1920թ. հուլիսին Հայաստանի Հանրապետության տարածքում կային մի շարք թաթարական բնակավայրեր, որոնք, օգտվելով Մայիսյան ապստամբությունից եւ երկրում ստեղծված բարդ իրադրությունից, փորձում էին լարվածություն առաջացնել։ Այդ շրջանների գործունեությունը նորություն չէր. թաթարական հոծ բնակչություն ունեցող Զանգիբասարը, Բոյուք-Վեդին, Ուլուխանլուն, Նոր Բայազետը եւ այլ շրջաններ 1919թ. ամառվանից սկսել էին ապստամբական շարժումները, հայերի թալանն ու սպանությունը։ 1919թ. հուլիսին Հայաստանի կառավարությունը փորձում է հնազանդեցնել թուրք-թաթարական շրջանները, սակայն ապարդյուն. Բոյուք-Վեդիի ռազմական անհաջող գործողության հետեւանքով զոհվում եւ վիրավորվում է 200-ից ավելի զինվոր ու սպա։
1920թ. դանակը հասել էր ոսկորին, եւ Հայաստանի կառավարությունը հունիսին ոչնչացնում է Զանգիբասարի թաթարական հենակետերը: Թաթարները, մեծ կորուստներ կրելով, փախչում են Վեդի եւ Նախիջեւան։ Սակայն հունիսի վերջին եւ հուլիսի սկզբին թաթարներն աստիճանաբար ակտիվանում են Վեդիբասարում եւ Շարուրում (Նախիջեւան)։
Հեռուն գնացող նպատակներ
1920թ. հունիսին, Զանգիբասարի դեպքերին զուգահեռ, թաթարները Նախիջեւանից վերսկսում են հարձակումները Դարալագյազի (Վայոց ձոր) Այնզուր, Սոր եւ Քարաթումբ հայկական գյուղերի վրա։ Թալանից բացի, թաթարների հարձակումները ունեին հեռուն գնացող նպատակ։ Տիրելով Դարալագյազի լեռնանցքներին՝ նրանք փակում էին Զանգեզուրի ճանապարհը, ինչպես նաեւ ձգվելով դեպի Սելիմի (Վարդենյաց) լեռնանցք, կապ էին հաստատում Նոր Բայազետի թաթարների հետ։
Դարալագյազի կոմիսարը հունիսի վերջին հայտնում էր, որ հայկական ուժերը հարձակման են անցել եւ գրավել թաթարական Ջուլ, Ախտա գյուղերը, ինչպես նաեւ դիրքեր բռնել մոտակա լեռներում։
Ամենամեծ վտանգը
Ամենամեծ վտանգը, սակայն, Վեդիբասարն էր, որը մի մեծ տարածություն էր զբաղեցնում՝ ներառելով տասնյակից ավելի գյուղեր։ Վեդիի թաթարների հարձակման զոհ էին դառնում ներկայի Արտաշատի, Էջմիածնի, Արարատի շրջանների հայկական գյուղերը։ Եվ ինչպես 1919-ին՝ թաթարական ապստամբների կենտրոնը Բոյուք-Վեդին էր։ «Բոյուք-Վեդին այդ մի տարվա ընթացքում ազդակն է եղած այն բոլոր խլրտումների ժամանակ, որոնք առաջ են եկած մեր երկրի զանազան մասերում։ Ով հիշում է Չլդըրի, Աղբաբայի, Շարուր-Նախիջեւանի, Դարալագյազի ու Զանգիբասարի թաթարների վարքագիծն ու բռնած դիրքը Հայաստանի Հանրապետության հանդեպ, նրա համար պարզ կլինի, որ Բոյուք-Վեդին այդ բոլորի մեջ միշտ ղեկավար դեր է կատարած։ Բոյուք-Վեդին այդ մի տարվա ընթացքում հայի կամքը թուլացնող մի մղձավանջ է եղած, որից, վաղ թե ուշ, ազատվելու էր Հայաստանի Հանրապետությունը»,- գրում էր «Ռազմիկ» թերթը:
Հարձակումը
1920թ. հուլիսի 11-ի լուսադեմին հայկական զորամասերը հրետանու եւ գնդացիրների աջակցությամբ մի քանի ուղղությամբ սկսում են հարձակումը։ Հինգ վաշտ շարժվում է ամուր պաշտպանություն ունեցող Կարալյար եւ Ալի-Մահմեդ գյուղերի վրա։ Գյուղերի առաջնագծում թաթարները համառ դիմադրություն են ցույց տալիս։ Նրանք ունեին տասնյակ գնդացիրներ եւ երկու թնդանոթ։ Սակայն հակառակորդի հրետանային կրակի արդյունավետությունը ցածր էր, եւ «թնդանոթների ռումբերից շատերը չէին պայթում, թեեւ ընկնում էին ուղղակի շղթայի մոտ»։ Առավոտյան ժամը 10-ի մոտակայքում հայկական ուժերը կարողանում են գրավել առաջնագիծը, իսկ թուրքերը նահանջում եւ դիրքեր են գրավում այգիներում նախապես կառուցված ամրություններում։
Հայկական վաշտերին օգնելու նպատակով ուղարկվել էր մեկ զրահագնացք, որը սակայն չէր կարողանում մոտենալ ռազմական գործողությունների գոտուն. Ավշար գյուղի թաթարները քանդել էին երկաթգիծը։ Զրահագնացքի անձնակազմը մի կողմից արագորեն վերանորոգում էր ճանապարհը եւ առաջ շարժվում, մյուս կողմից՝ գնացքի ծանր հրետանին կրակային աջակցություն էր ցուցաբերում հետեւակին։
Շուտով 5-րդ վաշտն անցնում է գրոհի եւ գրավում Կարալյարը։ Շարունակելով առաջխաղացումը՝ հայկական ուժերը շուտով վերցնում են Ենդիջ, Ճաթղռան, Շիրազլու գյուղերը։ Հատկապես ծանր մարտեր են ընթանում Ալի-Մահմադի համար, սակայն 7-րդ եւ 8-րդ վաշտերը կոտրում են թաթարների դիմադրությունը, եւ գյուղը գրեթե ամբողջությամբ ոչնչանում է։
Շիրազլու գյուղի կայարանը գրավում են դարձյալ 5-րդ վաշտի մարտիկները, որոնց օգնության էին հասել զրահագնացքի զինվորները։ Օրվա վերջին հայկական հրետանին բոլոր կողմերից ռմբակոծում էր Բոյուք-Վեդին։
«Ռազմիկ», 26 հուլիսի, 1920թ., թիվ 11
«Ցերեկը մինչեւ երեկո Բոյուք-Վեդիի կողմից որոշակի տեղեկություն չունեինք, միայն նկատելի էր, որ թուրքերը դեպի սարերն են փախչում։ Երեկոյան դեմ սկսվեց ուժեղ թնդանոթային ռմբակոծություն Բոյուք-Վեդիի վրա։ Մեր զորաթեւից ընդհանուր ռմբակոծմանը մեծապես նպաստեց N դաշտային մարտկոցը։ Ժամը 8-ին Բոյուք-Վեդի գյուղում կատաղի եւ ճակատագրական կռիվ էր տեղի ունենում, նետվում էին ձեռքի ռումբեր։ Ժամը 9-ին ամեն ինչ խաղաղ էր, թուրքերը գլխակորույս փախան, եւ Բոյուք-Վեդին անցավ մեր ձեռքը»։
Հուլիսի 12-ին վերախմբավորելով ու կենտրոնացնելով ուժերը Ճաթղռանում՝ հայկական զորքերը շարունակում են հարձակումը եւ շուտով գրավում Ռեհանլու, Ավշար, Խալիսա, Շեդլու եւ Դավալու գյուղերը։ Թուրքերն ու թաթարները նահանջում են Շարուր-Նախիջեւան։ Նույն օրը Դավալուում զինվորներին հանդիպելու է գալիս պաշտպանության նախարարը։
Դեպի Նախիջեւան
Բոյուք-Վեդիի հաղթանակից հետո թաթար զինյալներն ու թուրք գործակալները նահանջում են Նախիջեւան։ Հայկական զորքը հետապնդելով նրանց՝ հուլիսի 12-ին վերցնում է Սադարակը։ Մեկ օր անց՝ ամսի 14-ին, հայկական հրետանին հարվածում էր Գայլի Դրունքին։
«Ռազմիկ», 26 հուլիսի, 1920թ., թիվ 11
«Ժամը 8։30-ից սկսվեց թնդանոթային նախապատրաստական գործողությունը։ Մեր թնդանոթներին պատասխանում էին թշնամու թնդանոթները, սակայն մի ժամից հետո թշնամու թնդանոթները լռեցին՝ պարտված մեր կարող ու շեշտակի զարնող թնդանոթներից։ Թուրքերը ամուր եւ անառիկ դիրքեր գրավելով, հուսահատական եւ համառ կերպով գնդացիրներով եւ հրացաններով էին գործում։
Երբ մենք սարերի ստորոտներին էինք մոտեցել, թշնամու հեծելազորը մտադրվում է ձախ թեւից անցնել մեր հետեւը, բայց մեր շրջանցող երկու վաշտը եւ մեկ հարյուրյակ ձիավորները հետ են շպրտում եւ իրենք ձախ կողմից բարձրանում են սարը եւ գրավում։ Այդ պահուն գրավվում են նաեւ աջ կողմի բարձունքները, եւ մեջտեղ մնացած թուրքերը մի քանի համազարկ տալով, թողնում փախչում են դեպի Շարուր։
Ընդամենը երեք ժամ տեւեց կռիվը, եւ մեր քաջարի զինվորները իրենց քրտինքը սարերի վրա սրբեցին»։
Բոյուք-Վեդիի եւ Շարուրի մարտերում հայկական կողմը տալիս է 15 սպանված եւ 89 վիրավոր։ Հուլիսի 13-ի երեկոյան Երեւանում տեղի է ունենում զոհվածների հուղարկավորության հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր վարչապետը, կուսակցական եւ պետական բազմաթիվ այրեր։ Խոսելով հուլիսյան մարտերի նշանակության մասին՝ Վահան Նավասարդյանն ասում է.
«...Պարտվեցինք անցյալում, երբ մենք «բարեկամների» հետ էինք եւ հաղթեցինք այսօր, երբ կռվում ենք մենակ։ Եվ այսպես Վեդիների վրայով դեպի ամբողջացած, անկախ եւ ազատ Հայաստանը։ Չլա՛նք, չողբանք մեր ընկած հերոսների դիակների վրա, որովհետեւ զարնվեցին ճակատից, նրանք ընկան գիտակցաբար, քաջաբար կուրծքը դեմ տված թշնամու գնդակներին եւ իրենց հեղափոխական կարմիր արյունով ազատության դափնիներ հյուսեցին իրենց ճակատներին։ Փառք ընկածներին»:
Երեք միլիոն փամփուշտ. կեսը՝ մեզ, կեսը՝ վրացիներին
Հուլիսյան հաղթանակները եւ Հայաստանի սահմանների ընդլայնումը մեծ ոգեւորություն առաջացրեց։ Պետական մարմիններն այս հաղթանակը նույնիսկ համեմատում էին Ավարայրի ճակատամարտի հետ։ Չնայած մասնակի չափազանցությանը՝ այնուամենայնիվ, թաթարական շրջանների ճնշումն ու Նախիջեւան մտնելը հետեւանք էին զինվորական համակարգի էական փոփոխության։ Հայկական բանակը զգալիորեն բարելավում էր ներքին կարգապահությունը, փորձում կտրուկ միջոցներով լուծել դասալքության հարցը։
1920թ. հունիսին ընդունվում է «Նեցուկների մասին» օրենքը, որով բանակ էին զորակոչելու նաեւ ընտանիքի միակ արու զավակին, փոխարենը պետությունը տրամադրելու էր ամսական մոտ 5 000 ռուբլի փոխհատուցում։ Սակայն, թերեւս, ամենակարեւորը բանակի սպառազինության ու մատակարարման բարելավումն էր։ Հայկական բանակը մշտապես ուներ զինամթերքի մեծ պակաս։ Տարբեր աղբյուրները վկայում են, որ այս խնդիրը լուծելու համար պահանջվում էր հսկայական ջանք։ Հայաստանի գործակցությունը Ռուսաստանի տարբեր ուժերի, առաջին հերթին՝ Դենիկինի կամավորական բանակի հետ, հետապնդում էր հիմնականում ռազմամթերք ձեռք բերելու նպատակ։
Հայաստանի պաշտպանության նախարար Ռուբեն Տեր-Մինասյանն իր հուշերում գրում է, որ 1920թ. մայիսի դրությամբ Հայաստանում Մոսին տեսակի յուրաքանչյուր հրացանի համար կար ընդամենը 15 փամփուշտ, եւ եթե չլիներ կամավորականներից ստացված զինամթերքը, ապա դժվար է պատկերացնել, թե ինչ կլիներ Հայաստանի ճակատագիրը։
«Ավելի շոշափելի օգուտ էր դենիկինյան շրջանից 3 000 000-ի չափ մոսին հրացանի փամփուշտ ստանալը։ Դա թեեւ մեծ թիվ չի երեւում, բայց մեզ հասավ այն ժամանակ (1920-ի մայիսի վերջերին եւ հունիսին), երբ մեր պահեստներում ընդամենը ունեինք 150 000 մոսինի փամփուշտ, այսինքն ոչինչ՝ 10 000 հրացանի համար։ Եթե այդ ռազմամթերքը չհասներ, իրոք Հայաստանը զինաթափ կարելի էր համարել այդ թվականներին: Այդ փամփուշտները փրկեցին մեզ եւ միջոց տվին հետագա կռիվները առաջ տանելու» (Ռուբեն, Հայ Յեղափոխականի մը հիշատակները, հատոր 7, Երեւան, 1990)։
Զանգիբասարի եւ Բոյուք-Վեդիի կռիվների օրերին Հայաստան է հասնում զինամթերքի առաջին խմբաքանակը։ Այս գործարքը կազմակերպելու համար Հայաստանի կառավարությունը դեռեւս մայիսին Ղրիմ էր գործուղել պորուչիկ Ումիկյանին, որի ջանքերով հունիսի կեսին «Ֆենիքս» շոգենավով Փոթի է հասնում երեք միլիոն փամփուշտ, հրետանային արկեր, ցինկ եւ սնդիկ։ Բեռի ուղիղ կեսը պետք է մնար Վրաստանին, որպեսզի նրանք թույլ տային զինամթերքն առաքել Հայաստան։
Հուլիսի 1-ին Հայաստանը ստանում է բրիտանական առաջին ու ամենախոշոր ռազմական օգնությունը։ «Hornsea» շոգենավը բերել էր Մաքսիմ տեսակի 400 գնդացիր, 7.62 տրամաչափի Ross տեսակի 25 000 հրացան, որոնց փամփուշտները կիրառելի էին նաեւ Մաքսիմ գնդացիրների համար, մոտ 57 մլն փամփուշտ եւ 40 000 զինվորական համազգեստ, ինչպես նաեւ կողմնացույց, հեռադիտակ, շինել, գուլպա, շապիկ եւ այլ անհրաժեշտ պարագաներ (ՀԱԱ, ֆ.275, ց.2, գ.209, թ.337)։
***