Առաջին Հանրապետության քաղաքական ու ռազմական ողջ պատմությունն ընթանում էր հայ-ադրբեջանական հակամարտության պայմաններում։
Տարածքային հավակնությունների, սահմանների անհստակության, խառը բնակչության եւ բազմաթիվ այլ ներքին ու արտաքին գործոնների պատճառով Անդրկովկասի երկու հանրապետությունները, կարելի է ասել, մշտական պատերազմի մեջ էին:
Պատերազմ, որը հայտարարված չէր, եւ որի ընթացքում երկու պետությունները ոչ միայն դիվանագիտական հարաբերություններ ունեին, այլեւ ապրանքային ու մաքսային պայմանագրեր էին ստորագրում։ Հայաստանի դրությունը բարդանում էր հատկապես մահմեդական մեծաթիվ բնակավայրեր ունենալու պատճառով, որոնց մեծամասնությունը ստեղծման առաջին իսկ օրվանից հրաժարվում էր ճանաչել Հայաստանը, եւ իրենց հակապետական գործունեության համար ստանում էին Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմական ու ֆինանսական օժանդակությունը։
Հայաստանի տարածքի թաթարական բնակչությունը չէր սահմանափակվում հայտարարություններով. սպանությունները, թալանը, կարեւոր նշանակության ճանապարհների արգելափակումը սովորական գործելաոճ էր։ Թուրք-թաթարական ըմբոստության պատճառով Հայաստանը ոչ միայն զրկվում էր հարեւան պետությունների հետ հաղորդակցությունից, այլեւ շատ հաճախ չէր կարողանում կապ պահպանել երկրի տարբեր շրջանների հետ։
Մշտական սպառնալիք
Թաթարական բնակչությունը թեեւ զինապարտ չէր, սակայն ուներ կազմակերպված զինված ստորաբաժանումներ, որոնց թիվը հասնում էր տասնյակ հազարների. թնդանոթներով ու գնդացիրներով զինված այս ուժերը մշտական սպառնալիք էին պետության համար։ Թաթարական վտանգն ազդում էր նաեւ Հայաստանի ռազմաքաղաքական ու ներքին՝ հոգեբանական կայունության վրա։ Երկարատեւ ու արյունալի պատերազմը հսկայական մարդկային եւ նյութական ռեսուրս էր կլանում, որի վերջը չէր երեւում։ Արդյունքում ձեւավորվում էին շրջանակներ, որոնք կարծում էին, թե խնդրի կարգավորման համար պետք է ապավինել արտաքին ուժերին։ Մյուս կողմից՝ արտաքին ուժերը՝ ռուսական տարբեր կառավարությունները, թուրքերը, բրիտանացիները, օգտագործում էին ստեղծված դրությունը սեփական շահերն առաջ տանելու նպատակով։
Ռուբեն Տեր-Մինասյանը գրում է, որ Հայաստանի տարածքում բնակվում էր շուրջ կես միլիոն մահմեդական, որոնք զբաղեցնում էին Հայաստանի տարածքի գրեթե կեսը.
«Գոյություն ուներ մի Անկախ Հայաստան, իրավաբանորեն ճանաչված բոլորի կողմից. նա բավական ընդարձակ տարածություն կբռներ՝ ավելի քան 45 000 քառ. կիլոմետր, բայց փաստորեն երկու երրորդը իր իսլամ բնակչությամբ կգտնվեր Ադրբեջանի եւ թուրքերի ձեռքին։ Դա մի երկիր էր, որու բանալիները կգտնվեին ուրիշների ձեռքին։ Դա մի գանձ էր, որ տրված էր Հայաստանի ժողովրդին, բայց որից օգտվելու իրավունք ունեին միմիայն թաթարներն ու թուրքերը, քանի որ նրանք էին նստած թե՛ բարեբեր հողերի վրա եւ թե՛ Հայաստանի բոլոր տեսակի հանքերի վրա՝ հայերին թողնելով միայն քարոտ լեռները, Սեւանի ջրերը եւ այն ինքնասիրական պատրանքը, թե Հայաստան երկրի տերն ու տիրականը հայերս ենք»։
Թաթարական ապստամբություններ
1919թ. գարնանը, երբ Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշում է աստիճանաբար դուրս բերել իր ուժերն Անդրկովկասից, հայ-ադրբեջանական հարաբերությունները կտրուկ լարվում են. Հայաստանի տարբեր շրջաններում, գրեթե միաժամանակ, բռնկվում են թաթարական ապստամբություններ. առաջին ճակատը Նախիջեւանն էր եւ Բոյուք-Վեդին։
1918թ. հոկտեմբերին Մուդրոսի զինադադարով Նախիջեւանի շրջանը պետք է անցներ Հայաստանի Հանրապետությանը, սակայն 1919-ի առաջին ամիսներին հայերը չեն կարողանում իրենց ներկայությունն ապահովել այնտեղ։
Մայիսին իրադրությունն արդեն փոխվում է, եւ հայկական զորքերը Բաշ-Նորաշենից շարժվում են Նախիջեւան։ Մայիսի 14-ին Ալեքսանդր Խատիսյանը, Նախիջեւանի նահանգապետ Վարշամյանը, անգլիական գեներալ Դեւին հասնում են Նախիջեւան քաղաք, որտեղ նրանց դիմավորում է իսլամական զինված ուժերի ընդհանուր հրամանատար Քերբալայ Ալի-խան Նախիջեւանսկին։ Թաթարները ջերմ ընդունելություն են ցուցաբերում, սակայն հետագա գործողությունները ցույց են տալիս, որ նրանք զուգահեռաբար պատրաստվում էին զինված ապստամբության։
Հայկական կողմն առաջին ամսվա ընթացքում փորձում է հնարավորինս արագ ձեւավորել վարչական մարմինները, ստեղծվում են միլիցիայի ուժեր, որոնց շարքերում ընդգրկված էին նաեւ մահմեդականները։ Միաժամանակ վարչարարությունն արագ կազմակերպելու հարցում շտապեցնում էին բրիտանացիները։ Հունիսին Հայաստանի կառավարությունը Նախիջեւանի եւ Շարուր-Դարալագյազի գավառները միավորել եւ ստեղծել էր ընդհանուր գեներալ-նահանգապետություն, որի ղեկավար է նշանակվում գեներալ-մայոր Շելկովնիկյանը (Է. Ա. Զոհրաբյան, Նախիջեւանյան հարցը եւ Հայաստանի «դաշնակիցները», Երեւան, 2002։ ՀՀ Ազգային արխիվ, Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի արձանագրություններ, 1918-1920թթ., Երեւան, 2014թ.)։
Հայաստանի իշխանությունների մյուս հիմնական մտահոգությունը թաթարական բնակչության զինված լինելն էր, սակայն զենքը հանձնելու բոլոր փորձերն ու հորդորները անհաջողության են մատնվում նաեւ բրիտանական հրամանատարության միջամտությամբ՝ թե «ազգաբնակչությունը ոչ մի զինված ցույց չի անի հայկական կառավարության դեմ»։ Պատմաբան Էդուարդ Զոհրաբյանի կարծիքով՝ հայկական կողմի վրիպումները եւ թաթարներին չզինաթափելը հանգեցրին Նախիջեւանում թույլ վարչարարության ձեւավորմանը, ինչի հետեւանքով էլ տեղի ունեցավ աղետը։
«Շարուր-Նախիջեւանի միացումը Հայաստանին կատարվել է հապճեպ, առանց նախապատրաստական լուրջ աշխատանքների։ Երկրամասի կառավարման գործը հանձնելով Հայաստանի Հանրապետությանը՝ բրիտանական հրամանատարությունը միաժամանակ թույլ չէր տվել անհրաժեշտ քանակությամբ զորք մտցնել։ Թույլ չէր տվել նաեւ իրականացնել ազգաբնակչության զինաթափությունը, այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում գործում էր զինաթափության օրենքը։ Մուսուլմանական ռազմական կազմավորումները շարունակում էին իրենց կիսալեգալ գործունեությունը»։
Զորքի դրությունը ծայրահեղ ծանր էր
Նախիջեւանի, ինչպես նաեւ Հայաստանի մյուս սահմանամերձ շրջանների անվտանգությունն ապահովելու եւ հայկական իշխանությունը տարածելու համար անհրաժեշտ էր ունենալ լավ զինված ու մարտունակ բանակ։ Հայաստանի բանակը հեռու էր այդպիսին լինելուց։ Սովը, հիվանդությունները, հազարավոր մարդկանց մահը եւ ծանր բարոյահոգեբանական դրությունը չէր կարող չազդել բանակի վրա։
1919թ. գարնանը Ալեքսանդր Խատիսյանն ասում էր, որ զորքի դրությունը ծայրահեղ ծանր էր. «Սոված, պատառոտված... տիֆից հյուծված... Նրանց թիվը մինչեւ 3 500 էր՝ 900 սպաներով։ Իսկ շուրջը կուշտ, զինված թաթարները գերազանց գիտեն մեր դրությունը»։ Նախիջեւանում, ինչպես եւ Ղարաբաղում, թաթարները, հաճախ մահվան սպառնալիքով, արգելում էին իրենց ազգակիցներին հաց վաճառել հայերին։
Մեծ էր նաեւ դասալքությունը հայկական բանակում։ Այս վտանգավոր երեւույթի դեմ պայքարելու նպատակով Հայաստանի կառավարությունը 1919թ. հուլիսի 1-ին ընդունում է զինապարտության մասին նոր օրենքը, որով Հայաստանի 16-43 տարեկան բոլոր քաղաքացիները համարվում էին զինապարտ։ Զինվորական ծառայության ընդհանուր տեւողությունը 18 տարի էր, որից 3-ը՝ իսկական, 15-ը՝ պահեստազորում (ՀԱԱ, ֆ. 275, ց.6, գ.7, թ.3)։ Բոլոր զինապարտներն իրենց մոտ մշտապես պետք է ունենային համապատասխան անցագրեր, որտեղ նշված պետք է լիներ նրանց զինապարտության կարգավիճակը։
Հուլիսի 23-ին՝ ողջ Հայաստանում բռնկված ռազմական գործողությունների պայմաններում, Երեւանի, Էջմիածնի, Սուրմալուի, իսկ օգոստոսին՝ նաեւ Դիլիջանի գավառներում հայտարարվում է մինչեւ 32 տարեկան զինապարտների ընդհանուր զորակոչ։ Տարկետման իրավունքից օգտվում էին միայն փոստ-հեռագրատան աշխատակիցները, միլիցիայի պաշտոնյաները, դատավորներն ու քննչական մարմինների ներկայացուցիչները։ Ծառայությունից խուսափելու, ինչպես նաեւ դասալիքներին թաքցնելու համար նախատեսվում էին խիստ պատիժներ՝ տուգանք կամ ազատազրկում։
Անպաշտպան գյուղերն ու մաքսային պայմանագիրը
Հայաստանի կառավարությունը հունիսին Նախիջեւանում ուներ շուրջ 1 000 զինվոր ու սպա, ինչն ակնհայտորեն բավարար չէր մահմեդական ուժերի դեմ պայքարելու համար։ Այդ պատճառով էլ հայկական ուժերը հիմնականում կենտրոնացված էին Նախիջեւան քաղաքում, Ջուլֆայում եւ Շահթախթում՝ անպաշտպան թողնելով գյուղերի հայկական բնակչությանը։
Նախիջեւանի մահմեդականների հարձակումը պետք է դիտարկել հայ-ադրբեջանական պատերազմի ընդհանուր տեսանկյունից, եւ արձանագրել, որ ադրբեջանցիները նախապատրաստական աշխատանքները սկսել էին դեռեւս մայիս-հունիս ամիսներին։ Ղարաբաղի մի քանի հայկական գյուղում հունիսին տեղի ունեցած կոտորածը, ինչպես նաեւ հուլիսին Բոյուք-Վեդիում սկսված ապստամբությունն ընդհանուր ռազմավարության բաղադրիչներն էին։
Ուշագրավ է նաեւ, որ թաթարաբնակ շրջաններում ստեղծված դրությանը զուգահեռ Հայաստանն ու Ադրբեջանի հունիսի վերջին ստորագրում են առեւտրային եւ մաքսային պայմանագիր, որով երկու հանրապետությունների միջեւ վերացվում էին բոլոր տեսակի մաքսերը։ Հայաստանն իրավունք էր ստանում ներմուծել մինչեւ 8 մլն փութ նավթ ու նավթամթերք երկաթուղային կարիքների համար՝ առանց երրորդ երկրի վերավաճառելու իրավունքի։ Ներմուծված նավթի գումարի չափով Ադրբեջանը կարող էր Հայաստանից գյուղատնտեսական եւ արդյունաբերական ապրանքներ ձեռք բերել, բացի կաշվից, հացից եւ շաքարից։ Երկու կողմն էլ իրավունք էր ստանում պահեստներ կառուցել եւ ներկայացուցիչներ ունենալ միմյանց տարածքներում, որոնց անվտանգությունը հանրապետությունները երաշխավորում էին։
«Ադրբեջանը Հայաստանից բացի ուրիշ թշնամի չունի»
Մահմեդական խռովություններում Ադրբեջանի անմիջական մասնակցությունն ապացուցվել է բազմաթիվ փաստաթղթերով, որոնց մեջ աչքի են ընկնում Հայաստանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչ խան Թեքինսկու գաղտնագրված հեռագրերը, որոնք հայկական հետախուզությունը վերծանում եւ կարդում էր։ Թեքինսկին Հայաստան էր եկել 1919թ. մարտին եւ հենց նույն ամսից Հայաստանի մասին կարեւոր տեղեկություններ էր հաղորդում Ադրբեջանին։ Այդ ծածկագրերում նշվում էր, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ադրբեջանը ապստամբ շրջաններին ֆինանսապես եւ ռազմական օգնություն ցուցաբերելու համար, հայկական բանակի թվաքանակն ու սպառազինությունը եւ այլն։ Գրեթե մեկ տարի հետեւելով Թեքինսկու գրագրությանը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շտաբը 1920թ. առանձին գրքույկով հրատարակում է դիվանագիտական ներկայացուցիչների հեռագրերը (Գաղտնի փաստաթղթերը, Ադրբեջանի դավադրական գործունեությունից մի էջ, «Ռազմիկի գրադարան», թիվ 1, Երեւան, Գլխավոր շտաբի գրադարան, 1920թ.)։
Թեքինսկին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից անընդհատ դրամ էր պահանջում թաթարական ապստամբներին հատկացնելու համար։ Նա անթաքույց նշում էր, որ Հայաստանը Ադրբեջանի միակ թշնամին է.
«Բաքու, արտաքին գործերի նախարարին
22 հունիսի, 1919թ.
...Իր ժամանակին նյութական օժանդակություն չհասցնելու պատճառով, մուսուլմանական զորքերը ցրվեցին, բացի 300 պարտիզաններից։ Թվում է, որ այժմ Ադրբեջանը Հայաստանից բացի ուրիշ թշնամի չունի, ուստի անհրաժեշտ է Հայաստանի վրա առանձին ուշադրություն դարձնել»։
Թեքինսկին հեռագրում էր Բաքու՝ արտաքին գործերի նախարարին՝ պահանջելով հնարավորինս կարճ ժամկետում ֆինանսական օգնություն ուղարկել Նախիջեւանի զինվորական կազմավորումների համար։ Ադրբեջանի ԱԳՆ-ն, ի պատասխան Թեքինսկու հեռագրի, հայտնում է, որ պատրաստ է «միջոցներ տալ զինվորական կազմակերպությունների համար», եւ խնդրում էր հայտնել, թե ում միջոցով է հնարավոր դրամն առաքել։
Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչի գրագրությունից պարզ է դառնում, թե թաթարները ռազմական ինչ ահռելի ուժ ունեին Նախիջեւանում.
«Բաքու, արտաքին գործերի նախարարին
Շարուր-Նախիջեւանի շրջանն ունի մոտ 6 000 կիսականոնավոր զորք՝ հեծելազորով, թնդանոթով եւ գնդացիրներով։ Ռազմունակությամբ հետ չեն մնում հայերից։ Պատերազմական գործողությունների ժամանակ զինված ուժերի թիվը կարող է հասնել մինչեւ 10 000-ի։ Կարծում եմ, որ մենք պետք է պահենք միայն 6 000 ասկյար հին հրամանատարական կազմի հետ միասին, տեղավորելով նրանց այն վայրերում, ուր գտնվում էին մինչեւ հայերի գալը, իսկ մի մասն էլ Զանգեզուրի սահմանի վրա՝ լեռներում։ …Դրամը հրամանատարներին բաց կթողնեմ մաս-մաս, բացի այդ, վերահսկիչներ կնշանակեմ։ ...Այսօր սուրհանդակ ուղարկեցի Նախիջեւան։
Թեքինսկի»։
Հուլիսին Թեքինսկին հաղորդում էր, որ Բոյուք-Վեդիի եւ Նախիջեւանի մահմեդականներն օգնություն են խնդրել Ադրբեջանից։ Նա ասել էր, որ այս պահին զինված միջամտության հնարավորություն չկա, սակայն «մահմեդականների բոլոր ծախքերն ու վնասներն անմիջապես կվերադարձվեն Ադրբեջանի կողմից»։
«Բաքու, արտաքին գործերի նախարարին
...Սպասվում են մեծ դեպքեր ամբողջ Շարուր-Նախիջեւան-Օրդուբադ եւ Կարսի շրջաններում։ Առանց մի օր կորցնելու ուղարկեցեք խոշոր գումար՝ զինվորական կազմակերպությունների համար։ 14 հուլիսի, 1919թ.։
Թեքինսկի»։
Թաթարական ապստամբներին աջակցելուց բացի, Թեքինսկին Հայաստանի ռազմական կարողության մասին տեղեկություններ էր հաղորդում, որոնք Թիֆլիսում Ադրբեջանի ռազմական կցորդ Մահմեդ բեկ Ալիեւի միջոցով հասնում էին Բաքու։
Հուլիսի 16-ին՝ Նախիջեւանի ակտիվ ռազմական գործողությունների շրջանում, Թեքինսկին Բաքվին հայտնում էր, որ Հայաստանն ունի երեք հետեւակ բրիգադ, երեք ձիավոր գունդ եւ երեք զրահամեքենա.
«Ներկայումս ուժեղ զորահավաք կա։ Կարծում են, որ միայն զորահավաքով կարող են լրացնել մատնանշված գնդերի քանակը, որովհետեւ դասալքություն շատ կա»։
Թեքինսկին նաեւ հայտնում էր, որ Վեդիբասարի եւ Շարուր-Նախիջեւանի շրջաններում գործում է հայկական 7-րդ գնդի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերը, սահմանապահ բրիգադի մի մասը, երկու զրահապատ գնացք։ Թեքինսկին Ադրբեջանի կառավարությանը նաեւ խորհուրդ էր տալիս սահմանների շրջանում ադրբեջանական բանակի շարժ կազմակերպել, ինչը «կբարձրացնե մահմեդականների ոգին»։
«Սպասվում են խոշոր դեպքեր։ Հայաստանը լարում է իր բոլոր ուժերը։ Մահմեդականներին օգնելու համար պետք է մեր զորքերը քաշենք դեպի Հայաստանի սահմանները։ ...Եթե ուզում եք օգտվել րոպեից, ձեռք առեք շտապ ու վճռական միջոցներ»։
Ապստամբությունը
Թեեւ Նախիջեւանում ռազմական գործողությունները սկսվում են հուլիսի 17-ից, սակայն ամսվա առաջին օրերից հայերի վրա տեղի էին ունենում հարձակումներ, սպանություններ։ Թաթարական ուժերի ակտիվության մասին հեռագրեր ու զեկուցագրեր էին ներկայացնում ինչպես հայկական զինվորականները, այնպես էլ անգլիացիները։ Հուլիսի 17-ի հարձակման առաջին զոհը դառնում են Մազրա, Դիզա, Գյուլթափա, Նազարաբադ,Ղարաբաբա եւ այլ հայկական գյուղերը, որոնք ամբողջովին ավերվում են, բնակչության մի մասը սպանվում է, մյուսները կարողանում են փախչել դեպի Դարալագյազ։ Աղբյուրները նշում են, որ Նախիջեւանում հայկական բանակի պարտության համար զգալի պատասխանատվություն ուներ գեներալ Շեկովնիկյանը։ «Նախիջեւանի զորանոցներում կայանած գեներալ Շելկովնիկովի հրամանատարության տակ գտնվող եւ շուրջ 750-800 անձից բաղկացած հայկական զորքը դանդաղկոտ եւ անվճռական կեցվածք ընդունեց։ ...Շելկովնիկովը իր պասիվ վարքագծով հայկական զորամասին, փաստորեն, պարտադրեց անգործության ու անտարբերության»,- գրում է պատմաբան Արգամ Այվազյանը (Արգամ Այվազյան, Նախիջեւանը 1905թ. եւ 1918-1919թթ. կրակե շղթայի գոյամարտերում, Երեւան, 2005թ.)։
Էդվարդ Զոհրաբյանը, անդրադառնալով հայկական ուժերի գործողություններին գրում է, որ «գեներալ Շելկովնիկովը բավականաչափ ուժեր չունի խռովարարներին պատժելու համար, ուստի նա շարունակում է նստած մնալ Նախիջեւան քաղաքի զորանոցներում եւ բավարարվել դիտողի դերով։ Իսկ թշնամին ավելի ու ավելի է համարձակություն ձեռք բերում, տարածում գործողության շրջանակները, ընդլայնում շարքերը եւ մոտենում քաղաքին» (Է. Ա. Զոհրաբյան, Նախիջեւանյան հարցը եւ Հայաստանի «դաշնակիցները», Երեւան, 2002)։
Մի քանի օր անց թաթարները հարձակվում են նաեւ Նախիջեւան քաղաքի վրա, որտեղ սկզբում հայերի դիմադրությունը հաջող է անցնում՝ հարձակումը կասեցվում է։ Հուլիսի 20-ին Քերբալայ Ալի-խան Նախիջեւանսկին բանակցություններ սկսելու առաջարկ է անում հայերին։ Կողմերը հանդիպում են եւ որոշում ստեղծել միլիցիայի խառը կազմով ջոկատներ կարգուկանոնը վերականգնելու համար։ Հաջորդ օրը, սակայն, բանակցությունները չեն շարունակվում, իսկ հուլիսի 22-ին թաթարները սկսում են գրոհը՝ բանակցային գործընթացն օգտագործելով շրջաններից լրացուցիչ ուժեր ստանալու համար։ Թեեւ այս հարձակումն էլ է հետ մղվում, սակայն ապստամբների ուժերը գերակշռող էին, իսկ հայկական բանակի ռազմամթերքը սպառվում էր։ Հուլիսի 24-ին զինվորական հրամանատարությունը որոշում է թողնել քաղաքը։ Հայկական ստորաբաժանումները մոտ 7 000 բնակիչների հետ նահանջում են։
Նախիջեւանի անկումից հետո թաթարներն ակտիվանում են նաեւ Շարուրում, որտեղ երկօրյա մարտերից հետո գրավում են Բաշ-Նորաշենը։ Հուլիսի 25-ին Դրոն հաղորդում է Երեւան, որ ծանր մարտերից հետո «գնդապետ Կարաքեշիշյանը, կորցնելով անձնակազմի գրեթե կեսը, նահանջել է Չանախչի». հայկական կողմի կորուստները մոտ 300 էին։ Հուլիսի 23-ին թաթարները գրավում են նաեւ Շահթախթին՝ գրեթե ամբողջությամբ Հայաստանից կտրելով Նախիջեւանը։
***