Թվում էր, թե անկախ պետություն ստեղծելուց եւ հայ ժողովրդի դարավոր երազանքն իրականացնելուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերը միահամուռ ջանքերով պետք է լծվեին պետականաշինության դժվարին գործին։ Սակայն արդեն 1918թ. աշնանը ակնհայտ էր, որ Կառավարությունն ու Խորհրդարանը մեծ հակասություններ ունեն, իսկ կուսակցական համերաշխության մասին խոսք անգամ լինել չէր կարող։

Խորհրդարանում պատգամավորական տեղերի բաշխվածությունը թույլ չէր տալիս Դաշնակցությանը լիարժեք կիրառել իր իշխանությունը։ Հայաստանի խորհրդում ՀՅԴ-ն ուներ 18 պատգամավոր, եւ եթե չլիներ մյուս կուսակցությունների ներկայացուցիչների աջակցությունը, վճռորոշ հարցերում որոշումներ ընդունելը կդառնար գրեթե անհնար։ Դաշնակցությունից բացի, հանրապետության խորհրդարանում ընդգրկված էին սոցիալ-դեմոկրատները, սոցիալիստ-հեղափոխականները (էսէռ) եւ Հայ ժողովրդական կուսակցությունը՝ ժողովրդականները։ Խորհրդի գործունեության առաջին օրվանից այս երեք կուսակցությունը դառնում է ընդդիմություն եւ չնայած գաղափարական արմատական տարաձայնություններին՝ հաճախ միասնական դիրքորոշմամբ հանդես գալիս կառավարության դեմ։

Թեեւ ՀՅԴ ծրագրում սոցիալիստական դրույթներ կային, սակայն պետության կառավարման հարցում նրանք առավելապես առաջնորդվում էին ազգային շահերի եւ պետականության ամրապնդման դիրքերից։ Խորհրդարանում ընդգրկված սոցիալիստական մյուս կուսակցությունների համար առաջնային էին հեղափոխական-դասակարգային պայքարի եւ սոցիալիզմի հաղթանակի սկզբունքները։ Այս առումով, ՀՅԴ-ի քաղաքական ամենահավանական դաշնակիցը կարող էր լինել Հայ ժողովրդական կուսակցությունը, սակայն վերջինս, լինելով աջ ազատական գաղափարներին հետեւող, գաղափարական հակասություններ ուներ Դաշնակցության հետ։

Դեռեւս 1918-ի ամռանը, երբ Թիֆլիսում կազմավորվում էր Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ժողովրդականները կտրականապես դեմ էին դաշնակցական Քաջազնունուն վարչապետ նշանակելուն եւ համոզված էին, որ իրենք են այն միակ քաղաքական ուժը, որը պետք է ձեւավորեր նորանկախ Հայաստանի կառավարությունը։

 

Քաջազնունին փորձել էր ձեւավորել կոալիցիոն կառավարություն, սակայն կուսակցությունների անհաշտ դիրքորոշման պատճառով այդ նախաձեռնությունը տապալվել էր։

Պոպուլիզմի պակաս չէր զգացվում

Խորհրդարանում վիճաբանության, պոպուլիզմի, երբեմն նաեւ փոխադարձ անձնական վիրավորանքների պակաս չէր զգացվում։ Նիստերից մեկի ժամանակ, երբ քննարկվում էր գաղթականներին հատկացվող պետական աջակցության հարցը, սոցիալ-դեմոկրատ Հայկ Ազատյանը մեղադրում է կառավարությանը խորհրդարանի նկատմամբ արհամարհական կեցվածք ունենալու եւ նիստերին չներկայանու համար։

 

 

«Կառավարության լրաբեր», 1918թ., թիվ 2

«Պատգամավոր Մուշեղյանը էսէռների ֆրակցիայի կողմից անտակտ է անվանում այդպիսի հարձակումները իրար վրա։ Նրա կարծիքով մեղավորը Դաշնակցության ֆրակցիան է, որը ամեն քայլափոխում պաշտպանում է կառավարությանը։ Նա մեղադրում է եւ Ազատյանին, որ նա իր խոսքի մեջ միշտ էլ կիրք է մտցնում։ Նա հայտնում է, որ իրենց կուսակցությունը կանգնած է գործնական օպոզիցիայի հողի վրա եւ եկել է վերականգնելու հին Ռուսաստանը (Ծափահարություններ)։ Պատգամավոր Մխիթարյանը տեղից էսէռներին անվանում է դավաճաններ։ Պ. Մուշեղյանը նույնը վերադարձնում է Ժող. Կուսակցությանը, հայտնելով, որ իրենց ֆրակցիան դեմ է Հայաստանի անկախությանը»։

Կառավարության «ամենավտանգավոր փորձաքարը»

Չնայած ձախակողմյան ուժերը Հայաստանում մեծ հենարան չունեին եւ սկզբնապես ղեկավարվում էին Թիֆլիսում գործող իրենց կենտրոնական կազմակերպությունների կողմից, սակայն խորհրդարանական քննարկումների եւ մասնավորապես` հարցադրումների միջոցով կարողանում էին դժվար դրության առջեւ կանգնեցնել կառավարությանը։

1918թ. հոկտեմբերին «Զանգ» թերթը գրում էր, որ օրինագծերի քննարկումից հետո խորհրդարանի աշխատանքներում ամենամեծ տեղը զբաղեցնում են տարատեսակ հարցերն ու հարցապնդումները, ինչը, թերթի կարծիքով, հաճախ ժամանակի ավելորդ կորուստ էր։ Բացի այդ, թերթը հարցումները համարում էր կառավարության «ամենավտանգավոր փորձաքարը», որի հետեւանքը կարող էր լինել խորհրդարանի կողմից կառավարության հանդեպ անվստահության առաջացումը։

 

«Զանգ», 19 հոկտեմբերի, 1918թ., թիվ 63

«Հարցումները բավական շատ են եւ վերաբերում են գլխավորապես կառավարության եւ երկրի վարչական մեքենայի մեջ նկատված թերություններին: Չպետք է մոռանալ եւ այն, որ երբեմն արվում են եւ այնպիսի հարցումներ, որ ամենեւին արժանի չպետք է համարվեին պառլամենտի ամբիոնից լսելու, եթե մի քիչ ավելի բնական լինեին Խորհրդարանի եւ կառավարության հարաբերությունները»:

Հայաստանի Հանրապետության առաջին խորհրդարանն ուներ 14 մշտական հանձնաժողով, որի կեսից ավելին սոցիալ-տնտեսական ուղղվածությամբ էին։

Սակայն հանձնաժողովները օրենսդրական նախաձեռնությամբ հազվադեպ էին հանդես գալիս եւ գլխավորապես քննում էին կառավարության ներկայացրած օրինագծերը Խորհրդի նիստերին նախապատրաստելու համար։ Հաճախ էին դեպքերը, երբ այս կամ այն կուսակցության ներկայացուցիչը դրական էր արտահայտվում հանձնաժողովում քննարկվող օրինագծին, սակայն Խորհրդի նիստում հակառակ տեսակետն էր պաշտպանում։ Պատահում էր նաեւ, որ կուսակցությունների խմբակցությունները նախքան նիստը տեղյակ չէին լինում հանձնաժողովում կատարված աշխատանքին, ինչի արդյունքում խորհրդարանը կրկին սկսում էր քննարկել հարցերը։

 

«Զանգ», 19 հոկտեմբերի, 1918թ., թիվ 63

«Խորհրդարանում աշխատանքները ցանկալի արագությամբ չեն ընթանում, դանդաղում են: Դրա գլխավոր պատճառը մենք համարում ենք այն, որ Խորհրդարանի անդամներից ոմանք պառլամենտական ամբիոնի վրա նայում են որպես ագիտացիայի մի միջոցի եւ կամա, թե ակամա Խորհրդարանին տալիս են միտինգատեղի բնավորություն, որով գործի շահը զոհաբերվում է խոսքի շահին: Երկրորդ եւ ամենագլխավոր պատճառը, որ ֆրակցիաների եւ հանձնաժողովների միջեւ բացակայում է հարկավոր կապը:

...Հանձնաժողովների յուրաքանչյուր անդամը պետք է, որ իր ֆրակցիային իրազեկ պահեր հանձնաժողովի գործունեությանը եւ որոշումներին: Այսպիսով, ամբողջ ֆրակցիան նախօրոք կլիներ - ինչպես ռուսերեն ասում են - в курсе дела»:

Կոալիցիոն կառավարություն կամ դիկտատուրա

1918թ. սեպտեմբերի վերջին եւ հոկտեմբերին հայ քաղաքական ուժերը սկսում են կրկին քննարկել կոալիցիոն կառավարություն կազմելու հարցը։ Այս անգամ կոալիցիային առավելապես կողմ էր Հայ ժողովրդական կուսակցությունը, որն ամռանը կտրականապես մերժել էր այդ առաջարկը։

Հոկտեմբերի կեսին իշխանության ներկայացուցիչները ոչ պաշտոնական քննարկումների ժամանակ առաջ էին քաշում խորհրդարանը լուծարելու գաղափարը։ Համաձայն այս տեսակետի՝ Հայաստանում պետք է հաստատվեր ժամանակավոր դիկտատուրա, որը եւ ղեկավարելու էր երկիրը մինչեւ Սահմանադիր ժողովի ընտրությունները, իսկ հետո ձեւավորվելու էր նոր կառավարություն ու խորհրդարան։ «Պառլամենտական ռեժիմի փոխարեն հայ ժողովրդին առաջարկում են որպես լավագույն կարգ՝ դիկտատուրա կամ օլիգարխիա։ Պետք է պարզ լինի այսպիսիների համար, որ հայ ժողովուրդը չի թույլ տա բռնագրավել իր իրավունքները։ Հայաստանի խորհրդի ցրելը եւ դիկտատուրան պատճառ կլինեն ազգամիջյան ընդհարումների եւ Հայաստանի Հանրապետության փլատակների տակ կմնան նրանք, որոնք կփորձեն խախտել ժողովրդի գերագույն իրավունքները»,- 1918թ. հոկտեմբերի 20-ին գրում էր «Ժողովուրդ» թերթը։

Հաջորդը իսկ օրը, սակայն, խոսելով կառավարության անհաջողությունների եւ երկրում տիրող անիրավության մասին, որպես իրավիճակի հանգուցալուծում՝ նույն թերթի խմբագրականում առաջ էր քաշվում կոալիցիոն կառավարություն ստեղծելու անհրաժեշտությունը։

 

«Ժողովուրդ», 23 հոկտեմբերի, 1918թ., թիվ 22

«Ներկա կառավարությունը ապացուցանեց, որ նա անկարող է իրավակարգ հաստատել մեր երկրում, կանոնավորել պարենավորման եւ գաղթականական գործը, ներկա քաղաքական կարեւոր իրադարձությունների ժամանակ, երբ վճռվում է մեր ժողովրդի բախտը երկար տարիների համար, ժողովրդականների եւ սոցիալ-դեմոկրատների կարծիքով, միայն կոալիցիոն կառավարությունը կարող է տանել հայ ժողովրդի բախտը»։

«Առաջարկը լինելու է պարզ, անկեղծ ու վերջնական»

Դաշնակցությունն իր հերթին քննադատում էր խորհրդարանական ընդդիմությանը՝ մեղադրելով նրանց կառավարության գործունեությանը խոչընդոտելու եւ խորհրդարանական ամբիոնը քննադատության հարթակի վերածելու համար։ Միաժամանակ Դաշնակցությունը տեսնում էր, որ խորհրդարանում իրեն անհրաժեշտ է ունենալ դաշնակից եւ ձեւավորել կայուն մեծամասնություն։ «Այս աննորմալ կացությունը բնականորեն տեւական լինել չէ կարող, որովհետեւ ներկա անակնկալներով հղի օրերին, երբ իշխանությունը մի կողմից՝ պիտի լարի իր ողջ ուշադրությունը եւ ուշի ուշով հետեւի համաշխարհային քաղաքականության մեջ տեղի ունեցող բեկմանը, որը տակն ու վրա է անելու եղած դրությունները, իսկ մյուս կողմից ճիգեր է թափելու երկրի ներսը տարրական իրավակարգ հաստատելու հետ միասին, կտրել իշխանությունը իր աշխատանքներից եւ զբաղեցնել նրան ինչ-որ մանր-մունր խնդիրներով, որոնք արդյունք են կուսակցական նեղ հաշիվների, ավելի քան հանցագործություն է»,- գրում էր «Զանգը»։

ՀՅԴ-ն նաեւ նշում էր, որ պատրաստ է համագործակցելու բոլոր ուժերի հետ՝ ի նպաստ Հայաստանի։ Այդ նպատակով էլ 1918թ. հոկտեմբերին Դաշնակցությունը հանդես էր գալիս կոալիցիոն կառավարություն կազմելու պատրաստակամությամբ, սակայն կարեւոր վերապահումով. այն պետք է կազմվեր կարճ ժամանակամիջոցում եւ լիներ վերջնական։ «Առաջարկը լինելու է պարզ, անկեղծ ու վերջնական։ Ավելին դեռ՝ իրագործման համար տրվելու է սահմանափակ ու կարճ ժամանակամիջոց։ Եթե այս անգամ եւս պատասխանը լինի բացասական, այն ժամանակ կենտրոնին մնում է մի բան. հանձնարարել կառավարությանը անմիջապես ձեռնարկել Հայաստանի օրենսդրական ժողովի գումարման, որպեսզի այդ ձեւով վերջ տրվի այն ցավալի կատակերգությանը, որ սերտ համերաշխությամբ խաղում են ձախակողմյան եւ աջակողմյան ֆրակցիաները Հայաստանի խորհրդարանում»։

1918թ. աշնանը քաղաքական ճգնաժամը հաղթահարելու եւ կոալիցիոն կառավարություն կազմելու համաձայնություն է ձեռք բերվում, եւ նոյեմբերի 4-ին Քաջազնունու կառավարությունը հրաժարական է ներկայացնում։

Հրաժարականից հետո խորհրդարանն առաջարկում է կրկին վարչապետ ընտրել Հովհաննես Քաջազնունուն եւ հանձնարարել նրան նոր կառավարություն կազմել։ Այս առաջարկին դեմ են արտահայտվում սոցիալ-դեմոկրատներն ու էսէռները. նրանց նախընտրելի թեկնածուն դաշնակցական Խաչատուր Կարճիկյանն էր։ Խորհրդարանը, սակայն, ձայների մեծամասնությամբ վարչապետ է ընտրում Քաջազնունուն, որը եւ ձեւավորում է արդեն կոալիցիոն կառավարությունը. Դաշնակցության եւ Հայ ժողովրդական կուսակցության պայմանավորվածության արդյունքում նոր կառավարությունում ժողովրդականները ստանում են չորս պորտֆել՝ ֆինանսների, արդարադատության, պարենավորման եւ լուսավորության։

 

Հայաստանի Հանրապետության կառավարման առաջին ճգնաժամը հաղթահարվում է, սակայն կուսակցական համերաշխությունը երկար չի տեւում. 1919թ. գարնանը ՀԺԿ-ն դուրս է գալիս կոալիցիայից։

 

***

 

Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

 

Այս գլխում օգտագործված փաստաթղթերի պատճեները տրամադրվել են Հայաստանի Ազգային Արխիվի կողմից:

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար: