Հայաստանի առաջին հանրապետությունը գոյության ամբողջ ընթացքում ստիպված էր պայքարել կենտրոնական իշխանությանը չենթարկվող թաթարական մի շարք շրջանների դեմ։ Դրանք հիմնականում տեղակայված էին Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող մասերում, որոնք մասնատում էին երկիրը, կտրում մարզերի կապը՝ տնտեսական ու ենթակառուցվածքային հսկայական վնաս հասցնելով։

Բացի դրանից, այդ շրջանների թաթար բնակչությունն ուներ մեծաթիվ ու լավ զինված խմբավորումներ, որոնք մշտապես հարձակվում էին հայերի վրա։ Նրանց դեմ պայքարը մի կողմից՝ ջլատում էր Հայաստանի ուժերը, մյուս կողմից՝ արտաքին ռազմական միջամտության պատճառ դառնում։ Թաթարական ըմբոստ բնակավայրերը ռազմական ու ֆինանսական աջակցություն էին ստանում Թուրքիայից եւ Ադրբեջանից։

1919թ. Հայաստանը փորձել էր հնազանդեցնել թաթարական ըմբոստությունը. հուլիս-սեպտեմբերի կռիվներից ու մարդկային զգալի կորուստներից հետո իրադրությունը չէր կարգավորվել. վառոդով լի տակառը կարող էր ցանկացած պահի պայթել։

ՆԱՅԵԼ ՎՏԱՆԳԻ ԱՉՔԵՐԻՆ

Հայաստանի սրտի՝ մայրաքաղաք Երեւանի համար ամենամեծ սպառնալիքը Զանգիբասարի եւ Բոյուք-Վեդիի թաթարներն էին։ Ռուբեն Տեր-Մինասյանը գրում է, որ Զանգիբասարը (այսօրվա Մասիսը) զբաղեցնում էր մոտ 1500 քառակուսի վերստ (մոտավորապես 1600 կմ2) տարածք, որտեղ ապրում էր շուրջ 3 000 թաթար։ Այս շրջանն իրական սպառնալիք էր Էջմիածնի եւ Երեւանի համար, իսկ թաթարական ասպատակությունները հաճախ հասնում էին մինչեւ Գառնի։ Մայրաքաղաքից ընդամենը 2-3 կիլոմետր հեռավորությամբ գտնվող թաթարական ավազակախմբերի կենտրոնը ցանկացած պահի կարող էր հարձակվել նաեւ Երեւանի վրա։

Զանգիբասարը կտրում էր Արտաշատը (Ղամարլու) Էջմիածնից եւ Սուրմալուից, վտանգում Սուրմալու-Էջմիածին, Արտաշատ-Երեւան ու Էջմիածին-Երեւան ճանապարհները։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ դժվարությամբ, զորքով ու զրահագնացքներով կարողանում էր ապահովել երկաթուղու քիչ թե շատ բնականոն աշխատանքը։ Բացի այդ, եթե Զանգիբասարը հարձակվեր, եւ թաթարներն իրենց տիրապետությունն ընդլայնելով միանային Վեդիին, ապա վտանգի տակ էր հայտնվում Արտաշատի՝ շուրջ 25 000 հայ բնակիչ ունեցող շրջանը։

«Երկու միջոց կար պայքարելու. մինը՝ վտանգը սարսափելի մեծ լինելու պատճառով, չտեսնել ձեւանալ եւ հանգիստ սպասել մահվան գալուն, ինչպես մահամերձը համակերպվում է մահվան գալուն. երկրորդը՝ նայել վտանգի աչքերին ուղիղ եւ, խուսափելու համար նրա ճիրաններից, նշանաբան առնել «մահը մի անգամ պիտի լինի եւ ոչ թե երկու», պայքարի մեջ մտնել եւ փրկել ինչ որ կարելի է։ Կառավարությունը սպասում էր եւ սպասելով հույս ուներ ժամանակ շահել»,- գրում է Ռուբենը (Ռուբեն Տեր-Մինասյան, Հայ յեղափոխականի մը յիշատակները, Երեւան, 1990):

1920թ. հունիսին՝ Ադրբեջանի խորհրդայնացումից եւ Քեմալի ու Խորհրդային Ռուսաստանի միջեւ բարեկամական հարաբերություններ հաստատելուց հետո, թաթարական խժդժությունները կտրուկ ավելանում են. ստեղծվում է եւս մեկ ռազմական գիծ, որը ստիպելու էր հայկական բանակին ներքաշվել հյուծող ու արյունալի տեղային մարտերի մեջ՝ թուլացնելով ու շեղելով հայերի ուշադրությունը Ղարաբաղից ու Զանգեզուրից։

Թե´ Վեդիում, թե´ Զանգիբասարում կային զգալի թվով թուրքական սպաներ ու հրահանգիչներ, որոնք կազմակերպում եւ ղեկավարում էին տեղական թաթարների զինված խմբավորումները։ Թուրքիայից ապահովվում էր նաեւ ռազմամթերքի ու սննդի հիմնական մատակարարումը։ Սիմոն Վրացյանը գրում է, որ 1920թ. հունիսին Զանգիբասարը վերածվել էր կատարյալ ռազմական ճամբարի.

«Զանգիբասարում փորված էին անառիկ դիրքեր։ Իլխի-Ղորուղի գյուղում դրված էր թնդանոթ։ Ռազմագիտական կարեւոր դիրքերը բռնված էին զորամասերով եւ գնդացիրներով։ Գլխավոր կետերը միացված էին իրար հետ հեռախոսով։ Թուրքիայից ստացվում էր փամփուշտ ու ռազմամթերք։ Զինվորական տեսակետից շատ լավ կազմակերպված եւ ամրացած էր եւ Բոյուք-Վեդին։ Այս բոլոր շրջանները միասին կազմում էին «Հարավ-Արեւմտյան Ազրբեջանը», ուր իշխանությունը խառն էր՝ թուրք-ազրբեջանյան» (Սիմոն Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, Երեւան, 1993)։ Հակահայկական խռովություններում Ադրբեջանի անմիջական մասնակցության վերաբերյալ կային բազմաթիվ ապացույցներ, որոնցից ամենաակնառուն դիվանագիտական ներկայացուցիչ Թեքինսկու գաղտնի հեռագրերն էին եւ ձերբակալված գործակալները։

ՎԵՐՋՆԱԳԻՐՆ ՈՒ ԿՌԻՎԸ

1920թ. հունիսի սկզբին Զանգիբասարի թաթարները վերսկսում են հայկական դիրքերի գնդակոծությունը: Հունիսի 11-ին թերթերը գրում էին, որ «Ջափարաբադի ուղղությամբ ... արձակված գնդակների առատությունը մեծ կռվին վայել հրացանաձգության բնույթ ուներ»։ Հունիսի 17-ին թաթարների հրոսակները գրեթե շրջապատում են Ուլուխանլուի կայարանը։ Հայաստանի իշխանությունը վերջնագիր է ներկայացնում՝ պահանջելով անհապաղ հանձնել զենքը, ցրել անօրինական զինված կազմավորումները եւ ճանաչել Հայաստանի իշխանությունը։ Վերջնագրի ժամկետը լրանում է հունիսի 18-ին, եւ թաթարները հրաժարվում են կատարել օրինական իշխանության պահանջը՝ հուժկու կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական զորամասերին ոչինչ այլեւս չէր մնում անելու, քան զենքի ուժով հնազանդեցնել ապստամբ շրջանները։

Հունիսի 19-ի ամբողջ օրը թաթարական բոլոր բնակավայրերը, բացի Ուլուխանլուից, համառ դիմադրություն են ցույց տալիս։ Ուլուխանլուն ընդունում է Հայաստանի իշխանությունը եւ ստանում կառավարական զորքերի լիակատար պաշտպանությունը։ Շարունակելով առաջխաղացումը՝ հայկական զորքերը մեկը մյուսի հետեւից գրավում են թաթարական բնակավայրերը։ Ամենածանր ու երկարատեւ մարտերն ընթանում են Չոբանքարա եւ Շարլու-Մեխմանդար գյուղերում։

Հառաջ, 22 հունիսի, 1920թ., թիվ 129

«Չոբանքարա եւ Շարլու-Մեխմանդար թուրք գյուղերը ամսիս 19-ին դեռ շարունակում էին դիմադրել մեր զորքերին։ Ամսիս 20-ի վաղ առավոտյան մեր զորքերը հնազանդեցրին նաեւ Չոբանքարայում կենտրոնացած ապստամբներին եւ ուժեղ կռիվներից հետո գրավեցին նաեւ Շարլու-Մեխմանդար, եւ երկաթուղու այս կողմը գտնված բոլոր ամրացրած դիրքերը եւ գյուղերը։ Երկաթուղագծի մյուս կողմում մեր զորքերը համառ կռվով Սարվանլարը գրավելուց հետո, հետապնդում են նահանջող թշնամուն»։

Զանգիբասարի կռիվների ընթացքում նրանց փորձում են օգնության գալ Իգդիրի շրջանի թուրքական մի քանի գյուղի զինյալները։ Դաշբուռունի մոտ նրանց առաջխաղացումը կասեցվում է։ Նման մեկ այլ փորձ են անում նաեւ Ջանաթ եւ Դիզա գյուղերի թուրքերը, սակայն կրկին անհաջող: «Ապստամբ թուրքերը եւ օսմանյան ասկյարները մեծ կորուստներով նահանջում են Զանգուի ձախ ափով դեպի Արալըխ եւ Բաշքենդ»,- գրում էր «Հառաջը»։

Հունիսի 23-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը Զանգիբասարի դեպքերի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն է տարածում, որտեղ նշված էր, որ կառավարությունը «բազմաթիվ անգամներ փորձ էր արել համոզելու զանգիբասարցիներին, որ վերջ տան իրենց հակապետական ընթացքին։ ...Սակայն զանգիբասարցիք այս խաղաղասիրությունը համարում էին թուլության նշան եւ սիրտ առնելով տաճիկ-ադրբեջանական սադրանքներից՝ շարունակում էին մնալ ըմբոստ վիճակի մեջ»։

Հաղորդագրության մեջ գրված էր, որ թաթարներն ակնհայտ աջակցում եւ օգնում էին Մայիսյան ապստամբության մասնակիցներին, «արգելք էին հանդիսանում Ալեքսանդրապոլ գնացող հանրապետական զորքերին՝ փչացնելով երկաթուղագիծն ու կամուրջները։ Այսպիսով, վերջ ունեցավ տաճիկ-ադրբեջանյան զզվելի պրովոկացիան, որ երկու տարի շարունակվում էր Հայաստանի սրտում»։

Մի քանի օր անց Զանգիբասարի գործողության ղեկավար գնդապետ Արսեն Շահմազյանը ներկայացնում է մարտական գործողության մանրամասները։ Ըստ նրա՝ առաջին ու ամենակարեւոր հարվածն իրականացնում է Նորագյուղի զորասյունը, որը ճեղքում է ապստամբների պաշտպանությունը Աղջա-Ղշլաղ - 425 բարձունք - 411 բարձունք ուղղությամբ եւ վերցնում Հաջի-Էյլազ գյուղը։ Այնուհետեւ Փարաքարի զորասյունը գրավում է թաթարական Գոյքյումբեթ, Քելալի եւ Արբաթ գյուղերը։ Ամենածանր մարտերը վարում է երրորդ զորասյունը՝ Թազա-Ղարխուն, Չոբանքարա եւ Մեխմանդար գյուղերի ուղղությամբ։

Շահմազյանի զեկույցից պարզ է դառնում, որ Զանգիբասարում թաթարներն ունեին մոտ 4 000 զինվոր, եւս 600-800 թուրք զինվոր ու սպա։ Դիրքերը լավ ու գրագետ ամրացված էին, ունեին 3 թնդանոթ, 8 գնդացիր։

 

 

ԲԱՔՎԻ ՆԱՎԹՆ ՈՒ ՕԼԹԻԻ ԱԾՈՒԽԸ

Գրեթե մշտական շրջափակման պայմաններում Հայաստանը մեծ դժվարությամբ էր վառելիք հայթայթում։ Չնայած դեռեւս 1919թ. ամռանը Ադրբեջանի հետ կնքված տնտեսական համաձայնությանը՝ Բաքուն մշտապես ուշացնում էր նավթի մատակարարումը։ Այդ պատճառով Հայաստանը նավթ էր գնում Վրաստանից, որի առաքումը նույնպես անընդհատ դժվարությունների էր բախվում։ Օրինակ՝ Մայիսյան ապստամբության օրերին վարչապետ Համո Օհանջանյանը հայտնում էր, որ Հայաստանում կա ընդամենը տասը օրվա վառելիք, իսկ Բաթումում գնված նավթը վրացիները թույլ չէին տալիս տեղափոխել՝ վախենալով, որ այն կհայտնվի բոլշեւիկների ձեռքում։ Վառելիքի բացակայությունը կաթվածահար էր անում երկաթուղին, որն այն ժամանակ երկրի հաղորդակցության միակ ու ամենակարեւոր հանգույցն էր, եւ որի խափանումն ունենում էր տնտեսական ու ռազմական ծանր հետեւանքներ։ Ամենախիստ խնայողության դեպքում Հայաստանի երկաթուղուն անհրաժեշտ էր օրական 700 փութ նավթ, որի արժեքը մոտ 1 400 000 ռուբլի էր։ Ձմռանը պահանջարկը մեծանում էր եւ հասնում մոտ 4 000 փութի։

Նավթի միակ այլընտրանքը Օլթիի ածուխն էր, որը հայերը չէին կարողանում շահագործել, քանի որ թուրքական ու քրդական զորամասերը իրենց վերահսկողության տակ էին պահում ածխահանքը։ Ճիշտ է, Օլթիի քարածխի ջերմունակությունը համեմատաբար ցածր էր, սակայն կարող էր աշխատեցնել շոգեքարշները։ Ըստ այն օրերի հաշվարկի՝ մեկ փութ նավթի փոխարեն անհրաժեշտ էր օգտագործել 1.2 փութ քարածուխ։ Բացի այդ, քարածխի բացակայության պայմաններում շոգեքարշներում եւ բնակարաններում վառում էին սովորական փայտ, որը Հայաստանի անտառային սուղ պայմաններում կարող էր մեծ վնաս հասցնել բնությանը։

Հայաստանի Հանրապետությունը վաղուց էր ցանկանում իր տիրապետությունը հաստատել Օլթիում։ Պատմաբան Էդիկ Զոհրաբյանը գրում է, որ «Հայաստանի կառավարությունը ելնում էր այն բանից, որ Կարսի մարզի Օլթիի շրջանի գրավումը չպետք է համարվի ագրեսիա, քանի որ նա մտնում էր Ռուսաստանի 1914թ. սահմանների մեջ, իսկ Մուդրոսի զինադադարը նախատեսում էր թուրքական զորքերի հետ քաշումը այդ սահմաններից» (Էդիկ Զոհրաբյան, 1920թ. թուրք-հայկական պատերազմը եւ տերությունները, Երեւան, 1997)։

Օլթիի գործողությունը սկսվում է հունիսի 19-ին. գեներալ Հովսեփյանի հրամանատարությամբ գործող զորամասերը երեք ուղղությամբ առաջանում են Դորդ-Քիլիսա-Փանջուրութ ուղղությամբ։ «Կարսի զորամասը առաջին անգամ էր հանդիպում այսպես հաջող կազմակերպված թշնամուն, եւ չնայած տաճիկները հանդես էին բերել հրետանի ու գնդացիրներ, մեր զորքը միանգամայն գերազանցեց նրանց։ Հեծելազորը գրավեց Ագունդիրի յայլաղը։ ...Երրորդ զորասյունի զորքերը Քիրաջլի-գյոլ լճի շրջանում հանդիպեցին հակառակորդի ուժեղ դիմադրության։ Հունիսի 20-ի կռիվները վճռական նշանակություն ունեցան։ Հակառակորդը սկսեց նահանջել եւ զորասյուներ հունիսի 21-ին միացան ածխահանքերի արեւմտյան մասում»,- գրում է գեներալ Հովսեփյանը։

Եռօրյա մարտերից հետո հայկական բանակը խոշոր ռազմավար է վերցնում՝ 2 լեռնային թնդանոթ, 4 Մաքսիմ գնդացիր, Մոսինի հրացանի 100 000 փամփուշտ, 300 ռումբ (արկ), ձեռնառումբեր, ինչպես նաեւ՝ մեծ քանակի հացահատիկ, ալյուր եւ այլ սննդամթերք։ Հայկական կողմից զոհվում է 5 մարտիկ, վիրավորվում 22-ը։

Օլթիի հաջող ռազմական գործողության առթիվ Կարսի զորամասի հրամանատար գեներալ-լեյտենանտ Փիրումյանը շնորհակալություն է հայտնում գեներալ Հովսեփյանին, գնդապետներ Միրիմանյանին, Մազմանյանին, Շահբուդաղյանին եւ Նեստերովսկուն։

 

***

 

Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար: