Բոլշեւիկյան առաջնորդները համաշխարհային հեղափոխության իրականացման ճանապարհին կարեւոր նշանակություն էին տալիս Արեւելքի մահմեդական ժողովուրդներին՝ առաջին հերթին նկատի ունենալով թուրքերին։

1917թ. վերջին թուրքական բանակը Միջագետքում կռվում էր Մեծ Բրիտանիայի դեմ, ու չնայած անգլիացիների հաջողություններին, բոլշեւիկների համար թուրքերը համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարող առաջամարտիկներ էին։ Թուրքերը լավ հասկանում էին, թե ինչ օգուտ կարող են քաղել բոլշեւիկների բարյացակամ վերաբերմունքից եւ հաճույքով համագործակցում էին նրանց հետ։

Թուրքիայի հանդեպ դրական վերաբերմունքը բոլշեւիկները բացահայտ ցուցաբերել էին դեռեւս մինչեւ հեղափոխությունը։ 1917թ. ամռանը, երբ Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության որոշումով ստեղծվում է Թուրքահայաստանի ինքնավարությունը եւ տասնյակ հազարավոր հայ գաղթականներ վերադառնում են իրենց հայրենի օջախները, Լենինը խիստ բացասաբար էր գնահատում Կերենսկու կառավարության այս գործելակերպը։

«Պարտավոր ենք զորքերը հեռացնել Հայաստանից»

«Մենք պարտավոր ենք անմիջապես գոհացնել ուկրաինացիներին ու ֆիններին, ապահովել նրանց եւ Ռուսաստանի բոլոր օտար ցեղերին կատարյալ ազատություն, մինչեւ անջատվելու իրավունքը։ Նույնը պետք է գործադրենք ամբողջ Հայաստանի վերաբերմամբ, պարտավոր ենք զորքերը հեռացնել Հայաստանից եւ մեր կողմից գրավված թուրքական հողերից»,- գրում էր Լենինը եւ պարզաբանում. - «Եթե վաղը Խորհուրդները ձեռք առնեն իշխանությունը, մենք կասենք՝ դո՛ւրս հանեցեք զորքերը Հայաստանից, այլապես կլինի խաբեություն»։ Այն օրերին բոլորը՝ թե՛ հայ հասարակական-քաղաքական ուժերը, թե՛ անգամ ռուսական իշխանության վերնախավը հիանալի հասկանում էին, որ ռուսական բանակի դուրսբերումը Արեւմտյան Հայաստանից նշանակելու էր հայ ժողովրդի նոր ցեղասպանություն կամ բռնագաղթ։

Սիմոն Վրացյանը նշում էր, որ բոլշեւիկները, հատկապես՝ Լենինը, մեծ նշանակություն էին տալիս համաշխարհային հեղափոխության պայքարին արեւելյան ժողովուրդների մասնակցությանը. ավելին՝ մահմեդականները վճռական դերակատարություն պետք է ունենային այդ պայքարում։

1917թ. դեկտեմբերին` դիմելով Մերձվոլգայի, Ղրիմի, Անդրկովկասի թաթարներին, Սիբիրի եւ Թուրքեստանի ղրղզներին ու սարթերին (մինչեւ 1917թ. այնպես էին կոչում ուզբեկներին եւ հարթավայրային տաջիկներին), չեչեններին եւ Կովկասի լեռնականներին, բոլշեւիկները հավատացնում էին, թե այսուհետեւ նրանք կարող են ազատորեն դավանել իրենց կրոնը ու կազմակերպել ազգային կյանքը։

«Թուրքիան բաժանելու եւ նրանից Հայաստանը «խլելու» պայմանագիրը ոչնչացված է ու պատռտված»

Իշխանությունը վերցնելուց անմիջապես հետո բոլշեւիկները հրապարակել էին Ցարական Ռուսաստանի գաղտնի համաձայնագրերը, որոնց թվում՝ Սայքս-Պիկոյի համաձայնագիրն էր, որով Անտանտի պետությունները պատերազմից հետո բաժանելու էին Օսմանյան Կայսրությունը։ Լենինը թուրքերին խոստանում էր, որ բոլշեւիկյան կառավարությունը հրաժարվում է նախկին իշխանության բոլոր պահանջներից։

«Մենք հայտնում ենք, թե գահընկեց ցարի գաղտնի պայմանագրերը Կ.Պոլիսը հափշտակելու մասին, վավերացված պաշտոնանկ եղած Կերենսկիից, ներկայումս պատառոտված են ու ոչնչացված: Ռուսական հանրապետությունը եւ ժողովրդական կոմիսարների խորհուրդը դեմ են ուրիշի հողերը հափշտակելուն. Կ. Պոլիսը պետք է մնա մահմեդականների ձեռքում:

Մենք հայտնում ենք, թե Պարսկաստանը բաժանելու պայմանագիրը պատռտված է ու ոչնչացված: Հենց որ դադարեն պատերազմական գործողությունները, զորքերը դուրս կհանվեն Պարսկաստանից եւ պարսիկներին կապահովվի իրենց վիճակը ազատորեն տնօրինելու իրավունք:

Մենք հայտնում ենք, թե Թուրքիան բաժանելու եւ նրանից Հայաստանը «խլելու» պայմանագիրը ոչնչացված է ու պատռտված: Հենց որ դադարեն պատերազմական գործողությունները, հայերին կապահովվի իրենց քաղաքական ազատությունը ազատորեն տնօրինելու իրավունք:

Տապալեցեք ուրեմն այդ հափշտակիչներին եւ ձեր երկրները ստրկացնողներին:

Ընկերներ, եղբայրներ, մեր դրոշակների վրա մենք կրում ենք աշխարհի ճնշված ժողովուրդների ազատագրումն:


Ռուսաստանի մահմեդականներ, Արեւելքի մահմեդականներ, աշխարհի վերածնության այդ ճանապարհին մենք սպասում ենք ձեզնից համակրանք ու աջակցություն:


Ազգային գործերի ժողովրդական կոմիսար՝ Ջուղաշվիլի (Ստալին)


Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ՝ Վ. Ուլյանով (Լենին)

«Թուրքահայաստանի մասին» դեկրետը

1917թ. դեկտեմբերի 29-ին ՌԽՖՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդն ընդունում է «Թուրքահայաստանի մասին» հայտնի դեկրետը, որի մշակման համար 1917թ. նոյեմբերին Լենինի հրամանով ստեղծվել էր հատուկ հանձնաժողով, որի անդամներն էին Ստալինը, Վառլամ Ավանեսովը (Սուրեն Մարտիրոսյան), Վահան Տերյանը, Լուկաշինը (Սարգիս Սրապիոնյան), էսէռ Պռոշ Պռոշյանը (գրող Պերճ Պռոշյանի որդին), մենշեւիկ Պավել Ակսելրոդը եւ դաշնակցական Ստեփան Զորյանը (Ռոստոմ)։

Հանձնաժողովը կարողանում է կարճ ժամանակում մշակել եւ խորհրդին ներկայացնել Թուրքահայաստանի մասին զեկույց եւ նախագիծ։ Զեկուցագրում, որի հիմնական կազմողը Վահան Տերյանն էր, նշված էր, որ Թուրքահայաստանում հայ ժողովուրդը, պատերազմի սկզբին ամենամեծ թիվն ունեցող ազգային խումբն էր, իսկ երիտթուրքերի կառավարությունը օգտվել է առաջին համաշխարհային պատերազմից, բնաջնջել հայերին, «որպեսզի դրանով մեկնընդմիշտ վերջ տար Հայաստանի վերաբերյալ հարցին»։ Հանձնաժողովի անդամները ցանկանում էին, որ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը դեկրետ հրապարակի եւ պաշտպանի արեւմտահայերի ազգային ինքնորոշման իրավունքը, ինչպես նաեւ երաշխիքներ ստեղծի Արեւմտյան Հայաստանի հայ ազգաբնակչության ինքնորոշման համար։ Ռուսական զորքերի մնալը Արեւմտյան Հայաստանում այդ երաշխիքների կարեւոր բաղադրիչներից էր։ Այս զեկուցագրի հիման վրա հանձնաժողովը կազմում է նաեւ «Թուրքահայաստանի մասին» դեկրետի նախագիծ, որտեղ ասված էր.

«Ժողովրդական կոմիսարների խորհուրդը հայտարարում է հայ ժողովրդին, որ Ռուսաստանի բանվորական եւ գյուղացիական կառավարությունը ամեն կերպ պաշտպանելու է հայերի ազգային լիակատար ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչեւ Թուրքահայաստանի տերիտորիայի վրա անկախ հայ պետության ստեղծումը, միաժամանակ ցույց կտա ամեն տեսակ աջակցություն» (Լ. Խուրշուդյան, «ՌՍՖՍՀ ժողովրդական կոմիսարների սովետի «Թուրքահայաստանի մասին» դեկրետը»)։

Նախագծով նաեւ առաջարկվում էր, որ «անհրաժեշտ քանակությամբ զորքերը թողնել Հայաստանի սահմաններին այնքան ժամանակ, մինչեւ Թուրքահայաստանի հայ բնակչությունը կկարողանա քվեարկությամբ վճռել անկախ Հայաստանի ներքին կարգը»։

Հետագա քննարկումներում, սակայն, նախագիծը փոփոխվում է, եւ 1917թ. դեկտեմբերի 29-ին ընդունվում, իսկ դեկտեմբերի 31-ին հրապարակվում է «Թուրքահայաստանի մասին» դեկրետը։ Հայերի համար ամենակարեւոր կետը՝ ռուսական զորքերի պահպանումը Թուրքահայաստանում դուրս է գալիս, միաժամանակ, դեկրետը կարեւոր գործառույթ է հատկացնում Կովկասի գործերի արտակարգ ժամանակավոր կոմիսար Ստեփան Շահումյանին, որին հանձնարարվում էր «ամեն տեսակ օգնություն ցույց տալ «Թուրքահայաստանի» բնակչությանը։

Տերյանը, Լենինը, Ստալինը եւ Շահումյանը

Տերյանը Դաշնակցության շատ գործիչների պես դեմ էր, որպեսզի ռուսական զորքերը դուրս բերվեն Թուրքահայաստանից: Այս հարցով Տերյանը դիմում է Լենինին եւ ստանում գոհացուցիչ պատասխան. «Նա շատ լավ վերաբերվեց, եւ պարզվեց, որ երբ ինքն ասում է՝ զորքերը հանել Հայաստանից, սրանով ուզում է ասել, թե երբ հայերը պահանջեն այդ, որպեսզի նրանց վրա ճնշում չլինի Ռուսիայի կողմից, եւ նրանք ստիպված չլինեն ռուսական օրիենտացիա ընդունել: Իսկ հայերի ապահովության համար, եթե նրանք այդ կամենան, նա բնավ դեմ չէ, որ մնան հարկավոր եղած զորամասերը»:

Սա Լենինի դիվանագիտական խորամանկ պատասխանն էր Տերյանին, իսկ ահա Ստալինն առանց վարանելու Տերյանի երեսին ասաց. «Մենք իսկույն եւեթ կկարգադրենք, որ զորքերը հեռանան...»: Սակայն երբ Տերյանը Ստալինին տալիս է Լենինի գրությունը, եւ նա կարդում է այն, բանաստեղծի վկայությամբ, Ստալինը արդեն այլ կերպ է խոսում:

Այս հարկադրված զիջումը Տերյանին, բնականաբար, Ստալինին դուր չի գալիս: Սակայն դա քիչ էր հուզում Տերյանին, որովհետեւ ինքն էլ բացասական կարծիք ուներ Ստալինի մասին: Շատ լավ հիշում էր, թե ինչ արհամարհական վերաբերմունք ուներ Իոսիֆի հանդեպ իր կողմից շատ հարգված Շահումյանը: Վերջինս իր այդ վերաբերմունքը բնավ չէր թաքցնում եւ բացահայտ ասում էր, որ 1905 թվականին իր ձերբակալության մատնիչը Ստալինն էր, քանի որ միայն նա գիտեր իր թաքնվելու վայրը: Մինչեւ վերջ Ստալինը կամ «Կոբան» Շահումյանի համար մնաց ցարական «օխրանկայի լրտես»։

Ժողովրդական Կոմիսարների խորհուրդը հայտարարում էր, որ Ռուսաստանի բանվորական եւ գյուղացիական կառավարությունը պաշտպանում է «Ռուսաստանի կողմից օկուպացված «Թուրքահայաստանի» հայերի ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչեւ լիակատար անկախություն», իսկ ինքնորոշման իրավունքի իրացումը հնարավոր էր մի շարք երաշխիքների դեպքում։ Դրանք էին.

«1. Զորքերի դուրս բերումը «Թուրքահայաստանից» եւ հայկական ժողովրդական միլիցիայի անհապաղ կազմակերպումը «Թուրքահայաստանի» բնակիչների անձնական ու գույքային անվտանգությունը ապահովելու նպատակով։


2. Տարբեր երկրներում ցրված գաղթական հայերի, ինչպես նաեւ վտարանդի հայերի անարգել վերադարձը «Թուրքահայաստանի» սահմանները։


3. Պատերազմի ժամանակ թուրքական իշխանությունների կողմից բռնի կերպով Թուրքիայի խորքերն արտաքսված հայերի անարգել վերադարձը «Թուրքահայաստանի» սահմանները, որի վրա Ժողովրդական Կոմիսարների Սովետը պետք է պնդի թուրքական իշխանությունների հետ ունենալիք խաղաղ բանակցությունների ժամանակ։


4. «Թուրքահայաստանի» ժամանակավոր Ժողովրդական Կառավարչության կազմակերպումը՝ դեմոկրատական հիմունքներով ընտրված Հայ ժողովրդի Դեպուտատների Սովետի ձեւով։


Ժողովրդական կոմիսարների սովետի նախագահ՝ Վ. Ուլյանով (Լենին)


Ազգությունների գործերի ժողովրդական կոմիսար՝ Ի. Ջուղաշվիլի (Ստալին)»

«Անհաճո գործ կատարել թուրքերի համար»

Սիմոն Վրացյանը գրում է, որ թե՛ Տերյանը, թե՛ Շահումյանը քաջ ծանոթ էին Թուրքահայաստանի դրությանը եւ հասկանում էին, որ «Հայաստանի ապահովության եւ ինքնորոշման հնարավորության միակ պայմանը այն օրերին ռուսական բանակի ներկայությունն էր, մինչեւ որ պատերազմը վերջանար եւ ստեղծվեր բնականոն վիճակ»։ Սակայն բոլշեւիկյան իշխանության համար առավել կարեւոր էր համաշխարհային հեղափոխությունն ու մահմեդական ժողովուրդների հետ բարեկամական հարաբերությունները։

«Պահել ռուսական բանակը Թուրքահայաստանում՝ պիտի նշանակեր անհաճո գործ կատարել թուրքերի համար, մինչդեռ, ինչպես կտեսնենք հետագային, Թուրքիան եւ իսլամ աշխարհը բոլշեւիկների աչքին մեծ կարեւորություն ունեին, եւ բոլշեւիկները արդեն բանակցության մեջ էին թուրքերի հետ»,- գրում էր Վրացյանը։

«Թուրքահայաստանի մասին» դեկրետը ոչինչ չի փոխում հայ ժողովրդի կյանքում` Բրեստ-Լիտովսկի բանակցությունները տապալվում են, եւ թուրքերն անցնում են հարձակման՝ իրար հետեւից գրավելով Արեւմտյան Հայաստանի հայկական բնակավայրերը։ Բոլշեւիկները, հետագայում նաեւ՝ խորհրդային պատմագրությունը «Թուրքահայաստանի մասին» դեկրետի չկայացման համար մեղադրում են գերմանացիներին՝ նշելով, որ նրանց պատճառով հնարավոր չեղավ հասնել հաշտության, եւ պատերազմը շարունակվեց։

 

***

 

Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը, Սոսսի Խանիկյանը

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար: