։ Հանցագործներին գտնելու համար Սուլթանովը երեք օր ժամանակ է տալիս։ Հայկական ինքնապաշտպանական մարմինը կարողանում է կալանավորել նրանցից մի քանիսին եւ հանձնել իշխանությանը անսպասելի հարձակման պատրվակ չստեղծելու նպատակով։ Նույն օրերին Սուլթանովի հրամանով քաղաքի հայկական թաղամասերի մի շարք տներում տեղավորվում են ադրբեջանական բանակի սպաները։ Վերջին դրվագը, որը ցույց է տալիս, որ Շուշիի հայերի կոտորածը նախապես կազմակերպված հանցագործություն էր, մարտի 12-ին Հաջի-Սամլուից Շուշի կանչված Սուլթանովին հավատարիմ մոտ 150 թաթարն էր։ Հարկ է ուշադրություն դարձնել նաեւ այն փաստին, որ Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների հետ միաժամանակ կտրուկ ակտիվանում են հակահայկական գործողություններն Ադրբեջանի գրեթե ողջ տարածքում եւ Հայաստանի Հանրապետության թաթարաբնակ շրջաններում։

1920 թվականի մարտին կրկին ապստամբություն են բարձրացնում Բոյուք-Վեդիի եւ Զանգիբասարի թաթարները, իսկ Գանձակում, Հյուսիսային Արցախում եւ այլ շրջաններում հայերի տեղային ջարդեր են սկսվում։

Մարտի 22-ի առավոտյան

Ստանալով զինաթափվելու մերժումը՝ ադրբեջանական զինվորականները Շուշիում մարտի 22-ի առավոտյան սկսում են հայերի տների խուզարկությունը։

 

«Նոր աշխատավոր», 16 ապրիլի, 1920թ., թիվ 10

«Մարտի 22-ի առավոտուց Սուլթանովի հրամանով զինվորական պահակները սկսում են շրջել հայկական մասը եւ բնակարանները խուզարկել։ Այսպիսի մի պահակ թուրք սպայի գլխավորությամբ ներս է խուժում մի հայ ընտանիք եւ պահանջում զենքը։ Տաքարյուն հայ երիտասարդի ներկայությամբ թուրք սպան գոռոզ տոնով քստմնելի առաջարկություն է անում երիտասարդի գեղեցիկ հարսին եւ կամենում նրան ձեռք տալ։ Երիտասարդը չհանդուրժելով նման խայտառակություն, ատրճանակով տեղն ու տեղը գնդակահարում է սպային։ Ասկյարները, ի պատասխան սպանում են երիտասարդին, նրա հարսին, մորը, քրոջը եւ աղաղակներով դուրս ելնում, թրքական ուժերին հավարի կանչում, թե հայերը կոտորում են թուրքերին։ Սկսում են հրաձգել հայերի տները եւ այդպիսով կոտորածը սկսվում է»։

Ղարաբաղի ինքնապաշտպանության մարմնի անդամ Արսեն Միքայելյանի վկայությամբ Շուշիում կար շուրջ 400-հոգանոց հայկական զինուժ, որը պետք է կարողանար գոնե մասամբ ապահովել քաղաքի պաշտպանությունը։ Նա նշում է, որ քաղաք էր ուղարկվել նաեւ Վարանդայի երկու ոստիկանապետը 90 զինված մարդկանցով եւ մոտակա գյուղերից շուրջ 160 զինված գյուղացի։

«Քաղաքը, սակայն, չի կարողանում օգտագործել այդ ուժերը։ Ինքնապաշտպանական մարմինը անգիտակ է իրերի կացության... Ներս մտնող օգնական ուժերը գործում են ինքնագլուխ, իսկ քաղաքի ազգաբնակության մեկ մասը, գլխավորապես Ադրբեջանի կողմնակիցները, գլխավորությամբ հայտնի ռուսամոլ եւ թուրքամոլ Գիգի աղայի, սկսում են խանգարել՝ կարեւոր դիրքերը գրավելու եւ հայտարարում են, թե իրենք համաձայնել են Սուլթանովի հետ, որ հայկական կոտորած չպիտի լինի»,- գրում է Միքայելյանը (Արսեն Միքայելյան, Ղարաբաղի վերջին դեպքերը, Հայրենիք, 1923թ., թիվ 12, Բոստոն)։

Դիմադրությունը չուներ կազմակերպիչ

Ադրբեջանցիները այրում են հայերի տները, եւ շուտով կրակը տարածվում է հայկական թաղամասում։ Շուշիի ողբերգական դեպքերի մեկ այլ մասնակից՝ Զարեհ Մելիք-Շահնազարյանը, գրում է, որ քաղաքի հայկական թաղամասի ուղղությամբ փչող քամին արագորեն տարածում է հրդեհը։ Մարդկանց մի մասը, օգտվելով մառախուղից, շարժվում է դեպի Քարինտակի ճանապարհը, սակայն շատերը հավաքվում են Բեգլարյանենց ընդարձակ բակում, որտեղ Գիգի աղան կրկին հայտարարում է, թե Սուլթանովը ոչ ոքի ձեռք չի տալու։

Զարեհ Մելիք-Շահնազարյանն ու իր հինգ ընկերը հերոսական դիմադրությունից հետո հասնում են նշված տան մոտ, տեսնում բակում հավաքված մարդկանց եւ կոչ անում միանալ իրենց ու նահանջել դեպի Քարինտակ։

«Այդ նողկալի անձնավորությանը ես լավ էի ճանաչում, եւ պետք էր փրկել նրա դատարկախոսությանը հավատացող մարդկանց»:

«Չերքեզի խանութի մոտ, փռի կողքին մեզ ասացին, որ հարուստներից մեկի տանը կուտակվել են մեծ թվով տարհանվողներ, սակայն քաղաքի նախկին ղեկավար Գիգի աղան նրանց համոզում է մնալ բակում։ Իմ համբերությունը սպառվեց։ Այդ նողկալի անձնավորությանը ես լավ էի ճանաչում, եւ պետք էր փրկել նրա դատարկախոսությանը հավատացող մարդկանց։ Մենք բակ մտանք... Տեսնելով վեց զինված մարտիկների, Գիգի աղան մոտեցավ եւ հարցրեց, թե ինչ ենք ուզում։ Ես ասացի. «Մեր հրամանատարը ասել է բաց թողնել բոլոր փախստականներին, որոնց սպասում է Քարինտակի ճամփին։ Հրամանը պետք է կատարել»։ Լսելով իմ խոսքը՝ Գիգի աղան գլխարկը հանեց, գետնին զարկեց եւ դիմեց մարդկանց. «Պարոնայք, մի լսեք նրանց, ոչ մի տեղ մի գնացեք, ես կփրկեմ ձեզ»։

Զարեհին եւ նրա ընկերներին քչերն են հետեւում. մեծամասնությունը մնում է բակում, որտեղ էլ մի քանի ժամ անց նրանց բոլորին սպանում են։ Զարեհի հայրը՝ ինժեներ Սամսոն բեկ Մելիք-Շահնազարյանը, Ղարաբաղի ռազմական խորհրդի անդամ էր եւ մասնակցել էր ինքնապաշտպանական մարտերին։ Շուշիի ջարդերից մի քանի օր առաջ նա ծանր վիրավորվել էր եւ մահացել։ Մարտի 23-ին՝ կրակոցների ձայները լսելուց հետո, 17-ամյա Զարեհը իր չորս ընկերոջ հետ համառ դիմադրություն է կազմակերպում։ Փոխհրաձգության ժամանակ սպանվում են Զարեհի մորաքույրը, փոքր եղբայրը՝ մոր գրկում։ Զարեհը մորը եւ մյուս հարազատներին ուղեկցում է մինչեւ Քարինտակի ճանապարհը, ապա վերադառնում եւ մի քանի ժամ շարունակ դարանակալում ու ոչնչացնում ադրբեջանական հրոսակների բազմաթիվ անդամների։ Այդ համառ դիմադրության նկարագրությունը նույնպես ցույց է տալիս, որ դիմադրությունը չուներ կազմակերպիչ, եւ նույնիսկ մի քանի տուն հեռավորությամբ դիրքավորված հայերը միմյանցից անտեղյակ էին։

«Երբ մենք դուրս եկանք Գիգի աղայի բակից, որտեղ մեծ թվով մարդիկ էին հավաքվել, քաղաքի հոգեվարքը շարունակվում էր։ Մենք տեսնում էինք մթնշաղին երկար շարանով հեռացող շուշեցիներին, որոնք շարժվում էին դեպի Քարինտակ... Ողջ մնացածները թողեցին մեռնող «Փոքրիկ հայկական Փարիզը», ինչպես շատերը կոչում էին Շուշին»,- գրում է Զարեհ Մելիք-Շահնազարյանը (Зарэ Мелик-Шахназаров, Записки карабахского солдата (Воспоминания участника событий 1918-20 гг. в Нагорном Карабахе), Москва, 1995.)

Թալանը

Հայերին ոչնչացնելուց եւ քաղաքից հեռացնելուց հետո սկսվում է թալանը։ Ադրբեջանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Մարտիրոս Հարությունյանը 1920թ. ապրիլի 16-ին Խատիսյանին գրում էր, թե ինչ են պատմում Շուշիի դեպքերի մասին հենց իրենք՝ թաթարները.

«Մեր կողմերում այլեւս ոչ մի հայ չեք գտնիլ եւ ոչ էլ այնպիսի թուրքի կարող եք հանդիպել, որ հարյուր հազարից պակաս թալան բերած լինի։ Այնպես մարդ կա, որ մեկ միլիոնից ավելի ապրանք է բերել, բոլորը եղան մեկ դասակարգի։ Ոչ հարուստ կա, ոչ չունեւոր, բոլորը հավասարվեցին» (Հայերի կոտորածները Բաքվի եւ Ելիզավետպոլի նահանգներում 1918-1920թթ., Երեւան, 2003)։

Շուշիի հայկական թաղամասի ավերակները պահպանվում էին տասնամյակներ. խորհրդային կարգերի հաստատումից հետո Ադրբեջանի իշխանությունները քաղաքը թողել էին բախտի քմահաճույքին։ Օսիպ Մանդելշտամի կինը՝ Նադեժդան, ջարդերից գրեթե մեկ տասնամյակ անց գրում էր, որ քաղաքում «երկու շարքով առանց տանիքի, պատուհանի տներ էին, որտեղից երեւում էին դատարկ սենյակները, հազվադեպ՝ պաստառների կտորներ, կիսաքանդ վառարաններ, երբեմն՝ կոտրտված կահույքի մնացորդներ»։

Շուշիի հայկական թաղամասի ավերակները պահպանվեցին մինչեւ 1950-ական թվականների վերջը, երբ Ադրբեջանի իշխանությունները նոր շենքերի կառուցման պատրվակով վերացրին բարբարոսության վկայությունները։

 

***

 

Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար: